Արցախի հիմնախնդիրը եղել և մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Հայերն իրենց տարածքները կորցրել են ամեն անգամ, երբ զրկվել են պետականությունից, և վերադարձրել են կորցրած տարածքները, երբ նորից պետականություն են վերականգնել: Այս անվիճելի տարրական ճշմարտության համար կարիք չկա օրինակներ բերել հայոց պատմությունից:
Կիլիկյան Հայաստանի կորստից հետո հայերը շանս ունեցան վերականգնելու իրենց պետականությունն Արևելյան (ռուսական) Հայաստանի տարածքներում, երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը` բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջման հետևանքով:
Մինչ այդ հայերը հայկական հարցի ապագան տեսնում էին Արևմտյան Հայաստանում, բարենորոգումների ծրագրերի իրականացման հետ, երբ հետագայում հնարավոր էր հասնել ինքնավարության, եթե ազգի ճակատագրի տնօրինողներն ազգային գերխնդիր ընտրեին ոչ թե «հեղափոխությունը»՝ «Կա՛մ մենք, կա՛մ նրանք», «Մա՛հ կամ ազատություն», «Հիմա կամ երբեք» նշանաբաններով, այլ ամեն գնով ազգի զարգացումը և հզորացումը: Հայերը մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ հարված հասցվեց հայոց վերածննդին, ինչ ահավոր արհավիրք եղավ Մեծ եղեռնը, երբ հայաթափվեցին Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան: Այդ գիտակցությունը կմնա մշուշապատ, կամքը և ոգին՝ թերի ու անբավարար՝ կատարվածին իրատես գնահատական տալու, նոր սխալներ չգործելու, նոր պարտություններ չկրելու, նոր կորուստներ չտալու, մերօրյա ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու և հզորացնելու համար։ Այնքան ժամանակ, քանի դեռ քաջություն չենք ունեցել գիտակցելու, որ մեր պարտությունների և կորուստների մեջ մեղավորության մեր բաժինն ունենք:
Հայոց Ազգային խորհուրդը, որ ստեղծվեց ռուսահայերի թիֆլիսյան համաժողովում 1917 թ. սեպտեմբերին, նպատակ ուներ հայերի շահերը պաշտպանել Միացյալ Անդրկովկասում, որն անբաժան մաս պիտի կազմեր Ռուսաստանի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության:
Ռուսական նահանգներից ազգային ինքնուրույն պետություններ ստեղծելու անպատեհ հնարավորություն առաջացավ միայն կայսրության փլուզման և ոչ թե ազգային ազատագրական պայքարի հետևանքով:
Երբ վրացիներն ու Կովկասի թաթարներն իրար մեջ բաժանեցին Անդրկովկասը՝ թուրքերի և գերմանացիների աջակցությամբ, հայերին բաժին թողեցին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Բայց երբ Թուրքիան և Գերմանիան պարտություն կրեցին Առաջին համաշխարհային պատերազմում, պետականությունը վերագտած հայերին հաջողվեց մինչև 1920 թիվը վերադարձնել Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը՝ Կարսի, Նախիջևանի, Արցախի, Երևանի, Զանգեզուրի, Տաշիրի մարզերում: Ավելին, համաձայն 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրի՝ Հայաստանի իրավասությունները դեյուրե տարածվում էին ընդհուպ մինչև Վանի, Կարինի, Բաղեշի, Տրապիզոնի նահանգները: Այդ տարածքները դեֆակտո պահպանելու համար հայերին չհաջողվեց միասնականություն ցուցաբերել, բավարար ուժ ապահովել աշխարհում մնացած հայերի միջոցով ընդդիմանալու և կանխելու թուրքերի ու բոլշևիկների միացյալ արշավանքը:
Կարմիր բանակի առաջին արշավանքը (1920 թ. օգոստոս) հայերին հաջողվեց կասեցնել: Բոլշևիկներն առաջարկեցին զինադադար, պայմանով, որ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը ժամանակավորապես օկուպացվեն կարմիր բանակի կողմից՝ համաձայն երկու երկրների լիազոր ներկայացուցիչների միջև 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված փաստաթղթի, ըստ որի, այդ տարածքների պատկանելությունը որոշվելու է միայն ՀՀ և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրով: Այդ պայմանագրի նախագիծը, մշակված երկու երկրների ներկայացուցիչների կողմից, պատրաստ էր 1920 թ. հոկտեմբերի 28-ին, սակայն պայմանագիրը չկնքվեց, և հայերին չհաջողվեց կասեցնել կարմիր բանակի հաջորդ հարձակումը, որն ավարտվեց Հայաստանի խորհրդայնացմամբ, նրա անկախության և տարածքների կորստով:
Հայկական պետականության վերականգնման և կորցրած տարածքները մասնակիորեն վերադարձնելու նոր շանս առաջացավ Խորհրդային Միության փլուզումից հետո:
1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնված է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա:
Թե ինչու ընդունվեց ՀՀ նոր Սահմանադրությունը` անտեսելով Հռչակագիրը, ինչի պատճառով ազատագրված Արցախը դուրս մնաց ՀՀ սահմաններից, հարկավոր է հարցնել ՀՀՇ-ի ղեկավարներին և ոչ միայն նրանց: Բայց դրան կվերադառնանք հաջորդ անգամ:
Ադրբեջանի իշխանությունները փորձեցին Արցախը վերադարձնել իրենց հսկողության տակ՝ ռազմական գործողությունների միջոցով: Սակայն զրկված լինելով կարմիր Կրեմլի պաշտպանությունից, երբ խորհրդային բանակը հեռացավ տարածքից, Ադրբեջանը պարտություն կրեց իր իսկ սանձազերծած պատերազմում:
Հայերն ազատագրեցին կարմիր բանակի գրաված և խորհրդային իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին անօրեն և հանցագործ կերպով տրված հայկական տարածքների մի մասը: Հայկական զինված ուժերը խաղաղություն պարտադրեցին ագրեսորին, և կնքվեց բիշքեկյան զինադադարը:
Այսպիսով, Ադրբեջանի հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու համար, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրև անվերականգնելի փաստ և հրաժարվի իր անօրեն և անիրականանալի պահանջներից ու սպառնալիքներից:
Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները (Արցախը և Նախիջևանը) գրավել է Խորհրդային Ռուսաստանի կարմիր բանակը և հանցագործ կերպով հանձնել Ադրբեջանին՝ Կովբյուրոյի 1921 թ. տխրահռչակ որոշումներով:
Այդ իսկ պատճառով բանակցություններն անհրաժեշտ է վարել ՌԴ իշխանությունների հետ, որն իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության։ Առաջին հերթին հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործություններն ու աջակցեն այդ հանցագործությունների հետևանքների վերացմանը:
Հակամարտությունը, այսպես կոչված, ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921-ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա-բոլշևիկյան արշավանքից, երբ ՀՀ-ն բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց և մասնատվեց: Այս իմաստով լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված՝ Արցախի դեֆակտո ՀՀ-ին միացումով, Հայաստանի տարածքային մասնակի ամբողջականության վերականգնմամբ, երբ կարելի կլինի դեյուրե այդ միացումն ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին՝ Մոսկվային, հետո՝ մյուսներին: Ինչո՞ւ սկզբում Մոսկվային: Որովհետև Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում և՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնմխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենինի ու Ստալինի` հանցավոր կերպով գծած խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է, հատկապես Արևմուտքի դիրքերից: Եվ սա բացատրել միայն երկակի ստանդարտների քաղաքականությամբ՝ պարզունակ, ինքնարդարացման փորձ է: Բայց սա մեր` հայերիս հանցանքն է: Ալիևը, Սաակաշվիլին և մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ և խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվացքն ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ և արդարացի վարվեց, որ ազատագրեց Աբխազիան և Հարավային Օսիան վրացական մինի-կայսրության գերությունից, փաստորեն, ուղղելով նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործություններից մեկը, բայց չհաջողեց մինչև այսօր դա այնպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արևմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովոյի դեպքում:
Շատերն իներցիայի ուժով պնդում են, թե Ռուսաստանի իշխանություններն ընդունակ չեն դատապարտելու նախորդ ռեժիմի հանցագործություններն ու աջակցելու այդ հանցագործությունների հետևանքների վերացմանը: Բայց մերօրյա իրադարձություններն ապացուցում են հակառակը: Քրիստոնեությանը, դեմոկրատիային, իր ազգային շահերին վերադարձող Ռուսաստանն ավելի լուրջ հնարավորություններ ունի դատապարտելու Լենինի ու ստալինյան տոտալիտար ռեժիմի հանցագործությունները, քան այսօրվա Թուրքիան՝ երիտթուրք-քեմալական հանցագործությունները: Չնայած այն բանին, որ այսօրվա Թուրքիան էլ այն չէ, ինչ երեկ էր: Աշխարհն է փոխվել:
Ռուս դիվանագետները սկսում են ելք փնտրել, երբ նրանց չի հաջողվում արդարացում գտնել՝ համաշխարհային հանրությանն ընդունելի դարձնելու իրենց գործողությունները Վրաստանի նկատմամբ: Նրանք (Լավրովը, Կոսաչովը) արդեն սկսել են խոսել Ստալինի հանցագործությունների մասին, արդարացնելու համար իրենց գործողությունները Վրաստանում։ Սովետականությունից մինչև վերջ չձերբազատված Ռուսաստանը նույնն է, ինչ կլիներ Գերմանիան, եթե գերմանացիները ձերբազատված չլինեին նացիզմից: Նախագահ Մեդվեդևը լուրջ ծրագրեր է առաջարկում՝ ազգային, առաջադեմ, ազատ, հզոր Ռուսաստանի վերականգման համար, այն Ռուսաստանի, որ ռուսներն ու աշխարհը կորցրին, երբ անընդունակ եղան կանգնեցնելու բոլշևիկների հակահեղափոխական հեղաշրջումը:
Այս համատեքստում հայերի վզին փաթաթված «ղարաբաղցիների ինքնորոշումը», իբրև միջոց «ղարաբաղյան հակամարտությունից» հաջողակ դուրս գալու, անհեռանկար է և վտանգավոր: Ժամանակն է վերադառնալու «միացումի» դիրքերին, իրերն իրենց անունով կոչելու, դուրս գալու թշնամու «դաշտում» թույլ պայքար մղելուց (Ադրբեջանը «պատրաստ է տալ ԼՂՀ-ին ամենաբարձր ինքնավարությունը»), հասկանալի և ընդունելի դառնալու ինքներս մեզ և աշխարհին: Մեր ուժը նաև մեր ճշմարտությունն է (ոչ թե պարզունակ խորամանկությունը): Մենք այդ կարողությունը պարտավոր ենք դրսևորել: Այն, որ ՀՀ իշխանությունները գնում են բանակցությունների Անկարայի հետ առանց նախապայմանների, նոր սահմանադրություն չեն ընդունում, Հայաստանի Հանրապետությունը չեն հռչակում իրավահաջորդ առաջին հանրապետության (1918-1921), պահանջներ չեն ներկայացնում Կարսի, Արդահանի, Սուրմալուի, Նախիջևանի նկատմամբ, որոնք զավթվեցին Հայաստանից խորհրդա-քեմալական ագրեսիայի հետևանքով, դա պետք է դիտել որպես վերջին զիջում, որի գինը պետք է լինի Արցախի և ազատագրված տարածքների դեյուրե ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ մայր հայրենիքին:
Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակախոս
Մոսկվա