ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Երկարատև լռությունից հետո «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ մեկնաբանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա բանակցային գործընթացի վերաբերյալ, անշուշտ, պատահականություն չէին և միանգամայն տեղավորվում էին Հայաստանի իշխանության համար կարևոր նշանակություն ունեցող արտաքին և ներքին օրակարգային խնդիրների շրջանակում։
Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի արտահայտած դիրքորոշումներն անմիջականորեն հրահրված լինեն իշխանական ճամբարից։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Բաբայանն իբրև արցախյան ազատամարտում որոշակի ներդրում ունեցող գործիչ, չէր կարող անտարբեր մնալ բանակցային գործընթացի ներկա փուլի նկատմամբ, երբ մեծ հավանականություն կա, որ արտաքին ճնշումների ազդեցությունը Հայաստանի և Ղարաբաղի համար կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների։ Եվ, այնուհանդերձ, «Դաշինք» կուսակցության առաջնորդի հրապարակած տեսակետներն ու մոտեցումները խիստ համահունչ են իշխանությունների առջև կանգնած մարտահրավերներին և միաժամանակ գրեթե մեկին մեկ համապատասխանում են ղարաբաղյան հարցում դաշնակցության կողմից հրապարակված ներկա դիրքորոշմանը։
Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում արտաքին ճնշումներին դիմագրավելու համար իշխանությունն ունի ազգայնական կողմնորոշում ունեցող և միաժամանակ կառուցողական ընդդիմության կարիք, գոնե այնքանով, որքանով որևէ ընդդիմություն կարող է կառուցողական լինել։ Ակնհայտ է, որ կառավարող կոալիցիայից դուրս գալուց ի վեր այդ գործառույթը, թեկուզ մասամբ, իր վրա վերցնող միակ ուժը եղել է ՀՅԴ-ն։ Սակայն դաշնակցությանը չհաջողվեց անցած ժամանակահատվածում իր շուրջը միավորել համարժեք կողմնորոշում ունեցող այլ քաղաքական ուժերի ու ստեղծել այնպիսի ընդդիմադիր բևեռ, որն իշխանությունների վրա ներքին ճնշում ապահովելով, վերջիններիս համար մանևրի դաշտ կբացեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Առիթ ունեցել ենք նշելու, որ իշխանությանն արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը վերոնշյալ գործառույթը ստանձնելու որևէ նպատակ չունեն։ Ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առանցքը կազմող ՀՀՇ-ի ներկայացուցիչները հատկապես չեն թաքցնում, որ այս փուլում ընդդիմության քաղաքական պասիվությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան ամառային սեզոնով։ Հղումները, թե արմատական ընդդիմության ներկա պասիվությունը պայմանավորված է ներկա իշխանություններին բանակցային գործընթացում չխանգարելու գովելի դիտավորությամբ, իրականում հանգեցնում են այն պարզ տրամաբանական եզրակացության, որ արմատական ընդդիմությունը պարզապես մի կողմ քաշվելով` մեն-մենակ է թողնում իշխանությանն արտաքին ճնշման դեմ հանդիման։ Այն հույսով, որ վերջինս հարկադրված կստորագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների տակ, ինչը, ի վերջո, կնշանակի սեփական դատավճռի ստորագրում, քանզի ներքին լուրջ դժգոհության և ներքևից իշխանափոխության համար բավականին լուրջ հիմքեր կստեղծվեն։
Իշխանություններն իրենց հերթին, լավ հասկանալով արմատական ընդդիմության մարտավարության այդ առանձնահատկությունը, փաստորեն անում են հնարավորը` ազգայնական ընդդիմության դեֆիցիտը լրացնելու և արտաքին դաշտում իրենց համար մանևրի նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Անշուշտ, Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունները միանշանակ և ամբողջությամբ վերագրելի են նաև նրա ղեկավարած կուսակցությանը։
Իսկ դա նշանակում է, որ դաշնակցության կողքին այս դաշտում երևան է գալիս ևս մեկ ուժ, որի առաջնորդը, իբրև ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նաև որոշակի հեղինակություն ունի ազատամարտի վետերանների շրջանում։ Չի բացառվում, որ այսպիսով փորձ է արվում ակտիվացնել նաև երկրապահական շրջանակներին, քանզի ԵԿՄ-ն իբրև կառույց իրականում ոչ մի գործուն աջակցություն չցուցաբերեց իշխանությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի այս ծանր փուլում, չնայած հենց իշխանության «դաբրոյով» Մանվել Գրիգորյանն առայսօր շարունակում է ղեկավարել այդ կազմակերպությունը։ Ընդ որում, Սամվել Բաբայանի ազդեցությունը ԵԿՄ-ի որոշ շրջանակների վրա իր դրսևորումը կարող է ունենալ այդ կազմակերպության նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի միջոցով, որը, չնայած բավական վաղուց է հեռացել ԵԿՄ-ից, սակայն որոշակի հեղինակություն, անկասկած, ունի։ Այսպիսով, իշխանությունը փորձում է ձևավորել ընդդիմադիր ուժերի այնպիսի բևեռ, որն իր դիրքորոշմամբ և գործողություններով արտաքին ճնշման պայմաններում պետք է ապահովի ներքին ճնշում և դրանով իսկ հնարավորություն տա իշխանությանը` ընդդիմության գործոնի վրա հենվելով մերժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները պարունակող փաթեթը կամ առնվազն էապես սրբագրել դրանց բովանդակությունը։
Սակայն խնդիրը, անշուշտ, միայն այսքանով չի սահմանափակվում։ Եթե սկզբում գոնե միայն Ղարաբաղի հարցի շուրջ գոյանա ՀՅԴ-«Դաշինք» համագործակցություն, դա արդեն իսկ հիմք կդնի ներքին դաշտում նոր ընդդիմադիր ձևաչափի։ Իսկ այդ ձևաչափը կարող է և դրսևորել զարգանալու որոշակի ներուժ։ Յուրաքանչյուր գործընթաց ձնագնդի պես մեծանալու հատկություն ունի, եթե դրա համար կան համապատասխան նախադրյալներ։ ՀՅԴ-«Դաշինք» համագործակցությունը կարող է վերածվել ընդդիմադիր դաշտում մեկ այլ բևեռի և իբրև ձգողության կենտրոն աստիճանաբար իր շուրջը հավաքել համանման մոտեցումներ դավանող այլ, միգուցե ոչ այնքան ազդեցիկ կազմակերպությունների։ Եվ այս պարագայում հարկ է նկատել, որ քանակը երբեմն նաև որոշակի որակ է տալիս, ինչը եղավ նույն ՀԱԿ-ի դեպքում։ Հանուն արդարության արձանագրենք, որ ՀԱԿ-ի կազմում համախմբված մոտ երկու տասնյակ կուսակցություններից ոչ մեկն առանձին չունի հասարակական վստահության այն լիմիտը, որն առկա է ընդհանուր դաշինքի պարագայում։ Հետևաբար, ոչ ոք չի կարող պնդել, որ նույնը չի կրկնվի ՀՅԴ-«Դաշինք» հնարավոր համագործակցության շուրջ քաղաքական ուժերի նոր համախմբման ձևով։
Դրանով իշխանությունը կլուծի դարձյալ երկու խնդիր։ Նախ` արտաքին դաշտում ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այլևս չեն ընկալվի որպես միակ ընդդիմություն։ Անշուշտ, նրանք կմնան ընդհանուր ընդդիմադիր դաշտի մի կարևոր, գուցե և որոշիչ բաղադրիչներից մեկը, բայց արդեն ոչ միակը, ինչպես էր գործնականում գրեթե մեկ տարի` նախագահական ընտրություններից հետո։ Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ քաղաքական կազմակերպությունների դիրքորոշումների ճշգրտման այս փուլն իշխանության համար բավական լավ առիթ է ՀԱԿ-ի ազդեցությունը թուլացնելու համար։ Այն առումով, որ արմատական ընդդիմադիր կոնգրեսը մինչև օրս էլ չի կարողանում մինչև վերջ հստակ պատասխանել ինչպես հանրությանը, այնպես էլ նույնիսկ իր համակիր շրջանակներին, թե արդյոք իր ընդհանրության մեջ կո՞ղմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները պարունակող փաթեթին, թե՞ դեմ։ Սկզբունքորեն այդպիսի հստակ դիրքորոշման բացակայությունն ինքնին խոսում է այն մասին, որ բուն կոնգրեսի ներսում, թերևս, չունեն այդ հարցի պատասխանը, որովհետև այնտեղ ընդգրկված են հակաիշխանական իրենց դիրքորոշմամբ, միգուցե միասնական, սակայն արտաքին նախապատվություններում իրարից խիստ տարբեր քաղաքական ուժեր։ Ինչը իր հերթին, չի բացառում, որ ինչ-որ պահի Ղարաբաղի հարցը կդառնա «կոնգրեսյան գարշապարը», և հատկապես ներկա բանակցային գործընթացի գնահատականների շուրջ ունեցած տարաձայնությունները կարող են հանգեցնել տարբեր ուժերի դուրս գալուն այդ դաշինքից։ Իսկ դուրս գալը միշտ էլ ավելի հեշտ է, երբ կա այլընտրանք, մեկ այլ ընդդիմադիր ուժ կամ բևեռ, որի հետ համախմբվելով` քաղաքական ուժը կարող է ձեռք բերել գործունեության նոր հեռանկար կամ առնվազն, քաղաքական առումով, մնալ «ջրի երեսին»` չվարկաբեկելով ինքն իրեն իշխանության հետ համագործակցությամբ։
Բոլորովին չի բացառվում, որ իշխանական կուլիսներում հաշվարկել են նաև այս հնարավոր սցենարը։ Միայն թե այն գործնականում իրականություն դարձնելու համար դեռ անհրաժեշտ է, որ, թեկուզ պայմանականորեն, ազգայնականների ընդդիմադիր բևեռը ձևավորվի։ Իսկ Հայաստանի պայմաններում դա, որպես կանոն, բարդ խնդիր է, որովհետև գրեթե միշտ առաջ է գալիս առաջնայնության հարցը։ Անկասկած է, որ դաշնակցությունն իրեն տեսնելու է նոր հնարավոր ընդդիմադիր բևեռի առանցքում, և ոչ առանց հիմքի, քանզի կառույցներ և գործուն շարքեր ունեցող միակ կազմակերպությունն է այդ դաշտում։ Բայց ակնհայտ է նաև, որ Սամվել Բաբայանի անձնական հավակնություններն ու խառնվածքը հազիվ թե թույլ տան, որ վերջինս համաձայնի ինքն իրեն դնել դաշնակցության բյուրոյի ենթակայության ներքո։ Եվ սա միգուցե ամենաանլուծելի խնդիրն է, որին կարող է բախվել ազգայնական ընդդիմության գոյության մեջ այնքան մեծ անհրաժեշտություն ունեցող իշխանությունը։ Հայաստանում ամեն ինչ արվում է հայավարի։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ