(սկիզբը` թիվ 28-ում)
Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի
վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են,
և ուր գողերը պատերն են ծակում ու
գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ
համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց, և ո՛չ
ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը
պատերն են ծակում ու գողանում, քանի որ,
ուր ձեր գանձերն են, այնտեղ և
ձեր սրտերը կլինեն (Մատթ. 6.19):
ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ (երանիները)
Բ. Երանի˜ սգավորներին, որովհետև
նրանք պիտի մխիթարվեն (5.4)։
«Եթե Աստծո պատվիրաններին հանապազ հայող հավատավոր մարդը կատարի նրանց բոլոր պահանջները և խորհի նրանց վեհության, այսինքն` այն անարատ վարքի և մաքրության մասին (ինչպիսիք պատվիրանները պատկերվում են), ապա քննելով իր անձը` կտեսնի, որ չափազանց տկար և անզոր է պատվիրանների այդ վեհությանը հասնելու համար, կտեսնի, որ միանգամայն աղքատ է և անարժան Աստված ընդունելու կամ էլ գովաբանելու կամ փառաբանելու Նրան, քանի որ տակավին և ոչ մի բարի բան ձեռք չի բերել: Այդպիսի մարդը, խորհրդածելով այդ ամենի շուրջ, անկասկած, ի խորոց սրտի երանելիագույն լացով կլացի, որը մխիթարության պատճառ կդառնա և հոգին կհեզացնի» (ս. Սիմոն Նոր Աստվածաբան):
Հարկ է նշել, որ հոգևոր սուգը շահեկանորեն տարբերվում է աշխարհիկ սգից, քանզի առաջինը Եկեղեցու հայրերն անվանում են ուրախարար սուգ, և դա Աստծո արքայության հույսի, մեղքից ազատագրվելու բերկրանքի նշանն է: Իսկ երկրորդը` աշխարհիկ սուգը, հուսահատությամբ տանում է կործանման և շատ վտանգավոր է.
Գ. Երանի˜ հեզերին, որովհետև
Նրանք երկիրը պիտի ժառանգեն (5.5):
Ըստ ս. Գ. Տաթևացու` հեզությունը բարկացկոտության, իսկ խոնարհությունը հպարտության հակոտնյաներն են: Հեզությունը, որ մարդու հոգու անխռով վիճակն է` ազատ կրքերից, բարկացկոտությունից, հանդգնությունից, կռվազանությունից, փառասիրությունից, հպարտությունից, մեծ առաքինություն է և սանձահարում է մեղքերը.
«Անզգամ մարդը հակառակություն է գրգռում,
հեզաբարո մարդը դադարեցնում է մեղքերը,
իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք» (Առակ. 29.22):
Սուրբ Գիրքը հեզության երկու գերագույն օրինակ է մեզ տալիս. «Մովսեսը, սակայն, շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ» (Թվեր ԺԲ 3) և մյուսը մեր Փրկիչն է, ով ասում է.
«Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և
սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և
սրտով խոնարհ. և ձեզ համար
հանգիստ պիտի գտնեք որովհետև
Իմ լուծը քաղցր է և իմ բեռը` թեթև» (Մատթ. ԺԱ 29.30):
Դ. Երանի˜ նրանց, որ քաղցն ու ծարավն
ունեն արդարության, որովհետև
նրանք պիտի հագենան (5.6):
«Այսու,- ինչպես գրում է ս. Հ. Ոսկեբերանը,- երանվում են նրանք, ովքեր ճիգ ու ջանք են գործադրում հափշտակությունը և շահախնդրությունն արգելող արդարության համար: [Տերը] չասաց` երանի նրանց, ովքեր արդարություն են փնտրում, այլ «Երանի˜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության»` դրանով իսկ հորդորելով, որ ոչ թե հենց այնպես, այլ կատարյալ սիրով ձգտենք դրան… Նա դարձյալ մատնանշում է դրան հաջորդող զգայական վարձքը` ասելով. «որովհետև նրանք պիտի հագենան»: Իսկ քանի որ շատերն են կարծում, որ արծաթասիրությունն է հարստացնում, ապա նա ասում է` ընդհակառակը, արդարությունն է հարստացնում: Այսպես, ուրեմն, արդար վարվելով, մի՛ վախեցիր աղքատությունից և մի՛ սարսափիր սովից»:
Այլ կերպ ասած` Քրիստոսի հետևորդները պիտի արդարություն փնտրեն Աստծո առաջ այնպես, ինչպես սովյալները փնտրում են հաց, իսկ ծարավները` ջուր:
Ե. Երանի՜ ողորմածներին, որովհետև
նրանք ողորմություն պիտի գտնեն (3.7)։
Ս. Գրիգոր Տաթևացին գրում է. «Դարձյալ` ողորմությունը կամավոր ցավակցություն է այլոց թշվառության նկատմամբ: Իսկ ողորմության գործերը տասնչորսն են` յոթ մարմնական և յոթ հոգևոր: Արդ, մարմնականները սրանք են` ա. կերակրել սովյալներին, բ. ջուր տալ ծարավներին, գ. հագցնել մերկերին, դ. օտարականներին ապաստանել, ե. փրկել գերյալներին, զ. այցելել հիվանդներին, է. թաղել մեռյալներին: Այս առաջին վեցը Ավետարանից են, իսկ յոթերորդը` Տոբիթի գրքից:
Հոգևոր ողորմությունները սրանք են` նախ ներել հանցավորներին, բ. հանդիմանել մեղավորներին, գ. ուսուցանել տգետներին, դ. խրատել երկմիտներին, ե. աղոթել մերձավորի փրկության համար, է. համբերել սեփական անձի դեմ գործված անիրավությունները: Եվ այս վերջինս այն բանի համար է ողորմության գործ կոչվում, որ մեղմաբարո և խոնարհ պատասխանը խորտակում է մերձավորի բարկությունը և շահում նրան»:
Ողորմությունը սիրո և սիրուց բխող անձնազոհության նշանն է` Աստվածաշնչի ուսուցումների ոգին և քրիստոնեության էությունը: Սակայն պետք է զգուշանալ ողորմությունը բացահայտ կամ ի ցույց մարդկանց կատարելուց, քանզի «այդ իսկ է նրանց վարձը», այսինքն` մարդկանցից գովեստների արժանանալով և մեծարվելով` այդպիսիք զրկվում են երկնային վարձքից:
Ողորմության մեջ կարևորը նաև քանակը չէ` ունեցածի նկատմամբ աննշան նվերը, այլ հոգին, ինչպես դա երևում է այրի կնոջ պատմության մեջ, որի երկու լուման, որ իր ողջ ունեցածն էր կազմում, զոհաբերությամբ նվիրաբերվեց (տե՛ս Ղուկ. 21.2):
Զ. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են,
որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (5.8):
Աստվածատեսության պայմանը սրտի մաքրությունն է, որը պատճառ է դառնում հոգու աչքերի (քանզի մարմնական աչքերով անհնար է Աստծուն տեսնել) տեսողության բացման: Այլ կերպ ասած` մարդու սրտի` հոգևոր կենտրոնի, խորհուրդների, զգացմունքների շտեմարանի և խղճմտանքի սրբագործման համեմատ մեծանում է Աստծուն հոգևոր աչքերով տեսնելու հնարավորությունը:
«Դյուրին գործ չէ,- ասում է ս. Մակար Եգիպտացին,- մաքուր սիրտ ձեռք բերելը, մարդը պետք է շատ պայքարի ու չարչարվի, որպեսզի մաքուր խիղճ ու սիրտ ունենա և լիովին արմատախիլ անի սեփական անձի մեջ չարությունը»:
«Մենք պետք է,- ասում է ս. աբբա Եսային,- մեր սիրտն անարատ պահենք ամենայն սրբության մեջ, եթե կամենում ենք, որ Աստված բնակվի նրանում»:
է. Երանի՜ խաղաղարարներին, քանզի
նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն (5.9):
Ս. Հերոնիմոսն այս կապակցությամբ ասում է, որ խաղաղարարը նա է, «ով նախ և առաջ իր սրտում, ապա և իրար հետ գժտված եղբայրների մեջ է խաղաղություն հաստատում»:
Իսկ թե ինչու են խաղաղարարները Աստծո որդիներ կոչվում, պատասխանում է ս. Հ. Ոսկեբերանը. «Աստծո Միածին որդու գործն էլ հենց այն էր, որ միավորեր բաժանվածը և հաշտեցներ թշնամացածներին»: Հետևաբար, այդպես են կոչվում, քանզի ընդօրինակում են Աստծո որդուն:
Ըստ ս. Գրիգոր Նյուսացու. «Երանի˜ խաղաղարարներին» հակիրճ արտահայտությամբ Սուրբ Գիրքը բազմաթիվ ախտերից ազատվելու պարգև է առաջարկում…
Նախ պարզենք, թե ինչ է խաղաղությունը: Ոչ այլ ինչ, քան բարեհաճ տրամադրվածություն ցեղակցի հանդեպ: Իսկ ո՞րն է սիրո հակոտնյան: Ատելությունը, անբարյացակամությունը, ջղագրգռությունը, նախանձը, հիշաչարությունը, կեղծավորությունը, պատերազմի աղետները: Տեսնո՞ւմ ես, թե ինչքան և ինչպիսի աղետներից է պաշտպանում այս մի ասույթը: Քանզի խաղաղությունը հակառակ է այս բոլոր թվարկվածներին և ոչնչացնում է չարիքը… Ինքդ դատիր, թե ինչպիսին կլինի փոխադարձաբար իրար կասկածողների և ատողների կյանքը: Հանդիպումները` տհաճ, նողկալի է ամեն ինչ դիմացինի մեջ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար, շուրթերը լուռ են, հայացքները` տարբեր կողմ ուղղված, ականջները` փակ… Սակայն ինչպես բուրմունքն է տարածվում օդում, այդպես էլ Տիրոջն է հաճո քեզ համար բազմապատկել խաղաղության շնորհը, որպեսզի կյանքը դառնա ուրիշի հիվանդության կազդուրում:
Ը. Երանի˜ նրանց, որ հալածվում են
արդարության համար, որովհետև
նրանցն է երկնքի արքայությունը (Մատթ. 5.10):
Բոլոր ժամանակներում էլ արդարները հալածվել են և հատկապես չար ու արատավոր հասարակություններում, քանզի ապրել են Աստծո պատվիրանների ու արդարության կանոններով: Ընդ որում, հավատացյալների` արդար ու բարեպաշտ կյանքով ապրողների հալածանքների ենթարկվելը խորհուրդ ունի. Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. «Եթե ինձ հալածեցին, ապա և ձեզ պիտի հալածեն» (Հովհ. ԺԵ 20): Եվ սա ինքնանպատակ չէ, քանզի ինչպես ասում է ս. Գ. Նյուսացին. «Հեռացումը չարից բարուն մոտենալու առիթ է ծառայում… Եվ թեև հալածանքը տառապալից է, սակայն նահատակության պսակը գերիվեր է ամենայն երանությունից… Իսկ Տերը, տեսնելով [մեր] բնության տկարությունը, նախապես ազդարարում է սխրանքի պսակի մասին, որպեսզի Արքայության հույսով կրեն ժամանակավոր տառապանքը»:
Ըստ Եկեղեցու հայրերի ուսուցման` բարեգործությանը հաջորդող փորձություններին համբերելն է ճշմարիտ առաքինությունը, քանզի նեղությունների, վշտերի և հալածանքների մեջ է, որ փորձվում է մարդու հավատքի զորությունը:
Թ. Երանի˜ է ձեզ, երբ ձեզ նախատեն
ու հալածեն և Իմ պատճառով
ձեր մասին ամեն տեսակ չար խոսք`
սուտ ասեն: Ցնծացե՛ք ու ուրախացե՛ք,
որովհետև երկնքում ձեր վարձը շատ է,
քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,
որոնք ձեզնից առաջ են եղել (5.11):
«Հանուն մեզ Քրիստոս մատնվեց անարգագույն մահվան: ՈՒստի մենք էլ հանուն Նրա պատվիրանների ու մեր մեղքերի համար պետք է համբերատար ու սառնասրտորեն տանենք արդար և անարդար վիրավորանքներն ու անարգանքները» (ս. աբբա Եսայի):
«Աստված թույլ է տալիս շատերին վիրավորել արդարին` պատեհություն ընձեռելով հավիտենական ու անվախճան փառք ձեռք բերելու, որը և շատ վշտեր կրելու վարձքն է» (ս. Նեղոս Սինայեցի):
«Սուտ ամբաստանությունների, վիրավորանքների ու նախատինքների հանդիպելիս ուշադրություն մի դարձրու, թե որքան անիրավ են դրանք քեզ պատճառողները: Այլ ուշ դի՛ր այն բանի վրա, որ Աստված քո իսկ օգտի համար է թույլ տվել այդ ամենը, և որ այդ բարիքից կզրկվես, եթե անհանդուրժողականություն, ջղագրգռություն և կռվազանություն ցուցաբերես: Մի՛ քննիր, թե ինչու Աստված հենց քեզ համար է թույլ տվել այդ: Հավատո՞ւմ ես, որ Աստված միշտ արդար և ողորմած է: Հավատա՛, որ և այս դեպքում էլ է Իր արդարությունն ու ողորմությունն անում, թեև չես էլ հասկանում ինչպես» (ս. Պետրոս Դամասկացի):
Այս երանությունը ցույց է տալիս ոչ միայն այդօրինակ փորձությունների իմաստը, որ է «Իմ պատճառով», այսինքն` քրիստոնյա` Նրա հետևորդը լինելու համար, այլ հորդորում է ցնծությամբ և արիությամբ տանել այդ ամենը` գիտակցելով Աստծո արքայության մեջ սպասվող մեծ վարձը:
Ի մի բերելով բոլոր երանությունները` ս. Հ. Ոսկեբերանը գրում է. «Առաջին պատվիրանից միշտ ճանապարհ հարթելով մյուսին` Քրիստոս մեզ համար ոսկե շղթա միահյուսեց: Քանզի խոնարհ մարդը միշտ կլացի իր մեղքերի վրա, իր մեղքերի վրա լացողը հեզ, հանդարտ և ողորմած կդառնա, ողորմածը, իհարկե, կդառնա և՛ արդար, և՛ սրտով մաշված ու մաքուր, իսկ այդպիսին խաղաղարար կդառնա, իսկ ով հասնի այս ամենին, վտանգներին պատրաստ կլինի, չի սարսափի չարախոսությունից և անթիվ պատուհասներից»:
Միայն ու միայն քրիստոնեությունն է իր մեջ պարփակում ջուրը կենդանի և ի զորու է մարդուն բերելու կենդանի ջրի աղբյուրներին և փրկելու նրան այլասերումից: Առանց քրիստոնեության մարդկությունը կայլասերվի ու կփտի:
Ֆ. Դոստոևսկի
Քրիստոնեությունն ապացույցն է այն բանի, որ մարդու մեջ կարող է հանգրվանել Աստված: Սա մեծագույն գաղափարն է ու մարդու մեծագույն փառքը, որին նա ի զորու էր հասնելու:
Ֆ. Դոստոևսկի
Եթե Քրիստոսը այսօր ողջ չէ, ապա աշխարհն առհասարակ որևիցե հույս չունի: Միայն հարության փաստն է, որ ապագա ունենալու հույս է ներշնչում:
Կոնրադ Ադենաուեր
ԳՖՀ առաջին կանցլեր
Միայն երեք կարգի մարդիկ կան: Ոմանք գտել են Աստծուն և ծառայում են Նրան. այս մարդիկ ողջամիտ և երջանիկ են: Ոմանք չեն գտել և չեն էլ փնտրում Նրան. սրանք անմիտ են և դժբախտ: Մյուսները չեն գտել, բայց փնտրում են Նրան, այս մարդիկ ողջամիտ են, բայց տակավին դժբախտ:
Բլեզ Պասկալ
Անհնար է մտավորապես և հասարակայնորեն ստրկացնել Աստվածաշունչ ընթերցող ժողովրդին: Բիբլիական սկզբունքները մարդկային ազատության հիմքն են կազմում:
Հորաս Գրիլեյ
Աստվածաշունչ Մատյանի ընթերցանությունն ինքնին արդեն կրթություն է:
Լորդ Թեննիսոն
Եթե իմ մտքերի և ոճի մեջ հարգանքի արժանի ինչ-որ բան էլ կա, ապա դրա երախտիքը իմ ծնողներին եմ վերագրում, ովքեր վաղ մանկությունից ինձ սեր էին ներշնչում Սուրբ գրքի նկատմամբ: Եթե մենք հետևենք այն սկզբունքներին, որոնք ուսուցանում է Աստվածաշունչը, մեր երկիրը մշտապես բարօրություն կվայելի: Իսկ եթե մենք և մեր ժառանգներն արհամարհենք այս Գրքի խրատներն ու հեղինակությունը, ապա կարելի է համարձակ ասել, որ մեզ կպատուհասի մի հանկարծական աղետ և մեր փառքը կվերածի մեծ անփառունակության:
Դանիել Վեբստեր
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ