Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայ-թուրքական սահմանի բացումը կփոխի տարածաշրջանի ստատուս-քվոն

Հայ-թուրքական սահմանի բացումը կփոխի տարածաշրջանի ստատուս-քվոն
28.04.2009 | 00:00

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԵՌՄԱՆՆԵՐ
Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստորագրված «ճանապարհային քարտեզը» սենսացիայից աստիճանաբար վերածվում է վերլուծության ու կանխատեսումների թեմայի, և ոչ միայն գործընթացին մասնակից պետությունների փորձագետների ու վերլուծաբանների համար։ Սա օրինաչափ է, քանի որ տեղի ունեցածը հաշտեցմանն ուղղված քայլերի անհասկանալիությամբ և իրավիճակի փխրունությամբ հանդերձ, ակնհայտորեն վերածվում է տարածաշրջանային կարևոր իրադարձության։
Ավելին, ռուս-վրացական պատերազմից հետո հայ-թուրքական սահմանի բացումը կարող է վերածվել մի իրադարձության, որը ոչ միայն կփոխի տարածաշրջանի ստատուս-քվոն, այլև կարող է ամբողջությամբ խառնել տարածաշրջանային խոշոր խաղացողների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության խաղաքարտերը։ Հայ-թուրքական հարաբերությունները կարող են որակական փոփոխություն մտցնել ամբողջ Հարավային Կովկասում։ Եվ այդ փոփոխությունների համատեքստում շատ բնութագրական է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների արձագանքը։ Եթե ԱՄՆ-ը, Եվրոպան, միջազգային կառույցները, առհասարակ, որոշակի ոգևորությամբ են արտահայտվում «ճանապարհային քարտեզի» ի հայտ գալու առնչությամբ և զուգահեռ հայտարարում կողմերի հետ համագործակցելու իրենց պատրաստակամության մասին, ապա Կրեմլի տեսանելի արձագանքն ակնհայտորեն ավելի զուսպ է։ Դա այն դեպքում, երբ հայ-թուրքական բանակցությունները ոչ միայն չէին կարող ընթանալ Ռուսաստանի չտեղեկացվածության պայմաններում, այլև ոչ վաղուց հենց Կրեմլից է բխել այդ նախաձեռնությունը։ Այդքանով հանդերձ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ բավարարվեց ընդհանուր արձանագրային ձևակերպմամբ. «Ամենից առաջ դա Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ խնդիրն է։ Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կհանգեցնի հարաբերությունների նորմալացման ցանկացած երկրների միջև»։
Մինչդեռ ոչ շատ վաղուց հենց ռուսական կողմն է բազմիցս հայտարարել, թե Երևանի ու Անկարայի երկխոսությունը շատ կարևոր է Հարավային Կովկասի կայունության համար, և որ Մոսկվան խիստ շահագրգռված է դրանում։ Ըստ այդմ, այսպիսի մեկուսացած-դիվանագիտական արձագանքը տարօրինակ է։ Կարելի է ենթադրել, որ սա բնական խանդ է այս գործընթացում «ամերիկյան հովանավորության» նկատմամբ, և որ Ադրբեջանի հետ ուրվագծվող դաշինքի պայմաններում ռուսական կողմն առանձնապես ոգևորված չէ «ճանապարհային քարտեզից», որի շուրջ բացահայտումները Մեդվեդև-Սարգսյան հանդիպման նախաշեմին զգալիորեն նվազեցրին հայկական կողմի նկատմամբ Կրեմլի ճնշման հնարավորությունները։ Սակայն, ամեն ինչից դատելով, Ռուսաստանն ավելի լուրջ փաստարկներ ունի մտահոգվելու համար, ինչը ցույց է տալիս ռուսական ԶԼՄ-ների ու փորձագետների արձագանքը։
Անգամ ռուսական մամուլի վերլուծական հոդվածների վերնագրերն են դա հուշում. «Դատապարտված խաղաղություն. Ռուսաստանը հեռանում է Անդրկովկասից» («Ռեգնում»), «Երևանն ու Անկարան հաշտվում են Ռուսաստանի հաշվին» (մոսկովյան «Կոմերսանտ») և այլն։ Ավելին, ռուսական փորձագետների հավաքական կարծիքով, Մոսկվայի ազդեցությունը Երևանի վրա հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում կտրուկ նվազելու է, և Հայաստանն այլևս ծանրակշիռ պատճառներ չի ունենա կողմնորոշվելու բացառապես դեպի Ռուսաստան։ Առաջին հերթին, եթե «ճանապարհային քարտեզի» շուրջ քննարկումները հանգեցնեն դրական համաձայնությունների, ապա Հայաստանը դուրս կգա մեկուսացումից, ինչն իր անդրադարձը կունենա տնտեսական ու ռազմաքաղաքական խնդիրների վրա։ Բաց սահմանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի կդիվերսիֆիկացնի, քան այսօր է։ Երկրորդ հանգամանքը, որ ավելի է մտահոգում ռուսական կողմին, ամբողջ տարածաշրջանի վերակողմնորոշման հնարավորությունն է։ Կովկասի խնդիրներով ռուս փորձագետ Անդրեյ Արաշևն այսպես է մեկնաբանում հնարավոր զարգացումները. «Անկասկած է, որ հայ-թուրքական հարաբերություններում ճեղքում արձանագրելուն միտված գործողությունները պետք է դիտարկել Հարավային Կովկասում հնարավորինս ամրապնդվելու ԱՄՆ-ի ընդհանուր ձգտման համատեքստում։ Հնարավոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի երկարաժամկետ սառեցում, Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատում, ինչը Ռուսաստանի համար հղի է Հարավային Կովկասում ներկա դիրքերը կորցնելու վտանգով»։
Թեման բավականաչափ արդիական է նաև սպասվող «էներգետիկ պատերազմների» խորապատկերում։
Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա անցկացնելու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի տարածքով նոր խողովակաշար` կենտրոնասիական գազը Ռուսաստանը շրջանցող ճանապարհով Եվրոպա հասցնելու համար։ Թեկուզ և այսօր Հայաստանի էներգաապահովման համակարգի 80 տոկոսը տնօրինում են ռուսական ընկերությունները, կան մտահոգություններ, որ նոր իրավիճակում պատկերն այստեղ էլ կտրուկ կփոխվի։ Չնայած «Նեզավիսիմայա գազետան» նշում է, որ սահմանի բացման հակառակորդները Հայաստանում ևս քիչ չեն, այնուհանդերձ, ռուսական հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հետևյալ կանխատեսումն է անում. «Սահմանի բացումով թուրքական բիզնեսն անխուսափելիորեն կմտնի Հայաստան, և ռուսական տնտեսական ներկայությունն այլևս գերակշիռ չի լինի։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ներդրումային հնարավորություններն աշխարհագրական գործոնի հաշվառումով անհամեմատ ավելի նախընտրելի են»։ Միաժամանակ ռուսական փորձագետները կարծում են, որ Հարավային Կովկասը կդառնա կարևոր տարածաշրջան ռազմական տրանզիտի առումով, որտեղից էլ Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերն անհրաժեշտ համալրում կստանան։ Տարածաշրջանի կոմունիկացիոն նշանակության մեծացումն առանձնապես ձեռնտու չէ Մոսկվային, որը փորձում է իր տրանսպորտային տրանզիտի հնարավորությունները թանկ վաճառել ՆԱՏՕ-ին և հասնել Արևմուտքի կողմից անհրաժեշտ զիջումների։
Նոր խողովակաշարերի կառուցման պարագայում ռուսական փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանում ու Հայաստանում կմեծանա ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը` նավթամուղներն ու գազամուղները պաշտպանելու պատրվակով։ Որպես դրա հետևանք, կանխատեսվում է ռուսական ռազմաբազաների դուրսբերումը Հայաստանից։ Կան պնդումներ, թե իբր Անկարան, «ճանապարհային քարտեզի» քննարկումների շրջանակում, որպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման, առաջ է քաշում Հայաստանից ռուսական ռազմաբազաների և ռուսական սահմանապահների դուրսբերման հարցը։ Ավելին, կան կարծիքներ, թե Հայաստանը Թուրքիայի հետ մերձեցման է գնում, անկասկած, ունենալով ամենալուրջ քաղաքական երաշխիքները, ինչը կարող է լինել, ասենք, երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Ակնհայտ է, որ ռուսական կողմի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հնարավոր հզորացումն այս համատեքստում, իբրև խոշոր տարածաշրջանային խաղացողի։ Թեկուզ և թուրքական կառավարող ու քաղաքական շրջանակները հայտարարում են, թե Ռուսաստանին դիտում են իբրև հայ-թուրքական պայմանավորվածությունների միջնորդ ու երաշխավոր, իսկ Մոսկվայի համար էլ անչափ կարևոր է Թուրքիայի հետ ժամանակավոր դաշինքը, քանի դեռ Անկարան Եվրոպայի հետ չի կարգավորել գազի տրանզիտի հետ կապված խնդիրները, այնուհանդերձ, հեռանկարում ռուս-թուրքական շահերի համադրությունը խիստ կասկածելի է։ Թուրքիան լայնածավալ ծրագրեր ունի Հարավային Կովկասի հետ կապված և կարծես գիտակցում է Ադրբեջանի հետ միավեկտոր գործընկերության վնասակարությունը։ Բաքվում այդ հանգամանքին ըմբռնումով չեն վերաբերվում, ինչից էլ փորձում է օգտվել Մոսկվան` Ադրբեջանի հետ նոր տարածաշրջանային դաշինք ստեղծելու նպատակադրումով։
Այս խորապատկերում շատ հետաքրքիր են Բաքվում տեղի ունեցող «հակաթուրքական խաղերը»։ Վերջերս «Turkish Weekly» պարբերականը տպագրել էր հոդված այն մասին, թե Ռուսաստանն Ադրբեջանին քաշում է թակարդի մեջ։ Նշվում է, որ ռուսամետ տրամադրություն ունեցող ադրբեջանցիներն իբր սկսել են Թուրքիային թշնամաբար վերաբերվել. «Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքն Ադրբեջանում աստիճանաբար ուժգնանում է։ Հատկապես դա տեսանելի է վերջին ամիսներին, երբ սահմանափակվում է թուրքական սերիալների ցուցադրությունն ադրբեջանական հեռուստատեսությամբ։ Կան պնդումներ, թե թուրքական լեզուն դուրս է մղում ադրբեջաներենը։ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Ադրբեջանի նկատմամբ` համադրելով «կոշտ» ու «փափուկ» քաղաքականությունը։ Իսկ Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը միայն ձեռնտու պատրվակ դարձավ Ադրբեջանի հակաթուրքական շրջանակների համար»։ Գրում է «Turkish Weekly» թերթն ու եզրակացնում. «Թուրքիան հեշտությամբ կարող է բացել ու փակել իր ցամաքային սահմանները, այդպիսի որոշումները կարող են կրել նաև ժամանակավոր բնույթ։ Սակայն եթե Ադրբեջանը հեռանա Թուրքիայից ու Արևմուտքից և սկսի հենվել Ռուսաստանի վրա, մեծ պրոբլեմներ կունենա հետևողական արտաքին քաղաքականություն իրականացնելու առումով։ Եթե Բաքուն գնա այդ քայլին ու Ռուսաստանին զիջի իր էներգետիկ միջանցքների շահագործման իրավունքը, որը նրա ինքնիշխան գոյության կարևորագույն երաշխիքն է, նույնիսկ Թուրքիան չի կարող փրկել Ադրբեջանին»։
Այս կարծիքը կարելի էր և անտեսել կամ համարել թուրքական խորամանկ դիվանագիտության քայլ, սակայն Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն անսպասելի հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ փորձեց հերքել թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, թե Մոսկվան հետևողական քայլեր է ձեռնարկում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տորպեդահարելու ուղղությամբ։ Ընդ որում, որպես գործոն օգտագործելով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ նման բաները պատահական չեն լինում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ