Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Շատերը կարող են մուրազախաբ լինել

Շատերը կարող են մուրազախաբ լինել
18.11.2008 | 00:00

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
Սերժ Սարգսյանի մոտ արդեն խասիաթ է դառնում` լույսը չբացված հագնել կոմուֆլյաժն ու գնալ Ղարաբաղ: Ինչո՞ւ էր գնացել: Մանավանդ որ մի քանի ժամից Ղարաբաղում էին լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Սկզբում թվաց, թե Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցող լոկալ բախումներն են պատճառը կայծակնային այդ այցի: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` ադրբեջանական տարածք թափանցած մահմեդական-վահաբիստական ուժերի հետևում կանգնած ռուսական հատուկ ծառայությունները ցանկանում են ադրբեջանական լեզգիների միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Հյուսիսային այդ շրջաններում Ադրբեջանը հսկայական զորք ու զինամթերք է կուտակել, խոսք է գնում նաև զոհերի մասին: Հասկանալի է` խելահեղության միտված այս սցենարը լոկ մկանների ցուցադրություն է գոնե ռուսական կողմի համար, որովհետև երկու անգամ նույն ջուրը նույն տարածաշրջանում անցնել ոչ ոք Ռուսաստանին երբեք թույլ չի տա:
Լարված էր նաև հայ-ադրբեջանական շփման գծում (այնտեղ ևս զոհ կա): Մի խոսքով, Սերժ Սարգսյանը կարող էր կայծակնային արագությամբ թռչել Ղարաբաղ, կրկին, ինչպես նախորդ զորավարժությունների ժամանակ, ապացուցելու, որ Մայենդորֆում հռչակագրի տակ չստորագրած Ղարաբաղը «մերն» է:
Այցի այս վարկածը կյանքի լիարժեք իրավունք ուներ, մանավանդ որ Արևմուտքից Հայաստան նոր ոտք դրած Սերժ Սարգսյանի ղարաբաղյան այցի առաջին օրը պատված էր մթության քողով: Ավելին, օրեր առաջ, երբ Սարգսյանը ընթրում էր Կառլա և Նիկոլա Սարկոզիների տանը, իսկ նույն պահին Հայաստանում Հացպանյանն էր ձերբակալվում «հայտնի ուժերի»... չէ, խառնեցինք` «հայտնի պատմության» պատճառով (այս մասին, ի դեպ, արժե ավելի մանրամասն խոսել, սակայն` այլ անգամ), նույն օրերին Ղարաբաղում էր Ռոբերտ Քոչարյանը` Արկադի Ղուկասյանի հետ: Մերձքոչարյանական շրջապատն օրերս հոգացել էր, որ մենք իմանայինք` Քոչարյանը Ղարաբաղ էր գնացել ընդամենը... որսի: Ինչ էր որսացել նա այնտեղ, չասացին:
Իմացանք լոկ, որ ղարաբաղյան գեներալիտետը չէր դիմավորել ազատագրված տարածքներ մեկնած ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանին:
Երկրորդ «շնչառությունը» բացվեց Սերժ Սարգսյանի` «Հայլուրին» տված հարցազրույցից հետո: Պարզվեց` նա նաև մեսիջներ ունի հղելու Հայաստանին, Ղարաբաղին և ի ծագս աշխարհի: Հետաքրքիր է, ինչո՞ւ է Սարգսյանը Ղարաբաղից դա անում: Առաջին պատճառը վերևում նշեցինք: բ) Փոխհատուցում է Ղարաբաղի չմասնակցությունը բանակցային գործընթացին: գ) Ալամ աշխարհի, իր «լավը» չուզողների` «Ադրբեջանի հուշարար» հայերի համար հատուկ է ընդգծում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Ղարաբաղ այցի հանգամանքը, նրանց արտաբերած հերքումները` կոմուֆլյաժավոր իր ֆոնին: դ) Եվ վերջապես, հո նախագահականի կաբինետից կամ որևէ կարմիր ժապավեն կտրելիս չէ՞ր հղելու այդքան մեսիջ` մոսկովյան և վաշինգտոնյան այցերից առաջ։
Դառնանք մեսիջներին: Դրանք ուղղված էին` ա) ընդդիմությանն ու Քոչարյան-Օսկանյան զույգին: բ) Ռուսաստանին, Թուրքիային, ԱՄՆ-ին: գ) Ս. Սարգսյանը ներկայացրեց նաև իր պահեստային քայլերը` հետագա, վատթար զարգացումների դեպքում:
Այժմ այս ամենի մասին` մանրամասն:
Ընդդիմություն։ Այն, որ ընդդիմությունն այս անգամ «պրոսչյոտ» էր թույլ տվել՝ հետ քաշվելով ու ասպարեզը լոկ Ռուսաստանին թողնելով, ինքնին պարզ էր: Նաև` անընդունելի։ Ընդդիմությունն այս ինչքա՜ն ժամանակ խցկվել-խցանվել է Ռուսաստանի «արանքում», արդյո՞ք դա չէ պատճառը, որ ինչ-որ բան այն չէ նաև նրա շարքերում: Համ էլ որ` Ռուսաստանը երբեք չի կատարում իր տված խոստումները: Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ «գցել» է հայոց ընդդիմությանը: Սա` ի միջի այլոց:
Շարունակենք։ Բոլորն են համոզված` կավարտվի տարին, ու ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի ղարաբաղյան հարցով: Էականը սա չէ, էականն այն է, որ հերթական անգամ, ինչպես «լավը չէինք, մեջներս միասնականություն չկար» 98-ի հեղաշրջման օրերին, ղարաբաղյան խնդրի էությանն այդպես էլ անհաղորդ մնացինք` սեփական հաշվարկներից ելնելով, նույնն էլ այսօր ենք: ՈՒ երիցս ճիշտ էր Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ 98-ի նման բարենպաստ լուծման հնարավորություն, եթե այլևս Աստված էլ գա, չի լինելու:
Անցնող յուրաքանչյուր օրը, իսկապես, դա է արձանագրում` թուլացնելով Հայաստանի, Ղարաբաղի դիրքերը: ՈՒ թվում էր, թե Տեր-Պետրոսյանի վերադարձից, Քոչարյանի հեռանալուց հետո, ասպարեզում եղող-խաղացող երկու կենտրոնական ֆիգուրները` Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը, գոնե ղարաբաղյան հարցում իրար հետ խոսելու են, ու խնդիրը դառնալու է նրանց միավորող հենակետը, մանավանդ որ Տեր-Պետրոսյանը մի քանի ամիս առաջ ասել էր` բանակցային սեղանին եղած տարբերակն ընդունելի է, և այն հիմք ընդունելով` կարելի է բանակցությունները շարունակել:
Իսկ սեղանին, ի դեպ, նույն «մադրիդյան սկզբունքներն» էին, որոնց շուրջ ստորագրվեց մայենդորֆյան հռչակագիրը: Ու դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը մասամբ ճիշտ է, երբ ասում է. «Էստեղ Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, էստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Կարող եք սիրել կամ չսիրել Սերժ Սարգսյանին, կարող եք շարունակել ձեր գործը, բայց պետք է գիտակցել` Ղարաբաղի խնդիրն է»:
Նախագահը մասամբ է ճիշտ: Այն պարզ պատճառով, որ նա չազատեց ընդդիմության գիտակցությունը` միտքը-ձեռները, Ղարաբաղի համար: Հանուն Ղարաբաղի: Տղաներին թողնելով բերդերում: Անիմաստ: Երբ վաղուց էր պետք նրանց ազատել ու նույն Ղարաբաղից արձանագրել կատարված փաստը, որպես բարի կամքի դրսևորում: Ի՞նչ կապ ունի` տղերքը չեն ուզում ազատվել։ Սերժ Սարգսյանը պետք է փորձեր նաև այնպես անել, որ իրեն հավատանք բոլոր հարցերում։ Ասել է թե` էս հայրենիքում իր համար ամեն ինչ է նվիրական` տղերքից մինչև Ղարաբաղ, ու էդ ճամփին չկան մեծ ու փոքր հարցեր, բոլորը հավասար են, եթե կուզեք` ներդաշնակ:
Ինչն առայժմ էդպես չէ: Ու չի կայանում երկու «մետրերի» երկխոսությունը` երկրի համար այդքան կենսական` Ղարաբաղի շուրջ, ու գործող նախագահը մնում է մենակ, ինչպես մենակ էր 98-ին Տեր-Պետրոսյանը:
Քոչարյան-Օսկանյան: Լա՜վ «կպավ» Սարգսյանը վերջիններիս. «Մենք ուրիշների պես չենք փորձում դիվիդենդներ թռցնել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ... մենք փորձում ենք ազնիվ լինել մեր մարտական ընկերների ու ժողովրդի հետ»:
Սերժ Սարգսյանը շատ սահուն սրբագրում է Քոչարյանին: Նա, իհարկե, ոչինչ չի ասում, որ ամենից բարձրաձայն խոսող, այլևս ձեռները գրպանում` մտքի թռիչքը չկորցնելու համար, մայենդորֆյան հռչակագիրը քննադատող Վարդան Օսկանյանը, որը շատ նրբագեղ «գեղգեղում» էր «Ազատություն» ռադիոկայանով. «Ես կշրջանցեմ խնդիրը, որ Ղարաբաղը չմասնակցեց հռչակագրի ստորագրմանը, կանդրադառնամ այլ խնդիրների»... Դե, կներեք, էլի, իսկ այս ողջ ճաշն ո՞վ է եփել: Ո՞վ է Ղարաբաղը դուրս դրել վասն յուր աթոռի` բանակցային սեղանից ու աշխարհին, Վազգենին, հայ ժողովրդին խաբել, թե 8 հազար քառ. կմ Ղարաբաղ ենք ունենալու` Արևմտյան Հայաստանի հողերն էլ հետը, ու «մադրիդյան սկզբունքները» թողնելով հայաստանյան մարտի մեկի սեղանին, գնացել է Ղարաբաղ` որսի:
Իսկ ի՞նչ է սրբագրում Սերժ Սարգսյանը։ Նա ասում է` Ղարաբաղն ինչ-որ փուլում պետք է դառնա բանակցային կողմ։ «Այլ ճանապարհ ուղղակի չկա»: Նույն բանն են ասում նաև ԵԱՀԿ համանախագահները:
Ի դեպ, նկատեցի՞ք, որ Օսկանյան-Քոչարյան զույգը նույնպես հետ քաշվեց` հետաձգելով իր կուսշինարարությունը: Ասել է` նրանք ևս շատ լավ հասկացան, որ ղարաբաղյան խնդիրը «նոն ստոպ» տարբերակով չի լուծվելու շատ արագ, ու իրենց պահանջարկն առայժմ ոչ ոք չունի: Առայժմ պետք է զբաղվել ընդամենը որսորդությամբ:
Սերժ Սարգսյանի մեսիջներն` ուղղված արտաքին աշխարհին: Դրանք նույնպես տարողունակ էին: Ռուսաստանի մասով. հասկանալի է` մոսկովյան հռչակագիրն առանձնապես շատ չէր ոգևորել Սերժ Սարգսյանին, սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ այդ մասին վերջինս հաճույքով բարձրաձայնում է. «Հռչակագիրը երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին. այն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ, դրանից հետո ես գնում եմ Փարիզ, Եվրամիություն, եթե այնտեղ էլ փաստաթուղթ ստորագրվի` խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, ես, ի՞նչ է, պետք է ասեի` սպասեք Ղարաբաղից մարդ հրավիրե՞մ»:
Ամփոփ խոսք է, և մեկնաբանելու պատճառ` չիք: Մեկ «նո»-ով: Կարծես, չի բացառվում նաև, որ նման «կարծիքների» հուշագիր ստորագրվի Վաշինգտոնում։ Հասկանալի է, ամերիկյան կողմը կփորձի որևէ կերպ պարիտետ հաստատել խնդրում` նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը (օրերս Բաքվում տեղի է ունեցել Միջազգային էներգետիկ գագաթաժողով, ուր «Նաբուկոյից» զատ, քննարկվել է նոր էներգետիկ ծրագիր` Ռուսաստանը շրջանցող. լեզգիներին նաև այս «գետնին» վրա է ցանկանում ակտիվացնել Ռուսաստանը):
ԱՄՆ-ը, որ վերջին շրջանում հասկանալի պատճառներով ցայտնոտի մեջ էր, ընտրություններից հետո քիչ-քիչ վերագտնում է իրեն։ Օբաման արդեն իսկ տեղն է դնում «անհնազանդներին», իր հետ հույս կապողներին. Իրանին ասում է` դու միջուկային երկիր ես, Էրդողանին` Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով հորդորում` չսովորեցնել իրեն՝ ինչ անել հայերի ցեղասպանության հարցում: Ռուսաստանի Մեդվեդևին էլ ամենևին չի հիշում, երբ հիշում էր աշխարհի տասը հզորներին` շնորհակալություն հայտնելով վերջիններիս` իրեն շնորհավորելու համար, հետն էլ G-20-ի ժամանակ Վաշինգտոնում նրա հետ չի հանդիպում:
Ահա այսպիսի Ամերիկա կայցելի Սերժ Սարգսյանն առաջիկայում: Ըստ նախագահական մերձ աղբյուրների` այցը նախագահի գրաֆիկում կա` դեկտեմբերի կեսերին նախատեսված. սակայն ոչինչ հայտնի չէ օրվա, ժամի, ում հետ հանդիպելու մասով:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Սարգսյանը բան չի ասում, բայց նրա համար դա վերջին շրջանում առանձնապես հաճելի թեմաներից չէ (ծանր է տանում Գյուլի վրեժխնդրության վերջին նոպաները, երևի): Բայց և ուղտին էլ է պարզ. նա չի ցանկանա Վաշինգտոն կատարելիք այցից առաջ ևս մեկ անգամ տեսնել Գյուլին, դա բավականաչափ աննպատակահարմարություններ ունի իր ընդերքում թե՛ հայ հասարակության (մանավանդ Գյուլին չսիրող Քոչարյանի համատեքստում), թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի տեսանկյունից, քանզի այս խաղում Թուրքիայի դերակատարությունը երկակի է` բոլոր առումներով:
Պահեստային քայլերի մասով։ Սերժ Սարգսյանը խիստ նրբորեն հասկացրեց այդ մասին` ցիտելով ինքն իրեն. Հայաստանը կարող է հետ քաշվել բանակցություններից` առաջ թողնելով Ղարաբաղին: Մեջբերումը սեփական ուղերձից էր, ըստ որի` խնդիրը կարգավորված կարելի է համարել, երբ Ադրբեջանի և Ղարաբաղի նախագահներին «բոլորս կշնորհավորենք» քաղաքական կամք դրսևորելու համար: Նշանակում է` փաստաթուղթը ոչ թե ինքը, այն է` ՀՀ նախագահն է ստորագրելու, այլ... հասկացաք:
Սերժ Սարգսյանը նույնքան նրբորեն հասկացնում է չհասկացողներին, «ադրբեջանական հուշարարներին», անհամբերներին և նույնիսկ, այո, կին ատամնատեխնիկներին. ճիշտ է, ինքը չի ձգձգելու բանակցային գործընթացը, ինչպես խոստացավ Բարոզոյի կենդանի ներկայությամբ (անկեղծ լինենք ու ասենք` հարցը պատվիրված էր, և Եվրոպան ցանկանում էր, որ Սերժ Սարգսյանն անձամբ Արևմուտքից այդ խոստումը հնչեցնի), բայց այն այնքա՜ն փուլային հատվածներ ունի, որ շատերը կարող են մուրազախաբ լինել: ՈՒ Սարգսյանը մատնանշեց ամենակարևոր պահեստային քայլը` հասարակական քննարկումներ: Աստված գիտի, թե ինչ արդյունքներով կարող են վերջանալ հասարակական կոչվող այդ քննարկումները: Մեզանում: Երբ 98-ին դրանք չսկսված, տեսաք` ինչ եղան:
Ահա թե որտեղ պետք է որոնել ու նաև գտնել «մանրամասների մեջ ապրող սատանային»:
Կարծես թե նա այնքան էլ վախենալու չէ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4011

Մեկնաբանություններ