Վերջերս, երբ Ախուրյանի չբնակեցված շենքերից մեկում հայտնաբերվեց քարհանքերի վարչության նախկին պետ Վառլամ Պապիկյանի թոռան` 1989-ին ծնված Արմեն Պապիկյանի դին, Գյումրիում լուրեր տարածվեցին, թե նա կախվել է խաղատանը խոշոր գումար տանուլ տալուց հետո: Վերջինիս հայրը Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալն է:
Գյումրու աղբյուրների փոխանցմամբ, նա հաճախ է խաղացել Գյումրու «Luky» և Ախուրյանի SS գիշերային ակումբներում: Մամուլի հրապարակումների համաձայն, այս ակումբները պատկանում են ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին: Նույն աղբյուրները պատմում են, որ կյանքին վերջ տված երիտասարդը մեծ գումարներ է տանուլ տվել այս ակումբներում, ու նրան մշտապես սպառնացել են: Երիտասարդը, չկարողանալով վճարել, անելանելիությունից դիմել է այդ քայլին:
Նմանատիպ մի դեպք էլ են հիշեցնում տեղի մեր աղբյուրները: 2006-ին նույն դրդապատճառով կյանքին վերջ է տվել Գյումրու Ձորի թաղի բնակիչ, էլեկտրիկ Վարուժի թոռը:
Այս առնչությամբ մեզ պարզաբանումներ ներկայացրեց Մարտուն Գրիգորյանի օգնական Աղասի Աբրահամյանը, նախապես հերքելով, որ հիշյալ ակումբները պատգամավորին են պատկանում։ Ինչ վերաբերում է մահացած երիտասարդին, Աղասին տեղեկացրեց, որ նրան անձամբ ճանաչում է, քանի որ եղել է իր թաղի բնակիչ։ «Ակումբ այցելել է, թե չի այցելել, չեմ կարող ասել, քանի որ արդեն 52 տարեկան եմ ու ոչ մի անգամ նման ակումբներ ոտք չեմ դրել։ Բացարձակապես տեղեկություն չունեմ՝ ակումբ այցելել է, թե ոչ։ Միշտ ուրախ, ժպիտը դեմքին տղա էր։ Տարիներ են անցել, ասում են՝ ամուսնացել է, երեխա է ունեցել, ու չգիտեմ՝ այդ ընթացքում ինչ է եղել։ Այդ տղային հիշում եմ որպես պայծառ, լավ ջահելի»,- ասաց պատգամավորի օգնականը։ Իսկ թե ինչու են այս դեպքը կապում Մարտուն Գրիգորյանի հետ, Աղասին ասաց, որ «վատ սովորույթ է դարձել» ամեն ինչ Մարտուն Գրիգորյանի հետ կապելը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ