Դեռ Վիկտոր Հյուգոն է ասել. «Հեղափոխություններն աղքատությունից են ծնվում, բայց հենց դրանք էլ ավելի մեծ աղքատության են հասցնում»։
Ահա և Ղրղզստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ «ժողովրդական բողոքներ» սկսելը մի խնդիր է, իսկ «ժողովրդական խռովությունն» ավարտելը շատ ավելի բարդ է։ Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ տագնապալի լուրեր են ստացվում` մերթ հանրապետության հարավից, մերթ Բիշքեկի արվարձաններից։ Հիմա ամեն օրն այստեղ, ասես, գոյատևման թեստ լինի շարքային մարդկանց, ղեկավարների, պետության համար։ Ի դեպ, Ղրղզստանն ինքը ավելի ու ավելի շատ է «ուսումնական ձեռնարկ» դառնում «ժողովրդական ահավոր ու անխնա խռովության» երկրպագուների համար։ Եվ, ինչպես թվում է, այս առումով այդ փորձը խիստ հետաքրքրական և ուսանելի է։ Ամեն անգամ, երբ իշխանությունը թուլանում է, այստեղ ասպարեզ է դուրս գալիս քար ու փայտով, իսկ հետո նաև ավտոմատով զինված մարդը, որը պատրաստ է «սոցիալական արդարությունը» տնօրինել իր սեփական շահերի օգտին։ Այսպես էր 1989-ին, երբ Ղրղզստանում հողազուրկ գյուղացիների ամբոխները սկսեցին յուրացնել մայրաքաղաքի շրջակա հողամասերը, և ամեն ինչ արյան գետերով ավարտվեց երկրի հարավում։ 2005-ին «կակաչների հեղափոխությունից» հետո ղրղզական իրականության մեջ «ինքնազավթիչ» տերմինն ամուր մտավ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների բառապաշար։ Այսօր նորից Բիշքեկը «հողազավթիչների» գրոհներին է ենթարկվում, ընդ որում, նախկինից ավելի մեծ ինտենսիվությամբ ու կատաղությամբ։ Երկուշաբթի օրը մայրաքաղաքի շրջակա գյուղերում մի քանի հարյուր թալանչիներ, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, հարձակվել են մասնավոր տների վրա, առևանգել մեքենաներ ու ծեծել խաղաղ բնակիչների։ Հարձակման է ենթարկվել տարածաշրջանի խոշորագույն ապրանքաշուկան, ինչպես նաև անասնաշուկան։ Ղրղզստանի իշխանությունները մեծ դժվարությամբ են կարողացել վերադարձնել մայրաքաղաքի վերահսկողությունը։ Անգամ որոշում էր ընդունվել ուղիղ նշանառությամբ կրակել թալանչիների վրա։
Սակայն ասել, թե այդ միջոցառումները բավարար են, բացահայտորեն վաղաժամ է, և մարդիկ ստիպված են սոսկ ամեն օր լսել ծեծված ու լավատեսական արտահայտություններ, թե իրավիճակը լիովին «վերահսկվում է», կամ լսել հոգևորականների ու աքսակալների խորհուրդները, թե «ուրիշի սեփականությունը մի գողացեք, այլ վաստակեք»։ Ընդ որում, տարօրինակ է, որ, ինչպես վկայում են լրատվամիջոցները, ոչ մի սադրիչի և անկարգությունների մասնակցի ոչ ոք բռնելու փորձ անգամ չի արել։
Եվ այստեղ ուշադրություն դարձնենք «երկար դանակների գիշերներ»-ի ղրղզական տարբերակի առանձնահատկությունների վրա։ Նախ, հարձակման են ենթարկվում միայն ռուսները և մեսխեթցի թուրքերը (ասում են, թե նրանց տների պատերին կանխավ նշաններ են արված եղել), և երկրորդ, շատ հետաքրքիր ու հատկանշական է, որ այդ ոհմակները միավորված են եղել ոչ միայն ընդհանուր նպատակով, այլև իրենց գործողությունների արդարության զգացողությամբ։ Պատահական չէ, որ աշխարհազորայիններից բաղկացած դրուժինաների անդամները զարմանում էին. «Նրանք անգամ չէին գիտակցում, որ լուրջ հանցանք են գործում»։ Այսինքն, այստեղ բավականին պարզունակ և անգամ նախնադարյան վիճակով մենք տեսնում ենք ամեն մի հեղափոխության գլխավոր աքսիոմը` իշխանության բաժանումից հետո նկատվում է սեփականության նոր բաժանում։ Եվ այն, որ Ղրղզստանի ներկա ղեկավար Ռոզա Օթունբաևան, շատերի կարծիքով, «չարչիական շահեր չի հետապնդում», ամենևին չի փոխում իրավիճակը, բոլոր այն խոսակցությունները, թե ժողովուրդը պետք է «գոլորշին բաց թողնի», ոչ այլ ինչ են, եթե ոչ խեղաթյուրում, հեղափոխության սկիզբ դրած գործընթացի ավազակային և անկանխատեսելի տրամաբանության ծխածածկույթ։
Կարևոր է նշել նաև հետևյալ հանգամանքը։ Ոչ մի զարմանալի բան չկա այն բանում, որ ժամանակավոր կառավարությունը, ինքնին ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած, չի կարող իրադրությունը հսկողության տակ առնել։ Կարելի է զսպել քրեական խմբավորումներին, վերջ դնել կողոպուտին, խփել ուրիշի ունեցվածքը խլողների ձեռքին, բայց երկու անգամ օրինական իշխանության տապալում և սեփականության հետագա բաշխում տեսած քաղաքացիներին ինչպե՞ս ստիպես հարգել օրենքները, պետական ու մասնավոր սեփականության իրավունքը։ Իսկ այդ դեպքում ամենաթողության վիճակը կարող է նորից ու նորից կրկնվել։ Չէ՞ որ նույնիսկ հենց «ժողովրդական» իշխանության օրոք աղքատների պրոբլեմներն արագորեն չեն լուծվում, իսկ իշխանության նկատմամբ վստահության ավանսը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ղրղզների մոտ շատ արագ է սպառվում։ Այդ այսօր է ընդդիմությունը կրում «բռնակալ Բակիևին» հաղթողի «դափնեպսակը»։ Ի՞նչ է լինելու վաղը, երբ գերակշռի սոցիալական չլուծված խնդիրների բեռը։ Արդեն խոսվում է այն մասին, որ իշխանությունները հարկադրված կլինեն վերադառնալու գների բարձրացման բակիևյան սխեմային, ինչն էլ, ըստ էության, հանգեցրել էր խռովության...
Բացի այդ, այս պայմաններում սրվել էր ազգամիջյան լարվածությունը Ֆերգանայի բազմազգ հովտում։ ՈՒզբեկները, որոնք բնակչության մոտ կեսն են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Օշը և Ջալալաբադը, ենթարկվում են տեղաբնիկների ճնշումներին։ Դա, իր հերթին, բացում է դռները լավ կազմակերպված ու զինված իսլամիստների առջև, որոնք կան երկրի հարավում և հարևան ՈՒզբեկստանում։ Այդ խմբերը հավատարիմ կողմնակիցներ ունեն նաև անհանգիստ Ֆերգանայի հովտի մյուս երկրներում, որտեղ նախկինում քիչ խռովություններ չեն եղել։ (Հովիտը տարածաշրջանի խորհրդայնացման ժամանակ բասմաչյան շարժման վերջին պատվարն էր, որը դիմացավ մինչև անցած դարի 30-ական թվականները)։ Չպետք է մոռանալ նաև այն, որ իրավիճակին, հավանաբար, ուշադրությամբ հետևում են «գետակի մյուս ափից»` Աֆղանստանի թալիբները։ Շատ հավանական է, որ հենց այս ամենի պատճառով էր խիստ անհանգստացած ՈՒզբեկստանի նախագահը շտապել Մոսկվա։ Չէ որ չպետք է մոռանալ, որ 2005-ին Ղրղզստանում տեղի ունեցած ապստամբությունը դարձավ ուզբեկական Անդիջանի իրադարձությունների «նախադեպը» (հիշեցնենք, այն ժամանակ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց)։
Այնուհետև, երկրում խտանում է վարչական մարմինների փլուզումը, իսկ իրավապահ կառուցվածքները զբաղված են ներքին գզվռտոցով։ Ինչպես ասվում է, ՆԳՆ նոր նախարարն իր մաշկի վրա է զգացել «ժողովրդավարության» հմայքը։ Երկրում միլիցիոներների խռովության ալիք է բարձրացել, որոնք չեն կարողանում ներել, որ այսօրվա գլխավոր «կարգի պահապանը» ինքն էր «հեղափոխության արշալույսին» ցույցերը գլխավորում, որոնք հակահարված էին տալիս միլիցիայի հատուկ նշանակության ուժերին, և որը մասնակցել է ՆԳՆ նախկին նախարարի ծեծուջարդին։ Կադրային խառնաշփոթը շարունակվում է նաև մյուս կառույցներում` որոշ շրջաններում ղեկավարությունը փոխվում է օրական 3-4 անգամ, ընդ որում, ամեն մեկը ձգտում է «քարշ տալ յուրայինին»։ Նույն բանը տեղի է ունենում նաև նախարարություններում։ Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել Ղրղզստանի ևս մեկ առանձնահատկության վրա։ Բացի այն, որ և՛ տնտեսապես, և՛ մտածելակերպով բաժանված է «առաջադեմ հյուսիսի» և «հետամնաց հարավի», ղրղզական հասարակության ներքին կմախքը «ցեղատոհմատիրական կարգերն» է։ Այստեղ, վերջին հաշվով, կարևորագույն որոշումներն ընդունում է ոչ թե պաշտոնական իշխանությունը, այլ տոհմերի ու ցեղերի կուրուլթայները։ ՈՒստի հաջորդ կռվախնձորը և արդեն նոր իշխանության ներսում պայքարի պատճառ կդառնան գործողությունների համատեղ ծրագրի մշակումը և երկրում կառավարման հետագա ձևի տարբեր ընկալումները։ Իրենց առավել վստահ զգացող կլանների մի մասը գայթակղություն ունի առավելագույնս ամրանալու իշխանության մեջ և ամեն ինչ թողնելու այնպես, ինչպես կա։ Մյուսներն արդեն բարձրաձայն արտահայտվել են Ղրղզստանում խորհրդարանական հանրապետության անցնելու մասին։ Իրադարձությունների զարգացման այդ երկու տարբերակների` խորհրդարանական հանրապետության տեսքով հերթական «ընտանեկան օլիգարխիայի» կամ «կլանային ժողովրդավարության» միջև պայքարին էլ հենց մենք ականատես կլինենք մոտ ժամանակներս։ Եվ ժամանակավոր կառավարության ոչ մի դեկրետ, ինչպես երևում է, առայժմ իրավիճակը չի փոխում և չի կարող փոխել։
Մինչդեռ սկսել են ձայներ լսվել ի պաշտպանություն նախագահ Բակիևի վերադարձի։ Հանրապետության հարավում շարունակվում են նախկին նախագահի կողմնակիցների հանրահավաքները, նրանք, փաստորեն, առանց որևէ դժվարության զավթում են մերթ տեղի հեռուստաընկերության շենքը, մերթ մարզային վարչակազմինը։ Ջալալաբադ քաղաքի կենտրոնական հրապարակում յուրտեր են տեղադրվել, փակցվել են պաստառներ ի պաշտպանություն Բակիևի։ Ասում են, որ նրա հազարավոր կողմնակիցներ շուտով ոտքի են ելնելու ընդդեմ Բիշքեկի ժամանակավոր կառավարության։ Կրակի վրա յուղ է լցնում նաև տապալված նախագահը, որը, գտնվելով բելառուսական պետության և անձամբ նախագահ Լուկաշենկոյի պաշտպանության ներքո, հայտարարել է. «Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ստիպել ինձ հրաժարվելու նախագահությունից։ Ղրղզստանը ոչ ոքի գաղութը չի դառնա։ Նա կշարունակի ժողովրդավարական պետության կառուցումը»։
Այնպես որ, ինչպես երևում է, առայժմ ժամանակավոր կառավարությունն այնքան էլ ամուր չի կանգնած իշխանության ղեկի մոտ, չնայած հռետորական հայտարարություններին, արտասահմանյան այցերին ու օգնության խոստումներին (հատկանշական է, որ Պուտինի ավելի վաղ խոստացած գումարը զգալիորեն նվազեցվել է)։ Այս բոլոր հանգամանքները, որպես հետևանք, ոչ միայն մտահոգություն, այլև զգուշավորություն են առաջացնում աշխարհում։ Այժմ արդեն ամենևին էլ կարևոր չէ, թե ով է նետել քարը` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը։ Իրավիճակը բացահայտորեն դուրս է գալիս ցանկացած, եթե այդպիսին կա, արտաքին հովանավորի վերահսկողությունից։ Այսպես, Ռուսաստանի արտգործնախարարությունն օրական մի քանի անգամ փոխում էր դիրքորոշումը. մեկ խոսում էր «ռուսների ջարդերի» մասին, մեկ, որ տեղի ունեցածի մեջ հակառուսական ուղղվածություն չի տեսնում։ Մեդվեդևը Ռուսաստանի պաշտպանության նախարարին հանձնարարում է «միջոցներ ձեռնարկել» Ռուսաստանի քաղաքացիներին և ռուսական սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ, հետո պարզվում է, որ դա վերաբերում է դեսպանատանն ու բազային և ոչ թե ստվարաթիվ ռուսներին, այդ թվում նաև` Ռուսաստանի քաղաքացիներին։ (Վրաստանի հետ պատերազմից հետո Ռուսաստանը փոխեց իր օրենսդրությունը։ Հիմա իրավունք ունի զինված ուժերն օգտագործելու երկրի սահմաններից դուրս ապրող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար)։ Այնուհետև Մեդվեդևը հանդես եկավ ծրագրային հայտարարությամբ և նախազգուշացրեց, որ Մոսկվան Ղրղզստանի նոր ղեկավարության հետ լիարժեք համագործակցություն կհաստատի միայն այնտեղ ընտրությունների անցկացման և իշխանության օրինական կառույցների ստեղծման դեպքում։ «Ներկայումս պետությունը կործանված է, այն գոյություն չունի։ Ըստ էության, հիմա անհրաժեշտ է վերածնել պետությունը»,- հայտարարեց նա, հասկացնելով, որ Մոսկվայի ու Ղրղզստանի նոր իշխանությունների «մեղրամիսն» արդեն ավարտված է։ Նույն կերպ է արձագանքում նաև Վաշինգտոնը։ Թեև այնտեղ հայտարարում են, թե «մարդիկ, ովքեր, ըստ էության, կառավարում են Ղրղզստանը, նրանք են, ում հետ մենք շփումներ ունենք արդեն երկար տարիներ», և «դա հակաամերիկյան հեղաշրջում չէ»։ Սպիտակ տունը կոնկրետ օգնության չի շտապում և անհանգստանում է միայն իր բազայի համար։ «Ղրղզական շեղումից» երկու երկրների համար առայժմ միակ դրական բանն այն է, ինչ ձևակերպել է Օբամայի` ռուսաստանյան գործերի գծով խորհրդական Մայքլ Մաքֆաուլը. «Ղրղզստանի հարցում համագործակցությունն ամերիկա-ռուսական հարաբերությունների բարելավման մի նոր նշան է»։
Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու։ Առայժմ դժվար է ասել։ Սակայն չի կարելի բացառել, որ իշխանության զավթման «ազգային ուրախ խաղը» Ղրղզստանում սովորական բան կդառնա։ Չէ որ արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, որ այնտեղ տեղի ունեցածն անգամ պետական հեղաշրջում անվանել հնարավոր չէ։ Այն, ինչ տեղի է ունենում, ղրղզական պետականության կործանում է, երկրի քաղաքակրթական վերջը։ (Ընդ որում, արդեն կարևոր չէ նրա եվրոպական կամ արևելյան տարբերակը)։ Չինգիզ Այթմատովի հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի ու ավելի են միջնադարյան հավերժական մղձավանջ հիշեցնում։ Իսկ դրա վերջն առայժմ չի երևում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ