Փորձագետները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում կնախաձեռնի վաղուց խոստացած զրույցը «Նիկոլի ճիշտ լինելու և իր սխալի» մասին
29.11.2019 | 02:39
Հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ու քաղաքական դաշտի տրանսֆորմացիաները սկսել են ընթանալ մի քանի հարթություններում: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում քաղաքական և հասարակական մթնոլորտի նպատակաուղղված շիկացման ֆոնին: Ինչպես արդեն նշեցինք, նկատվող լարվածության թեժացումը կրում է նաև սուբյեկտիվ բնույթ, որն իր հերթին պայմանավորված է ինչպես բուն իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ նրանց ընդդիմախոսների ավելի պրոֆեսիոնալ և համակարգված գործունեությամբ: Փորձագետների դիտարկմամբ, ընդդիմության կողմից ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին թիրախավորման օբյեկտ դարձնելը բացառիկ հաջողված օպերացիա կարելի է համարել: Այս պարագայում իրավիճակի թեժացման համար պարարտ հող է հանդիսանում ոչ միայն նախարարի, մեղմ ասած, կասկածելի գործունեությունը, այլև ոչ ադեկվատ և ոչ հավասարակշիռ արձագանքները քննադատությանն ու նրա շուրջ ընթացող պրոցեսներին: Փորձագետների համոզմամբ` գործող իշխանության հակառակորդները‚ օգտագործելով Արայիկ Հարությունյանի ընդհանուր արժեհամակարգային առանձնահատկություններից բխող բոլոր խնդիրները, մթնոլորտն էլ ավելի թեժացնում են՝ նախարարին սադրելով հարցազրույցներ տալու և ընդդիմախոսների հետ քննարկումների մասնակցելու:
Նկատելի է, որ նախարարի ընդդիմախոսները‚ ուսումնասիրելով վերջինիս խառնվածքը, եկել են այն եզրակացության, որ Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իր էմոցիաներին և հեռու է բանավիճելու մշակույթից, ինչի արդյունքում յուրաքանչյուր նման ակտիվություն հանգեցնում է նոր սկանդալների և նոր աղմկահարույց օրակարգերի ձևավորման: Փաստ է, որ նախարարի որոշ անզգույշ մեկնաբանությունների պատճառով, իր շուրջ ձևավորված ակցիաներն ընդլայնվեցին ու խորացան, հասարակական հարթությունից տեղափոխվելով նաև քաղաքական, մշակութային, սպորտային և բարոյահոգեբանական ասպարեզներ:
Արայիկ Հարությունյանի շուրջ ծավալված գործողություններն ու բողոքի ակցիաները, թեպետ առաջին հայացքից տպավորիչ չէին և զանգվածների ներգրավվածության առումով փոքրաթիվ էին, այնուհանդերձ արձանագրվեցին զգալի խուճապային տրամադրություններ իշխանական շրջանակներում: Այդ վարքագիծը, ինչպես նաև իշխանությունների տոտալ անկազմակերպվածությունը, արձանագրվեց նաև խորհրդարանում, երբ ընդամենը 1-2 պատգամավորի ակտիվ վարքագծի և սուր ելույթների արդյունքում խորհրդարանը շեղվում էր իր նախանշած օրակարգից ու անգամ տապալում որոշ սկզբունքային նշանակություն ունեցող օրինագծեր: Այս իրադարձությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին փորձագետների բազմիցս արտահայտած այն կարծիքը, որ իշխանական ռեսուրսը‚ այդ թվում նաև վերլուծական և ինտելեկտուալ‚ շարունակում է սահմանափակ մնալ: Բացի այդ, վերոնշյալ լոկալ թվացող սրացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հասարակական տրամադրություններ գեներացնելու համար պարտադիր չէ, գոնե սկզբնական փուլերում, փողոցում ունենալ հազարավոր մարդկանց, քանի որ սոցցանցերի առկայությունն ու ակտիվ օգտագործումը զանգվածային միջոցառմանը մասնակից են դարձնում տասնյակ հազարավոր մարդկանց:
Ընդ որում, խոսքը բնավ էլ պասիվ մասնակցության մասին չէ, քանի որ սոցցանցերում նստած բողոքավորները զբաղված են համապատասխան մեկնաբանություններ և կարծիքներ հրապարակելով (այդ թվում նաև տեսանյութերի տեսքով), հակառակորդի քարոզչությանը դիմագրավելով, համապատասխան տեղեկություններ տարածելով, դրանով իսկ փաստացի ընդլայնելով գործողություններին ակտիվ և պասիվ մասնակիցների քանակը: Փորձագետների դիտարկմամբ, այս փուլում կիրառվում է հիբրիդային գործողությունների տեխնոլոգիա: Այս պահին ընթանում են հասարակական դժգոհությունների ակումուլյացման պրոցեսը և պոտենցիալ ակտիվ զանգվածի հաշվառումն ու թրեյնինգը: Այս պարագայում հիբրիդային գործելաոճի բաղկացուցիչ մաս են կազմում նաև մեթոդաբանական որոշակի նյութերի պարբերական հրապարակումները: Դրանք նպատակ ունեն մոդելավորել պոտենցիալ ակտիվ զանգվածների վարքագիծը, իրավիճակի թեժացմանը զուգահեռ քնած ռեժիմից ակտիվ ռեժիմ տեղափոխել առավել շահագրգիռ զանգվածներին և ընտելացնել կառավարման հրահանգներին: Այս առումով Միքայել Մինասյանի վերլուծություններն ու վարքագծային փոփոխությանն ուղղված ֆեյսբուքյան գրառումները հենց այդ նպատակներն են հետապնդում:
Ինչ վերաբերում է փողոցային զանգվածների ընդլայնմանը և համապատասխան տեսարանների ապահովման խնդրին, ապա, փորձագետների կարծիքով, ԿԳՍՄ նախարարի գործունեության՝ Ստամբուլյան կոնվենցիայի Հայաստանում աստիճանաբար հարմարեցնելու տիրույթում դիտարկելը կարող է զգալիորեն ընդլայնել ակցիաների մասնակիցների քանակը, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ շարժման ներուժը շատ ավելի լայն է, համապետական մասշտաբների նշանակություն ունի, ինչպես նաև էմոցիոնալ և մենթալիտետային առումով ավելի հասկանալի է բնակչությանը (այդ թվում նաև պողոսներին): Եվ պետք է նկատել, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի դեմ բողոքավորների համագործակցության առաջին փորձն արդեն իսկ կայացել է, սակայն այն առայժմ համակարգային բնույթ չի կրում:
Առհասարակ, պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում բավականին ակտիվ, բայց ոչ միշտ էֆեկտիվ կերպով և, ամենայն հավանականությամբ, ոչ առանց արտաքին ներազդման, Հայաստանում սկսել է ձևավորվել ընդդիմադիր դաշտ, շատ տարբեր քաղաքական օրակարգերով և ուղղություններով: Մի կողմից արդեն իսկ հիշատակված Միքայել Մինասյանը, իր թիմով, մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանի և «Դաշնակցության» «Վերնատունը», կրկին արտաքին ազդեցության ներքո ակտիվացող ԲՀԿ-ն և էլ ավելի կազմակերպված բնույթ կրող հակաստամբուլյան շարժումը, որը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների պես, որոշակի ոգեշնչում է ստանում նույնպես Ռուսաստանից: Այս համատեքստում հատկանշական է Սերժ Սարգսյանի քաղաքական ռեինկարնացիան: Հետաքրքրական է, որ նրա ակտիվացումը վերակենդանացրել է նաև խոսակցությունները թավշյա հեղափոխության պայմանավորված բնույթի մասին: Ընդ որում, Սերժ Սարգսյանի գրասենյակը, իբր հերքելով Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունենալու մասին լուրերը, ըստ էության, ավելի խորացրեց հասարակության կասկածները: Իսկ Զագրեբում հնչած ելույթի որոշ հատվածներ և օգտագործված բառերն ու եզրույթները ակնհայտորեն միտված էին հասկացնելու արտաքին և առաջին հերթին ներքին լսարաններին, որ «Սերժ Սարգսյանն իշխանությունն ուղղակի զիջել է թավշյա եղանակով, հոժարակամ, այլ ոչ թե տեղի է ունեցել վարչապետ Սարգսյանի պաշտոնանկություն թավշյա հեղափոխության միջոցով»: Այս թեմայի տաքացումը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ոչ հեռու անցյալում մերձավոր կուսակցի միջոցով, ցույց է տալիս, որ եկել է ժամանակը՝ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով գաղտնազերծելու իշխանափոխության որոշ դրվագներ, դրանով իսկ զգալի վարկանիշային և քաղաքական հարված հասցնելով Նիկոլ Փաշինյանին: Այստեղ փորձագետները չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում կնախաձեռնի վաղուց խոստացած զրույցը «Նիկոլի ճիշտ լինելու և իր սխալի» մասին:
Ընդդիմադիր դաշտի նկատվող ակտիվության մասին խոսելիս‚ բնականաբար‚ դժվար է շրջանցել Արթուր Վանեցյանի՝ քաղաքական դաշտ հնարավոր տեղափոխման թեման։ ԱԱԾ նախկին ղեկավարի քաղաքական հավակնությունների մասին սկսեցին խոսել նրա աղմկահարույց‚ նույնիսկ սկանդալային հրաժարականից հետո։ Հրապարակային վերջին հարցազրույցում նրա արած շեշտադրումները կամ ավելի շուտ պատասխաններից հրաժարումն ավելի շատ պատասխաններ էին պարունակում‚ քան եթե հարցազրույցն ընթանար ստանդարտ ձևաչափով։
Հասկանալի է‚ որ այժմ Վանեցյանի ընդդիմադիր գործչի գործոնը էլ ավելի արդիական է դարձել‚ և քաղաքական ու հանրային դաշտում որոշակի սպասումներ են առաջացրել։ Չի բացառվում‚ որ որոշ ընդդիմադիր շրջանակներ ինչ-ինչ հույսեր են կապում հենց ԱԱԾ նախկին տնօրենի հետ։
Ինչ վերաբերում է արտաքին ազդեցություններին‚ ապա թեև առայժմ աշխարհաքաղաքական կենտրոնների հստակ շահագրգռությունը հայաստանյան ընդդիմադիր դաշտի ձևավորման թեմայով չի նշմարվում‚ այնուհանդերձ‚ կասկածից վեր է‚ որ հիմնական խաղացողները խորքային գործողությունների առումով գործընթացներից անմասն չեն‚ բայց առայժմ նախընտրում են ամեն ինչ աննկատ անել։ Դա վերաբերում է ինչպես Ռուսաստանին‚ այնպես էլ ԱՄՆ-ին և այլ ուժային կենտրոնների։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ