ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
29.01.2010 | 00:00

Ռուսաստանը միշտ եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առավել անսպասելի ու վտանգավոր միջնորդն ու նախաձեռնողը։ Որովհետև տիրապետել է ավելի գործուն լծակների, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ստեղծվող իրավիճակներում, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրում։
«Կարգավորման» գործընթացից Ռուսաստանի որոշակի զսպվածությունը և նույնիսկ ինքնամեկուսացումը պատրանք ստեղծեցին, թե նա այլևս չունի իրական լծակներ շահագրգռված կողմերի պահվածքի վրա ազդելու համար։ Իրականում, սակայն, Ռուսաստանը միշտ ունեցել է բավարար ազդեցություն հակամարտության կողմերի վրա, ինչպես նաև այն արտաքին ուժերի, որոնք այս կամ այն չափով ներկայացված են եղել տարածաշրջանային քաղաքականության բեմահարթակում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և գոյության էությունը, ի վերջո, հանգեցին ուժերի հավասարակշռության ապահովմանը` երեք ուժային կենտրոնների ազդեցությամբ, որոնք են` ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրոպան` ի դեմս Ֆրանսիայի։ Այսինքն` գործընթացը հանգեց այդ «բևեռների» շահերի ապահովմանը, թեպետ այդ հավասարակշռության հիմնական առանցքում ռուս-ամերիկյան հարաբերություններն էին։ Երեք կողմերի գլխավոր խնդիրը դարձավ թույլ չտալ, որ եռյակից որևէ մեկը խլի նախաձեռնությունը հակամարտության կարգավորման մեջ և արդյունքների հասնելու ուղղությամբ, հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը կարող էին ավելի նախընտրելի դիրքեր ապահովել Հարավային Կովկասում և առհասարակ տարածաշրջանային քաղաքականության մեջ` ավելի լայն տարածության առումով։
Բավական երկար ժամանակահատվածի կտրվածքով Ռուսաստանը չէր տեսնում իրական սպառնալիքներ իր ազդեցության նկատմամբ, քանի որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրոպան շահագրգռված չէին կամ էլ հնարավորություն չունեին զարգացնելու նոր նախաձեռնություններ։ Այլ դեպքերում Ռուսաստանը շատ լավ հասկանում էր, որ ամերիկացիների ու եվրոպացիների կողմից ձեռնարկվող քայլերը չունեն իրական հիմք և դատապարտված են տապալման։ Մինսկի խումբը սկզբունքորեն չէր կարող հանգեցնել իրավիճակը բոլոր երեք համանախագահների համար փոխշահավետ հավասարակշռության, քանի որ աշխարհաքաղաքական պայքարը Հարավկովկասյան ու հարևան տարածաշրջաններում զարգանում էր կոշտ հակադրության ձևաչափով։ Այդ պայքարը չի ավարտվել, հակառակը, ընդունել է ավելի ծավալուն ու նրբացված ձևեր, ձեռք է բերել նոր բովանդակություն, երբ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետաքրքրության նվազում Հարավային Կովկասում, իսկ լայն իմաստով Սևծովյան-Կովկասյան ու Մերձավորարևելյան տարածաշրջաններում տեղի է ունենում ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ պետությունների դիրքերի վերադասավորում։
2008-2009 թթ. նոր հանգամանքներ ներմուծեցին քաղաքական գործընթացներում, և Ռուսաստանը, անկասկած, ձեռք բերեց եթե ոչ շատ նշանակալի, ապա նոր, բարենպաստ հնարավորություններ։ Ռուսաստանը շարունակում է խաղալ «իրանական հիմնախնդրի» դաշտում և ամենևին էլ ոչ ԱՄՆ-ի հետ, այլ որպես առաջնային գործընկեր, առաջատար եվրոպական երկրների համար։ Ռուսաստանն ակտիվորեն նախաձեռնում է նոր և լայնածավալ նախագծեր եվրոպական ու կենտրոնասիական քաղաքականության մեջ, էներգետիկայի և կոմունիկացիաների ոլորտներում, գործում է Չինաստանի հետ ձեռք ձեռքի տված, ինչի արդյունքում ԱՄՆ-ն ու նրա գործընկերներն ակնհայտորեն հարկադրված էին զիջել դիրքերը եվրասիական նախագծերում։ Որոշ չափով Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերում նաև Արևելյան Եվրոպայում, թեկուզ պայքարն այդ տարածաշրջանում շարունակվում է բավական կոշտ ձևերով։ Սակայն Ռուսաստանի գլխավոր ձեռքբերումն այդ տարածաշրջաններում դարձավ Թուրքիայի նոր քաղաքականությունը, որը սկզբունքորեն ընտրել է առնվազն բազմավեկտոր կողմնորոշում։ Անցած երկու տարիները ինչ-որ իմաստով փորձարարություն էին, երբ Ռուսաստանը սպասողական դիրքորոշում որդեգրելով դիտարկում է Թուրքիայի տարբեր քայլերը և փորձում մշակել նրա նկատմամբ ավելի երկարաժամկետ քաղաքականություն։ Ռուսաստանը համոզվեց, որ Թուրքիայի նոր քաղաքականությունը պայմանավորված է նրա էլիտայի ու հասարակության շատ խորքային նպատակներով և Անկարայի հետ կարելի է կառուցել հարաբերություններ, ելնելով նրանից, որ նա ձգտում է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից կամ ազդեցությունից։ Միաժամանակ, Մոսկվայում մանրամասն դիտարկվում էին Հարավային Կովկասում և, առհասարակ, տարածաշրջաններում ավելի լայն քաղաքականություն իրականացնելու Թուրքիայի իրական հնարավորությունները։ Պարզվեց, որ դրանք բավական սահմանափակ են, և ոչ մի կարիք չկա Թուրքիային ներս թողնելու տարածաշրջանային բեմահարթակ իբրև «իրավահավասար» պետության, առավել ևս, որպես տարածաշրջանային անվտանգության որոշ պակտերի նախաձեռնողի ու մասնակցի և բանակցային միջնորդի։ Ռուսաստանը փորձում է Թուրքիային պահել որոշակի տարածության վրա Հարավային Կովկասի որոշիչ հիմնախնդիրներից, և դա առայժմ հաջողվում է։
Ռուսաստանը նախանշել է Թուրքիայի տեղն ու դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և հայտարարել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հիմնախնդիրները համատեղելու անհնարինության մասին, դրանով իսկ որոշակիացնելով իր առաջնային դերակատարությունը տարածաշրջանում։ Թուրքիան այդպես էլ փորձ չարեց բողոքելու այդ առումով և գուցե հույս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել ավելի լայն ձևաչափով, ինչը թույլ կտա նրան պահպանել «դեմքը» Կովկասում, որպես Ադրբեջանի մերձավոր դաշնակից։ Բայց Թուրքիայի համար ավելի կարևոր է Ռուսաստանի հետ գեոտնտեսական նշանակության ծրագրերի իրագործումը։ Հնարավոր է, որ Անկարայում Ռուսաստանի հարավկովկասյան նախաձեռնությունները, այդ թվում` Հայաստանի ու Ղարաբաղի հետ կապված, դիտարկում են որպես «հայկական գործոնի» զրոյացման նախադրյալ, քանի որ Ռուսաստանի ունիվերսալ ազդեցության հաստատումը թույլ կտա ասպարեզից հանել «հայկական գործոնը», որպես ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների քաղաքականության գործիք։ Մինչ այժմ «հայկական գործոնը» եղել է ճնշման միջոց Թուրքիայի վրա և շարունակում է մնալ կարևոր նախադրյալ արևմտյան հանրության ու Անկարայի հարաբերություններում։ Այս գործոնի չեզոքացումն արևմտյան քաղաքական զինանոցից Թուրքիայի կարևոր խնդիրներից մեկն է և չի սահմանափակվում զուտ տարածաշրջանային քաղաքականությամբ։ Այսպիսով, Ռուսաստանն ինչ-որ չափով շահեց խաղը ոչ միայն Թուրքիայից, այլև ԱՄՆ-ից և այժմ ծավալում է իր նոր քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որոշակի սխեմա գտնելուն, այլև ամբողջ տարածաշրջանը Ռուսաստանի գերակա ազդեցության ոլորտում ընդգրկելուն։
Գազային խաղերը Ռուսաստան-Ադրբեջան կապի ամրապնդման նախապայմաններից մեկն են միայն, թեպետ տնտեսական գործոնն այս պարագայում փոքր նշանակություն չունի։ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը հուսալի գործընկեր և հենարան է տարածաշրջանում, սակայն դա բացարձակապես բավարար չէ ամբողջ տարածաշրջանի վրա վերահսկողություն հաստատելու համար, առանց որի Մոսկվայում երբեք հանգիստ չեն լինելու։ Չնայած Ադրբեջանի ու Վրաստանի էական տարաբաժանվածությանը Ռուսաստանից, մոսկովյան քաղաքական գործիչները երբևէ չեն հրաժարվել Հարավային Կովկասում ռուսական գերակայություն հաստատելու նպատակներից։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Վրաստանում «հինգերորդ շարասյուն» ստեղծելու ուղղությամբ, ընդ որում, բոլորովին էլ ոչ ձախ թեքում ունեցող ինչ-որ մարգինալ կուսակցությունների ու խմբավորումների հիմքի վրա, այլ շատ ավելի լայն հակակառավարական կոալիցիայի։ Քաղաքական գրականությունից և վարվող քարոզչությունից կարելի է զգալ ու տեսնել, որ այս ուղղությամբ տարվում է հետևողական աշխատանք։ Ռուսաստանը փորձում է թափանցել ու դիրքեր ձեռք բերել Վրաստանի բոլոր կառույցներում, այդ թվում` զինված ուժերում։ Վրացական վարչակազմի և կառավարող կուսակցության մեջ Ռուսաստանի հետ որոշակի հարաբերություններ հաստատելու «հավակնորդների» պակաս չի զգացվում։ Իրականացվում է աշխատանք վրացական հասարակության լայն խավերի «մշակման» ուղղությամբ, և այդ գործունեությունը միանգամայն հաջող է, քանի որ վրացիներին բնորոշ են կոնֆորմիստական տրամադրություններն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։ Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը երբեք չի ունեցել դժվար հաղթահարելի խնդիրներ Ռուսաստանի հետ, ադրբեջանական հասարակության մեջ կան բազմաթիվ ինքնաբավ ու սոցիալապես ակտիվ խմբավորումներ, որոնք կարող էին դառնալ հենարան ու սոցիալական բազա ռուսամետ քաղաքական կուրսի իրագործման համար։
Մոսկվայում լիովին հասկացել են, որ 2008-ի օգոստոսյան իրադարձություններն օգտակար էին յուրաքանչյուրի, բայց ոչ Ռուսաստանի համար: Ռուսական քաղաքական գործիչները և մեկնաբանները չէին ցանկանա ընդունել, որ Ռուսաստանի գործողությունները ռուս-վրացական պատերազմի ժամանակ իրականում խաղարկվեցին ամերիկացիների կողմից, որոնք էլ ստեղծեցին Հարավային Կովկասում Ռուսաստանի մեկուսացման ու շրջափակման իրավիճակ: ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է այդ իրավիճակը պահպանելու և զարգացնելու հարցում, քանի որ դա նրանց ուսերից վայր է դնում ցանկացած պատասխանատվություն Վրաստանի առջև` նրա նախկին նահանգների կորստյան առումով: Ինքը` Վրաստանը, վերածվել է էներգետիկ և ռազմական տրանզիտի «տեխնիկական միջանցքի» և պետություն չէ, այդ բառի լիարժեք իմաստով: Ռուսաստանը հասկանում է, որ պետք է դուրս գալ այդ իրավիճակից և արդեն մանրամասն պատկերացնում է, թե ինչպես դա անել: Ռուսաստանի համար բարդ կլիներ վրացիներին «հանձնել» Աբխազիան, որովհետև հարակից պրոբլեմները չափազանց շատ են: Սակայն Հարավային Օսիայի «վերադարձը» կարող է և իրականություն դառնալ: Կամ էլ ռուսական քաղաքական ծրագրավորողներն ունեն որոշակի ունիվերսալ սխեմա Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման` հետխորհրդային տարածքում նոր հարաբերություններ ձևավորելու ճանապարհով: Ռուսները հասկացել են, որ «փոքր հրապարակները», ինչպիսիք են չճանաչված կամ սահմանափակ ճանաչում ունեցող պետությունները, կատարել են իրենց գործառույթները և այլևս օգտակար չեն Ռուսաստանի համար: Մոսկվայում ենթադրում են, որ հասել է ժամն ազատվելու այդ տհաճ բեռից` դրանք որպես քաղաքական գործոններ ավարտական փուլում իրացնելու ճանապարհով: Ռուսական քաղաքական դասակարգի շրջանում աճում է նոր, ավելի երիտասարդ քաղաքական խմբերի, գործիչների ու ֆունկցիոներների ազդեցությունը, ովքեր պատրաստ են այդ տհաճ բեռից ազատվելու: Որպես փակուղային իրավիճակի օրինակ նրանք մատնանշում են Կոսովոն, որտեղ ամերիկացիներն ու եվրոպացիները, չնայած երկրամասի անկախության բավականին լայն ճանաչմանը, չկարողացան վերջնականապես լուծել խնդիրը:
Բացի այդ, Մոսկվային շարունակում են անհանգստացնել նոր պետությունների ստեղծման նախադեպերը, ելնելով Հյուսիսային Կովկասի և Պովոլժիեի ժողովուրդների մեջ առկա անջատական տրամադրություններից: Ամենայն հավանականությամբ, այդ կարծիքը տիրապետող է նաև հետախուզական ծառայություններում, որոնք ամենից ավելի են պատասխանատու պետության ճակատագրի համար: Առայժմ Մոսկվայում չկան ավարտուն պատկերացումներ, և եթե մոսկովյան քաղաքական գործիչներին թվում է, որ այդպիսի երաշխավորություններ ու մշակումներ գոյություն ունեն, ապա դրանք ընդամենը պատրանք են և կեղծ պատկերացում: Ռուսաստանում չկա համարժեք քիչ, թե շատ լայն հասարակական բանավեճ այդ հարցի շուրջ: Նույնիսկ քաղաքական գրականության մեջ արտահայտված չեն բանավիճային հիմնախնդիրները, որ դիտարկվեին անհրաժեշտ անկեղծությամբ: Ակնհայտ է, որ ոչ միայն ռուսական ղեկավարությունը, այլև հասարակությունը զգուշանում են այդպիսի հրապարակային բանավեճից: Դա միանգամայն բնութագրական է ժամանակակից ռուսական քաղաքական դասակարգի ու հասարակության համար, և խոսում է ռուսական քաղաքականության թուլության, մշակումների անավարտության մասին` արտաքին քաղաքական և անվտանգության հիմնական խնդիրների վերաբերյալ: Միևնույն ժամանակ հենց չճանաչված պետությունների պրոբլեմները կարող են դառնալ տարածաշրջանային նախագծերի տապալման պատճառ:
Ղարաբաղյան հարցում Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել 2008-ի նոյեմբերին ստորագրված մայնդորֆյան համաձայնագիրը` հաղորդելով դրան նոր բովանդակություն։ Այդ սխեման, որ խայտառակ կերպով տապալվեց 2008-ի վերջին, կարող է դառնալ իրատեսական նոր պայմաններում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կզարգացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` նկատի ունենալով, որ տեղի է ունեցել Ադրբեջանի տարաբաժանում Թուրքիայից։ Ադրբեջանը, հայտնվելով որոշակի մեկուսացման մեջ և ապակառուցողական պետության դերում, ոչ միայն նեղացած է Թուրքիայից և փորձում է ի ցույց դնել իր պահանջները, այլև աշխատում է զարգացնել բազմավեկտոր քաղաքականություն։ Ադրբեջանը հասկացել է, որ ոչ մի հեռանկար չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով, եթե կողմնորոշված է դեպի Արևմուտք, ու իրեն անհրաժեշտ են նոր գործընկերներ։ Ներկայումս ամերիկացիները լռում են` սպասելով ռուսական քաղաքականության հերթական տապալմանը։ Սկզբունքորեն ԱՄՆ-ը չունի պահանջներ ներկայացնելու ֆորմալ պատճառներ, քանի որ Մինսկի խումբը հետևողականորեն շարունակում է առաջ մղել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք կանխավ դատապարտված են, չնայած փորձեր են արվում ադապտացնելու դրանք` նոր նրբերանգներ մտցնելով։ Դա վկայում է, որ Ռուսաստանը չունի անազնիվ մտադրություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իր ձեռքը վերցնելու առումով։ Բացի այդ, ամերիկացիները, հասկանալով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լիովին տապալված է, չեն փորձում ակտիվորեն ընդգրկվել ղարաբաղյան կարգավորման մեջ որոշակի առաջարկներով։ Միաժամանակ ԱՄՆ-ը, մայնդորֆյան համաձայնագիրը լեգիտիմ չհամարելով հանդերձ, չի կարող թույլ տալ, որ իրագործվի այդ դիտավորյալ «մեկուսացված» համաձայնությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ ԱՄՆ-ն անպայման արձագանքելու է, ու այդ արձագանքը, այսպես թե այնպես, կլինի խիստ համոզիչ։ Ղարաբաղի հարցում ռուս-ամերիկյան գաղտնի պայմանավորվածությունների վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները բացարձակ հիմարություն են։
Այսպես թե այնպես, Հայաստանը կանգնած է գործնականում կապիտուլյացիայի տանող պարտադրված որոշում ընդունելու առջև, ինչը պայմանավորված է Մոսկվայից Հայաստանի ղեկավարության խիստ կախվածությամբ։ Ռուսաստանը Հայաստանում այնքան ներդրումներ է արել ու «փրկարար ֆինանսական օգնություն» ցուցաբերել, որ երկիրը կանգնել է անհնարին ընտրության առջև։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը չէին ցանկանա, որ Հայաստանը հայտնվի աղետի մեջ, չեզոքացվի միջազգային քաղաքական բեմահարթակից, որպես քաղաքական գործոն։ Բայց միայն ԱՄՆ-ը, և ոչ թե Ռուսաստանը, կցանկանար Հայաստանի գոյությունն իբրև իրական անկախ պետության, միաժամանակ հայկական հասարակությունը կարող է կորցնել ամեն ինչ, եթե Ղարաբաղում տեղի ունենա այն, ինչ ենթադրվում է ռուսական սցենարով։ Ռուսները ենթադրում են, որ Ղարաբաղն Ադրբեջանի ենթակայության ներքո, ինչպես նախկինում, կմնա գործոն` Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ուղեծրում պահելու համար։ Բայց դա բնավ այդպես չէ, ու հենց դա էլ կլիներ աղետ Հայաստանի համար։ Անգամ Ներքին Ղարաբաղի մի մասի հանձնումը կհանգեցնի միանգամայն կանխատեսելի իրավիճակի, երբ հայկական Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալուց, նույնիսկ եթե ռուսները չեն ցանկանում դա, ապա, բախվելով այդ աղետի հետ, բավական արագ կմոռանան դրա մասին, ինչպես եղել է նախկինում։ Ամենաբարենպաստ զարգացումը Հայաստանի համար այս պայմաններում, ու ստեղծված հանգամանքները հաշվի առնելով, զանգվածային ռազմական գործողությունների վերսկսումն է։ Առանց երկրորդ ղարաբաղյան պատերազմի Հայաստանը չունի քաղաքական ապագա։ Եվ հենց դա էլ ենթադրում են Մոսկվայում նստած քաղաքական ծրագրավորողները։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է