«Մտաւ աղքատիկ հագուստով մի նիհար երիտասարդ, անխնամ մազերով մի գլուխ վտիտ ուսերին, դէմքի մորթը տժգոյն ու քաշուած և քիթը մեծ ու սուր: «Նստեցէք` ասացի, ո՞վ եք և ի՞նչ եք ուզում»։ «Ես Եղիշէ Չարենցն եմ», ասաց» (Նիկոլ Աղբալյան, «Գրական-քննադատական երկեր»):
Այսպես գրականություն մտավ մի նոր բանաստեղծ, և նա բնավ չուներ սկսնակի վեհերոտություն կամ ապրող ու ապրած հեղինակություններին խնկարկելու ողջախոհություն: Ավելին` ստեղծագործական ուղու սկզբից իսկ իր անձի ու գործի հստակ արժեքավորումն ուներ.
Էլ ինչո՞ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն-
Ավետեց ամբողջ աշխարքին,
Որ ծնվել է մեծ մի պոետ։
Որ ծնվել է երգիչ մի վառ
ՈՒ բերել է երգեր հրե։
Ցնծա, նաիրյան աշխարհ,
Ցնծա, Եղիշե Չարենց։
Դարակազմիկ իրադարձություններով հարուստ իր ժամանակում նրա հայտնությունն ու գոյությունն արվեստում ևս եղան դարակազմիկ: 1912-1937 թվականների 25 տարվա ստեղծագործական կյանքով նա գրականություն բերեց իր ժամանակի հասկացություններն ու ըմբռնումները` դառնալով արտահայտիչն իր սերնդի որոնումների, մոլորությունների, հաղթանակների: Նրա ստեղծագործական ժառանգությունը ևս, ինչպես ժամանակը, հակասական ու բազմատարր է: Կատարյալ գործերին զուգահեռ նրա գրչին են պատկանում ակնհայտորեն թույլ ու միայն գրապատմական արժեք ունեցող գործեր: Իր լավագույն ստեղծագործություններով Եղիշե Չարենցը եղավ մեր 1500-ամյա գրականության նոր փուլի սկզբնավորողն ու իմաստավորողը: «Գրողը հոգեկան անարխիստ է, ինչպես յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամեն ինչից ու ամենքից: Իսկական գրողն անդադար ըմբոստ է»,- գրում էր Վիլյամ Սարոյանը: Գրողի այս ըմբռնումը լավագույնս համապատասխանում է Չարենցի ստեղծագործական ու անձնական նկարագրին: Բանաստեղծության մեջ «անդադար ըմբոստ»` 30-ականներին, երբ «երկաթավորվող երկրի երգերով» էր Պառնասը խլացած, նա հնչեցրեց իսկական պոեզիայի անկեղծ-անեղծ ձայնը` ազդարարելով արվեստի «Էպիքական լուսաբացը»: 1930-ին հրատարակված ժողովածուն շրջադարձային եղավ և՛ հեղինակի, և՛ պոեզիայի զարգացման պատմության համար: Նախ` այն աններելի նորություն էր գաղափարական-տեսական, գրական-բանաստեղծական ասպարեզում: Նոր ժամանակների նոր մտածողություն, որ հաստատում էր հրաժարումը «լեֆյան ձախություններից» և վերադարձն արվեստի իսկական ակունքներին: Չարենցը «հավատարիմ էր մնում» Վահան Տերյանի գրական ավանդներին, որոնք նաև իր ավանդներն էին։ «Մարդիկ կարիք են զգում վերագնահատության ենթարկելու կյանքի երևույթները, տիրող գաղափարներն ու իշխող տրամադրությունները, և դա չպետք է դատապարտության ենթարկվի»,- 1914-ին գրում էր Վահան Տերյանը: Բայց այդպես չէին մտածում և վերագնահատության կարիք չէին զգում 30-ականների «հայ գրականության փոքրիկ ասպարեզի» լաքեյ-իշխանիկները: Այդ ասպարեզը նրբազգաց արձագանքում էր խորհրդային երկրի կյանքին ու այդ կյանքի աղավաղումներին, այնպես որ «փոքրիկ ասպարեզում» մեծ ողբերգություններ էին տեղի ունենում: Հակագրական-հակաստեղծագործական մթնոլորտում, որ տարեցտարի ավելի էր խորանում, ոչ միայն խեղաթյուրվում էին գաղափարական, ստեղծագործական արժեքները, այլև մարդկային հարաբերությունները: Ահա այդ պայմաններում հրապարակ իջավ «Գիրք ճանապարհին»` դարձյալ վիճահարույց, դարձյալ ուղենշային: Չարենցը շարունակում էր գեղագիտական իդեալի որոնումները, ժամանակային երեք կտրվածքներով քննվում էին մարդու և նրա գոյության խնդիրները: Ժողովածուն գրականություն էր բերում հերոսի նոր իմաստավորում, շարունակում ու, զարգացնում էր նախորդ ստեղծագործությունների հիմնաթեմաները` նոր որակ հաղորդելով և հայրենասիրության ու հայրենիքի, և՛ պայքարի ու ժամանակի, և՛ սիրո ըմբռնումներին: Իսկ վերջին տարիների ստեղծագործությունները, որոնք գրվում էին արդեն «հոգու համար», դարձան պոեզիայի այն որակը, որը, համեմատության մեկ եզր ունի միայն` համեմատությունը Չարենցի ու միմիայն Չարենցի այլ ստեղծագործությունների հետ, որովհետև ամբողջ 20-րդ դարում նա եղավ չնախորդված ու մնաց չհաջորդված: Վերջին գործերի հերոս է դառնում հեղինակը, որը աստիճանաբար մեկուսացվելով, ճանաչում է մենակության ողջ հաճույքն ու ոչնչացնող տառապանքը: «Սոսկալի բան է մենակ մնալը իր սեփական օրէնքի դատավորի ու դատախազի հետ: Այսպիսով մի աստղ է նետւում ամայի տարածութեան ու մենակութեան սառցային շնչի մէջ»,- գրում էր Նիցշեն: «Աստղը», որքան էլ շուրջն ամայի էր տարածությունն ու սառցային, շարունակում էր լուսավորել, գրում էր` իմաստավորելով ամայությունը թե՛ իր ներսում, թե՛ իրենից դուրս: Ազատված ժամանակի հարկադիր ժանգից` նրա պոեզիան դառնում էր ավելի հիմնարար, էպիկական: Օրընթաց հույզերի ու ապրումների գերակշռությունը, որ կար ստեղծագործությունների առաջին, նախահեղափոխական շրջանում, շարունակվում էր «լեֆյան մոլորությունների» տարիներին, երբեմն նաև «Էպիքական լուսաբաց»-ում ու «Գիրք ճանապարհի»-ում, տեղը զիջում էր փիլիսոփայական խորհրդածությանը` արտահայտված բանաստեղծական կատարյալ ձևերով: «Գրողը կուտակում է իր «գանձը» ոչ թե գիտակցաբար, այլ միանգամայն «ենթագիտակցաբար»: Եվ այս է ահա ստեղծագործության գաղտնիքը»,-գրում էր Չարենցն իր օրագրում: Վերջին տարիների գործերը, որ լիովին կրում են այդ «ենթագիտակցականի» դրոշմը, դրսևորումն են իսկական արվեստի` ժամանակի խառնաշփոթից, առօրեականից զերծ, հավերժության հասցեն ունեցող:
Անհատի պաշտամունքի մոլեգնումի տարիներին գոյության պայքարի նորանոր ձևեր էին ի հայտ գալիս: «Մարդու մեծությունը նրա մտածելու կարողության մեջ է»,- միամտորեն կարծում էր Բլեզ Պասկալը` չենթադրելով, որ ինչ-որ ժամանակ մտածելը կդառնա պայքարի միջոց: Գրականության զարգացման համար այդ պայքարն ունեցավ անգնահատելի դեր: Չարենցն իր ստեղծագործությամբ շղթայեց անցյալի ու իր ժամանակների պոեզիայի հատված օղակները: Երբ ողջ երկիրը տենդում էր անհատի պաշտամունքի համաճարակից, նրա ստեղծագործությունը կենսունակ ու կենդանի պահեց պոեզիայի ծառը` նաև կամուրջ դառնալով իր մահից երկու տասնամյակ անց վերսկսված պոեզիայի համար: Անգամ արգելումի տարիները չկարողացան նրան մոռացնել (թեպետ արդեն նոր ու նրան բոլորովին անծանոթ-անհաղորդ սերունդ էր ասպարեզ եկել):
1954-ին Անաստաս Միկոյանի պատմական ելույթով քաղաքացիությունը վերականգնած բանաստեղծը ներդաշնակ ու բնական մտավ գրական գործընթացի մեջ, դարձյալ ուղենշելով գրականության զարգացման ճիշտ հունը, այն ճանապարհը, որ պիտի գրականությունը դուրս բերեր գովազդային, ձոնային, գուսանական-նեյնիմական ճգնաժամից:
Դժվար է ասել` ինչպես կզարգանար ու ինչ ճակատագիր կունենար նրա ստեղծագործությունը, եթե հաջողվեր մեկնել արտասահման (որի պայմանավորվածությունը կար Աղասի Խանջյանի միջնորդությամբ): Ամենայն հավանականությամբ, հերթական գիրքը լինելու էր նախորդներին եթե ոչ հակասող, նվազագույնը` չկրկնող: Նա ապրեց դաժան ու գեղեցիկ կյանք` ստեղծելով ներհակ, գրավիչ, առեղծվածային, մարդկային իր պոեզիան` իբրև բարդ ու հերոսական ժամանակի տարեգրություն, իբրև ժողովրդի ճշմարիտ կենսագրություն, իբրև ԲԱՆԱՍՏԵՂԾ, ում յուրաքանչյուր տողին ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ էր նայում, ում մեծ երթ էր նշված հենց ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու