ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ
18.12.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների պատճառով ստեղծված իրավիճակը, հետագա հնարավոր զարգացումները մեկնաբանում է ՆԺԿ նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Կարապետյան, Թուրքիայի վարչապես Էրդողանն այցելեց ԱՄՆ և, ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկեց նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարը։ Ըստ նրա հայտարարության, իրենք չեն կարող Թուրքիայի խորհրդարանին պարտադրել արձանագրությունների վավերացումը` առանց ղարաբաղյան հարցի իրենց պատկերացրած լուծման։ Սա, փաստորեն, դիվանագիտորեն ձևակերպված մերժում է, Թուրքիան ակնհայտորեն մտադիր է արձանագրությունները չվավերացնել։ Արդյոք իմաստ ունի՞ Հայաստանում այս հարցի շուրջ հետագա աժիոտաժը, եթե Թուրքիան չվավերացնի, Հայաստանն էլ կմերժի ու այդպիսով ջրից չոր դուրս կգա։
-Այն փաստաթղթերը, որ կան ասպարեզում, և որոնց մենք տիրապետում ենք, թույլ են տալիս պնդելու, որ Հայաստանն ընդհանրապես ջրից դուրս չի գա` օրվա իշխանությունների քաղաքականության ուղղակի պատճառով։ ՈՒշադրության է արժանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը դաշնակցության հարցադրմանը, ուր նա հաստատում է, որ հայ-թուրքական արձանագրությունների այս ողջ շոուն նախաձեռնել են Հայաստանի իշխանությունները։
-Դե, ասենք, Նալբանդյանը փորձում է այդպես ներկայացնել, որ Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն է վարում։ Ցանկացած իշխանություն էլ այդպես կվարվեր։
-ՈՒրեմն, այս կարգի «նախաձեռնողական» քաղաքականությունը, որպես կանոն, ուղղակիորեն պայմանավորված է լինում արտաքին ճնշումներով։ Եթե դա անգամ իշխանություններից է բխել, ապա նրանց ցանկությունն աշխարհաքաղաքական դաշտում «իրական» խաղացող դառնալու ձախողված փորձ է։ Միխայիլ Գորբաչովն էլ, երբ նախաձեռնեց «պերեստրոյկան», այն սկսեց «նախաձեռնողական» քաղաքականությամբ։ Որքան ես տիրապետում եմ այսօր արդեն բացված աղբյուրներին ու փաստերին, Գորբաչովը, դեռ մինչև ԽՄԿԿ գլխավոր քարտուղար դառնալը, մեկ ուրիշ քարտուղարի` Ալեքսանդր Յակովլևի հետ այցելել էր Մեծ Բրիտանիայի այն ժամյա վարչապետ Մարգրետ Թետչերին։ Եվ նրա սեղանին էր դրել դեպի Անգլիա ուղղված խորհրդային ստրատեգիական հրթիռների իրական քարտեզը` գաղտնի ծածկագրերով, և այն ներկայացրել որպես «նախաձեռնողական» քաղաքականության ապացույց։ Այսինքն, երկու մարդ պետական գաղտնիքները հանձնել էին ռազմավարական հակառակորդ կողմին։ Թե ինչ եղավ «պերեստրոյկայի» արդյունքը, հայտնի է` ԽՍՀՄ-ը փլուզվեց։
Հասկանալի է, որ ցանկացած քայլ սոփեստական փիլիսոփայության սկզբունքներով կարելի է գլխիվայր շուռ տալ և ներկայացնել իբրև ձեռքբերում, ինչը և փորձում են անել Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված։ Բայց ակնհայտ է, որ այդ քաղաքականության պատճառով մենք փակուղու շեմին ենք։
-Կարո՞ղ եք հիմնավորել այդ մեղադրանքը։
-Իհարկե, որովհետև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը տապալվելու շատ մեծ հավանականություն ունի, և դրա արդյունքում մենք է՛լ ավելի վատ փոխհարաբերություններ կունենանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եթե դու մի բան նախաձեռնում ես, բայց չես կարողանում մինչև վերջ հասցնել, որովհետև Թուրքիայի առաջադրած նախապայմանների պատճառով դա հնարավոր չէ, ապա հակառակ կողմը ուղղակի կատաղում է։ Նկատի ունենանք, որ այս գործընթացը սովորական երկկողմ հարաբերությունների պրոցես չէ։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան միջամտել և մասնակցում են այս գործընթացին, Թուրքիան սկզբից խոստումներ էր տալիս, հետո նախապայմաններ առաջադրում, քրդական կուսակցություններ փակում, Ադրբեջանն է նեղանում Անկարայից։ Եվ այդքանից հետո պարզ է, որ գործընթացի տապալման դեպքում այսօրվա իշխանություններով Հայաստանը չի կարող ջրից չոր դուրս գալ։
Մինչև Էրդողանի ամերիկյան այցը մեր իշխանությունները բառակույտեր շաղ տալով հավաստիացնում էին, որ չկա հարաբերությունների կարգավորման ոչ մի նախապայման, թեպետ դրանցից երկուսն ակնհայտորեն ամրագրված էին հայ-թուրքական արձանագրությունների դեռևս նախաստորագրված տեքստում։ Ժամանակն ապացուցեց, որ դատարկ հայտարարությունները նշանակություն չունեն, և հիմա արդեն պարզվում է, որ Էրդողանի` Վաշինգտոն մեկնելուց հետո պայման կա` Ղարաբաղը։ Այստեղից կարելի է ենթադրել, որ դա իբրև նախապայման գոյություն ուներ նաև փաստաթղթի ստորագրումից առաջ։ Հիմա Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե մենք նախապայմանի դեպքում հետ ենք կանգնելու, բայց չէ՞ որ իրենք համոզված հայտարարում էին, որ ոչ մի նախապայման կամ պայման չկա։ Այդ որտեղի՞ց ծնվեց։
-Պարզապես Էրդողանն ԱՄՆ-ում դա ամրագրեց բացահայտ։
-Էրդողանը, Գյուլը, Դավուդօղլուն երեկվա քաղաքական գործիչները չեն։ Անկախ իրենց ազգային պատկանելությունից, նրանք փորձառու, քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, թե նրանք, նախապայման չունենալով, կմտնեին այս գործընթացի մեջ։ ՈՒրեմն, նախապայմանը նաև նախապատմություն ունի և ստորագրելուց հետո է դարձել ուղղակի պայման։
-Եթե անգամ ընդունենք, որ այդպես է, ի՞նչ է անելու ընդդիմությունը։
-Գիտեք, ես միշտ վախենում եմ մարդկանցից, որոնց մոտ գիշերը փաստաթուղթ ստորագրելը վերածվում է սովորության։ Չեմ բացառում, որ մինչև մեր զրույցի հրապարակվելը, գիշերով մի փաստաթուղթ էլ ի հայտ գա, որով փորձեն հիմնավորել, որ նախապայմանը պայման չէ։ Մենք մեր պայքարը պետք է շարունակենք և գործադրենք բոլոր հնարավոր ջանքերը, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն։ Վավերացման գործընթացն արդեն մտել է Սահմանադրական դատարան, և ընդդիմությունը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ դրանք դատարանը մերժի որպես Հայաստանի սահմանադրությանը հակասող փաստաթղթեր։
-Բայց դրա համար իրավական հիմնավորումներ կա՞ն։
-Անշուշտ, կան, և դրանք բաժանվում են մի քանի խմբերի։ Առաջինն իշխանությունների թույլ տված ընթացակարգային խախտումներն է։ Որովհետև ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր նման դեպքում տարբեր գերատեսչություններ պետք է համապատասխան եզրակացություններ տան նախաստորագրվող փաստաթղթի վերաբերյալ, պետք է առկա լինի համապատասխան կարգադրությունը և այլն։ Մինչդեռ, ՀՅԴ-ի հարցադրմանն ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ «ՀՀ նախագահի մոտ կայացած փակ խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահը հանձնարարական է տվել արձանագրությունների վավերացման գործընթացն իրականացնել միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և, հետևաբար, հարցապնդման մեջ նշված ընթացակարգերը պահպանելու անհրաժեշտություն չի եղել»։ Սա ուղղակի մեջբերում է։ Եվ դա նշանակում է, որ գործը «հորով-մորով» անելու համար փակ խորհրդակցության ժամանակ որոշում են կայացրել շրջանցել օրենքով սահմանված ընթացակարգը։ Հարց է առաջանում` ինչո՞ւ, եթե լավ գործ է արվում, ինչո՞ւ փակ խորհրդակցության ժամանակ, եթե թաքցնելու բան չունեն։ Սա իրավական հակասությունների առաջին բլոկն է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ արձանագրությունների վավերացումն ուղղակիորեն առնչվում է ցեղասպանության, հայ-թուրքական սահմանի խնդրին, հակասելով Հայաստանի Սահմանադրությանը։
-Նկատի ունեք, որ ենթադրում է սահմանների փոփոխությո՞ւն։
-Հայաստանի ներկայիս տարածքը` 29 հազար քառ. կմ, այն է, ինչ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից։ Սակայն Հայաստանի Սահմանադրության նախաբանում նշվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...»։ Այսինքն, Սահմանադրությունը հղում է անում Հռչակագրին, իսկ Հռչակագրի 11-րդ կետով Հայաստանն անվերապահ պարտավորություն է ստանձնել 1915-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սատարելու։ Դրանով իսկ մենք իրավական դաշտում ֆիքսել ենք, որ գոյություն է ունեցել Արևմտյան Հայաստան, որտեղ իրագործվել է Հայոց ցեղասպանությունը։
-Դա ենթադրո՞ւմ է, որ այն պետք է միացվի ներկայիս Հայաստանին։
-Հռչակագրով պարզապես նման հղում չկա, բայց ամրագրված է, որ մենք հողազրկվել, հայրենազրկվել ենք, քանի որ Արևմտյան Հայաստանը գոյություն է ունեցել։ Իսկ այսօր արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրություններով փորձ է արվում ամրագրել 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը` հայ-թուրքական ընդհանուր սահմանի ճանաչման հոդվածի ներառումով։ Եթե մենք Հռչակագրում պնդում ենք, որ կա Արևմտյան Հայաստան, իսկ արձանագրություններով ճանաչում այսօրվա սահմանը, արձանագրությունները հայտնվում են Հռչակագրի, հետևաբար նաև Սահմանադրության հետ ուղղակի հակասության մեջ։ Որովհետև, եթե այսօրվա սահմանը պետք է ճանաչվի, ապա էլ ինչի՞ համար է Հայաստանը հետապնդում ցեղասպանության ճանաչումը։ Աշխարհում միշտ այդպես է եղել, որ ցեղասպանության ճանաչումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, հանգեցնում է հետևանքների` փոխհատուցման ձևով։ Դա կարող է լինել բարոյական, նյութական վնասների հատուցում։ Իսկ այսօրվա հայ-թուրքական սահմանը ճանաչելով, մենք, փաստորեն, Արևմտյան Հայաստանից հրաժարվում ենք։
-Սակայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն անգամ Հայաստանին ուղղակի տարածքային պահանջներ առաջադրելու հնարավորություն չի տալիս։
-Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ողջ հայ ազգին, ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն` ողջ ազգն է պահանջատեր, որովհետև ազգն է ենթարկվել ցեղասպանության: Փոխհատուցման պահանջը տարածվում է նաև ցեղասպանության պատճառով հայրենիքից դուրս գտնվող հայության երկու երրորդի վրա։ Արձանագրությունները վավերացնելով` Հայաստանի իշխանությունները, փաստորեն, պետական մակարդակով զրկում են հայ ազգին հետագայում փոխհատուցում պահանջելու հնարավորությունից` հայրենիքը հետ ստանալու ճանապարհով։
-Դուք ասում եք, որ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչում։ Բայց Խորհրդային Հայաստանը ստորագրել է այդ պայմանագիրը, իսկ ներկայիս Հայաստանը դուրս չի եկել այդ պայմանագրից։ Հետևաբար, այն, այսպես թե այնպես, ուժի մեջ է։
-Բոլորովին էլ ո՛չ։ Այս կապակցությամբ կա թյուրիմացություն և դիտավորյալ տարածված կեղծիք։ Ներկայիս Հայաստանը որևէ փաստաթղթով, այդ թվում` դիվանագիտական վավերագրով երկկողմ հարաբերություններում չի ճանաչել Կարսի պայմանագիրը։ Այն չի ճանաչել նույնիսկ Հայկական ԽՍՀ-ն։ Որովհետև, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, բոլոր այն միջազգային պայմանագրերը, որ կնքվել են ճնշման հետևանքով, ուղղակիորեն անվավեր են համարվում։ Դա գիտեն նաև թուրքերը և դրա համար են արձանագրություններով պահանջում ընդհանուր սահմանի ճանաչումը, ինչը քողարկված ձևով ենթադրում է Կարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից։ Եվ Հայաստանի իշխանությունները փորձում են նույն քողարկված ձևերով դա անցկացնել։
1970-ականներին, երբ իրականացվել է խորհրդաթուրքական սահմանի հերթական դեմարկացիան, թուրքական կողմը պահանջել է, որ այդ փաստաթուղթը ստորագրեն նաև հայկական և վրացական ԽՍՀ-ների ներկայացուցիչները, որպեսզի գոնե այդ ձևով իրենց ձեռքին ունենան Հայաստանի որևէ ստորագրություն։ Հայկական կողմից ներկայացուցիչը հայ զինվորական է եղել` Գուրգեն Նալբանդյան։ Երբ ռեդեմարկացիայի մասին փաստաթուղթը պատրաստ է եղել, վերջնական ստորագրման ժամանակ նա հայտարարել է, որ որևէ հայ նման փաստաթուղթ չի ստորագրի, ու լքել է բանակցությունների դահլիճը։ Այսօր Նալբանդյան ազգանունը կրող Հայաստանի արտգործնախարարը բոլոր ջանքերը գործադրում է ստանձնած պատվերը կատարելու համար։ Ճակատագրի հեգնանք է։
-Իսկ արձանագրությունների տեքստերի թարգմանության հետ կապված հակասությունները կարելի է ավարտվա՞ծ համարել։
-Դա էլ պակաս զավեշտալի պատմություն չէ, որովհետև հայ-թուրքական արձանագրությունների երեք տեքստ հրապարակ եկավ, և բոլորն էլ իրարից տարբեր։ Թարգմանաբար ներկայացվեց նախաստորագրված տեքստը, հետո միջանկյալ տեքստը, ուր ուղղված էին նախորդում թույլ տրված թարգմանական իբր «թերությունները», և վերջապես վերջնական հայերեն տեքստը` ստորագրված Ցյուրիխում, հոկտեմբերի 10-ին, անգլերեն և թուրքերեն տեքստերին զուգահեռ։ Կարող եմ վստահաբար պնդել և անհրաժեշտության դեպքում ապացուցել, որ վերջնական ստորագրման ժամանակ գրեթե բոլոր հոդվածներում կրկին փոփոխություններ են եղել։ Այսինքն` նախաստորագրվելուց հետո մենք քննարկել ենք մի բան, ստորագրվել է բոլորովին այլ բան։ Սա էլ կարևոր հանգամանք է, որի վրա պետք է հրավիրել Սահմանադրական դատարանի ուշադրությունը։
-Հունվարի 12-ին ՍԴ-ն կքննարկի արձանագրությունները։ Որո՞նք են լինելու ընդդիմության հնարավոր գործողությունները։
-Ցավոք, Սահմանադրական դատարանում քննարկմանը մենք որպես դատավարության կողմ մասնակցելու իրավունք չունենք։ Այդպիսին է ընթացակարգը, որ միջազգային փաստաթուղթը ներկայացնում է համապատասխան գերատեսչությունը և ՍԴ-ն արդեն որոշում է դրա համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը սահմանադրությանը։ Ընդդիմությունը, անշուշտ, դիմումի ձևով կարող է իր փաստարկները ներկայացնել դատարանին, բայց քննարկմանը մասնակցելու հնարավորություն չունի։ Հայտարարվելու է, որ քննարկումը բաց է լինելու, և դա կարևոր է։ Մենք, անկասկած, ներկա ենք լինելու, որպեսզի տեսնենք, թե այս անգամ մյուս գերատեսչությունները, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը, իրենց եզրակացությունները կտա՞ն այդ փաստաթղթերի վերաբերյալ, թե՞ ոչ։ Որովհետև պարզաբանումներ են անհրաժեշտ ազգային անվտանգության խնդիրների տեսանկյունից, և որքանով, ասենք, Հայաստանը կարող է դառնալ թմրանյութերի տրանզիտային երկիր, եթե այս ձևով հայ-թուրքական սահմանը բացվի, կամ ո՞րն է Թուրքիայի իրական աշխարհաքաղաքական շահն այս ողջ գործընթացում։ Այդ պարզաբանումները եթե լինեն, դրանից հետո ես կրկին հանդես կգամ մամուլում։
-Ընդդիմության գործողությունները չպարզաբանեցիք, ի՞նչ են անելու 12-ի ձևաչափում ընդգրկված կուսակցությունները։
-Մենք ցանկանում ենք մեր գործընկերների հետ հունվարի 12-ին ժողովրդին հավաքել Սահմանադրական դատարանի մոտ։ Դա ճնշում գործադրելու նպատակ չի հետապնդում, այլ որ դատարանը տեսնի, որ հասարակության մի զգալի զանգված դեմ է հանդես գալիս այդ խայտառակ փաստաթղթերին, և ճանաչի դրանք սահմանադրությանն անհամապատասխան։ Այսինքն` ներգործության մեր միջոցները զուտ քաղաքական են, առայժմ։
-Հնարավոր համարո՞ւմ եք 12-ի ձևաչափի համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ։
-Չկա այդպիսի համագործակցություն։ ՀԱԿ-ը հայտարարել է, որ, վերապահություններ ունենալով հանդերձ, իրենք կարծում են, որ հայ-թուրքական «հաշտեցման» ընդհանուր գործընթացը վատը չէ։ Բայց այս պահին նորմալ լուծում գտնել հնարավոր չէ: Ժամանակի ընթացքում իրենք որոշ ճշգրտումներ արեցին, բայց նրանց ակտիվ պայքարը այս գործընթացի, ինչպես նաև ղարաբաղյան հարցում տեղի ունեցող զարգացումների հետ կապված, ես դեռ չեմ տեսնում։ Իսկ 12-ի ձևաչափի ստեղծման առաջին առաջարկը մենք ենք արել դեռևս ապրիլի 23-ին` ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», որ արժե սկսել համագործակցություն այս գործընթացը տապալելու համար։ Հետագայում այս հարցում հիմնական նախաձեռնությունն անցավ դաշնակցությանը, ինչը մենք շատ նորմալ ենք համարում, որովհետև այս հարցում հենց դաշնակցությունն է, որ առաջնային դերակատարություն պետք է ունենար ու իր դիրքորոշումը հայտներ։
-Ձեր և ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի նախկին դաշնակցական լինելը պրոբլեմ չստեղծե՞ց այդ համագործակցության առումով։
-Նախկինում դա, իսկապես, պրոբլեմ էր, բայց այսօր արդեն ոչ։ Որովհետև մենք դաշնակցության հետ սկզբունքորեն կիսելու բան չունենք արձանագրությունների հարցում։ ՈՒստի, նորմալ համագործակցում ենք։ Բոլոր դեպքերում, 12-ի ձևաչափը միջկուսակցական դաշինք չէ, այլ հենց համագործակցություն կոնկրետ հայ-թուրքական արձանագրությունները տապալելու նպատակով։ Եվ մեզ անհրաժեշտ է համախմբել ժողովրդին ու ցույց տալ, որ մենք լուրջ ուժ ենք ներկայացնում, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Հայաստանի իշխանություններն իրենց արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը մտցրել են փակուղի, այդ մասին ես ասել եմ նաև կուսակցությունների հետ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հանդիպման ժամանակ։ Միակ իշխանական միջոցառումն էր, որին մասնակցել եմ, սակայն դա էր պարտադրում հարցի կարևորությունը։ Ժամանակին սերբերն էլ մեզ պես սխալվեցին, և Միլոշևիչը կյանքն ավարտեց Հաագայի միջազգային դատարանում։ Այս հեռանկարը թող Հայաստանի ներկա վարչակարգն աչքի առաջ միշտ ունենա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ