Մեր հարևան Թուրքիան պատերազմ է սկսել Սիրիայում, որ բոլորն անվանում են ռազմական գործողություն՝ պահպանելով պաշտոնական ձևակերպումը, որովհետև Անկարան Դամասկոսին պատերազմ չի հայտարարել: Բայց դա խնդրի էությունը չի փոխում. Սիրիայի հյուսիսում պատերազմ է, որի ժամանակ մեռնում են ոչ միայն զինվորները, այլև խաղաղ բնակիչները, որ չեն հեռացել իրենց տներից:
Լրահոսում անվերջ պտտվում է՝ ինչ ասաց Էրդողանը, ինչ պատասխան ստացավ, ինչ ասաց Թրամփը, ինչ չասաց Պուտինը, ինչ ասաց Ասադը, և այլն, և այլն: Անընդհատ տեղեկություններ են հայտնվում զոհերի մասին՝ միշտ իրարամերժ, թուրքերը հաղորդում են քրդերի զոհերի մասին, քրդերը՝ թուրքերի: ՄԱԿ-ը խոսում է հարյուրհազարավոր տեղահանվածների մասին: Էրդողանը չի ընդունում որևէ մեղադրանք և սպառնում է Եվրոպային 3 միլիոն փախստականների առաջ դռները բացել: Եվրոպային վախեցնում են ոչ միայն փախստականները, այլև ԻՊ ահաբեկչական խմբավորման վերակենդանացումը, ԻՊ-ը արդեն մեքենաներ է պայթեցնում Կամիշլիում ու հայտարարում, որ վրեժ է լուծելու: Թուրքիայի նախագահը ասում է, որ «Խաղաղության ակունք» գործողության նպատակը իր սահմաններին ահաբեկչության վերացումն է՝ անվտանգության գոտի ձևավորելով, որտեղ բնակեցվելու են սիրիացի փախստականները: Նրան, հարկավ, քչերն են հավատում, Էրդողանի թիրախը քրդերն են, հայերը, ասորիները, քրիստոնյա արաբները: Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում դռնփակ քննարկեց իրավիճակը և բանաձև չընդունեց՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայն չէին, որ բանաձևում լինի «դատապարտում» բառը: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլը Թուրքիայի ռազմական գործողությունը արաբական պետության տարածք «ներխուժում» որակեց ու «ագրեսիա ինքնիշխանության դեմ»: Իրանը զորավարժություններ սկսեց սահմանին ու Թուրքիայից պահանջեց զորքերը դուրս բերել Սիրիայից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Սիրիայի հյուսիս-արևելքում բոլոր խնդիրները պետք է լուծվեն կենտրոնական կառավարության և քրդերի ներկայացուցիչների երկխոսության միջոցով»: «Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայի միասնության համար և բացասաբար ազդել արաբական այդ հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքի վրա»՝ հայտարարեց Լիբանանի նախագահ Միշել Աունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ իր 50 զինվորներին հանեց հարձակման տարածքից, հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև: Թվիթերում էլ գրեց, որ 3 տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, փորձել միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ Նա սպառնաց «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան «անթույլատրելի» քայլ անի: Պենտագոնը հայտարարեց, որ քրդերին պաշտպանելու պարտավորություն չունի ՆԱՏՕ-ի անդամ երկրից, բայց չի աջակցում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկմանը: Երբ թուրքերը կրակ բացեցին նաև ԱՄՆ զինվորների վրա, Թրամփը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանելու Թուրքիայի դեմ: Կոնգրեսում ոչ միայն պատժամիջոցների կոչեր են հնչում, այլև Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու:
Աշխարհը բաժանվել է երկու մասի՝ թուրքերին կողմ են Պակիստանը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան: Դեմ են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Եգիպտոսը, Կանադան, Իտալիան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Հայաստանը։ ՀՀ-ն վարչապետի մակարդակով հայտարարեց, որ կանգնած է Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատեց. «Իսրայելը խիզախ քուրդ ժողովրդի կողքին է»: Ֆրանսիայի ՊՆ և ԱԳ նախարարությունները հայտարարեցին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով Ֆրանսիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային: Նույնը՝ Գերմանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Նիդերլանդները: Իսպանիան հայտարարեց, որ Սիրիայում իրավիճակի սրման դեպքում Թուրքիային կմատակարարի Patriot համակարգեր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել Էրդողանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում:
Սիրիան հրաժարվում էր քրդերի հետ բանակցել: ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը փոխանցել էր, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել իրականությունից կտրված մարդուց: Նման հայտարարություններով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»: «Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»: Դամասկոսը քրդերի հետ չի բանակցելու, նրանք «դավաճանել են երկիրը» և Թուրքիային առիթ տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը»՝ ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը: «Մենք չենք համաձայնվի ոչ մի երկխոսության ու բանակցությունների նրանց հետ, ովքեր օտար ուժերի պատանդն են: Սիրիայի տարածքում հարթակ չկա Վաշինգտոնի գործակալների համար»,- ասել էր նա: Իրավիճակը փոխվեց կիրակի օրը՝ քրդերն ու Դամասկոսը համաձայնության եկան ռուսական Հմեյմիմ ռազմաբազայում բանակցելով: Սիրիայի զորքերը կտեղակայվեն քրդական դիրքերում՝ տեղեկացրեց «Ֆրանս պրեսը»: Սիրիայի պետական ԱԱՆԱ գործակալությունը հաղորդեց, որ Դամասկոսը զորքեր է ուղարկել այն շրջան, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում քրդերի դեմ: Երկուշաբթի սիրիական բանակը մտավ Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկում էին քրդերը, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնեց Լիբանանի al-Mayadeen հեռուստաալիքը: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Fox News-ի եթերում ասաց. «Ամերիկյան զորքերը հայտնվել են սիրիական բանակի միջև, որ գնում է հյուսիս՝ թուրքական բանակին հակահարված տալու» և իրավիճակը որակեց «ծուղակում հայտնվել»: ԱՄՆ-ը պատրաստվում է ընդհանրապես Սիրիայից դուրս գալ՝ Վաշինգտոնը տարածաշրջանում բավականաչափ ուժ չունի՝ «թուրքական զորքերի հարձակումները դադարեցնելու համար»: Էրդողանը հայտարարում է, որ Սիրիայում ամեն կրակոց համաձայնեցնում է Պուտինի հետ: Պուտինի միջնորդությամբ պատերազմը փոխում է բնույթը՝ դառնալով Սիրիա-Թուրքիա կոնֆլիկտ՝ սա շրջադարձ է, որ սպասելի էր: Փաստացի՝ սխալվում էին նրանք, որ ասում էին՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի, Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի կարևոր են, քան Սիրիան ու քրդերը: Եթե, իհարկե, չեն գործում նախնական պայմանավորվածությունները՝ ոչ ոք չի կարող ասել, թե իրականում ինչ են պայմանավորվել Թրամփը, Պուտինը, Էրդողանը: Եվ՝ Ասադը:
Իսրայելը հայտարարել էր, որ կա պայմանավորվածություն՝ հընթացս Իրանին հարվածելու, իսկ դա նշանակում է, որ փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև: Ի՞նչ կկատարվի Հարավային Կովկասում, մնում է ենթադրել: Չի բացառվում, որ ռուսներն արտոնել են «Խաղաղության ակունքը»՝ Իդլիբը վերցնելու դիմաց: Նաև՝ Իրանի ազդեցությունը Սիրիայում թուլացնելու: Կրեմլին ձեռնտու է Թուրքիայի միջազգային մեկուսացման մեջ հայտնվելու փաստը, որ մեծացնում է կախումը ՌԴ-ից: Ասադին ձեռնտու է, որ իր թշնամիները կոտորեն իրար՝ իր գործն են հեշտացնում: Թրամփը կատարում է նախընտրական խոստումը՝ տուն վերադարձնել ԱՄՆ զինվորներին: Եվ, այնուամենայնիվ, կա մի հարց, որ աշխարհաքաղաքական շրջապտույտում բոլորը, կարծես, մոռացել են: Իսկ ովքե՞ր են քրդերը: Տասնյակ ցեղախմբեր, որ ապրում են Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, Իրաքում։ Հարց՝ քրդերն ինքնորոշվա՞ծ ժողովուրդ են, որևէ մեկը ունի՞ հստակ պատասխան՝ բացի ինքնավարությունից ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են պատկերացնում ինքնավարությունը: Ինչու՞ չեն միավորվում, եթե մեկ ազգ են, ինչու՞ են ցեղախմբերը միմյանց դեմ կռվում ու 4 երկրների տարածքում ապրելով՝ համաձայնության չեն գալիս: Բոլոր նրանք, որ մեղադրում են Արևմուտքին քրդերին բախտի քմահաճույքին թողնելու մեջ, ունե՞ն պատասխան, թե ինչ պիտի անի Արևմուտքը ցեղախմբերի համար, որ միմյանց հետ լեզու չեն գտնում: Նրանք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չեն, մինչև հիմա չեն կարողացել ինքնորոշվել ու ազգ դառնալ, իբրև ինքնուրույն միավոր պաշտպանել իրենց իրավունքները։ Թե Արևմուտքը, թե Արևելքը կարող են միայն մարդասիրական խնդիրներ լուծել նրանց համար: Դա Էրդողանին հնարավորություն է տալիս իր ցանկացածի պես վարվել ու հարևան պետության տարածքը դարձնել սեփական անվտանգության գոտի: ՈՒ՝ ստանալ գերտերությունների համաձայնությունը քաղաքականության հրաշքների դաշտում, որտեղ բոլորը առաջ են մղում սեփական երկրի ու իրենց անձնական քաղաքական շահը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անցած շաբաթ հրաշքների դաշտ էր նաև Հայաստանը: Պետք էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասնի Սասունիկ, որ «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի գործարար համաժողովում անդրադառնար բիզնեսի «խաղի կանոններին». «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի գողացիր, դա վերաբերում է բոլորին` և պետական, և ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` գող է, նույնն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղիր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղիր նորարար, չորրորդը` եղիր համագործակցող և թիմային»: Սասունիկում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը բոլոր գործարարներին համարում է իր թիվ 1 դաշնակիցն ու իր մեծագույն խնդիրն է համարում, որ գործարարներն իրենց պաշտպանված զգան։ Նա վստահեցրել է՝ Հայաստանում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդիմադիր և իշխանամետ գործարարների։ «Յուրաքանչյուր գործարար, ով Հայաստանի Հանրապետությունում քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում և գործում է օրենսդրական դաշտում, հարկ է վճարում, ՀՀ կառավարությունը պետք է ամուր, պինդ կանգնի այդ գործարարի թիկունքին՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, անկախ համակրանքներից և հակակրանքներից։ Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային գաղափարներից մեկը»՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ է փոխվել: 2019-ի փետրվարին Նիկոլ Փաշինյանը Աժ-ում հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխություն սկսելու մասին: Հետո ասուլիսներում ներկայացրեց իր 200 նվաճումները, որտեղ տնտեսական հեղափոխության ստվերն էլ չկար: Փոխարենը՝ պարբերաբար ֆեյսբուքում հայտնվում են գրառումներ, ասենք, 7,6 % տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին: Մինչդեռ 2019-ի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսով, հունվար-հուլիսին՝ աճել էր 3 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-հուլիսին, 2018-ի համեմատ, ավելացել է 2,3 %: Օտարերկրյա կազմակերպությունները, որ գործում էին Հայաստանում, 30 մլրդ դրամ են հանել երկրից: Գուցե այս ու այլ թվե՞րն են պատճառը, որ վարչապետն այլևս չի ուզում պատերով տալ: Իսկ անկապ հետաքննություններն ու դատավարություննե՞րը, որ հարուցվում են գործարարների շուրջբոլորը՝ «նախկին հանցավոր ռեժիմի» դեմ տոտալ պայքարի շրջագծում: Իսկ կոռուպցիա՞ն, որ իդեա ֆիքս է դարձել ողջ պետական համակարգի համար: Իսկ սև-սպիտակի խրամատնե՞րը: Մի՞թե իսկապես Նիկոլ Փաշինյանը սկսել է տնտեսություն հասկանալ: Սա անպատում հրաշք է: