Ռուսաստանի իշխանական և որոշ ուժային վերնախավին մոտ կանգնած «Комсомольская правда» թերթը վերջերս անդրադարձել էր հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ մեր երկրի գործող իշխանության կառուցվածքում սորոսական ազդեցության բաղադրիչի աճին: ՈՒշագրավ է, որ հոդվածի հեղինակն ուղղակի տեքստով նախազգուշացնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իր իշխանության սորոսական թևը նախապատրաստում է որոշակի գործողություններ, որոնք կարող են արթնացնել հեղափոխական նոր ալիք։ Հետաքրքրական է, որ վերլուծության մեջ հատուկ նշվում էր, թե անձամբ Փաշինյանն առանձնապես խնդրահարույց չէ ռուսաստանյան կողմի համար, ինչով, ըստ էության, Փաշինյանին նրբորեն հասկացնում էին, որ նախազգուշացումը զուտ բարեկամական բնույթի է: Նույն հաղորդագրությունը, ի դեպ, ըստ երևանյան փորձագիտական շրջանակների, ՀՀ վարչապետին փոխանցվել է նաև անմիջապես՝ ոչ պաշտոնական ձևաչափով, իսկ Մոսկվա կատարած մեկօրյա այցի ընթացքում՝ արդեն պաշտոնական խողովակով:
Ըստ փորձագետների՝ սորոսական վերնախավի կողմից հայաստանյան գրասենյակի առջև խնդիր է դրվել քաղաքական օրակարգ ներմուծել այնպիսի թեմաներ, որոնք գոնե այս պահի դրությամբ չպետք է արդիական լինեն վարչապետ Փաշինյանի և հայաստանյան վերնախավի մի մասի համար կամ ավելի շուտ ոչ ցանկալի են։ Ըստ էության‚ սորոսական վերնախավն իր առջև խնդիր է դրել Նիկոլ Փաշինյանին այնպիսի երկընտրանքի առջև կանգնեցնել‚ որը ցանկացած լուծման պարագայում զգալիորեն կթուլացնի նրա դիրքերը և ուղղակի կախման մեջ կդնի իրենից։ Սակայն վերոնշյալ թեմաները կարող են հանրային որոշակի արձագանք ունենալ ու Փաշինյանի շուրջ անվստահության և անկայունության մթնոլորտ ձևավորել: Այս նպատակի իրագործման համար, արժանահավատ աղբյուրների պնդմամբ, ֆինանսական զգալի ներարկումներ են արդեն արվում: Նույն աղբյուրները հուշում են նաև, որ օրերս երևանյան հյուրանոցներից մեկում հրավիրվել էր սորոսյան հայաստանյան վերնախավի և որպես կանոն «գրանտակեր» որակվող ՀԿ-ների ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում քննարկվել է երկու առանցքային խնդիր. ա) Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցի արդիականացումը,
բ) Սերժ Սարգսյանի ձերբակալման խնդրի բարձրացումը։
Փաստացի հիշյալ երկու‚ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ անլուծելի գերխնդիրներն են փորձում պարտադրել ՀՀ գործող իշխանության ղեկավարին։
Բնականաբար, պետք է ուրվագծվեր նաև այս խնդիրներն օրակարգային և Նիկոլ Փաշինյանի առջև արդիական հարց դարձնելու մարտավարությունը: Ընդ որում, Փաշինյանի առջև պայման է դրվելու, որ կա՛մ ընդունվում է նշված հարցերը իշխանության համար առանցքային դարձնելու անհրաժեշտությունը, կա՛մ «Բաց հասարակություն» հիմնադրամի կառույցները (այդ թվում նաև ոչ հայաստանյան) բոլոր հնարավոր ռեսուրսներով (մեդիա և սոցցանցային) սկսում են դժգոհության օջախներ ձևավորել իշխանության դեմ: Այս համատեքստում հատկանշական է այն, որ վերջերս մարդու իրավունքների պաշտպանության «Հելսինկյան կազմակերպությունների» ամենամյա գագաթաժողովի առանցքային ելույթներում հատուկ շեշտադրվում էր «պուտինյան» Ռուսաստանի ազդեցության նվազմանը միտված քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, հիշատակվում էր նաև Հայաստանը ռուսական ազդեցությունից աստիճանաբար ազատելու խնդիրը:
«Սորոսյան ինտերնացիոնալը» փորձելու է Հայաստանում ցանկացած առիթ օգտագործել արդեն իսկ հիշատակված օրակարգը Փաշինյանին պարտադրելու համար: Չի բացառվում, որ Դավիթ Սանասարյանի դատավարությունն օգտագործվի որպես իրավիճակը պայթեցնելու դետոնատոր: Այն‚ որ ծրագիրն արդեն իսկ կյանքի է կոչված‚ ակնհայտ է‚ այս պահին բոլոր հնարավոր եղանակներով փորձ է արվում արդիականացնել 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցը։ Սորոսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվությունն առավել տեսանելի դարձավ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ‚ որի ընթացքում առանցքային հայտարարություններ արվեցին նաև Գյումրիում տեղակայված բազայի բոլոր առումներով արդիականացման և զարգացման շուրջ։ Հասարակական սորոսական հատվածի դիմադրությունն այնպիսին էր‚ որ Հայաստանում Ռուսասատանի Դաշնության դասպանությունը նույնիսկ երկու հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ մի կողմից քաղաքական գնահատական տալով դրսից սնվող հասարակական կոչվող կազմակերպությունների ակտիվությանը՝ որակելով դա երրորդ կողմի օգտին իրականացվող գործողություն‚ մյուս կողմից այսօրվա իշխանություններին ի ցույց դրվեց‚ որ նրանց բարեհաճ վերաբերմունքը դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների հանդեպ պաշտոնական Մոսկվային արդեն խիստ նյարդայնացնում է։
Նկատենք, որ սորոսյան թիմը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեման առաջնային դարձնելու ճանապարհին փոխել է իր առաջնահերթությունները, որտեղ երկրորդական են դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցերը։ Արդեն իսկ համապատասխան լրատվամիջոցների էջերում կարելի է նկատել ակնարկներ, թե իրականում Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության արդյունքում է «նշանակվել» գլխավոր մեղավոր նախկին բոլոր ռեժիմների գործողությունների համար: Ի դեպ, Հայաստանի սորոսյան վերնախավում դժգոհ են նաև Նարեկ Մալյանի «ՎԵՏՈ» շարժման նկատմամբ վարչախմբի բավականին լիբերալ վերաբերմունքից՝ անընդհատ բաց կամ քողարկված կերպով Փաշինյանին հրահանգելով ուժային մեթոդներով վնասազերծել հակասորոսյան այդ շարժումը։
ՈՒշագրավ է, որ սորոսական համայնքում նույնպես արշալույսները խաղաղ չեն. այստեղ որոշակի ձևափոխումներ են նկատվում։ Մասնավորապես, սորոսականների մի մասը, հավանաբար նաև ուժգնացող հասարակական ճնշման պայմաններում, փորձում է ձերբազատվել «ազգադավ, սրբապիղծ, ԼԳԲՏ-ների պաշտպան» և նման այլ պիտակավորումներից և ներկայանալ որպես ֆինանսական այլընտրանքի բացակայության պայմաններում դրամաշնորհների միջոցով իրոք հայանպաստ ծրագրեր իրականացնողներ: Սորոսյան վերոնշյալ խումբն իրեն շատ հստակ սահմանազատում է սաքունցներից, լևոնբարսեղյաններից, մարիակարապետյաններից և այլ նման կոնտինգենտից՝ համարելով վերջիններիս «փողով ցանկացած պատվեր կատարող»:
Այս երևույթը, ի դեպ, ներթափանցել է նաև պետական ապարատ, որտեղ անգամ քաղաքական պաշտոն զբաղեցնողները փորձում են հանրությանը ներկայանալ իրենց սորոսական ղեկավարից ավելի շահեկան և բարենպաստ լույսի ներքո՝ պնդելով, որ «թեև իրենց նշանակել է տվյալ սորոսական նախարարը, բայց իրենք կա՛մ առհասարակ սորոսի հետ կապ չունեն, կա՛մ եթե ունեն էլ, ապա անհայրենիք և մուտանտ սորոսական չեն»: Սակայն միևնույն ժամանակ սորոսյան հիմնադրամի ղեկավարությունը ձեռքերը ծալած չէ։ Վերջինս փորձում է համախմբել իր բոլոր ներկայացուցիչներին և երբևէ դրամաշնորհներ ստացածներին իրենց ներկայացուցիչների պաշտպանության համար ընդհանուր ճակատ ստեղծելու նպատակով։ Դրա վառ օրինակն է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված ճգնաժամում սորոսականների վարքագիծը։ Վաղուց գաղտնիք չէ‚ որ Արայիկ Հարությունյանը պատկանում է կարկառուն սորոսականների դասին‚ և այն‚ ինչ արել է‚ որը հիմա արդեն ջրի երես է դուրս եկել‚ բխում է հիմնադրամի գաղափարախոսությունից։ Եվ պատահական չէ‚ որ կամիկաձեի դեր ստանձնած Արայիկ Հարությունյանի պաշտպանությանն են լծվել հիմնականում նույն քաղաքացիական համարվող հոսանքի ներկայացուցիչները։ Եվ ըստ էության այժմ Արայիկ Հարությունյանի շուրջ պայքարը վերածվում է Հայաստանում սորոսյան ներկայության դեմ պայքարի։
Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ լուրջ մրցակցություն է սկսվել (թեև առայժմ միայն քողարկված մակարդակով) Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա ազդեցություն ունեցող իշխանական շրջանակների միջև: Ավելին՝ բավականին խանդով են ընդունվում այդ թիմում հայտնվող նոր դեմքերը: Մասնավորապես, ըստ լավատեղյակ աղբյուրների, տերպետրոսյանական թիմը բոլոր հնարավոր մեթոդներով փորձելու է «փչացնել» ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Նկատենք, որ միաժամանակ լրջագույն անվստահություն գոյություն ունի ՀԱԿ-ի և իշխանության սորոսական թևերի միջև: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ BBC-ին տրված հայտնի հարցազրույցից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի դեմ սկսված արշավը, ներառյալ նրա հրաժարականի պահանջի արծարծումը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ձեռքի գործն է։ ՀՀ թիվ մեկ պաշտոնյայի մամուլի քարտուղարը շարունակում է հավակնել արտգործնախարարի պաշտոնին և այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում ոչ միայն լրատվական դաշտում, այլև Նիկոլ Փաշինյանի հետ անձնական շփումների ժամանակ:
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ