«Չգիտեի, որ Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը, դարձել է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Նախկինում նրա գործունեության ուղղությունը հիմնականում դա էր։ Բայց պարզվում է` հիմա մարդը սոցիալական հարցերով է զբաղվում ու գազի գնի բարձրացումը շատ նորմալ է համարում։ Երևի նոր տնտեսական տեսություն է ուսումնասիրել... Հակոբ Հակոբյանն ու նրա նմաններն իրավիճակին չեն տիրապետում։ Հիմա շատ դժվար է լինել պաշտոնյա ու հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում։ Նույն Հակոբ Հակոբյանը թող մեքենա նստի ու գնա իր հարազատ Մարտունի, հարցնի մարդկանց` իրենց տնտեսական, սոցիալական վիճակը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Հետո կհասկանա` իրականում ինչ է կատարվում»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` հանգամանորեն վերլուծելով երկրում առկա տնտեսական վիճակն ու դրա առնչությամբ հնչող իշխանության որոշ ներկայացուցիչների տեսակետները։ Փաստելով հասարակության մեծ դժգոհությունը գազի սակագնի բարձրացման առնչությամբ` բանախոսը վկայակոչեց կոնգրեսի «100 քայլ» տնտեսական ծրագիրը, որը ենթադրում է համակարգային փոփոխություն։ «Իշխանությունում ամենաշատ հեքիաթ պատմողն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն է, ով ասում է, թե 2009-ին պատվով հաղթահարեցինք ճգնաժամը։ Այնինչ, ընդամենը հունվարին արձանագրվել է 1,2 տոկոս տնտեսական աճ, սակայն նույնիսկ գների համադրության պաշտոնական փաստաթղթում տոկոսը 10,1 է։ Սա նշանակում է, որ մեզ մոտ համարյա աճ չկա։ Առավել վտանգավոր է, որ նրանք հաշվի չեն առնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, որոնց համաձայն` Հայաստանի տնտեսությունը 2008-ի մակարդակին կվերադառնա 2014-ին»։
Հայաստանի տնտեսության առկա վիճակը տնտեսագետին դրական կանխատեսումների որևէ հիմք չի տալիս, քանի որ ամեն ինչ փչացնում է մենաշնորհը։ «Ե՛վ պետական, և՛ մասնավոր մենաշնորհը պետք է վերացնել, այսօր այն դարձել է անկառավարելի»,- ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը` հիշեցնելով վերջերս մեծ աղմուկ առաջացրած «ոչխարների գործը»։ «Ոչ մեկս չստացանք այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության ոչխարներն այդքան գայթակղիչ դարձան հարևան մուսուլմանական երկրի համար։ Բոլոր առավելություններն ունեինք նաև 10-15 տարի առաջ, բայց, չգիտես ինչու, մեր ոչխարների նկատմամբ այդքան ուշադրություն չկար»,- հեգնեց Խաչատրյանը։
Բացի տնտեսական վերլուծություններից, Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաև քաղաքական հարցերի։ 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հյուրը նկատեց. «Եթե Ցեղասպանության հարցը պետության քաղաքական ուղղություններից մեկը դարձնենք, այն լսելի չի լինի միջազգային հանրության և գերտերությունների կողմից։ Արդեն չորրորդ անգամ է բանաձևն ընդունվում, այդ իսկ պատճառով մեծ վերապահում ունեմ։ Ցեղասպանությունը դարձել է քաղաքական հարց, այնինչ, եթե այն լիներ բարոյական հարթությունում, գուցե մոտեցումն այլ լիներ։ Ամենայն հավանականությամբ, հարցը լիագումար նիստ չի մտնի։ Ավելին, սրանով մենք կկորցնենք երկխոսությունը շարունակելու հերթական հնարավորությունը։ Սա ավելի շատ կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին»։
Հավաստիացնելով, որ սահմանի բացումը պայմանավորված է ղարաբաղյան հիմնախնդրով, Խաչատրյանը հավելեց. «Շեշտադրումները պետք է ուղղել Թուրքիային, ի վերջո, սահմանը փակողը Հայաստանը չի եղել։ Չէի ցանկանա, որ խնդրողի, աղերսողի դերում ներկայանանք ու սահմանի բացման մասին ավելի շատ մենք խոսենք։ Զուտ արժանապատվության խնդիր է։ Երկիր է` ապրում ենք, վա՛տ ենք ապրում, իհարկե, բայց գոնե կարողանանք մեր արժանապատվությունը պահել»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ