«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք պետք է համագործակցենք բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»

«Մենք պետք է համագործակցենք  բոլոր միջազգային կառույցների հետ և հեռու մնանք հակադրություններից»
15.03.2013 | 12:42

ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանն անդամագրվելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարծում է, որ այս համեմատությունն ավելի խոր պատճառներ ունի։ «Գերմանիան դեռևս 1880-ական թվականների վերջից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Անդրկովկասի պղնձի հանքերի նկատմամբ, իսկ Առաջին աշխարհամարտի նախօրյակին նշված տարածքից հազարավոր տոննա պղինձ էր տարվում Կայսերական Գերմանիա, ինչը մեծապես նպաստեց գերմանական հայտնի ընկերություններ «Siemens»-ի ու «Kruppi»-ի հզորացմանը։ Այսօր, ինչպես աֆրիկյան պետություններից, այնպես էլ Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութի հիմնական մասը տեղափոխվում է Գերմանիա ու կիրառվում արդյունաբերության և հաստոցաշինության մեջ, այնուհետև կրկնակի գնով վաճառվում է մեզ։ Այնինչ մենք կարող ենք այդ խտանյութից ստանալ պղինձ ու մոլիբդեն և այն տալ, օրինակ, Երևանի կաբելի գործարանին` մալուխներ արտադրելու համար, որի արդյունքում կունենանք և՛ նոր աշխատատեղեր, և՛ արտադրական ցիկլ։ Սակայն մենք, ցավոք, վարվում ենք աֆրիկյան պետությունների նման՝ մեր ընդերքի հարստությունն արտահանելով, ուստի մեզ համեմատում են նրանց հետ և համեմատելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք դարձել արդյունաբերական երկիր»,- ասում է Գևորգ Մելքոնյանը։
Խոսքը միայն պղնձի կամ մոլիբդենի՞ մասին է, թե՞ Լամմերթը, այնուամենայնիվ, ակնարկում էր նաև ժողովրդավարական զարգացումները մեր երկրում։ Մեր այս հարցին պատմաբանը պատասխանեց. «Իհարկե, Բունդեսթագի նախագահն առաջին հերթին նկատի ուներ ժողովրդավարական գործընթացները։ ՀՀ նախագահի ընտրությունները, ինչպես գնահատեցին միջազգային դիտորդները, մեկ քայլ առաջ էին, սակայն դեռ բավականին անելիքներ ունենք ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում»։
Հայաստանը որդեգրել է եվրոպական ինտեգրման ուղին, սակայն այսօր օրակարգում է Ռուսաստանի նախագիծը հանդիսացող Եվրասիական միության և այդ միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը։ Որքա՞ն է նպատակահարմար Եվրասիական միության շրջանակներում համագործակցությունը։ Ըստ Գևորգ Մելքոնյանի՝ մենք պետք է համագործակցենք բոլոր միջազգային կառույցների հետ, առաջնորդվենք մեր երկրի շահերով ու հեռու մնանք հակադրություններից։ Քանի դեռ Եվրասիական միությունը ձևավորված չէ, ճիշտ չէ գնահատականներ տալ` արդյոք այն կհակադրվի՞ Եվրամիությանը, թե՞ ոչ։ Սակայն, եթե կա նոր ձևավորվող միջազգային կառույցին ինտեգրվելու հնարավորություն, մենք պետք է փորձենք համագործակցել։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ