38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Աշխարհի ու մարդու պատմությունը միայն գեղարվեստական է»

«Աշխարհի ու մարդու պատմությունը միայն գեղարվեստական է»
03.03.2009 | 00:00

«ԱՅՍՕՐ ՄԱՀԱՆՈՒՄ Է ԳԻՐԸ»
Լույս է տեսել «Գարուն» գրական-մշակութային ամսագրի 2009 թվականի առաջին համարը։ Զանազան ամսագրերով, թերթերով հագեցած լրագրային դաշտում «Գարունի» բացակայությունը շատերը չեն նկատում։ Ոմանք էլ ուրախությամբ ողջունեցին հարուստ կենսագրություն ունեցող ամսագրի վերադարձը` մտավախությամբ, որ նորից չընդհատվի նրա ճանապարհը։ «Գարունի» գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով` ժամանակավոր դադարի հիմնական պատճառը ֆինանսավորման բացակայությունն էր։ Ամսագրի արժեքը 1000 դրամ է։ Առայժմ լույս է տեսնում 500 օրինակով։
-Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ընդմիջումից հետո «Գարունի» վերահրատարակումը։ Ամսագիրն այսօր ֆինանսավորվո՞ւմ է։
-Ոչ ոք տառացիորեն «Գարունը» չի ֆինանսավորում։
-Իսկ ասում են` Ռալֆ Յիրիկյանն է հովանավորում։
-Իհարկե` ո՛չ։ Ընդամենն ամսագրում տպագրվել է հարցազրույց Յիրիկյանի հետ։
-Իսկ լսե՞լ էիք այդ նորության մասին։
-Ո՛չ։ Մի՞թե ես ի վիճակի եմ գնալու, լսելու, թե ինչ են խոսում փողոցներում։
-Բայց այդ մասին խոսվում էր գրողների միությունում։
-Դա վկայում է այն, որ չեղած բանը դարձնում են առասպել։
-Բայց չե՞ք կարծում, որ լավ միտք է։
-Իհարկե, եթե հովանավորի։ Բայց դա իր կամքն է։ Ես չեմ կարող պարտադրել։
-ՈՒրեմն ի՞նչ միջոցներով է հրատարակվում ամսագիրը։
-Պետությունը տալիս է տարեկան աջակցություն, և ունենք խանդավառների մի խումբ (ներառյալ ես), որ առանց վճարի աշխատում են։
-Ամսագրի վաճառքի վրա, հավանաբար, հույս դնել չի կարելի։
-Ամսագիրը նոր է կրպակներին տրվել, մեկ ամիս պետք է սպասենք` ինչ-որ բան ասելու համար։
-Ի՞նչ հաճախականությամբ է տպագրվելու ամսագիրը։
-Եթե ամսագիրը հովանավոր ունենա, կտպագրվի ամիսը մեկ անգամ։ Եթե ոչ, մեր ուժերով` երկու ամիսը մեկ։
-Չե՞ք կարծում, որ թանկ արժե։ 1000 դրամով կարելի է մի գիրք գնել։
-«Գարունի» ծավալի տարողությունը մեկ գրքից շատ ավելին է։ Էլ չասենք առաջ քաշած խնդիրների կարևորությունը։
-Ինչպես նկատեցի, հիմնականում տպագրվել են ժամանակակից հայ գրողների գործերը։
-Այո, որովհետև «Գարունն» այսօր պարտավոր է ներկայացնել մեր գրականությունը։ Դասականն արդեն տպագրվել է, հիմնականում հենվում են այսօրվա գրականության վրա, որպեսզի վերջապես կարողանան մշակութային ակոս բացել մեր կյանքում։ Ժամանակը փոխվել է։ Չի կարելի մշտապես հենվել հին, հնացած մտածողության վրա։ «Գարունի» գոյության իմաստը մտածողությունը թարմացնելն է։ Դրա համար պահանջվում է նաև ընթերցող։ Այսօր մահանում է գիրը։ Ինչի՞ համար։ Ես չեմ կարող ասել, թե ինչու մարդիկ չեն ընթերցում։ Թեև ունեմ դրա պատասխանը։ Տպագրվող գործերի մեջ պետք է տեսնել լավը, անհրաժեշտը, կյանքի պետքականը։ Աշխարհի ու մարդու պատմությունը միայն գեղարվեստական է։ Բայց բոլորը չէ, որ այդպիսի կարողություն ունեն։ Իմ տեսած լավը ես տպագրել եմ։ Գուցե ուրիշների կարծիքով լավը չէ։
-Ի դեպ, ավելի թանկ արժեցող ամսագրեր կան, որոնք վաճառվում են։
-Այո, բայց կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ է այդպես։
-Երևի, որովհետև երիտասարդների մի խումբ կա, որ հետաքրքրվում է այլ բնույթի ամսագրերով։
-Ահա՜, իսկ չկա՞ մի խումբ այս ժողովրդի մեջ, որ հետամուտ է մշակույթին։
-Այդ խմբի զգալի մասը գուցե ֆինանս չունի։
-Այսինքն` ցանկություն կա, հնարավորություն չկա։ Ամսագիրը լույս է տեսնում, ես իմ գործն արել եմ, բայց չեմ կարող պարտադրել ընթերցողին գնել այն։ Սպասում ենք հրաշքի։ Այդ վիճակում են բոլորը` գրողները, խմբագիրները... Գոնե հայոց աշխարհը։ Երկար ժամանակ պահանջվեց, որ մարդիկ հասկանան` հացի դիմաց պետք է փող վճարել։ Դրա համար ընթերցող կոչվածը գնում է հացը, որն անմիջապես պետք է, սա գցում է մի կողմ. կարող է գնել վաղը կամ մյուս օրը։ Նրանք էլ են սպասում հրաշքի...
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5164

Մեկնաբանություններ