38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրաչյա Թամրազյան. Հաճախ չգիտենք՝ ո՞րն է իրական՝ գրա՞ծը, թե՞ ապրվածը (Վանուշ Շերմազանյանի Ֆեսյբուքյան էջից)

Հրաչյա Թամրազյան. Հաճախ չգիտենք՝ ո՞րն է իրական՝ գրա՞ծը, թե՞ ապրվածը (Վանուշ Շերմազանյանի Ֆեսյբուքյան էջից)
17.06.2013 | 01:57

Սիրելի բարեկամ և գրչեղբայր

Մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել։
Հիմա հետ նայելով ու հասնելով ակունքներին, կարող ենք ասել, որ մեր բաժին գրական կյանքը մեր հոգևոր եղբայրությունն էր, որ մենք առատորեն հեղել ենք կյանքի բոհեմներում, բայց մեզանից կերպարներ չենք կերտել, մենք խորշել ենք սնափառությունից, որն ի սկզբանե գրական միջակության պատյանն է եղել, ատելությունից ու ստորաքարշությունից, որն ավերել է գրական կյանքն ապաքինելու ու նորոգելու ամեն մի փորձ։
Բայց մենք մաքառել ենք դրա դեմ, և մեր ըմբոստացումը եղել է ազնիվ և շիտակ, և այդ ներքին խռովքը դարձել է խոսք, դարձել է տող, դարձել է պատմվածք։ Եվ դու եղել ես մեր ընկերության, մեր մաքառումների, անզուսպ մղումների սրտակենտրոնում՝ քո անօրինակ կենսականությամբ լցնելով կյանքի ճեղքերը։
Խիզախումն է հերոսներ ծնում, բայց և խիզախումն է ծնում ճշմարիտ գրականություն, որին վիճակված է փրկել կյանքը խլությունից, և ամայության խորքից խոսք հղել գալիքին։
Մենք տեսել ենք, մենք վերապրել ենք՝ ինչպես է ծանր խոհը, հեղձուկ իրականությունը խառնվում կյանքի կենարար հոսքին, պղտորում նրա հուները, որ այս դեպքում գրողի համար նրա՝ խարխափելով ուղի հարթող ձեռագիրն է։
Կարողանալ ընկալել ու թղթին հանձնել լինելության այդ ընթացքը, մաքրել կյանքի խցանված այդ մղակները՝ գալիք սերունդների համար, կյանքի հատակից բարձրացնել բառը՝ իր նախնական մաքրությամբ ու հնչողությամբ, լիարյուն, լիարժեք բառը, որ միակ հերոսն է այս ինքնակործան ու փլուզվող կյանքի բեմահարթակին։
Եվ խելահեղ այդ բեմերի վրա, ահա, խաղարկվել և խաղարկվում է հերթական ողբերգությունը, բայց այն կայացել է խոսքի՜ միջոցով, ազնվական, ազնվազարմ ակունքներից սերող, որ նորովի է հնչեցրել անցյալից եկող բառի առասպելը, մեր նախնյաց ամենամեծ պատգամն ու ուղերձը, որ ղողանջում է մեր երակներում։
Ահա այդ տիրական, ապրեցնող խոսքի միջոցով ցեղի առասպելը դառնում է արյան հիշողություն, և նրա բխումներից ճյուղավորվում է մեր արյան առուն, ոռոգելով մեր կենաց դաշտը։
Ահա խոսքի նախնականության այդ զգացողությունն է ինձ կաշառում քո պատումներում, քո ձեռագրում, բառի կենսականության նկատմամբ քո խռովքն ու տագնապը, քո մաքառումը, քո կռիվը ինքդ քեզ հետ, քո բառն ու բանը, խոսքի անբռնադատ տարերքը, խաղացկուն կառույցն ու հղացքը, և, վերջապես, բարեհոգի հայացքն ու ներքին ժպիտը, որոնք միահյուսվելով դառնում են իսկական գրականություն, սիրելի և առինքնող դարձնելով և արվեստագետի ստեղծագործությունը, և՜ նրա կերպարը, որն անբաժանելի, անխզելի է դառնում իր գրականությունից, իր ոճից։
Այսպիսին է քո գրականությունը, որ ծայր է առնում քեզանից և հեռանում ունայն ու մոլոր ճանապարհներին թափառելու համար, բայց նրան տրված է ջերմացնել մարդկանց սրտերը և իր հարկի տակ հյուրընկալել բոլոր նրանց, ում անծանոթ չէ արյան խենթությունը, բառի խիզախումը, ում շուրթերին է դեռ պատանության դառնահամը, որ միշտ զեղուն է երազներով ու մոտալուտ ողբերգության մշտատրոփ տագնապով։
Հիմա անցել են տարիներ, տասնամյակներ, քո գրականությունն անցել է կյանքի փորձություններով, խոսքը ինքնազոհության է գնացել այրվող մենախոսություններով, հասուն ու բազմանիստ է դարձել հորինվածքը, որ գալիս է խառնվելու օրերի մանվածքին՝ գունավորելու համար այն, կամ ձուլվելով նրա մռայլ ետնախորքերին՝ անզուսպ իր մղումով վերանվաճելու նրա վարագուրված ու անհերոս բեմահարթակը։ Բայց հուսահատության ոչ մի նշույլ, քանի որ այն սնվում է կենսական ակունքներից, որ դառնում է ընկերություն, արյան խենթություն, որ մենք միասին ենք ապրել, միասին ենք ձգել մեր ուրախ ու տխուր օրերի շարանը՝ հար և նման մեր գրած–չգրած պատումներին, որ ավելի մերն են, քան մենք, քանի որ կյանքի այդ պատառիկները համեմված են խոսքով, կայացել են խոսքի տիրույթում։ Ու հաճախ չգիտենք՝ ո՞րն է իրական՝ գրա՞ծը, թե՞ ապրվածը, քանի ո՞ր նրանք ուղևորվել են և քայլում են համընթաց, իբրև զուգահեռ կյանքեր, որոնք իրար են խաչվում խոսքի ու կյանքի քառուղիներում։
Տիրակա՜ն խոսքի քառուղիներում, որն ապրեցնող խորհուրդ ու կոչում ունի, որը միայն կարող է ճանապարհ դառնալ և միաժամանակ լույս նշողել ճանապարհի վերջում, որ և՜ կյանք է, և՜ նպատակ։
Ուրեմն դեպի նո՛ր խիզախումներ, ազնի՜վ բարեկամ, և գրիչդ թող բեղուն լինի, և ուղիդ՝ անթեք, քանի որ հայ արձակն այսօր ինքնակենտրոնացման և ինքնաճանաչման կարիք ունի, և այդ կարճատև դադարին հետևել են նոր ներխուժումներ ու ներքին բռնկումներ, քանի որ դեռ խոսքի ՙՉնվաճված աշխարհամասեր՚ կան, քանի որ քո կենսապատումը մղում է մեզ ինքնամաքրման և ինքնարարման, քանի որ բոլոր պատերազմների բեմահարթակը մեր մեջ, մեր ներսում փլուզվող կյանքն է, որը կարող է կրկին հառնել միայն ու միայն խոսքին շնորհված հրաշքով, այլապես տասը քայլ այն կողմ՝ մենք կհայտնվենք անդունդի եզրին…
Ուրեմն, բարի երթ քեզ և քո հերոսներին։

Դիտվել է՝ 4668

Մեկնաբանություններ