ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանի նոր դարաշրջանը ԱՄՆ-ին քաղաքականությունը վերանայելու հնարավորություն է տալիս

Ռուսաստանի նոր դարաշրջանը ԱՄՆ-ին քաղաքականությունը վերանայելու հնարավորություն է տալիս
24.01.2020 | 22:52

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում իր ուղերձում ասաց, որ Սահմանադրությունը պետք է փոխվի: Դրան հետևեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականը: Փաստացի՝ Ռուսաստանը քաղաքական նոր դարաշրջան է մտնում: Երկրում սկսվում է անցումային շրջան, որի ժամանակ ամենայն հավանականությամբ կկենտրոնական ներքին խնդիրների վրա: ԱՄՆ վարչակազմը հնարավորություն է ստանում Ռուսաստանի նկատմամբ նոր դիրքորոշում մշակել, որն ավելի քիչ կկենտրոնանա ՌԴ նախագահի անձի վրա և հիմնված կլինի այն փաստի գիտակցությանը, որ Ռուսաստանի հետ կապված հիմնախնդիրները միանգամայն ռեալ են ու կպահպանվեն Պուտինից հետո էլ: Սահմանադրության ծրագրված փոփոխությունները վկայում են, որ Պուտինը, հավանաբար, չի մնա նախագահ 2024-ից հետո: Նա երկու տասնամյակ քաղաքական համակարգի կենտրոնական դեմքն է: Մասամբ շնորհիվ խելամիտ պիառի ՌԴ նախագահը դարձել է աշխարհի ամենաճանաչելի ղեկավարներից մեկը: Ոմանք նրան երկինք են բարձրացնում՝ իբրև ավանդական արժեքների հիմք, ոմանք չար հանճար են անվանում, մեղադրում են Ուկրաինայի պատերազմի մեջ, արևմտյան ժողովրդավարությունները խարխլելու և այլ մեղքերի: Նախագահ Օբաման ասում էր, որ ՌԴ նախագահն իրեն պահում է ինչպես «վերջին նստարանին ձանձրացող դպրոցական», նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում էր, որ Պուտինի հետ փոխադարձ համակրանքը կօգնի հաղթահարել Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները փչացնող տարաձայնությունները:


Փաստացի ՌԴ արտաքին քաղաքականությունը հիմնվում է խոր արմատացած կոնսենսուսի վրա, որ Ռուսաստանը պետք է մնա լիովին ինքնիշխան գերտերություն՝ հավասար ԱՄՆ-ին, ու՝ Եվրասիայում տարածաշրջանային հեգեմոն: Պուտինն առավել առճակատման քաղաքականության անցավ 2011-ի ընդվզումներից հետո, որոնց համար մեղադրեց ԱՄՆ-ին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, սակայն ՌԴ արտաքին քաղաքականության առանցքային նպատակները հիմնականում անփոփոխ են: Վաշինգտոնի կենտրոնացածությունը Պուտինի անձին խիստ դժվարացնում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սթափ գնահատականը:


Հիմա ակնհայտ է թվում, որ «բարձր պուտինականության» դարաշրջանը մոտենում է ավարտին: Թեպետ Պուտինը բացառեց Սահմանադրության փոփոխությունը, որ հերթական անգամ առաջադրվի նախագահի թեկնածու, նա հաստատ կպահպանի առանցքային դիրքերը ՌԴ քաղաքական համակարգում: Տեխնիկապես ինչպե՞ս կարվի, առայժմ հայտնի չէ: Պուտինը նորից կարող է վարչապետ դառնալ՝ նախագահի առկայությամբ, ում չեզոքությանը վստահ է: Նա կարող է գլխավորել Պետական խորհուրդը՝ խորհրդակցական մարմին, որ կազմված է նահանգապետերից ու փոխնահանգապետերից, որին Պուտինն առաջարկել է տալ «սահմանադրական կարգավիճակ»: Այս մանևրները հիշեցնում են՝ ինչպես են Չինաստանի, Սինգապուրի, Ղազախստանի և այլ երկրների ծերացող ավտոկրատները փորձում ապահովել իշխանության սահուն փոխանցումը: Դա վկայում է ոչ այնքան Պուտինի հավերժական իշխանություն մնալու ձգտումը, որքան այն, ինչ նա ինքն ասաց անցած շաբաթ. «շատ տագնապալի է վերադառնալ 1980-ականների կեսերի իրավիճակին, երբ պետության ղեկավարները իշխանություն էին մինչև իրենց օրերի վերջը՝ այդ ընթացքում չապահովելով իշխանության տրանսֆորմացիայի անհրաժեշտ պայմանները»:


Փաստացի՝ Ռուսաստանը մտնում է անցումային փուլ, երբ ազդակներ չի ունենալու սրել առանց այդ էլ սրված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ուղերձում Պուտինը համարյա չխոսեց արտաքին քաղաքականության մասին և դժգոհություն չհայտնեց Արևմուտքի գործողություններից՝ ինչպես անում էր նախկինում: Բացի սահմանադրական փոփոխություններից՝ նա խոսում էր հիմնականում ներքին խնդիրներից՝ կրթության խնդիրների, երեխաների խնամքի ու այլ սոցիալ-տնտեսական հարցերի, որ վերջերս փողոցային ընդվզումների պատճառ էին դառնում: Որոշ այլ ազդանշաններ ևս հուշում են, որ Կրեմլը չափազանց վտանգավոր է համարում չափազանց հեռու գնալ Արևմուտքի հետ առճակատման մեջ: Թեպետ Ռուսաստանը, անկասկած, կշարունակի համեմատաբար ոչ թանկ գործողությունները այնպիսի վայրերում, ինչպես Լիբիան, բայց հազիվ թե լուրջ ճգնաժամ սադրի Եվրոպայում:


ԱՄՆ-ի համար դա նշանակում է, որ պետք է զգույշ սպասումի դիրքերում լինի: Միջկուսակցական խզման, իմպիչմենտի ու տարեվերջի ընտրությունների պատճառով Վաշինգտոնը, միևնույն է, հիմա ոչինչ չի կարող անել: ԱՄՆ-ի քաղաքականությունը չափազանց երկար է ավտոպիլոտի վրա: Թեպետ ներկա ճգնաժամի անմիջական պատճառը ՌԴ միջամտությունն է այլ երկրների գործերին, ռուսական զենքի շաչյունը և պատերազմներն Ուկրաինայում ու Սիրիայում, դրա հիմքը նախապատրաստեցին 1990-ականներից սկսված ռուսական ձգտումների լեգիտիմությունը տեսնել չցանկանալը և Մոսկվային անվտանգության նոր ճարտարապետության մեջ, որ հաստատվում էր սառը պատերազմից հետո, տեղ չտալը: Ի հետևանս մենք ստացանք ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առճակատում, ճգնաժամերի կարգավորման համար հաստատված կապերի անհետացում, Ռուսաստանի առավել սերտ համագործակցություն Չինաստանի հետ, որ ուղղված է ամերիկյան ազդեցության նվազմանը: Հիմա, երբ Ռուսաստանը առաջիկա մի քանի տարիներին զբաղվելու է սեփական ճակատագրով, ԱՄՆ-ը հիանալի հնարավորություն է ստացել նոր դիրքորոշում մշակելու, որ թույլ կտա չկենտրոնանալ չարամիտ Պուտինի կերպարի վրա ու նրան համարել բոլոր պրոբլեմների պատճառ:
Ջեֆրի Մանկոֆ, The Hill (ԱՄՆ)


Հ.Գ. Գուցե իսկապես 21-րդ դարի երրորդ տասնամյակը այն ժամանակն է, երբ բոլոր պետությունները պիտի կենտրոնանան իրենց ներքին խնդիրների վրա և միմյանց գործերին քիչ խառնվեն, բայց դա իդիլիա է, իրականում ներքին գործերը սերտ շաղկապված են արտաքին քաղաքականությանը: Բայց մինչև տարեվերջ եզակի հնարավորություն է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում իրական փոփոխությունների համար: Իսկ դա ձեռնտու է ոչ միայն երկու երկրներին, այլև՝ ամբողջ աշխարհին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ