Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սևրի պայմանագիր. ազգային խնդի՞ր, թե՞ միջազգային նախագիծ

Սևրի պայմանագիր. ազգային խնդի՞ր, թե՞ միջազգային նախագիծ
09.12.2008 | 00:00

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ, ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Վերջին տարիներին նկատելի է ԱՄՆ-ի ու Եվրամիության (խոսքը վերաբերում է հատկապես օվկիանոսի երկու կողմերում գործող վերնախավերին) միջև փոխըմբռնման ուժեղացում` արևմտյան հանրության, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեջ Թուրքիայի հետագա հնարավոր դերակատարության վերաբերյալ։ Վաղուց արդեն տեսանելի է, որ ԱՄՆ-ը գործնականում դադարել է պնդել, իսկ ընդհանուր առմամբ, էապես նվազեցրել է ճնշումը եվրոպացիների նկատմամբ` Եվրամիության կազմում Թուրքիային ընդգրկելու հարցով։ ԱՄՆ-ում, այսպես թե այնպես, հանգել են այն եզրակացության, որ այս հարցում հետագա պնդումներն անիմաստ են, քանզի նպատակն անիրագործելի է։ Թեպետ, դրանով հանդերձ, եվրաամերիկյան հարաբերություններում վիճելի հարցերի շրջանակն ընդլայնվում է` չբերելով ոչ մի դրական բան։ Եթե նախկինում ԱՄՆ-ը հույս ուներ, որ, ի դեմս Թուրքիայի, կհաջողվի Եվրամիության ներսում ձևավորել հզոր «հինգերորդ շարասյուն», ինչպես նաև ինչ-որ չափով ապակազմավորել Եվրոպան, ապա այժմ բացարձակապես հիմքեր չկան կարծելու, թե Թուրքիան չի ցանկանա գործել Եվրոպայի հետ համախմբված և կվերածվի զուտ ԱՄՆ-ի քաղաքականության գործիքի։ Եվրամիության մաս կազմելով` Անկարան, ճիշտ հակառակը, կթուլացնի իր կախվածությունը Վաշինգտոնից և հնարավորություն կստանա ուժեղացնելու սեփական խաղը։
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում ամերիկացիներն ու եվրոպացիներն այսօր լուռ համաձայնության են հանգել, ինչն ավելի է գրգռում Թուրքիային ու հանգեցնում նրա որոշակի մեկուսացմանը։ Ռազմավարության և շահերի այսպիսի դասավորության մեջ Թուրքիայի` Եվրամիության մաս կազմելու խնդիրն այլևս առաջնային չէ։ Եվրոպական ու ամերիկյան քաղաքագետների շփումներում արդեն կարելի է արձանագրել որոշակի նախանշաններ այն բանի, որ Թուրքիայի` ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունն այլևս հորինվածք չէ և կարող է հրատապ խնդրի վերածվել ամենամոտ հեռանկարում։ Այդ խնդիրը, ինչպես նաև Թուրքիայի` Եվրամիությանն ինտեգրացվելու ռազմավարությունից հրաժարվելն այժմ դիտարկվում են իբրև զուտ քարոզչական և շանտաժի նպատակ հետապնդող քայլեր, սակայն այդ հարցերը, այնուհանդերձ, քննարկման առարկա են դառնում վերլուծական հանրության մեջ։
Առայժմ ամերիկացիներն ու եվրոպացիները համոզված են, որ Թուրքիան չունի որևէ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այլընտրանք և չի կարող գոյություն ունենալ առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների։ Այս դատողությունը միանգամայն արդարացի է այսօր, սակայն կարող է բանավիճային դառնալ մոտակա հեռանկարում։ Քաղաքական դինամիկան աշխարհում այսօր ուժեղ է, ինչպես երբեք։ Եվ եթե դատելու լինենք ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականության մեջ թուրքական թեմայի առաջնայնության մասին, ապա այս համատեքստում ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում Անկարային վերահսկելու խնդիրը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը շատ մոտ են այն ծրագրի համատեղ դիտարկմանը, որը կենթադրեր Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակումը, միջազգային դերակատարություն ստանձնելու նրա ջանքերի տապալումը Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Հաղթահարելով տարբեր կասկածներն ու հակասությունները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ընդհուպ մոտեցել են Թուրքիայի տարաբաժանման խնդրին` իբրև որոշակի ռեզերվային տարբերակի։ Քրդական խնդրի միջազգայնացումն արդեն հանգեցնում է նրան, որ Թուրքիայի պետական-տարածքային ամբողջականությունը հայտնվելու է կասկածի տակ։ Արևմտյան հանրությունը որոնումների և միաժամանակ այնպիսի նախագծերի ու փաստարկների մշակման փուլում է, որոնք պետք է նպաստեն Թուրքիայի հետ կապված խնդիրների լուծմանը։
Այս կապակցությամբ, ինչպես և նախկինում, օրակարգում է հայտնվել հայկական հարցը` ձեռք բերելով նոր նշանակություն ու բովանդակություն։ Ամերիկացիներն ու եվրոպացիները համոզվել են, որ հայկական հարցը, իբրև Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց, ներառում է ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Այդ իմաստով Արևմուտքին անհրաժեշտ են նոր գաղափարներ, և այդպիսին կարող է դառնալ 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հայտնի պայմանագիրը։ Ընդ որում, զգացվում է, որ Արևմուտքը, նախկինում փորձելով տարածություն պահել հայկական սփյուռքից և ընդհակառակը` հենվել Հայաստանի վրա, այսօր կրկին ուշադրություն է դարձնում հայկական սփյուռքի կառույցներին, առաջ քաշում նոր կազմակերպություններ ստեղծելու գաղափարներ, որոնք ավելի շաղկապված լինեն մի շարք խոշոր պետությունների շահերի հետ, քան դա առկա է մինչ այժմ գործող ավանդական կառույցների պարագայում։ Նույնիսկ այնպիսի գաղափար է ասպարեզ եկել, որ անհրաժեշտ է փոխել հայկական սփյուռքի ողջ կազմակերպական դեմքը` ստեղծելով նոր կառույցներ։ Սա բարդ խնդիր է, բայց ժամանակակից պայմաններում լիովին իրագործելի։ Բացի այդ, Արևմուտքը հարկադրված կլինի ջանքեր գործադրել Ռուսաստանի ազդեցության աճը հայկական սփյուռքի վրա կանխելու ուղղությամբ` խլելով Մոսկվայից հայ-թուրքական հարաբերություններին առնչվող նախաձեռնությունների իրագործումը։ Ռուսաստանը փորձում է իրագործել հայկական սփյուռքն իր վերահսկողության տակ պահելու խնդիրը, ինչը, ռուսական շրջանակների կարծիքով, պետք է հանգեցնի հայկական քաղաքական ռեսուրսի օգտագործման` առնվազն երեք ուղղություններով։ Դա Հարավային Կովկասում իր գերակայության հաստատումն է, Թուրքիայի հետ նոր հարաբերությունների ստեղծումը և ԱՄՆ-ում ու Եվրամիությունում հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության չեզոքացումը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից հետո, ինչի համար առիթ ծառայեց 2003-ին Իրաքում սկսված ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, ամերիկյան փորձագիտական շրջանակներում մեծացավ հետաքրքրությունը տարբեր քաղաքական փաստաթղթերի ու իրադարձությունների նկատմամբ, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմության նոր շրջանին, այսինքն` 20-րդ դարին։ Տարբեր հրապարակումներում, այսպես թե այնպես, սկսեցին հիշատակվել այն իրադարձությունները, որոնք առնչվում են սահմանային վեճերին, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, նրանց ունեցվածքին և դրա իրավահաջորդությանը։ Այդպիսի խնդիրներից մեկն էլ, ինչը վերջին տարիներին մշտապես հիշատակվում է հրատապ քաղաքական գրականության մեջ, Սևրի պայմանագիրն է։ Այլևս կասկած չկա, որ ամերիկյան վարչակազմը փորձում է ասպարեզ բերել մի շարք փաստարկներ, որոնք կոչված են Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու և հանգեցնելու պատմական անցյալի մի շարք խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ Սևրի պայմանագիրը, որն առնչվում է տարածքային հարցին, ինչպես հայտնի է, Թուրքիան շատ ցավագին է ընդունում։ Թուրքական քաղաքական դասակարգի համար այն շարունակում է մնալ որոշակի սպառնալիք երկրի տարածքային ամբողջականությանը։ Թուրքական ծագում ունեցող ամերիկյան փորձագետ Ալի Ռեզա Բյուլնեթի վկայությամբ` թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունները տասնամյակներ շարունակ ունեն կոնկրետ հանձնարարականներ, որոնք վերաբերում են Սևրի պայմանագրի հետ կապված խնդիրներին։ Համարժեք հանձնարարականներ են տրված թուրքական դիվանագետներին նաև 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի վերաբերյալ։ Թուրքական փորձագետները, որոնք բնակվում են ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում ու ԱՄՆ-ում, բազմիցս նախընտրել են զգացմունքային գնահատականներ տալ Սևրի պայմանագրին, մոտավորապես հետևյալ ձևով. Թուրքիայի համար Սևրի պայմանագիրը մղձավանջային երազ է։ Վաշինգտոնի մերձավորարևելյան ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Ալի Ռեզա Բյուլնեթը, փորձագետներ Զենո Բարանը, Օմեր Թասպինարը, Նիհաթ Ալի Օսկանը, Հաքան Յավուզը, Թարիք Օգուզլուն, Մևլիթ Քատիկը և ուրիշներ, նշում են, որ հնարավոր է անէությունից Սևրի պայմանագրի «հնագիտական պեղումը», և դա կարող է դառնալ հրատապ բանավեճի առարկա ոչ միայն ուսումնասիրողների համար, այլև հրատապ քաղաքականությամբ զբաղվող քաղաքական շրջանակներում։
Հասկանալի է, որ այդպիսի վերակենդանացումը չի կարող հաջողված լինել առանց որևէ խոշոր տերության իշխանության աջակցության։ Եվ հարցն այն է, թե ո՞վ և ինչպիսի՞ նախաձեռնություն հանդես կբերի Հայաստանում ու հայկական սփյուռքում։ Ինչպես նաև` որքանո՞վ այդ նախաձեռնությունները կարող են ստանալ լայն հասարակական-քաղաքական հնչողություն, աջակցություն այն միջազգային կազմակերպություններում, որոնք հարյուր տոկոսով ԱՄՆ-ի ազդեցության ներքո չեն։ Եվ, վերջապես, ինչպիսի՞ն են լինելու այդ նախագիծը միջազգային ասպարեզում առաջ մղելու մեխանիզմները։ Հետաքրքիր է այն, որ Վաշինգտոնում բավական հայտնի հունական քաղաքական ու լոբբինգային «Արևմտյան քաղաքական կենտրոն» կազմակերպությունը, որն ինտեգրացված է ԱՄՆ-ի պետական կառույցներին, զգալի հետաքրքրություն է ցուցաբերում Սևրի պայմանագրի հետ կապված նախագիծը հեռանկարում ասպարեզ բերելու առումով։ Վաշինգտոնյան մեկ այլ ու ավելի խոշոր քաղաքական հաստատություն` Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնը նույնպես համարժեք հետաքրքրություն է ցուցաբերում։
Հարկ է ընդգծել, որ նաև վտանգավոր է թվում ԱՄՆ-ի կամ այլ հզոր տերության նախաձեռնությամբ Սևրի պայմանագրի հետ կապված միջոցառումների իրագործումը, քանի որ այդ համատեքստում չի ապահովվում համարժեք վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ` հայկական շահերի տեսանկյունից։ Կարելի է ենթադրել, որ առանձին հայ գործիչներ և ֆունկցիոներներ որոշակի ժամանակահատվածում կարողացել են պաշտպանել Հայաստանի ու հայության շահերը, սակայն շատ բան կախված է այդ կարգի գործիչների անհատական հատկանիշներից և նրանց պարտավորված հարաբերություններից հայաստանյան պաշտոնական շրջանակների հետ։ Չպետք է մոռանալ, որ Սևրի պայմանագրով են պայմանավորված հայոց պատմության ողբերգական իրադարձությունները։ Ըստ այդմ, շատ բան կախված է նրանից, թե ինչպես հայկական կողմը, այսինքն` Հայաստանն ու սփյուռքը, կկարողանա վերահսկել այս նախագծի ընթացքը։
2006 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում նախաձեռնություն է դրսևորվել Սևրի պայմանագրի հետ կապված հրապարակումներ կազմակերպելու, և դա արել են Հայաստանում ռուսական շահերն արտահայտող անձինք։ Ընդ որում, առաջարկվում էին նաև որոշակի դրամական միջոցներ` հեռուստաալիքներից մեկով այս հարցի վերաբերյալ ճանաչված հայ քաղաքագետներից կամ հրապարակախոսներից մեկի ելույթը կազմակերպելու համար։ Այդ հրապարակումների և ելույթների նպատակը պետք է լիներ Սևրի պայմանագրի հետ կապված հայկական հույսերը ծաղրի ենթարկելը, ինչպես եղավ 1920 թվականին։ Այն բանից հետո, երբ հիշյալ անձանց բացատրվեց, որ Սևրի պայմանագրից առաջ գոյություն է ունեցել 1918-ի փետրվարին խորհրդային իշխանության հրապարակած «Թուրքահայաստանի մասին դեկրետը», նրանք սկսեցին ջանքեր գործադրել, որ այդ խոսակցություններն ու հրապարակումները տարածում չգտնեն։ Որովհետև Ռուսաստանը չի կարող չհասկանալ, որ Սևրի պայմանագրի վերակենդանացումը, անկախ դրա արդյունքներից, կհանգեցնի Հայաստանի ներգրավման արագացմանն արևմտյան հանրության նախաձեռնած գործընթացներում։ ԽՍՀՄ-ի պաշտոնական դիրքորոշումը Սևրի պայմանագրի վերաբերյալ միշտ էլ եղել է կտրուկ բացասական, ինչը, անկասկած, պայմանավորված էր այն աջակցությամբ, էական օգնությամբ, որ խորհրդային Ռուսաստանը ցուցաբերեց քեմալական Թուրքիային Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելիս։ Սևրի պայմանագրի վերաբերյալ որևէ դրական հիշեցում, չխոսելով արդեն այդ նախագիծն առաջ մղելու հավանականության մասին, հանգեցնելու է Ռուսաստանի կտրուկ բացասական դիրքորոշմանը։ Միաժամանակ Սևրի պայմանագրի քննարկումը միջազգային ասպարեզում կարող է դառնալ բավական գործնական լծակ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ և սփյուռքը կազմակերպելու գործում, ներառյալ Ռուսաստանի հետ երկխոսությունը, որը պատասխանատվություն է կրում 1920-21 թթ. իրադարձությունների համար։
Չի բացառվում, որ քաղաքական գրականության մեջ և ԶԼՄ-ներում Սևրի պայմանագրի հիշատակմամբ շահագրգռված են նաև եվրոպական այն պետությունները, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ պակաս բարդ չեն, քան հայ-թուրքական փոխհարաբերությունները։ Քաղաքական ուսումնասիրությունների փորձը ցույց է տալիս, որ առաջատար եվրոպական պետություններն ուշադիր հետևում ու վերլուծում են ցանկացած իրադարձություն կամ գործընթաց, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին։ Հայկական թեման շարունակում է մնալ Եվրամիության «արևելյան քաղաքականության» ուշադրության կենտրոնում` ամենից առաջ նկատի ունենալով Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները։ Սևրի թեման ժամանակ առ ժամանակ երևան է գալիս հատուկ քաղաքական գրականության մեջ, Եվրոպայի հեղինակավոր ԶԼՄ-ների հրապարակումներում։ Այդ կարգի հրապարակումները հայտնվում են բավական տարօրինակ ձևով, երբ ոչ միշտ են հայտնի լինում դրանց աղբյուրներն ու շահագրգիռ սուբյեկտները, որոնց շնորհիվ այդ նյութերը հայտնվում են հրապարակում։ Չի կարելի ասել, թե եվրոպական հանրության մեջ արդեն իսկ գոյություն ունի Սևրի պայմանագրի հետ կապված որոշակի բանավեճ, սակայն ինչ-որ մեկը հետևողականորեն ինչ-որ մեկին դրդում է այդպիսի նախաձեռնությունների։ Եվրոպան Թուրքիայից զգուշանում է շատ ավելի, քան թվում է իրականում։ Եվրոպան խուճապային վախ է ապրում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հավանականությունից ու պատրաստ է ցանկացած նախաձեռնության` դա թույլ չտալու համար։ Եվրոպական քաղաքական գործիչներն ու փորձագետները կարող են անվերջ խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կամ կարգավորման մասին, սակայն այդ ամենը պարզ կեղծարարություն է ու վաղուց արդեն բացահայտված բեմադրություն։ Այդ պատճառով էլ Եվրոպայում, շատ նախանշաններից ելնելով, արդեն ձևավորվել է ամենաբարենպաստ հող Սևրի պայմանագրի` իբրև նոր քաղաքական նախագիծ քննարկելու համար։
Այսպիսով, Սևրի պայմանագիրը կարող է դառնալ բավականին լայն միջազգային քննարկման առարկա` առնվազն փորձագիտական հանրության շրջանակներում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր են այդ իրադարձությունների հետ կապված տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը, շահագրգիռ կողմերի, կոնկրետ կառույցների, նախագծերի ու մտադրությունների բացահայտումը։ Բայց գլխավորը, այնուամենայնիվ, ռազմավարության, մոտեցումների ու հնարքների մշակումն է` «Սևրի նախագիծը» մոտ ապագայում ասպարեզ բերելու համար։ Այդ նախագիծը պետք է ստանա լեգիտիմ ճանաչում հայկական քաղաքական դասակարգի շրջանակներում` բովանդակային բանավեճի ճանապարհով, ու շատ կարևոր է, որ հայտնի քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը չփորձի սեփականել այն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4310

Մեկնաբանություններ