ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Էդուարդաս Մեժելայտիս. վաղ շրջանի Չարենցը

Էդուարդաս Մեժելայտիս. վաղ շրջանի Չարենցը
14.03.2024 | 11:01

Երևանում մեկը ինձ նվիրեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատորյակը։ Այդ մեծ պոետի մասին ես դեռ վաղուց ահագին բան լսել էի։ Նրա մասին պատմել էր լիտվական գրականության մեծ բարեկամը՝ Գուրգեն Մահարին։ Չարենցը կարող էր ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի իջնել անծանոթ գեղեցկուհու առջև։ Ոչ մի արտասովոր բան, ուղղակի ասպետություն։ Կարող էր ոչ դես, ոչ դեն, թռչել շարժվող գնացքի մեջ և ապա գիշերվա կեսին զանգահարել Բաքվից կամ Թբիլիսիից։ Կարող էր մեկ րոպեով մտնել թերթի խմբագրություն և խմբագրի սեղանին դնել նոր հորինած բանաստեղծությունները, ասելով. «Ահա քեզ հանճարեղ գործ» (այսինքն՝ փորձիր չտպագրել)։ Կարող էր հասարակական վայրում ամենաիսկական տուրուդմփոց սարքել, որը կհանգեցներ, գուցե, շատ լուրջ հետևանքների (և, ի դեպ, Վիյոնի պես, մեկ անգամ նույնիսկ հայտնվել է վանդակների ետևում)։ Կարող էր, հանդիպելով աղքատի, շուռ տալ գրպանները, նվիրաբերել նրան մինչև վերջին կոպեկը և նույնիսկ պիջակը ի հավելումն։ Սիրում էր գինի, հարգում էր կանանց, հավատարիմ էր բարեկամության մեջ։ Ահա թե ինչպիսին է Եղիշե Չարենցը։ Իսկական միջնադարյան ասպետ, վեճերի մեջ կռվարար և, իհարկե, մի քիչ էլ տարօրինակ։ Եթե աշխարհում բոլորը այդպիսի տարօրինակ մարդիկ դառնային, ապա կյանքը հնարավոր է, անտանելի լիներ։ Բայց քանի որ տաղանդավոր գրողները կազմում են մոլորակի բնակչության լոկ աննշան մասը, ապա նրանց տարօրինակությունից այնքան էլ վնաս չկա։ Իսկ եթե այդ տարօրինակ մարդիկ իսպառ վերանային, ինչի՞ կվերածվեր աշխարհը։ Մտածենք նաև այդ մասին։

Դոնքիշոտյան խառնվածքի բանաստեղծները ավերում են աշխարհի միօրինակությունը, ստեղծում հոգեկան քաոս, աններդաշնակություն։ Իսկ առանց դրա կլիներ մեռյալ տաղտկություն։ Եղիշե Չարենցը հենց իր վրա վերցրեց հանգստության խռովարարի առաքելությունը։ Նա իսկական բանաստեղծ էր։ Այդ մասին է վկայում նաև կոմիկական և ողբերգական բախումներով լի նրա կյանքը, գլխավորապես՝ նրա ստեղծագործական ուղին։ Գուրգեն Մահարին, որոշ բան պատմելով Չարենցի մասին, մի անգամ աչքերը կկոցելով, ուշադիր նայեց ինձ ու ասաց.

- Մենք բոլորս այն ժամանակ երիտասարդ էինք, բոլորս էլ հանճարեղ։ Մենք բոլորս էլ տարօրինակ էինք, հաճախ ընկնում էինք ծայրահեղությունների մեջ, անզուսպ էինք։ Սակայն իսկական հանճարը մեր մեջ միայն Չարենցն էր։ Նա մեզնից և ամենատարօրինակն էր, և ամենափայլունը մեր գրականության մեջ։

Իրոք՝ ամենափայլունն է։ Նույնիսկ տառացի իմաստով։ Բացում եմ գիրքը, ընթերցում նրա ամենավաղ բանաստեղծությունները և միանգամից տարբերում եմ «ալքիմիկոս» Ռեմբոյի բանաձևը. «Ա՝ կարմիր, Ե՝ սպիտակ, Օ՝ կապույտ, Ու՝ կանաչ»։

Չգիտեմ, իրո՞ք որ յուրաքանչյուր տառ ունի իր գույնը։ Պետք է հարցնել տառագետների, որոնք ճեղքում են բառը և գունավորում նրա առանձին միկրոէլեմենտները։ Նրանք գուցեև իմանան։ Բայց այն, որ բանաստեղծական տեքստի կառուցվածքը կարող է նկարազարդված լինել, ինչպես նկարչի կտավը, հայտնի է և շատ վաղուց ապացուցված։ Եվ նկարազարդված է, և հնչունացված։ Այդ էլ ապացուցել են սիմվոլիստները։ Հավանական է, որ նրանք անջատած լինեն բանաստեղծությունը իրականությունից և նույնիսկ թույլատրելի աստիճանից ավելի խորացել են նրանց ձևական տարրերի մեջ։ Հիշենք, թե ինչպիսի ցասումով էր գոչում Պոլ Վեռլենը. «Երաժշտություն։ Առաջին հերթին երաժշտություն»։ Իսկ Ռեմբոն բանաստեղծներից պահանջում էր գույներ։ Երևի, սիմվոլիստներին չհաջողվեց պահպանել ձևի և բովանդակության հավասարակշռությունը (բանաստեղծական իրականության մեջ անդադար տուժում է նշված երկու կողմերից մեկը, այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի նրանց միջինը)։ Բայց նրանք հարստացրին դասական բանաստեղծական տողը երաժշտական ու գունավոր հնչողությամբ և այդ ձևով առաջ տարան պոեզիան։ Նման «լաբորատոր» ձևափոխում հայկական պոեզիայում, որն իր մեջ պարունակում է հազարամյա ավանդույթներ, կատարեց Եղիշե Չարենցը։

Դեռևս տասնվեց տարեկան, առաջին բանաստեղծությունները նվիրելով իր սիրեցյալին՝ Աստղիկ անունով աղջկան (բառացի թարգմանությունն է՝ «աստղ», որը հավանաբար, ծագում է լատինական «աստրա» բառից), Չարենցը նկարում է նրա պատկերը այնպիսի թափանցիկ գույներով, ինչպիսին են հայկական երկնքի ամպերը։

Բանաստեղծությունների շարքը այդպես էլ կոչվում է՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ Տխրադալուկ՝ զարմանալի մի գույն։ Պետք է կարողանալ պատկերացնել այդպիսի գունային նրբերանգ. պատանի Չարենցը զարմանահրաշ կերպով զգում էր գույները (և ոչ միայն հիմնական պատկերներում, այլև նույնիսկ ամենանուրբ երանգավորումներում)։ Հատկապես իր ստեղծագործական կյանքի ավելի հասուն ժամանակահատվածում նա համարյա չի գործածում մաքուր «լեզվաբանական գույներ», այլ խառնում է դրանք իրար և ամեն անգամ ստանում նոր, նրբին երանգներ, զարմանալի գույներ։ Հենց սա էլ մեծ արվեստագետի հատկանիշ է։ Եվ այդ երևան եկավ մեր ստեղծագործական ուղու սկզբին։ Այն ճերմակության երանգը, որի մասին նա խոսում է, վերցված է ամպերից։ Կարելի էր նաև դիմել երկրայինին՝ խնձորենիների և ծիրանենիների հեքիաթային ծաղկմանը։ Սակայն հայկական փորձից ելնելով, հատկապես պարզորոշ նկատվում է, որ երիտասարդ բանաստեղծների հայացքը, բնականաբար, ուղղվում է դեպի վեր, (կարելի է այստեղ հիշել և ամպերը լերմոնտովյան բանաստեղծություններում), դեպի ամպերը, երկինքը, աստղերը։ Պատանի բանաստեղծները միշտ փափագում են գուշակել աստեղային, տիեզերական գաղտնիքները, որոնք ղեկավարում են Տիեզերքի բարդ մեխանիզմները։ Իհարկե, այդ գաղտնիքը մնում է չլուծված։ Համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ։ Բայց յուրաքանչյուր նոր սերնդում պատանիները նորից ու նորից ձեռնամուխ կլինեն այդ հանելուկի լուծմանը։ Ճշմարիտ է. նման հիերոգլիֆ պատկերված է նրանցից յուրաքանչյուրի սրտում։ Հավանաբար, այդ վերաբերվում է նաև պատանի Չարենցին։ Նրա հայացքը շրջագայում էր երկնային բարձունքներով, թափառական ամպերի ետևից ընկած։ Պատանի բանաստեղծը միշտ ինչ-որ տեղ զուգորդվում ու նմանեցվում է Համլետին, և այն «դալկությունը», որի մասին խոսում է Չարենցը, կարելի է անվանել նաև «համլետյան դալկություն»։ Դալուկ ամպերը սահում են հայկական կապույտ, էմալե երկնքով մեկ և կպչում շլացուցիչ ու կուրացնող ճերմակ սառցադաշտերին։ Պետք է մտածել, որ պատանու հայացքը մեկ անգամ չէ, որ հանդիպել է առավոտվա ոսկեզօծ շրջանակի մեջ սուզված թռչող ամպերի և ապա ուղեկցել նրանց մինչև մայրամուտի մանուշակագույն շրջանակը։ Եվ այդ մանուշակագույն կտավի վրա վառվում են աստղիկները։ Չէ՞ որ նրա առաջին բանաստեղծությունը Աստղիկի մասին էր։ Հավանաբար, շատ երկար է նա գիշերները կանգնել չինարիների ստվերում և զմայլվել Աստղիկի թափանցիկ գեղեցկությամբ, նրա ցավալի աստիճանի հասնող դալուկ դեմքով ու վառվռուն աչքերով, նման չափից դուրս անհասանելի աստղերի։ Բանաստեղծություններից երևում է, որ բանաստեղծը չափազանց շատ է տառապել (այդ պատճառով էլ սիրած աղջկա դեմքի դալկությունը զուգորդվում է նրա մոտ ցավալի զգացողության հետ)։ Չէր կարող չտառապել, եթե գրել է. «Սերը մեզ տրվում է միայն մահվան գնով»։ Նման բառերը հենց այնպես չեն ծնվում։ Նրանց մեջ ինձ թվում է ապագա ծանրություն՝ հանճարեղ պոետի ողբերգական ճակատագրի նախազգացումը։ Նման նախազգացումներ ճանապարհի սկզբին պատում են յուրաքանչյուր իսկական բանաստեղծի։ Նրանք թափանցում են բանաստեղծության ողջ փոխաբերական կառուցվածքի մեջ։ Այդպես է կառուցված բանաստեղծի հոգին, այն ինքն է քերթողին տալիս կանխագուշակումների, ներըմբռնման, պարադոքսների ազդանշաններ։ Բանաստեղծը հենց սկզբից կանխագուշակում է իր վախճանը։ Եվ Չարենցը դեռ այն ժամանակ գուշակում էր, որ սիրո համար երբևէ պետք է հատուցի «մահվան գինը»։ Իր սիրո համար՝ հանդեպ Լաուրայի, իր Աստղիկի, իր Հայրենիքի նկատմամբ։ Այդպես էլ եղավ։ Տարօրինակ բան. այն մարդկանցից, որոնք խլեցին պոետի կյանքը, հետք անգամ չմնաց, իսկ բանաստեղծ Եղիշե Չարենցը դարձավ ավելի վեհապանծ։ Մարդկանց հայացքում առասպելը նրան բարձրացրեց մինչև Արարատի գագաթը։ Եվ առավել նսեմացրեց նրանց, որոնք ձեռք բարձրացրին նման պոետի կյանքի վրա։ Նահատակ մահը երկար կյանք է պարգևում։ Երբեմն նույնիսկ հավիտենական։ Ցավի աստիճանի աստղային դալուկ գույնը բանաստեղծի ներկապնակի վրա վերափոխվեց կարմիրի։ Փոխվեց կրակի գույնի, տուֆի, խնձորի, նռան և, վերջապես, արյան գույնի։

Ինչ զարմանալի գեղեցիկ է թվում այդ գույների վերափոխման հաջորդականությունը՝ դալկադեղնավունից մինչև վառ կարմիր արյան պես։ Ցավի աստիճանի դալկագույն ներկված բանաստեղծությունների շարքից անմիջապես հետո, պոետի կտավներում երևան են գալիս էլ ավելի ինտենսիվ գույներ։ Ինչքան խորն են ապրումները, այնքան ցայտուն են գույները։ Ահա «Հրո երկիր» շարքը։ Նրանում դեռևս զգացվում է գույների քնքշությունը, սակայն արդեն առկա է վառ կարմրագույն, արևագույն արտացոլումը։ Այդ շարքում կա այսպիսի մի տող. «Քո սպիտակափայլ թագը առկայծում է արնագույն մշուշում»։ Խորհրդանի՞շ է, արդյոք։ Առանց որևէ կասկածի։ Սակայն ինչի՞ խորհրդանիշ։ Աստղիկի և Լաուրայի՞։ Կարծում եմ, որ այս ամենի՝ միասին վերցրած։ Արարատը՝ հավիտենական երկրի՝ Նաիրի երկրի (կամ էլ ինչպես նոր ձևով՝ Հայաստանի) խորհրդանիշը, կարող է թագադրվել իր սպիտակափայլ պսակով ծիրանագույն արևամուտին և ոգեշնչել բանաստեղծին մտորելու իր ժողովրդի և սեփական ճակատագրի մասին։ Տվյալ բանաստեղծությունների շարքը նշված է 1913-1916 թ. թ.։ Ամբողջ Հայաստանը այդ տարիներին պարուրված էր չարագույժ բոցով։ Արարատի լանջերը մեկ թիզ ներծծված էին մարդկային արյունով: Չարենցը իր բանաստեղծությունների շարքը ավարտել էր երիտթուրքերի կողմից ձեռնարկված և Հայաստանով մեկ տարածված 1915 թ. սարսափելի կոտորածից անմիջապես հետո։ Այդ սպանդը իր հետ տարել էր մոտ մեկուկես միլիոն մարդկային կյանք։ Այո, Արարատի սպիտակափայլ պսակը պատված էր արնապատ մշուշով։ Այդպես մեկ անգամ չէ, որ եղել է հայոց հազարամյա պատմության ընթացքում։ Եվ 1915 թ. կոտորածը Հայաստանի բնակչության համար նորություն չէր։ Նորություն էր նրա հրեշային թափը։ Հազար կոտորած էր տեսել բազմաչարչար և քաջասիրտ ժողովուրդը, իսկ հազարմեկերորդը միանգամից տարավ այնքան մարդկային կյանքեր, ինչքան բոլորը՝ միասին վերցրած։ Արդյոք պարադոքս չէ՞ «քաղաքակրթված» 20-րդ դարի արշալույսին այսպիսի մռայլ միջնադար։ Ոչ, արտասովոր չէ, այլ նախանշան է, կանխազգացում։ Կրակի և արյան գույնով շատ բաներ են ներկվել արդեն իր ավարտին մոտեցող մեր դարաշրջանում։ Կարծում եմ, որ այդ բոլորը երանգավորել է նաև երիտասարդ Չարենցի կողմից գրված բանաստեղծությունների շարքը։ Այս շարքում կան նաև այլ գույներ. երկնագույն սադափով են պատված Նաիրի երկրի բերդերը և վանքերը, կապույտ գույնով են ողողված երեկոյան ժամերին Արարատի լանջերը, իսկ հավիտենական աստղերը նրա սպիտակափայլ թագի վրա փայլում են հանց հայկական ոսկեգույն հացահատիկը։ Եվ արնաթաթախ արցունքներ են իջնում բանաստեղծի աչքերից։

Համաժողովրդական աղետի ֆոնի վրա (բանաստեղծը այն կոչել էր «արյունով ներկված կեղծիք»), նա զգում է նաև իր սեփական ողբերգությունը։ «Ոչ լույս, ոչ խավար»,- բացականչում է Չարենցը, աչքերը հառնելով դեպի երկինք, չտեսնելով և ոչ մի աստղ։ «Ոչ ձյուն, ոչ հրդեհ»,- բացականչում է նա, հայացքը շրջելով մոխրացած երկնքից դեպի արցունքների հովիտը՝ տանջահար հայրենի երկրին։ Դատարկություն։ Ամենուրեք իր հետքն էր թողել անհաղթելի մահը։ Եվ երկինքը, և երկիրը զգացել էին նրա գերանդու սառնությունը։ Եվ անսպասելի կերպով բանաստեղծը իրեն անսահմանորեն միայնակ է զգում։ Ես ինքս էլ ճանաչել եմ այդպիսի անսահման միայնակության դառնությունը հարազատ շիրիմների մեջ։ Մի բանաստեղծության մեջ, նշված սև, 1915 թվականով, Չարենցը վշտալի և կարճ հավաստում է. «Ես մենակ եմ»։ Երևում է, նրան դառն է ողջ մնալ ազգային կործանման շրջանակներում։ Չէ՞ որ այնքան էլ մեծ երջանկություն չէ՝ ապրել գերեզմանների մեջ։

Մինչդեռ Չարենցին սպասում էր ռոմանտիկ թռիչքի և սխրանքի մեծ բաժին։ Նա իր կյանքը վերածեց վարքագրության և առասպելի։ Իսկ յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով և հոգեկան հաղթանակով։ Դեպի Ավետյաց երկիրը տանող մարդկային ճանապարհին բանաստեղծ Եղիշե Չարենցի առասպելը բացառություն չի կազմում, նա իր կյանքը դրեց միլիոնների սրտերը ջերմացնող զոհասեղանի վրա։ Նա գրում էր. «Զոհաբերումը ուրախ խրախճանք է»։ Նրա ողջ կյանքը հերոսական գործողություն էր, ստեղծագործական և պայքարի սխրանք։ Սխալ կլիներ մտածել, որ բանաստեղծի կյանքում չեն եղել թեթև, երջանիկ, անամպ օրեր։ Սակայն բարձրագույն երջանկությունը ուրիշների երջանկության համար մղվող պայքարի մեջ է։ Պրոֆեսիոնալի համար երջանկությունը ստեղծագործական գործողությունն է։ Երջանկությունը նաև սովորական վարդի թուփն է։ Կնոջ երջանկությունը մեծագույն երջանկությունն է բանաստեղծի համար։ Իր բանաստեղծություններից մեկում Եղիշե Չարենցը հպարտ հայտարարում է. «Ես աստղերի բանաստեղծն եմ»։ Հավատում եմ։ Եվ ես լսում եմ նրա բանաստեղծություններում բոցավառ կերպով սիրահար հոգու կանչը։ Քանզի հենց այդ տողից հետո գալիս է սիրո հիասքանչ մի խոստովանություն, որը բացվում է չափազանց նրբին փոխաբերությամբ. «Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով, թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի»։ Ինչպես տեսնում ենք, գունային բանաստեղծության վարպետը նկարազարդում է իր պոետական տեքստերը և փոխաբերությունները ոչ թե լուսապատկերի պատահական մի գույնով, այլ բռնկված ամենահաղթող, մինչև Արարատի օլիմպիական գագաթները բարձրացված սիրո հրով, ծիածանի բոլոր գույների հետ վերաբերվում է ուրախ և հեշտությամբ։ «Ծիածան» - այդպես է կոչվում նրա բանաստեղծությունների ավելի ուշ ժամանակաշրջանի շարքը, մեկն այն գեղեցիկ ու քնքուշ ստեղծագործություններից։ Եվ դա բնական է՝ մարեցին հրդեհները, լռեցին կրակոցները, հանդարտվեց ամպրոպը, և երկնային կապույտի մեջ հուրհրաց ծիածանը։ Գույների ամբողջ ծաղկեփունջ։ Եվ բանաստեղծի հոգին սավառնեց դեպի վեր, դեպի այն անբիծ արահետը։ Այդպես ծնվեց «Ծիածան» բանաստեղծական շարքը գրված 1918-1920 թթ.։ Ամեն ինչ նրանում եթերային է, մաքուր, ամեն ինչ տոգորված է հայկական հողի անկրկնելի բուրմունքով։ Այս բանաստեղծություններում և «երկնային թեթև համբույր» կա, «լճի վրա հանգստացող կարապներ», և «կապույտ քույրը»՝ սիրուհին։ Եվ արևը՝ «ոսկե թիթեռնիկը», իջած բանաստեղծի ուսերին։ Պոետը մտածում է, և հենց նույն պահին նրա փոխաբերությունների ներկապնակում հայտնվում է մանուշակագույն երանգը՝ խորունկ-խորհրդավոր և բարդ մի գույն։ Չարենցը ինքն իր մեջ զգում է «մանուշակագույն գիշերները», նրա հոգում շրջագայում է «մանուշակագույն մշուշը», որը նա տեսնում է նաև իր սիրեցյալի դեմքին։ Դա մտախոհության, արևի մահվան, երեկոյան հանգստի գույնն է։ Նման գույնով պատված է Ռիլկեյի «Ժամագիրքը»՝ մեկն այն խորիմաստ և բանաստեղծական գրքույկներից, ողողված լիրիկական մտորումներով։ Բանաստեղծական շարքը, գրված Չարենցի կողմից, շատ բանով մոտ է «Ժամագրքին»։ Երկուսն էլ նրբորեն զգացել են և վարպետորեն արտահայտել հոգու այդ «մանուշակագույն» վիճակը։

«Հրաժեշտի գիշեր»։ Վաղանցիկ, ինչպես երազ, գորշ մանուշակագույն բանաստեղծություններ։ Ապա՝ «Ողջակիզվող կրակ» (գունային սուբստրակտ, որը նորից ներկված է վառ կարմիր և բոսորագույն երանգներով՝ պոետի երակներով հոսող և ողջ մարմինը բոցավառող կրակը ողջակիզվում է, պատրաստ մեծագույն զոհաբերության)։ Նորից կիտվում են վրա հասնող երեկոյի բաց կապտավուն երանգները, զարմանքի և մտորումների պահերը։ Եվ հանկարծ՝ բաց վարդերի երանգ, գինու և արևի գույներ։ Բոցակարմիր մի գույն։ Սակայն դրա միջից թափանցում է արնագույն խարույկի վառ կարմիր ծուխը։ Եվ արյունն է ցայտում։ «Արևը՝ ինչպես կարմիր մահ» - դարաշրջանին հատուկ նման գույնով է նկարազարդում իր տողերը «կարմիր տանջանքներ» կրած գունավոր բանաստեղծության հանճարեղ վարպետ Եղիշե Չարենցը։ «Վառվում ես դու դանդաղ հրով» - շշնջում են չգիտես արդյոք սիրեցյալի՞, հայրենի երկրի՞, թե՞ ողջ մոլորակի շրթունքները. չէ՞ որ Չարենցը գլոբալ մտածողության տեր բանաստեղծ էր, և հենց այդ տարիներին էլ նման մտածողությունը ձևավորվել էր նրա մոտ։

Ես արդեն խոսել եմ կարմրագույն երանգի մասին Չարենցի բանաստեղծություններում։ Ով չի խմել հայկական կարմիր գինուց՝ ինձ լիովին հասկանալ չի կարող։ Իսկ այդ տիպի ուրիշ գինի աշխարհում ոչ մի տեղ չկա։

Ես լավ գիտեմ նրա համը։ Այսպես ուրեմն. Չարենցի վաղ շրջանի քնարերգությունը իր ծիածանավառ, գունավոր ժամանակաշրջանում, արբեցնում է ինձ, ինչպես ալ կարմիր, սուտակի գույնի նռան գինին։ Նրա համից անհնար է հագենալ։ Այդպիսի բանաստեղծություններից հետո, այդպիսի գինուց հետո սարերը այլևս սարեր չեն։ Քեզ մոտ աճում են անտեսանելի թևեր, որոնք քեզ տանում են ուղիղ դեպի արևը։ Ես լավ եմ հասկանում, ինչու է Չարենցը ասել մայրենի լեզվով. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»։ Իմ մայրենի լեզվի մասին ես կարող եմ ասել, որ նրա մեջ սիրում եմ սաթի համը։ Իսկ սաթի գույնը ևս հիշեցնում է արևի փայլը։

Չարենցը թևավոր բանաստեղծ էր, իսկական լեռնային արծիվ։ Եվ արևի ճառագայթի փայլը նա փոխանցեց իր մայրենի լեզվի մեջ։ Այդպիսին էլ պետք է լինի բանաստեղծը։ Մայրենի լեզուն պոետի գրչի տակ պետք է փայլփլի ծիածանի բոլոր երանգներով և գույներով։ Նրա իշխանության տակ է բոլոր ծաղիկների գույներով ողողված ներկապնակը։ Եվ պոետի փոխաբերությունները պարտադիր կարգով պետք է գունազարդված կամ հնչունացված լինեն։ Երաժշտությունը և գույնը կյանք են տալիս փոխաբերությանը, արագացնում նրա զարկերակը։ Չեմ կարող չհիանալ վաղ շրջանի Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքով։ Իմ կարծիքով, այն հանդիսանում է համաշխարհային սիրային քնարերգության գլուխգործոցը։ ինքը՝ Չարենցը, տվել է հետևյալ ենթավերնագիրը. «Գալանտ երգեր»։ Ես այն կկոչեի այլ կերպ՝ «Նազելի երգեր»։ Նման նրբագեղության հազվադեպ է հասել համաշխարհային պոեզիան։ Ահավասիկ մի քանի՝ ապշելու աստիճանի նրբագեղ մարգարիտներ. «Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Կուզեի լսել հար, ձեր վճիտ երգերը վառ», «Եվ երգով լինել Ձեզ հետ», և կամ՝ «Սրտիս վրա մի հեզ քնքշություն է իջել, թեթև, թեթև, որպես կապույտ վուալը Ձեր»։ Նման մարգարիտներից է գումարվում հիասքանչ կնոջ խճանկարոտ պատկերը։ Կախարդական ոտանավորներ։ Ասպետական բառեր։ Միայն կնոջ առաջ է ծունկի գալիս իսկական բանաստեղծը։ Այժմ այս ասպետական վարքը մոդա չէ, սակայն այն ինձ դուր է գալիս, ինչպես և բանաստեղծությունների այդ ամբողջ շարքը։

Սրանով էլ ես ուզում եմ ավարտել իմ ծոցատետրային մենախոսությունը (իսկ գուցե՞ երկխոսությունը ինձ հետ) վաղ շրջանի Չարենցի մասին։ Նրա ստեղծագործական կյանքի ավելի ուշ շրջանը ինձ այնքան էլ «գունավոր» չի թվում։ Թեպետ, ճշմարիտ է, որ այդ շրջանի ոտանավորները գաղափարապես ավելի հարուստ են։ Ուշ շրջանի Չարենցը կարծես, նախընտրությունը տալիս է հատիչին, քան վրձնին։ Շատ դեպքերում էլ հնչյունը նախընտրում է գույնին։ Նրա հնչունացված փոխաբերությունները նման են ամբողջական նվագախմբի՝ այնտեղ նշմարվում են և լարային, և փողային ու հարվածային գործիքները։ Ես կարող եմ իմ տպավորությունները հաստատել բազմաթիվ օրինակներով, վկայակոչելով թեկուզև այնպիսի համեմատություն, ինչպես «Չարենցը հայրենիքում»։ Սակայն այդ ժամանակաշրջանին, լի հեղափոխական պաթոսով և պոետական դինամիզմով, ես մտադիր եմ անդրադառնալ հետագայում։ Այն ժամանակ, երբ ինձ համար ավելի պարզ կդառնան բանաստեղծի մահվան իրական պատճառները։ Նա վաղուց էր կանխազգում իր վախճանը։ Դժվար կյանք են ունենում այն պոետները, որոնց ստեղծագործությունը դուրս է գալիս ընդհանուր գծից։ Հազվադեպ են հանդուրժում նրանց, ովքեր մեկ գլխով բարձր են շրջապատից։ Այդ բոլորը վաղուց է հայտնի։ Չարենցը անսովոր անձնավորություն էր և անսովոր պոետ։ Այդ մասին է խոսում նույնիսկ կեղծանվան ընտրությունը։ Հայերեն «Չարենց» բառը նշանակում է «մոլեգին» հասկացողության նման մի բան։ Այդպիսին էլ հենց կար այդ պոետը՝ հայկական բուռն խառնվածքով վեհ երազողը։ Այդպիսին էլ պետք է լինի բանաստեղծը։

Թարգմանությունը`

Արտաշես ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ