Սփյուռքում և Հայաստանում ռամկավարական շարժման ներկա վիճակի ու հեռանկարների, հայ-թուրքական արձանագրությունների, հայրենիքի և սփյուռքահայ համայնքների միջև հետագա հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հայտնի ռամկավար գործիչ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ։
«ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ, ԿԶԲԱՂՎԵՆՔ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ, ԻՍԿ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԳԱ»
-Պարոն Ավետիքյան, օրերս տեղի ունեցավ Արմենական-ՌԱԿ կուսակցության հիմնադիր ժողովը։ Փաստորեն, Հայաստանում, ՀՌԱԿ-ից բացի, ստեղծվեց ևս մեկ ռամկավար կուսակցություն։ Ինչպե՞ս են դասավորվելու հետագա հարաբերությունները երկու ուժերի միջև, և ո՞ւմ թիկունքում է կանգնած սփյուռքի ռամկավար-ազատական կուսակցությունը։
-Նախ, ճշտենք, որ Արմենական-ՌԱԿ-ի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել ավելի վաղուց, կուսակցությունը, համապատասխան օրենքի, գրանցվել է Հայաստանի արդարադատության նախարարությունում։ Մի քանի օր առաջ Արմենական-ՌԱԿ-ի նախաձեռնությամբ և սփյուռքի ՌԱԿ-ի շրջանակների մասնակցությամբ անցկացվեց միավորիչ համաժողով։ Միջոցառմանը մասնակցեց սփյուռքի ՌԱԿ-ի կառույցների ծանրակշիռ մասը՝ ԱՄՆ-ի, Կանադայի, եվրոպական երկրների, Միջին Արևելքի, Բեյրութի շրջանակները։ Համաժողովի նպատակն էր վերջ դնել սփյուռքում ու Հայաստանում ռամկավարական շարժման մեջ ստեղծված անբարենպաստ կացությանն ու մի աստիճան վեր բարձրացնել կուսակցությունը ներքին տարակարծություններից ու պառակտումներից։ Կարծում եմ, հաջողվեց գտնել շատ հետաքրքրական մի բանաձև, որից ելնելով էլ հիմնադրվեց ՌԱԿ-ի համաշխարհային խորհուրդը։ Այդ նոր կառույցի անդամ կարող են դառնալ այն անհատները, ովքեր համամիտ են ռամկավարական շարժման գաղափարներին, միաժամանակ նախատեսվում է կորպորատիվ անդամություն, որն առհասարակ նորություն է հայկական քաղաքական մշակույթում։
-Այսինքն՝ անհատներից բացի, կարող են ընդգրկվել նաև ամբողջակա՞ն կառույցներ։
-Այո՛։ Նախկինում ռամկավար-ազատական կուսակցությունը բրգաձև կառուցվածք ուներ։ Այսինքն՝ ընտրվում էր կենտրոնական վարչություն, որի կազմած ու իջեցրած հրահանգներով էլ կառավարվում էին տեղական կառույցները։ Սա ընդհանրապես սխալ մոտեցում է ռամկավար կուսակցության պարագայում, վերջին 20 տարիներն էլ ապացուցեցին, որ տեղական կառույցները որոշակի պայմաններում աշխատում էին իրենց սեփական դիրքորոշումներից ելնելով ու անտեսում էին կենտրոնական վարչության որոշումները։ ՈՒստի մենք որոշեցինք ընտրել եվրոպական կուսակցությունների մոդելներից մեկը, երբ կուսակցական կառույցները գործում են ոչ թե հրահանգների ու որոշումների հիմքի վրա, այլ կամավոր փոխհամաձայնությամբ։ Այսինքն՝ տեղական կառույցներն իրենք են որոշում, թե կենտրոնական մարմնի առաջարկած որ նախագծին են աջակցելու կամ աշխատելու են այն կյանքի կոչել։ Համակարգող մարմինն իր հերթին հաշվի է առնում տեղական կառույցների ցանկություններն ու առաջարկությունները և, դրանից ելնելով, կառուցում կուսակցության քաղաքականությունը։
-Որքանո՞վ է տրամաբանական այդպիսի գերազատականացումը։
-Փորձը ցույց է տալիս, որ դա ճիշտ ճանապարհ է։ Մեր ժամանակներում մարդկանց մեծամասնությունը բավականաչափ զարգացած է, շատերը հարուստ են և չեն ուզում որևէ մեկից կախման մեջ լինել, որևէ մեկի կարգադրությունը կատարել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ, հատկապես, սփյուռքում բավական բարդ խնդիր է դարձել երիտասարդներին ավանդական կուսակցությունների մեջ ներգրավելը։ Երիտասարդությունը չի ուզում երեքժամանոց կուսակցական ժողովի մասնակցել, նստել, քննարկել այս կամ այն արձանագրությունը, ձանձրանում է։ Ասում են՝ կոնկրետ գործ առաջարկեք, անենք։ Գործն էլ պետք է առաջարկել նրանց նախասիրություններից ելնելով, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։
-Սակայն սփյուռքում շարունակում է գործել ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը՝ Մայք Խարապյանի գլխավորությամբ։ ՌԱԿ-ի համաշխարհային խորհրդի ստեղծումով դուք, փաստորեն, խորքային հակադրության մեջ եք մտնում նրանց հետ։
-Այդ, այսպես կոչված, կենտրոնական վարչությունն իսկապես գոյություն ունի, եթե դա կարելի է կառույց համարել։ Որովհետև անգամ կենտրոնական գրասենյակ ու համապատասխան հասցե չունի։ Երբ Խարապյանին հարցնում են, թե որտեղ է կենտրոնական գրասենյակը, մատով սեփական գլուխն է ցույց տալիս։ Հակասությունը մեր միջև վաղուց կա, և դա հայտնի փաստ է։ Սակայն միավորիչ համաժողովում մենք որոշում կայացրինք առհասարակ չզբաղվել որևէ հակասությամբ ո՛չ ՌԱԿ-ի կենտրոնական վարչության, ո՛չ էլ ՀՌԱԿ-ի հետ։ Պետք է ուղղակի անտեսենք նրանց ու անենք մեր գործը, մեր շարքերը մեզանից գործ են պահանջում, ոչ թե խարդավանքներ։
-Հիմա դուք իրենց եք անտեսելու, իրենք՝ ձեզ, նույն կերպ է իրեն պահելու ՀՌԱԿ-ը՝ Հարություն Առաքելյանի գլխավորությամբ։ Բայց հակադրությունը, ի վերջո, պե՞տք է հանգուցալուծվի։
-Մենք կանենք մեր գործը, կզբաղվենք մեր աշխատանքներով, իսկ հանգուցալուծումն ինքն իրեն կգա։ Այսինքն՝ ռամկավարների մեծ մասը կհամախմբվի ՌԱԿ-ի համաշխարհային խորհրդում։ Անշուշտ, կար ներկուսակցական այս վիճակը հանգուցալուծելու այլ տարբերակ, որ 1995-96-ին կիրառվեց, և սփյուռքում ձևավորվեցին երկու ՌԱԿ կենտրոնական վարչություններ։ Այդ կացությունը տևեց մինչև 1997-ի վերջը, երբ երկու թևերի միջև բանակցություններ տեղի ունեցան Փարիզում, որոնց ես էլ եմ մասնակցել, և իրադրությունը ժամանակավորապես կարգավորվեց։ Սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ այսպիսի ճգնաժամերը կրկնվելու հատկություն ունեն, և ՌԱԿ-ի համաշխարհային խորհուրդ ստեղծելով՝ մենք փորձում ենք կուսակցությանը նոր ձև ու բովանդակություն տալ ու ազատվել այս վիճակից։
-Մայք Խարապյանի հետ այդ կապակցությամբ չե՞ք բանակցել։
-Այս տարվա հունվարի 19-ին ես և Ռուբեն Միրզախանյանը նրա հետ երեքժամանոց հանդիպում ենք ունեցել Երևանում, փորձել ենք համոզել, որ ինքն էլ մասնակցի համաժողովին, և կուսակցական պառակտմանը վերջ դրվի։ Չհամաձայնեց, Ամմանում իր սակավաթիվ կողմնակիցներով ձևական պատգամավորական ժողով գումարեց ու իբր կենտրոնական վարչություն ձևավորեց։
«ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՍՏԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
-Հիմա անդրադառնանք հայ-թուրքական արձանագրություններին և ռամկավարների երկու թևերի դիրքորոշումներին։ ՀՌԱԿ-ը, ի դեմս Հարություն Առաքելյանի, միացել է 12 կուսակցություններից ստեղծված ընդդիմադիր միավորմանը։ Արմենական-ՌԱԿ-ը պաշտպանում է արձանագրությունների ստորագրումը, Դուք էլ եք հայտարարել, որ աջակցում եք։
-Մտահոգություններով, վերապահություններով հանդերձ, կարծում ենք, որ պետք է նախագահին վստահել և այդ քայլը կատարել։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ի վերջո, հնարավոր չէ անտեսել։
-Մինչդեռ երբ նախագահը մեկնեց համահայկական ուղևորության, ռամկավարների մի շարք շրջանակներ դաշնակցության և հնչակյանների հետ բողոքի ակցիաներ կազմակերպեցին։ Մասնավորապես Բեյրութում, թեպետ Դուք ժամանակին պնդում էիք, որ ՌԱԿ-ի Բեյրութի շրջանակը ձեզ հետ է։
-Բեյրութից ես հենց նոր եմ տեղեկություններ ստացել այդ իրադարձությունների մասին։ Պետք է նկատի ունենանք, որ Բեյրութն այլ ավանդույթներ ունեցող գաղութ է, ինքս այնտեղից եմ։ 1965-ից ավանդական երեք կուսակցությունները բոլոր խնդիրներում աշխատում են հանդես գալ միասնաբար և շեղումներ թույլ չտալ։ Դաշնակցությունը, իսկապես, շատ բուռն կեցվածք է դրսևորել, համախմբել ու գործի դրել իր բոլոր ռեսուրսները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Բեյրութի հայաբնակ հիմնական թաղամասը՝ Բուրչ-Համուտը, պարզապես դաշնակցականների տիրապետության տակ է։ Հնչակյանների վրա էլ, կարծես, նոր շունչ է եկել, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու հետ կապված իրենց նկատմամբ որոշ հետաքրքրություն է առաջացել գաղթօջախում։ Այդ երկուստեք ոգևորության մեջ, ավանդույթը չխախտելու համար, ռամկավարներն էլ ստիպված ինչ-որ բան են ստորագրել։
Սակայն նախագահի հետ հոկտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ ռամկավարներից ներկա է եղել 6 ներկայացուցիչ, ովքեր ելույթ են ունեցել հանդիպմանը և իրենց հստակ աջակցությունը հայտնել նախագահին։ Ես զրուցել եմ մեր «Զարթոնք» թերթի խմբագրի հետ, որի վկայությամբ՝ նախագահը շատ հանգիստ ու տպավորիչ պատասխաններ է տվել բոլոր հարցադրումներին։ Դաշնակցության ներկայացուցիչները հանդես են եկել հայտնի կեցվածքով, ցուցադրաբար դուրս են եկել նախագահի պատվին ՀԲԸՄ-ի հրավիրած ընթրիքից։ Հնչակյաններն էլ ոտքի են ելել, որ գնան, բայց հետո նստել են տեղները։ Քաղցա՞ծ են եղել, թե ինչ, չգիտեմ։ Ռամկավարները, ինչպես նաև ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, իհարկե, մասնակցել են, և, մտահոգություններով հանդերձ, պաշտպանել են արձանագրությունները ստորագրելու նախագահի դիրքորոշումը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Եգիպտոսի ռամկավարական շրջանակների ներկայացուցիչները, ովքեր նույնպես իրենց հստակ աջակցությունն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին։ Չնայած այդ շրջանակը հարում է Մայք Խարապյանին։ Խարապյանն ինքն էլ այդ ժամանակ Բեյրութում է գտնվել, փորձել է համոզել, որ ռամկավարները դեմ արտահայտվեն արձանագրությունների ստորագրմանը, բայց չի հաջողել։ Նրա շարժառիթներն այս դեպքում հասկանալի են, որովհետև երկու տարուց ավելի նա սերտորեն համագործակցում է դաշնակցության հետ և գտնվում է նրանց ազդեցության տակ։
«ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԶՈՒՄ ՍՏԵՂԾԵԼԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
-Վերջերս Դուք այսպիսի մի միտք արտահայտեցիք, թե սփյուռքահայ գաղութներում Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ դժգոհողները չեն իրական սփյուռքը։
-Ես ասել էի, որ նրանք միայն սփյուռքի մի մասն են ներկայացնում։
-Բայց ծանրակշի՞ռ մասը, թե՞ ոչ։
-Անշուշտ, ամենաակտիվ մասերից մեկը` ազգային ու քաղաքական իմաստով։ Պետք է ընդունենք, որ սփյուռքում դաշնակցության ներկայությունը տիրապետող է, և նրանք ինչ հրահանգ տալիս են իրենց կառույցներին, այդ էլ արվում է։ Որպես զանգվածային կազմակերպություն, դաշնակցությունը, անշուշտ, ամենաազդեցիկն է սփյուռքում։ Բայց մենք՝ ռամկավարներս, ունենք մի շարք կազմակերպություններ, որոնք շատ ավելի հզոր ու ազդեցիկ են ԱՄՆ-ում, այլ գաղութներում և բոլորովին չեն բաժանում այդ քաղաքականությունը։ Մասնավորապես կարող եմ հստակ պնդել, որ ՀԲԸՄ-ն, եկեղեցու ամերիկյան թևը, Ամերիկայի հայկական համագումարը հստակ հայտարարել են, որ չեն սատարում հակադրվելու քաղաքականությանը։
-Սակայն Ամերիկայի հայկական համագումարը կարծես, դատապարտել էր արձանագրությունները։
-Ո՛չ, մտահոգություններով հանդերձ, նրանք կողմ են, որ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը շարունակվի։ Եվ պետք չէ մոռանալ, որ նրանք ավելի ազդեցիկ են լոբբինգի առումով, որովհետև ավելի սերտ առնչություններ ունեն ԱՄՆ-ի պետքարտուղարության հետ։ Այսպիսով, սփյուռքի ազդեցիկ կառույցների զգալի մասը կողմ է Հայաստան-Թուրքիա երկխոսությունը շարունակելու հանրապետության նախագահի նախաձեռնությանը։
-Ըստ այդմ, Դուք մտահոգություն չունե՞ք, որ Սփյուռք-Հայաստան պառակտում տեղի կունենա արձանագրությունների հետ կապված այս ողջ գործընթացի պատճառով։
-Ո՛չ, ճիշտ հակառակը. ունեմ մտավախություն, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները կարող են վերադառնալ այն կետին, որը կար մինչև 1990 թվականը։ Երբ սփյուռքի մի զգալի մասը ինչ-որ շրջանում նույնիսկ թշնամաբար էր տրամադրված Հայաստանի նկատմամբ, և դա հիմա վերստին կարող է վերածնվել։ Ես կոչ կանեի Հայաստանի դաշնակցության ներկայացուցիչներին, ովքեր ավելի լայնախոհ են, խուսափել այդ հակադրությունը սրելուց։ Պետք է մի սահման լինի, որից այն կողմ չի կարելի անցնել, սփյուռքի և Հայաստանի միջև այդպիսի խզում ստեղծելը շատ վտանգավոր է։
-Սակայն Հայաստանի իշխանություններն էլ ինչ-որ բանով նպաստո՞ւմ են դրան, թե՞ ոչ։
-Ինձ համար, անշուշտ, անընդունելի է, երբ իշխանության թևից այդպիսի հայտարարություններ եմ լսում, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում՝ տականքներ, մոլախոտեր և այլն։ Սա բացարձակապես վնասակար մոտեցում է, որ կարող է խորացնել տարանջատումը և այն տևական դարձնել։ Մի վտանգ էլ եմ տեսնում. երբեմն փորձ է արվում կարծես ներմուծել հասարակական գիտակցության մեջ, որ սփյուռքը Հայաստանի փոխարեն չպետք է ոչինչ որոշի։ Սա Հայաստանի հայության գիտակցությունը կարող է շրջել, մարդիկ կսկսեն մտածել, որ սփյուռքահայերն իրենց համար ապրում են բարեկեցիկ երկրներում, մեր մասին չեն մտածում, հետևաբար մենք մեր հարցերը պետք է լուծենք առանց նրանց կարծիքը հաշվի առնելու։ Սա կարող է բերել տեղացի-ախպար, կամ, ինչպես նախկինում էին ասում, գաղթական-եռլական ցավալի մտայնությանը։ Այդ դրսևորումները մենք կարողացանք հաղթահարել վերջին 20 տարում, երկրաշարժից հետո, և դրա վերականգնումն անթույլատրելի է։
Արմենական-ՌԱԿ-ն օրերս գիտաժողով էր կազմակերպել, որին ներկա էր նաև դաշնակցության բյուրոյից Կիրո Մանոյանը։ Նրա ելույթից հասկացա, որ ինքն էլ այդ մտավախությունն ունի, սակայն, իր կարծիքով, Հայաստանի իշխանություններն են այդ տարաբաժանումը հրահրում։ Ես էլ իմ հերթին կարծում եմ, որ դաշնակցությունը դա պետք է թույլ չտա։ Այսինքն՝ մեր տեսակետներն այդ կապակցությամբ տարբեր են, բայց երկուսիս մտահոգությունն էլ նույնն է։ Որովհետև երկուսս էլ սփյուռքում ծնված-մեծացած լինելով, երևի ավելի լավ ենք զգում այդ վտանգի չափը։ Իսկ դա լուրջ վտանգ է, որովհետև պառակտումը Հայաստանին կզրկի ոչ միայն նյութական, այլև բարոյական նեցուկից, սփյուռքն էլ կզրկվի հայապահպանության գլխավոր կռվանից։ Երկուստեք լուրջ զգուշություն ու շրջահայացություն է պետք անդառնալի սահմանագիծը չանցնելու համար։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ