Տարին փակվում է, ամրագրելով` ներքին կյանքում գրեթե ոչինչ չփոխվեց: «Փոխվածն» էլ` մասամբ կոսմետիկ, մասամբ` պարտադրված, իսկ հիմնականում իմիտացիոն էր:
Իշխանությունում այդպես էլ չհասան այն գիտակցության, որ արտաքին քաղաքականության ոլորտում եթե կարգին քայլ ես անում (եկեք խոստովանենք, որ մտադրությունը` սկսել Թուրքիայի հետ երկխոսություն, հարաբերությունների կարգավորում, նորմալ քայլ էր), այն պետք է ունենա նաև խորքային լիցք: Իսկ խորքային լիցք կարող էին ապահովել սեփական երկրում ունեցած ձեռքբերումները: Կա ոսկե կանոն` ցանկացած նվաճված ոտնատեղ միշտ քոնն է, և ամեն րոպե, երբ այդ կարգի գործընթաց ես ձեռնարկում, այն քեզ օգնության է հասնում` տեսանելի ու անտես ձևերով:
Հիմա կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում (ածանցված` ղարաբաղյան հիմնախնդրում) կան նման «ոտնատեղեր»:
Գրեթե չկան։ Չկան դրանք մեր պատմական ձեռքբերումներում (տե՛ս վեցհարյուրամյա պետականությունից զուրկ վիճակը, անկախության կորուստը` առաջին հանրապետության տեսքով): Չկան դրանք քաղաքական հարթությունում (ընդ որում, դաշնակցությունն այնքան գաղափարախոսություն չէ, որքան կենսաձև, ներսից եկող հոգեվիճակ, առարկայացած կանգ):
Իսկ որ ամենակարևորն է` չկա ներքին երկխոսություն:
ՈՒ որ դու ի վիճակի չես խոսելու էթնիկ տեսակիդ հետ, անհնար է, որ քեզ հաջողությունը ժպտա, երբ խոսում ես այլոց հետ: Լավագույն դեպքում կրկին գործ կունենաս կոսմետիկայի ու իմիտացիայի հետ:
Պատահական մի համարեք, որ տեսակի հետ խոսելու այդ չհաղթահարված վիճակն անվերջ բազմապատկվում է մեզանում` նույն կանոնի համաձայն. ոտնատեղը ձեռք չես բերել, «չբերությունդ» նույն ուժով հետ է շպրտվելու դեպ քեզ: Վերջին «շպրտումը» ՀՀԿ-ում էր, ուր «առաջացան» բունտարներ ու ենթագիտակցորեն խցկվեցին ստեղծված ճեղքի մեջ (այո, սուրբ տեղը երբեք պարապ չի մնում): Օրենքն է էդպիսին:
Իսկ այս միտումը խորանալու է (եթե կանգ չպարտադրվի. բա հեղաշրջումներն ուրիշ ո՞նց են տեղի ունենում)` թուլացնելով առանց այն էլ ահավոր թույլ այս երկիրը` թե ներ, թե արտաքաղաքական վեկտորներում և այն էլ այսքան հզոր մարտահրավերների շեմին:
Լավ, իսկ ինչո՞ւ չի կայանում երկխոսությունը, պտույտի մեջ չի հայտնվում էթնիկ տեսակի խորքային լիցքը: Չի կայանում, որովհետև իրենց ներքին որակում թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը մենախոսողներն էին` սոլիստներ, ողջ կյանքում սոլո խաղացածներ` չնչին տարբերություններով: Աբսուրդ է, բայց որպես ղեկավարներ, իրենց բջջում, նրանք նույն մարդն են. Լևոնն ահավոր կրթված, ահավոր հոգևոր, ահավոր տեսանող, ահավոր տաղանդավոր, խելացի` ներհայեցող, սակայն նրա արմատը` հանդուրժելու, երկխոսելու, այդ կարգի դպրոց ստեղծելու առումով նույնպես ախտահարված էր: Պետք է լոկ հիշել, թե ինչպես հեռուստաէկրանի առաջ նա քշտեց թևերն ու ոչ ևս արեց դաշնակցությանը (չնայած այդ քայլը տողերիս հեղինակի սրտով էր, բայց դա` առաջին հայացքից. դաշնակցությունը փակելով, հնարավոր չէ վերացնել դաշնակցության նիցշեիզմը հայ տեսակի մեջ. Արևելքն ասում է` գտիր պատճառը և ոչ հետևանքը):
Այս կարգի բազում պատճառ-հետևանքներ կարելի է գտնել Տեր-Պետրոսյանի «հպարտ մենության» մեջ:
ՈՒ ամենևին էլ զարմանալ պետք չէր (չնայած երկար զարմացած մնացինք), որ, որպես չհաղթահարված այդ վիճակի ծնունդ, իրավահաջորդը պետք է ազգին այցելեր Քոչարյանի տեսքով ու ոգով: Տեր-Պետրոսյանի` ոտնատեղ ձեռք բերած չլինելու պատճառով վերջինս նույնիսկ չուներ իր նախորդի ձեռքբերումները. գիրք կարդալ չէր սիրում, հոգևոր չէր («ես տերտեր չեմ», ասաց, չնայած երբեք չի կարելի ժխտել Տեր-Պետրոսյանի` Հայ առաքելական եկեղեցու միացման համար Կիլիկիո կաթողիկոսին Հայաստան հրավիրելու և ընտրվելու անչափ էական քայլը...), Քոչարյանը սիրում էր որս անել, սիրում էր հրացանի հետ կապված այլ բաներ ևս ու նույնքան, եթե ոչ ավելի, հեռու էր երկխոսելու «արվեստից» (եթե չհաշվենք Պողոս Պողոսյանի հետ «երկխոսելու» ցանկությունը):
Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանն իր արմատում: Տարիներ առաջ նրա մասին իր անմիջական շնչի տակ երկար աշխատած անչափ բարձրաստիճան մի զինվորական ասաց` «օն վես դոբրյակ». ինչը գրեթե շշմեցնող էր:
Իհարկե, կարելի է մի քիչ գլխին զոռ տալ ու մտածել, որ եթե չլիներ մարտի մեկը, եթե բոլորը, մանավանդ նրանք, ում կենսագրության և առաջխաղացման մեջ Սերժ Սարգսյանը շատ մեծ դեր էր խաղացել, այդքան անխնա չդավաճանեին նրան այդ օրերին (հիշենք, որ մարտի մեկին վարչապետական կաբինետում մենակ մնացած Սերժ Սարգսյանն իր մտերիմներից մեկին ասել էր` ում լավություն էի արել, առաջինը նրանք դավաճանեցին... Ի դեպ, դավաճանվելու կարման նույնպես մեզանում անչափ հետաքրքիր սպիրալ ունի, ժամանակներ հետո գուցե դրանով էլ զբաղվենք):
Տեսնել էր պետք, թե ՀՀԿ համագումարում Ս. Սարգսյանը «վճռական մենակի» ինչ «պասաժ» դրսևորեց: Ինքնաբուխ. մենակ նիստ էր վարում, մենակ գնում էր ընդմիջման, նստել-վեր կենալուց երևում էր` ոչ մեկի հետ հույս չի կապում, ներկաներից որևէ մեկի հետ ներքին հաղորդակցության մեջ չէ (ի դեպ, ներքին հաղորդակցության այդ տարրը բացակայում է վերջինիս մեջ, երբ նա, ասենք, այցելում է սոցիալական ինչ-որ խմբի, կամ ասենք` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էր նախորդ օրը. աչքերը չտաքացան, նա միշտ ահավոր-սպանիչ կանոնիկ է, և դա` հումորի, բայց հատկապես` իրոնիայի ծով Տեր-Պետրոսյանի նման ժառանգահայր ունենալու, Քոչարյանի ժեստիկուլյացիայի և որոշակի` «շատ հետաքրքիր» ֆոլկլոր-բառ ու բանի կողքին` «կլիզմա, մոսկա, մասանդրա»...):
Եվ այնուհանդերձ, պետք է ֆիքսել. մենակ խաղալու տենդը Սերժ Սարգսյանի մեջ ավելին է, քան իր երկու նախորդների մեջ էր:
Բայց հանուն արդարության պետք է ասել նաև` ինչ-որ առումով, գուցե կոնյունկտուրային անհրաժեշտությունից, գուցե պարտադրանքից, գուցե ներքին-արտաքին մարտահրավերներից ելնելով, նա փորձում է նաև ինչ-ինչ քայլեր էլ անել: Ասենք` Սասունին մի կերպ, ուշացումով տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, Նիկոլին վերջապե՜ս գրանցեցին:
Շատ արագ ֆիքսենք, որ Սուրբ գիրքն այս դեպքերի համար ասում է` ինչ պարտ էիր, այն արեցիր, անպիտան ծառա: Բայց քանի որ մեր իրականությունն անչափ շատ է հեռացել «պարտավորություններից», ֆիքսենք, որ, բոլոր դեպքերում, կատարվածն էլ եզակի, ոչ համակարգային երևույթ է, և որքան էլ «բուռն» էր Մամիկոնիչի և Ազատիչի համատեղ «կյանքն ու անցյալը», ուղղակի անհնար է չհամաձայնել Արտաշես Մամիկոնիչի հետ, որ հարկավոր է նախագահի ինստիտուտի նկատմամբ պետական, քաղաքական, մարդկային ճշգրիտ մոտեցում հանդես բերել, վերջապես: Զի երկխոսության մասին բարձրաձայնելով, բերանը քաղցրացնելուց զատ, իրական քայլերի անցնելու ժամանակն է` անհրաժեշտ միջոցառումներին նույն ամպհովանու տակ հավաքելով մեր ունեցած-չունեցած երեք նախագահներին:
Պատկերացնո՞ւմ եք նաև այդ քայլի փիար էֆեկտը` Սերժ Սարգսյանի համար: Դե, համարյա` ռեֆորմատոր: Հայ-թուրքականի կողքին:
Հիմա` լրագրողների մասով: Օրերս վերջապես հասկացանք, թե ինչու հարգարժան նախագահականը հինգ ընդդիմադիր թերթերին չի կանչում ասուլիսների: Պարզվում է, ինչ-որ առումով մտավախություն կա, որ այդ թերթերի ներկայացուցիչները կգան ասուլիսի ու իրենց «անկանխատեսելի» կպահեն, որովհետև, ինչպես օրթոդոքս հարցադրմամբ մեզ բացատրեցին մերձնախագահական աղբյուրները. «Դու կարծում ես, մենք չենք հասկանո՞ւմ, որ նրանք գան-չգան, միևնույն է` բացասական, շատ հաճախ ոչ օբյեկտիվ, նյութեր են գրելու»:
Որպես օրինաչափություն, հաստատ. երբ չեն հրավիրում, բացասականն ավելի շատ է լինում (սեփական փորձը պատվիրակեցինք նրանց):
Իհարկե, վերը նշված «մտահոգությունը» որևէ քննդատության չի դիմանում` հազար ու մի պատճառով: Իսկ եթե նախագահականների մտահոգությունն այն է, որ «նրանք» կգան ու կտան հարցեր, որոնք այնքան էլ դուրեկան չեն, ի՞նչ է պատահել որ. բա թող 60-70 հարցերի մեջ երկու-երեք-հինգն էլ այդպիսին լինեն: Թող նույնիսկ Սերժ Սարգսյանը նրանց «սխալ», հանպատրաստից պատասխաններ տա, թող Սերժ Սարգսյանն անակնկալի գա (կքանդի իր կանոնիկությունը, ամեն ինչին պատրաստի ֆորմուլայով մոտենալու ոչ բնական տենդենցը) և վերջապես, բոլոր մարդկային թուլություններն էլ մարդկային են: Թող մի երկու ամիս էլ այդ մասին գրվի:
Մեկ է` գրվելու է, չէ՞: Բայց հո՞ բոլոր թերթերի համար հավասար դաշտ ապահովված կլինի: Է՜, թող նախագահականի «մետրերն» էլ հոգան այս հանգամանքը պտտելու, հանրության գլուխը տանելու, երկխոսության վառ ապացույցը բոլորի աչքը խոթելու փաստը, արձանագրելու, բա չեք ասի` իրենք այլևս բաց ու շատ թափանցիկ են աշխատում. իրենք արդիականացվո՜ւմ են. ի տարբերություն նախորդ նախագահների, ու մի երկու ամիս թող տարփողեն այդ մասին: Թե՞ շատ զբաղված են հազար ու մի չգիտես ինչով (իսկ ահա ՀՀԿ համագումարը լուսաբանվեց էլեկտրոնայինում` խիստ ստանդարտ, սովետական ոճով, իսկ տպագիր մամուլում ամբողջովին տապալում էր. ոչ մի նորմալ նյութ-վերլուծական, խորքային, «թիրախային»-ասելիքային-դրական հոդված չկար... Առաջ գնալով էլ ասենք ավելին` դրան հակառակ, նույն ՀՀԿ բունտարներն առավել գրագետ, իրենց հատուկ «լայնամասշտաբությամբ» հոգացել էին, որ ՀՀԿ այս համագումարի նշանակությունը չեզոքացվի, եթե ոչ հավասարեցվի զրոյի, նկատվեն միայն ընտրության ժամանակ «թույլ տրված» կեղծիքները (չէ, մենք շատ հեռու ենք սենսացիա որոնելուց, թե այդ ընտրակեղծիքները կազմակերպվել էին, որպեսզի լրագրողների մեջ ասոցիացիաներ առաջանան` նախագահական ընտրությունների հետ կապված...):
Պարզապես այս դեպքում ևս մենախոսություն էր... սակայն հակառակ կողմից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ