Սովորաբար զարգացած երկրներում անօրեն, թալանչի իշխանավորներին պատժելու լավագույն և հնարավորինս մեղմ ձևն ընտրություններում նրան լուսանցքում թողնելն է: Սակայն մեզանում այս մեխանիզմն ընդհանրապես չի գործում: Սա է պատճառը, որ հասարակությունը մշտապես հնարավորություններ է փնտրում նման ղեկավարից ազատվելու կամ պատասխանատվության ենթարկելու համար: Պատժիչ մեխանիզմ չկիրառելու պատճառով է, որ իշխանական համակարգից հեռացած երբեմնի պաշտոնյաները նորից համարձակություն են ունենում քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել: «Մեր ժողովրդի ձեռքից նախորդ և ներկա իշխանավորները խլել են օրինական իշխանություն ձևավորելու բոլոր հնարավորությունները։ Արդեն որերորդ ընտրությունն է, մենք իշխանություն ենք ձևավորում կեղծիքներով։ Ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդն ինքնապաշտպանական զենք է ընտրել օրվա իշխանությունների նկատմամբ ատելությունն ու անեծքը։ Մարդիկ իրենց պատերի մեջ քաշված, փոքր խմբերի բաժանված, անհույս, իշխանություններին, իրենց բախտը, երկիրն անիծելով ման են գալիս»,- «Իրավունքը de facto»-ի հետ զրույցի սկզբում նշեց ԱԺ նախկին պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ, որն առաջարկում է ստեղծել «ժողովրդական տրիբունալ»։
-Միջազգային մամուլում վերջերս կարդացի մեր վայ-ունևորների ունեցվածքի մասին, որը բանական գլխուղեղներում ուղղակի չի տեղավորվի,- շարունակեց պարոն Արշակյանը։- Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի օրինակը, որը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։ Եթե նույնիսկ այդ գրածի տասը տոկոսն է իրականությանը համապատասխանում, ապա ազգային խայտառակություն է, ազգային ամոթ։ Ինչո՞ւ շեղ աչքերով, մեզնից ավելի երիտասարդ ազգերը կկարողանան տարիներ հետո իրենց չարագործ իշխանավորներին պատասխանատվության կանչել, մենք չենք կարող։ Հանրային խորհուրդ կոչվածն այս հարցում ոչ մի կերպ չի օգնում։ Այդ իսկ պատճառով ես ցանկացել եմ կյանքի կոչել «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու գաղափարը, որը լուծելու է մի շարք հարցեր։ Առաջին` Հանրային խորհրդին այլընտրանք է ստեղծվում, որը չի սվաղելու կամ մեղմելու ինչ-որ իրավիճակ, և ոչ էլ կազմված է լինելու իշխանահաճո մարդկանցից ու նրանց ծառաներից, այլ, չեզոք, օբյեկտիվ մարդկանցից կազմված լինելով, առաջարկելու է Հանրային խորհրդին նույնպես գնահատական տալ վերը նշված երևույթներին։ Երկրորդ` «ժողովրդական տրիբունալը», որպես հասարակական պարսավանքի, ժողովրդական նզովքի ինստիտուտ, փորձելու է իր որոշումներով ժողովրդին թույլ տալ այդ պարսավանքն ու նզովքը կազմակերպված կիրառել։ Ի դեպ, «ժողովրդական տրիբունալը» լինելու է հասարակական կազմակերպություն, այս կամ այն գործչի նկատմամբ պատիժ չի նշանակելու կամ իրականացնելու, լինելու է զուտ բարոյական ներգործության միջոց։ Այսինքն, մեր այս աշխատանքը դառնալու է հակաահաբեկչական միջոցառում։ Եթե ուսումնասիրենք ահաբեկչությունների պատմությունը, կտեսնենք, որ դրանց բոլորի խորքում բացառապես անարդարությունն է ընկած։ Մենք չենք ուզում մեր իրականության մեջ նոր նաիրիհունանյաններ կամ ինքնադատաստան տեսնող խմբեր ձևավորվեն։ Չի կարող երկար այսպես շարունակվել։ Դեռ երկու տարի առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացի, որ քանի դեռ չեն տրվել մարտի 1-ի մարդասպանների ու կրակելու հրաման տվողների անունները, միևնույն է, հասարակական գիտակցության մեջ մնալու է մի բան` իշխանությունը զինվորին ու ոստիկանին մատաղ արեց, որպեսզի ցուցարարի վրա կրակելու պատրվակ ունենա։ Հիմա բոլորին էլ պարզ է` ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ արեցին դա։ Պետք է հարցի հանգուցալուծումը լիներ, որ վաղն իրենց մուտքերում դատավորներ, դատախազներ, ոստիկանապետեր չտուժեն։
-Փաստորեն, պատժիչ կառույց չի՞ լինելու։
-Ոչ, չի լինելու ժողովրդական վրիժառության ինստիտուտ, չի ունենալու պատժիչ օղակներ, այլ ընդամենը հասարակական, ժողովրդական, բարոյական պարսավանքի ներգործության գործառույթ է ունենալու։
-Այսինքն, որոշակիորեն պետք է իրականացնե՞ք Հանրային խորհրդի գործառույթները։
-Կրկին ո՛չ։ Ցույց ենք տալու, թե ինչպես պիտի աշխատի Հանրային խորհուրդը։ Այսօր այդ կառույցը խուսափում է հասարակական երևույթներն իրենց անունով կոչելուց։ Այդ խորհրդի ոչ անհայտ անդամներն իրենց խիղճը, միտքն ու պատիվը թողել են նախորդ դարում, ու հիմա հայտարարում են` «էս ընդդիմություն ա, թե ինչ զահրուզիբիլ ա»։ Իմ կողմից լրացնեմ` տո, անաստվածներ, ինչքան գողացաք, գոնե ընդունեցի՞ք, որ 352 հազար մարդ ձեզնից իր փրկությունը կապում էր այդ ուժի հետ, բարի եղեք հաշվի նստել նրանց հետ։ Ո՞նց կարելի է ժողովրդի մի զգալի հատվածը վերցնել ու անտեսել։ Երկրորդեմ` «ժողովրդական տրիբունալը» հասարակական պարսավանքի, ժողովրդական նզովքի, համընդհանուր ատելություն վաստակած իշխանավորներին, կլանային, ցեղային ռասայականության հետևորդներին, հանկարծակի հարստացած, բայց տգիտության ախոռում մնացած մարդկանց, կեղեքիչ օլիգարխներին դատապարտելու տրիբունա է լինելու։
-Ովքե՞ր են լինելու «ժողովրդական տրիբունալի» անդամները։
-Այստեղ ընդգրկելու ենք հասուն տարիքի մարդկանց, ովքեր վարկաբեկված չեն ու հասարակությանն էլ հայտնի են։ Չնայած այդպիսիք շատ քչերն են մնացել, բայց պետք է գտնել նրանց։ «Ժողովրդական տրիբունալը» պետք է կիսով չափ բաղկացած լինի կանանցից, լինի գոնե մեկ ճշմարիտ հոգևորական, ոչ թե «ցեխավիկ» եկեղեցական։ Պետք է լինեն նաև մանկավարժներ, մշակույթի գործիչներ, բայց ոչ, իհարկե, ընտրակեղծիքներով «թրծված» մանկավարժներ կամ պալատական սազանդարների վերածված մշակույթի գործիչներ, արտիստ-երգիչներ, այսինքն` «ժողովրդի խիղճ» մարդիկ։
-Պարոն Արշակյան, արդյոք այս նոր ստեղծվելիք հասարակական կազմակերպությունը չի՞ դասվի մյուս ՀԿ-ների շարքին, որոնք գրեթե ոչինչ չեն անում, այսինքն` ի՞նչ մեխանիզմներով եք աշխատելու։
-Բոլոր ՀԿ-ները չեն, որ անգործության են մատնված կամ միայն իշխանահաճո բաներ են անում։ Առաջադրման կարգի, կազմի, ռոտացիայի, գործունեության որոշումների (հորդորակ դատաստանագրերի) մասին կհայտարարենք, երբ արդեն կանոնադրությունը պատրաստ կլինի։
-Ի վերջո, ո՞րն է այս ՀԿ-ի ստեղծման գլխավոր նպատակը։
-Զանգվածային հնարավոր խռովությունների կանխումը, ժողովրդական վրիժառության, ապստամբ տրամադրությունների զսպումը, լկտիացած իշխանավորներին տեղը դնելը, ցույց տալը, որ գողն իրավունք չունի գող բռնող աշխատելու, մաքսանենգը` մաքսավոր, սերմացու գողացողը` ամբարի պահակ, տեղեկանք կամ մազութ ծախողը` գլխավոր գույքագրող, կաշառակերը` ծրագրեր տնօրինող և այլն: Մի խոսքով` նպատակ ունի իրավիճակը փոխելու և ստեղծված դրությունից նոր ելքեր նախանշելու։
-Ենթադրվում է, որ «ժողովրդական տրիբունալը» չի լինելու ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության դաշտում։
-Այո, ավելին, կառույցն ունենալու է բաժին` քաղաքական վեճեր լուծող դատարան։ Կազմավորման ձևը դեռ հստակ չէ, բայց միանշանակ է, որ քաղաքական դաշտը պետք է զուլալվի։ Դարից ավելի տևող միջկուսակցական խլրտումներին պետք է վերջ դնել։ Մենք, անշուշտ, պիտի գնանք երկկուսակցական համակարգի։ Քաղաքական վեճեր լուծող դատարանով է հնարավոր այդպիսի հարցերը հարթել։ Օրինակ` 90 տարուց ավելի է` կոմունիստների ու դաշնակցակաների միջև վեճ կա` 1918-20 թվականների դեպքերի առնչությամբ։ Պիտի կարողանանք ստեղծել այնպիսի դատարան, որն այդ երկու քաղաքական ուժերի վստահությունը վայելի, որպեսզի երկկողմ ընդունեն իրենց սխալները։ Ասենք, ճի՞շտ էր, որ 1920-ի մայիսին կոմունիստներն ապստամբեցին, կամ ճի՞շտ էին դաշնակցականները, որ այն ճնշեցին: Կամ` 1921-ի փետրվարյան հեղաշրջումն օգո՞ւտ էր, թե՞ վնաս, կամ հայաստանյան այսօրվա հնչակների 2 թևերից ո՞րն է ճիշտ:
Հավելեմ, որ կլինեն նաև բարոյական «պատժատեսակների» անվանումներ, օրինակ, սխալ գործած կամ հարամություն արած ուժերին հնարավորություն ենք տալու ուղղվելու։ Հանրային մեղք գործած պաշտոնյայի համար կան պատժի մի քանի ձևեր` հանրային պատիժ, սերունդների պատիժ, կեղեքիչ ու թալանչի, չդաստիարակվող իշխանավորին հասարակական պարսավանքի, անարգանքի սյունին գամելու պատիժ։
-Վերևում նշեցիք Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի ու գործունեության մասին։ Քոչարյանին ինչպե՞ս պիտի «ուղղեք», կամ ի՞նչ պատիժ պիտի սահմանի «ժողովրդական տրիբունալը»։
-«Ժողովրդական տրիբունալի» առաջին հաճախորդներից մեկը հաստատ պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն, կգտնվի մի հասարակական գործիչ, որը կվերցնի ռուսական մամուլի տպագրած տեղեկությունն ու կներկայացնի տրիբունալին։ Նա էլ թող բարի լինի պատասխանի` հերքի կամ հաստատի այդ հրապարակումը։ Եթե շարունակեն զոռբայությամբ անտեսել, իրենց դնեն քարավանի տեղ, ժողովրդին էլ` հաչող շների, այդ դեպքում մեր կարծիքը ևս կարտահայտենք։ Մեկ, երկու, երեք անգամ օգուտ քիչ կլինի, ի վերջո, վիճակի մեջ պարզություն կմտցվի։ Մյուսներն էլ, այդ վիճակում չհայտնվելու համար, կզսպեն իրենց ախորժակը։ Եթե նրան վերագրվող չորս միլիարդից ընդամենը մեկ տոկոսը ճիշտ լինի, հարց կառաջանա` նա տասը տարվա մեջ 40 մլն դրամ աշխատավարձ չի ստացել, որտեղի՞ց 40 մլն դոլար կարողությունը։ Եթե նա ի չարս չի գործադրել պետության ու ժողովրդի վստահությունը, ո՞նց է մայրաքաղաքում ամեն օր մի սեփական խանութ բացում։ Արժե՞ր խանութ բացելու համար նախագահ դառնալ, ժողովրդի անեծքն ու նզովքն էլ վերցնել։ Կեղեքիչ ու թալանչի պաշտոնյաներին սեփական ժողովրդի կողմից դատապարտված տեսնելու հասարակական պատժամիջոց պիտի կիրառել։ Եթե ժողովրդին կեղեքել ես, կրակել ու սպանել, դու ոսոխից ինչո՞վ ես տարբերվում։ Եթե մարդկանց ունեզրկել ես ու մաշկել, բոլոր ոլորտները ցեղակիցներովդ մոնոպոլիզացրել ես, հնարավորություն չես տալիս մարդիկ շնչեն, բա այդ` ժողովրդի նզովքի պատժին էլ չարժանացնե՞նք: Ինչպես Սիլվա Կապուտիկյանն էր մահվանից առաջ գրած իր «Ապստամբություն» բանաստեղծությունում նզովում. «Ստորոտին հարմար ստոր տեսակին, որ ստով հասել էր կատարին...», ուր էլ լինի ժողովուրդը «տանը, դրսում, հեռաստանում, թե հանգչելիս գերեզմանում... դրանց դատաստանին ներկա է լինելու»:
-Փաստորեն, զբաղվելու եք արդար «դատաստանով»։ Դժվար չի՞ լինելու այս իրավիճակում նման համարձակության գնալը։
-Ճիշտ է, այսօր ամեն ինչի Աստվածը փողն է, բարոյականության նշույլներ չեն մնացել, բայց կան մարդիկ, ովքեր կստանձնեն նման աշխատանք։ Այդպիսի մարդիկ կան, ովքեր 40-50 տարվա փորձ ունեն, չեն վարկաբեկվել ու ոչ մի բիծ չկա նրանց վրա։ Ահա նրանց պիտի համախմբել։ Այսինքն` պիտի փորձեմ այստեղ հավաքել «ազգի խիղճը»։ Ղրղզական ճանապարհը մեզ համար չէ, բայց այս անիրավներն ամեն ինչ անում են, որ հայ ժողովրդի նման հեզ, միմիայն աշխատանք խնդրող ժողովրդին դարձնեն կատաղի քոչվորներ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ