Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Արտահերթ ընտրությունների ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական հիմքեր ես չեմ տեսնում»

«Արտահերթ ընտրությունների ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական հիմքեր ես չեմ տեսնում»
15.07.2008 | 00:00

Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ փորձեցինք զրուցել ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ: Վերջինս, սակայն, մեզ տեղեկացրեց, թե ՕԵԿ-ը լրագրողների հետ շփումների նոր ոճ է ընտրել՝ էլեկտրոնային փոստը: Ի՞նչ արած, մեր հարցերն ուղարկեցինք տրված հասցեով և, բնական է, ընթերցողին ենք ներկայացնում կուսական տեսքով, առանց էական միջամտությունների։
-Չե՞ք կարծում, որ ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո, երբ ՕԵԿ-ը փորձում էր անցնել ընդդիմության դաշտ, այն ավելի բաց էր, ավելի մատչելի:
-Այն, որ Արթուր Բաղդասարյանն Ազգային Ժողովի նախագահի պաշտոնավարման տարիներին աշխատել է հրապարակային դաշտում, աշխատել է բաց և թափանցիկ, մշտապես շփվել է ժողովրդի հետ, փաստ է, որի մասին բոլորը գիտեն: Ավելին, այդ տարիներին` ի դեմս Արթուր Բաղդասարյանի, վարվում էր բաց քաղաքականություն, և կատարվում էր շարունակական ընդունելություն սոցիալական տարբեր շերտերի` հաշմանդամների, թոշակառուների, մանկավարժների, գիտնականների, բժիշկների, փոքր և միջին ձեռնարկատերերի, գործարարների և այլոց հետ: «Օրինաց երկիրը» և նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեջ աշխատել են բաց և թափանցիկ:
-Ընտրություններից հետո, երբ Արթուր Բաղդասարյանը դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար, և ՕԵԿ-ը նախարարական պորտֆելներ ստացավ, Ձեր դիրքորոշումներում շրջադարձային փոփոխություններ կատարվեցին ՕԵԿ-հանրություն, ՕԵԿ-ԶԼՄ-ներ հարթություններում: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- «Օրինաց երկիրը» և Արթուր Բաղդասարյանն անկախ նրանից՝ իշխանության մեջ են եղել, թե ընդդիմության, միշտ գործնականում տեր են կանգնել իրենց որդեգրած սկզբունքներին և առաջնորդվել են «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսով: Այնպես որ «Օրինաց երկիրը» թե՛ այսօր, թե՛ ապագայում տեր է լինելու իր սկզբունքներին, որոնք անփոփոխ են:
-Նոր ձևավորված իշխանության որդեգրած քաղաքականությունը գոհացնո՞ւմ է ՕԵԿ-ին, և արդյոք բոլո՞ր քայլերի հետ եք համաձայն:
-Ներկայումս իշխանության որդեգրած քաղաքականության հիմքում ընկած են քաղաքական կոալիցիայի հուշագրում ամրագրված ծրագրային դրույթները, ավելին՝ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերի շուրջ 80%-ը ներառված է կառավարության ծրագրում որպես քաղաքական առաջնահերթություններ, ինչը ենթադրում է արմատական փոփոխություններ տարբեր ոլորտներում: Այն, որ համարձակ բարեփոխումների գործընթացն իրականում սկսված է, ակնհայտ է: Կարծում եմ` ժամանակ առ ժամանակ մենք հնարավորություն կունենանք անդրադառնալու և արձանագրելու այն դրական փոփոխությունները, որոնք տեղի կունենան մեր կյանքում: Կառավարության գործունեության մեջ կան քայլեր, որոնք մեզ չեն գոհացնում, բայց քանի որ դեռ կառավարության հարյուր օրն էլ չի լրացել, մենք առայժմ կսպասենք այդ լուծումներին, բայց որ երկրում սկսել են իրականացվել հավակնոտ ծրագրեր, և նոր մոտեցումների սկիզբ է դրված, նույնպես ակնհայտ է:
-Չնայած իշխանության ձեռնարկած որոշ բարեփոխումներին, ներքաղաքական լարվածությունը չի նվազում, ավելին, ընդդիմությունը` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, վճռական քայլերի է դիմում: Ձեր դիտարկմամբ` ո՞րն է խնդիրը:
-Անզեն աչքով տեսանելի է, որ սկիզբ առած բարեփոխումները սկսել են իրենց դրական ազդեցությունը գործել ներքաղաքական անցուդարձի վրա, ինչի արդյունքում աստիճանաբար լարվածությունը թուլանում է: Բնականաբար, կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ միանգամից բարեփոխել քաղաքական իրավիճակը: Նպատակահարմար չեմ համարում ԼՏՊ-ի քայլերին գնահատական տալ, իսկ թե նրա կողմից ձեռնարկված քայլերը որքանով են «վճռական», գնահատականը կտան ժամանակը և ժողովուրդը:
-Ներքաղաքական ճգնաժամին էլ եթե հավելենք արտաքին մարտահրավերները, ապա, մեղմ ասած, Հայաստանը նախանձելի իրավիճակում չէ: Ձեր կարծիքով` ո՞րն է իրական և իրատեսական ելքը:
- Այն, որ ներքաղաքական ճգնաժամ չկա, և որ ցանկացած ժողովրդավարական երկրում ներքաղաքական հակասությունները բացառապես լուծվում են երկխոսության և հանդուրժողականության միջոցով, փաստ է: Ես լավատես եմ և հավատում եմ, որ հանուն երկրի առաջընթացի և բնականոն զարգացման, մեր քաղաքական ուժերը նույնպես կգնան երկխոսության և հանդուրժողականության ճանապարհով: Վստահ եմ, որ իրականում սա կլինի այն իրատեսական ելքը, որը կնպաստի ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը:
-Ընդդիմությունը ելքը տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացման մեջ: Որքանո՞վ է այն հնարավոր:
- Արտահերթ ընտրությունների ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական հիմքեր ես չեմ տեսնում:
-Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին մինչև օգոստոսի 1-ը, այսպես ասած, ժամանակ տվեց` կտրուկ փոփոխություններ պահանջելով, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազատում։ Նաև նշեց. «Եթե ելակետը երկրի և ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սերժ Սարգսյանը պարտավոր է ազատվել քոչարյանական ավազակապետությունից»: Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ կտրել Քոչարյանի հետ ունեցած «պորտալարը»:
- Բազմիցս ենք ականատես եղել ԼՏՊ-ի ճոռոմ և՛ վերջնագրերին, և՛ դրսևորումներին, իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա դա մեր երկրում իրականացվող բարեփոխումների բաղկացուցիչ մասն է, և արդեն իսկ տեսնում ենք, որ մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ես կարծում եմ, որ այս կերպ պետք է շարունակել, քանի որ ժողովուրդը մեզանից պահանջում է վերջ դնել կամայականություններին և ամենաթողություններին, վճռական պայքար մղել օրենքի իշխանության համար: Այս խնդիրները մենք քննարկել ենք նաև Սերժ Սարգսյանի հետ և նրա կողմից նկատում ենք գործնական քայլեր այս ուղղությամբ, ինչին մենք աջակցելու ենք:
Զրույցը վարեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5758

Մեկնաբանություններ