«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջոն Քերին հավատարիմ է մնալու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը

Ջոն Քերին հավատարիմ է մնալու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը
02.02.2013 | 15:19

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածության քննարկման ժամանակ Սենատում նրան ուղղվել են և Հայաստանին ու ամերիկահայությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես սենատոր Բարբարա Բոքսերին հետաքրքրել է, թե իբրև պետքարտուղար նա ի՞նչ է քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Իլհամ Ալիևը բանտ վերադարձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Ջոն Քերին պատասխանել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Միացյալ Նահանգները այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանական կառավարությանը, Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը խիստ հայտարարություններով են հանդես եկել Սաֆարովի արտահանձնման եւ ներման առնչությամբ։ Սաֆարովը դատված է եղել ծանր հանցագործության համար, եւ Միացյալ Նահանգներին մտահոգում է, որ նա չի կրում պատիժը։

Ջոն Քերին հավելել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Միացյալ Նահանգները անում է ամեն ինչ` օգնելու համար կողմերին` կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ասել է նա։
Բարբարա Բոքսերի մյուս հարցը վերաբերել է Ադրբեջանի սպառնալիքներին` Ստեփանակերտի օդանավակայանին առնչությամբ. «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից թռչող օդանավերը։ Ինչպե՞ս եք փորձելու հրապարակային կամ մասնավոր ուղիներով կարգավորել Ադրբեջանի հերթական սպառնալիքները»: Քերին պատասխանել է, թե Միացյալ Նահանգների կարծիքով այդ հարցը կողմերը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով։ «ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնում են վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների, անմիջապես արձագանքել են Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին, իսկ ԱՄՆ-ի վարչակազմն էլ, իր հերթին, շարունակում է հետեւողական լինել այդ հարցում», - ասել է նա` վստահեցնելով. - «Երբ ես հաստատվեմ որպես պետքարտուղար, կշարունակեմ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ պայքարել այն գործողությունների դեմ, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ վնասել խաղաղ կարգավորման գործընթացը»։ Սենատորը հետաքրքրվել է` թեկնածությունը հաստատվելու դեպքում Քերին կհանդիպի՞ հայ համայնքի ներկայացուցիչներին եւ կրոնական առաջնորդներին։ «Իմ պարտքն է հավատարիմ լինել նախագահի եւ վարչակազմի կողմից վարվող քաղաքականությանը», - ասել է Ջոն Քերին` հիշեցնելով նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններն ու ԱՄՆ դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նա հավաստել է, որ իր թեկնածության հաստատվելուց հետո ջանքեր է գործադրելու` վերականգնելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունները։

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ