ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց հնագույն պատմության հերթական ավերումները

Հայոց հնագույն պատմության հերթական ավերումները
04.08.2009 | 00:00

ԳԵՐԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թե ինչպիսի գերակադեմիական ավերածություններ են գործում հայ ժողովրդի ծագումնաբանությանն ու հնագույն պատմությանը վերաբերող բնագավառներում 21-րդ դար հասած մեր պատմաբանները, կփորձենք հիմնավորել նրանց աշխատություններից քաղված որոշ հատվածներով՝ անհրաժեշտաբար վկայակոչելով նաև հնագույն դարաշրջաններից մեզ հասած պատմական վավերագրերի հաղորդումները նույն իրողությունների մասին: Եթե հայերի եկվորության կանխադրույթի ստեղծողները, ելնելով ժամանակին իշխող գիտական պատկերացումներից, մ.թ.ա. 6-րդ դարից առաջ Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի գոյության փաստը չէին ընդունում և նախորդ դարաշրջանների պատմական իրողություններն օտարում էին հայ ժողովրդի պատմությունից, ապա 21-րդ դար հասած նրանց հոգևոր թոռները, հաճախ թռչելով հազարամյակների գլխավերևով, հնագույն դարաշրջանների իրողությունները խցկում են պապերի մատնանշած դարաշրջաններ, նորովի «բովանդակավորելով» դրանք: Չե՞ք հավատում:
ԷՐԻՄԵՆԱ-ԱՐԱՄԱՆԻ-ԱՐԱՄ
Բաբկեն Հարությունյան, «Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների շուրջ», Ե., 1998:
Ներկայացվող աշխատության մեջ պարոն Հարությունյանը, նախ և առաջ, գյուտարարի կեցվածքով ու անառարկելի տոնով ազդարարում է. «Նինոսը, որ ըստ հունական աղբյուրների, ամուսնացած էր Շամիրամի կամ Շամուրամաթի հետ, անկախ այն իրողությունից՝ անունով նույնանում է, թե ոչ ասորեստանյան թագավոր Շամշի Ադադ Ե-ին, մ.թ.ա. 9-րդ դարի անձ է, քանի որ Շամիրամը, որի մասին տեղեկություններ է պահպանել նաև Մովսես Խորենացին, իրական դեմք է և 810 թ. ամուսին Շամշի Ադադ Ե-ի մահից հետո գահաժառանգ Ադաթներար Գ-ի փոքրահասակության պատճառով, փաստորեն, կառավարել է Ասորեստանում» (էջ 25-26):
Մեզ մնում է տեսնել, թե ինչ են ավանդում անտիկ շրջանի սկզբնաղբյուրները Նինոսի, Շամիրամի, Շամշի Ադադի մասին:
Մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին իր «Պատմության» մեջ արձանագրում է, որ Նինոսը հիմնադրեց Ասորեստանի թագավորությունը, դարձավ աշխարհակալ թագավոր, իր անունով կառուցեց չափսերով ու ճարտարապետական կառույցներով հավասարը չունեցող քաղաք՝ Նինվեն: Միաժամանակ վկայակոչելով մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Կտեսիաս Կնիդացուն՝ Դիոդորոսն արձանագրում է, որ Նինոսից հետո, հորից որդուն անցնելով, Ասորեստանում իշխել է 30 թագավոր (Խորենացին նշում է 32-ը), մինչև Սարդարանապալոս, որի ժամանակ մեդացիները կործանեցին թագավորությունը (մ.թ.ա. 612-606), որ Նինոսի ստեղծած թագավորությունը գոյություն է ունեցել ավելի քան 1300 տարի:
Այժմ տեսնենք, թե որտեղ է «վայրէջք կատարում» աշխարհակալ Նինոսը: ՀԺՊ ակադեմիական հրատարակության հավաստմամբ՝ «Շամշի Ադադ Ե-ն (823-810) ի վիճակի չէր Ասորեստանին վերադարձնելու իր երբեմնի հզորությունը: Այսպես, ի տարբերություն իր նախորդների, Շամշի Ադադը փաստորեն հրաժարվում է անդրեփրատյան երկրներում, հատկապես Ասորիքում, Ասորեստանի ունեցած գերիշխանությունից» (ՀԺՊ, 1971 թ., էջ 290-291):
Հետևապես, անհնար է այդ երկու պատմական դեմքերի նույնացումը, որոնցից մեկն աշխարհակալ պետության հիմնադիր ու մեծագործություններով հռչակված անձ է, մյուսը վկան է եղել պետության թուլացման ու վայրընթացի: Էլ չենք խոսում, որ նման մոտեցմամբ ասորական պետության 1300-ամյա պատմությունից մնում է ընդամենը վերջին 200-ամյակը:
Ինչ վերաբերում է մ.թ.ա. 810 թ. բերված Շամիրամին, նրա մասին բազմաբնույթ գրականություն է ստեղծվել: Դիոդորոս Սիկիլիացին նրա մասին գրում է. «Սեմիրամիսը, բնավորությամբ լինելով մեծագործությունների ծարավ և ձգտելով իր փառքով գերազանցել իրեն նախորդած գահակալին, մտադրվեց Բաբելոնիայում կառուցել քաղաք» (էջ 20): Նա քաղաքը կառուցում է՝ «Եփրատ գետը առնելով մեջտեղ, շրջափակում 300 ասպարեզ երկարությամբ պարսպով: Պարսպի բարձրությունը 50 կանգուն է, աշտարակների թիվը՝ 250, իսկ լայնքն ավելի, քան պետք էր երկու ռազմակառքի գնացքի համար» (էջ 22): «Քաղաքի մեջտեղում կառուցեց տաճար Զևսին, որը բաբելացիները կոչում էին Բելոս» (էջ 25): Այդ տաճարի գագաթին կանգնեցրեց երեք հսկա արձան՝ Զևսի, Հերայի և Հռեայի:
Իսկ Մովսես Խորենացին էլ Շամիրամի մասին ստեղծված պատմություններից վերցրել է այն ամենը, ինչն առնչվում է մեր երկրին: Ըստ որում, Խորենացու հավաստմամբ, Շամիրամը ոչ թե Ադադ Գ-ի (810-782), այլ Նինվաս-Զամեսեսի մայրն է:
Միայն այն իրողությունը, որ հայ ժողովուրդը հիշողությամբ 4000 տարի սերնդից սերունդ փոխանցել է «Շամիրամի առու»-ի հիշատակը, որ իրար դեմ հանդիման լեռնագագաթները կնքել է Արայի ու Շամիրամի անուններով, որ միջնադարի մեր մատենագիրներ Մխիթար Գոշն ու Վարդան Վարդապետը Փառիսոս գավառում հիշատակում են «Շամիրամաբերդ», «Շամիրամաձոր» տեղանունները (տե՛ս Ա. Մնացականյան, «Աղվանից աշխարհի գրականության հարցի շուրջը», Ե., 1966, էջ 61-62), անառարկելի հաստատում են ոչ միայն Արայի ու Շամիրամի պատմականությունը, այլև Շամիրամի տևական առնչությունները Հայաստանի հետ, ինչպես նաև նրա վախճանը Վանա լճի ափին («ՈՒլունք Շամիրամայ ի ծով»):
Բայց ի՞նչ անհրաժեշտության մղումով են Նինոսն ու Շամիրամը հայտնվում 810 թ. շրջանակներում: Պարզվում է, որ անհրաժեշտությունը կա: Խորենացին, ներկայացնելով Արամի մեծագործությունները, ոչ միայն նշում է, որ նրա անունով օտարները մեզ անվանակոչեցին, այլև մի քանի անգամ անդրադառնում է Արամի և Նինոսի հարաբերություններին, ընդգծում, որ Նինոսը չի համարձակվում իր նախնի Բելի համար վրեժխնդիր լինել Հայկի ժառանգներից՝ «կասկածելով, թե այդպիսի ձեռնարկումը կարող է նրա թագավորության կորստյան պատճառ դառնալ» (Խորենացի, էջ 94): Արամի ու Նինոսի այս առնչությունները միջոց են դառնում, որ Արամը 3-րդ հազարամյակից «տեղափոխվի» առաջին հազարամյակ: Նինոսին կանգնեցնելով 810 թ. նախաշեմին՝ պատմաբանն անմիջապես գրում է. «Այս առումով Արամը կարծես թե ինչ-որ չափով կապվում է վանյան թագավոր Արամեի անձի հետ, սակայն մյուս իրողությունը, հանձին որի Նյուքար Մադեսին հաղթել է և սպանել, մտածել է տալիս, որ պատմահոր Արամի կերպարի մեջ թաքնված է մեկ այլ գործիչ ևս, որովհետև Նյուքար Մադեսը ևս իրական դեմք է, որը գործել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ 50-40-ական թվականներին, թերևս դրանից էլ առաջ» (էջ 25-26): Եվ երևակայության գերագույն թռիչքներով հեղինակը որոնում ու գտնում է Արամի կերպարում թաքնված մեկ այլ գործիչ ևս:
Նախ` տեսնենք, թե ինչ են վկայում պատմական սկզբնաղբյուրները Արամի մասին, այս անգամ արձանագրված ոչ թե մագաղաթների, այլ քարակերտ հուշարձանների վրա: Հայկյան Արամի անունով մեր ժողովրդին ու երկիրն անվանակոչելու առաջին վկայությունն արձանագրվել է մ.թ.ա. 23-րդ դարի Աքքադի տիրակալ Նարամ-Սուենի հուշակոթողների վրա՝ Արմանում անվանաձևով, և նույն բառարմատի տարբեր ձևափոխումներով՝ Արմանի, Արմի, Արմե, ՈՒրմե, Արմենիկ, Արմեն և այլն, տարբեր դարերում, տարբեր տիրակալների կողմից շուրջ 30 անգամ հիշատակվել է մինչև Բեհիստունի հայտնի եռալեզու արձանագրությունը՝ մինչև մ.թ.ա. 6-րդ դարի վերջերը:
Շտապենք հայտնելու, թե «Արամի կերպարում թաքնված մեկ այլ գործչի» մասին ինչ է արձանագրված ՀԺՊ ակադեմիական հրատարակությունում: «Շուրջ կես դար տևող ժամանակամիջոցում (մ.թ.ա 645-590) ուրարտական գահի վրա երևում են Սարդուրի Գ, Սարդուրի Դ (?), Էրիմենա, Ռուսա Գ և Ռուսա Դ թագավորները: Էրիմենայի թագավորելու հարցը, կարծես թե, արդեն հաստատվում է: Դիակոնովը Էրիմենային է վերագրում Կարմիր բլուրում 1957 թ. հայտնաբերված աղյուսակներից մեկը» (ՀԺՊ, հ. Ա, 1971, էջ 335): Թագավորացանկում մի անգամ հիշատակված Էրիմենային է թեականորեն վերագրվում հայտնաբերված աղյուսակներից մեկը: Եվ ահա պատմագիտության համար «խոպան» այդ տարածքում էլ «վայրէջք է կատարում» Խորենացու ներկայացրած Արամը: Բայց փոխանակ իր «հայտնագործությունը» սկսի իր իսկ մատնանշած տարեթվից՝ մ.թ.ա 630 թվից, պատմաբանը շուրջ 75 տարվա ցատկ է կատարում, առեղծվածի լուծման ելակետ դարձնում Կյուրոսի կողմից մեդական տիրապետության կործանման նախօրյակը, երբ Կյուրոսը դեռ մեդական թագավորի զորավարն էր և հաղթել էր հայոց թագավորին, այսինքն՝ մ.թ.ա. 553 թ. փոքր-ինչ առաջ:
«Քսենոֆոնը, որ հաճույքով մեզ է մատուցում հայոց թագավորի երկու որդիների՝ Տիգրանի և Սաբարիսի անունները, անհասկանալի ձևով մոռանում է տալ հայոց արքայի անունը: Հայոց արքայի անունը մի դառը թյուրիմացության պատճառով աղավաղվել է, վերածվել հասարակ անվան: Հույները հայերին կոչում էին արմենիոս, ուստի եթե մի պահ ընդունենք, որ հայոց արքայի անունը եղել է Արամանի, որին դեռ կանդրադառնանք, վերջինս հույնի ականջին հնչելու էր Արամենիոս ու, տարակույս չկա, կարող էր շփոթվել «հայ» ինքնանվանման հետ: Բավական է, որ «Արամենիոսն» ընկալվեր «արեմինոս» կամ «արամանոս», և Քսենոֆոնը կդադարեր նրա մեջ հատուկ անուն տեսնելուց, և այդ անունը կրող թագավորին էլ պարզապես կհամարեր «հայոց թագավոր»: Անհրաժեշտ է պարզել, որ գոյություն է ունեցել այդ անունը կրող թագավոր» (էջ 24):
Եթե մի պահ ընդունենք էլ պատմաբանի այս մեկնաբանությունների ճիշտ լինելը, դարձյալ հարց է մնում, թե ինչպես է այդ Արամանի-Արամենիոսը հայտնվում Կյուրոսի ու Տիգրանի կողքին և Քսենոֆոնին էլ թյուրիմացության մեջ գցում, երբ մեր պատմաբանի գրչի զորությամբ 609 թ. մեդական թագավորը ջարդել ու պատմությունից դուրս է մղել նրան: Այնուամենայնիվ, նա Արամանի-Արամենիոսին տեղադրում է 631 թ. և հետագա տարիներին, հենվելով Խորենացու այն հաղորդման վրա, որ մեդացի Նյուքար Մադեսը, որին հաղթել է Արամը և մարմինն Արմավիրի պարսպի աշտարակին վարսել, երկու տարով իրեն է ենթարկել Հայաստանը:
Շտապենք ասելու, որ Նյուքար Մադեսի անվան շահարկումով Էրիմենան Արամանի-Արամ դարձնելն արդյունք է այն հանգամանքի, որ պատմաբանը հաշվի չի առել ժողովրդական բանահյուսության մի անխուսափելի յուրահատկություն: Ժողովուրդը պատմական դեպքերն ու դեմքերին բանավոր զրույցներով դարից դար բերելու ճանապարհին անխուսափելիորեն այն լրացնում, իմաստավորում, բովանդակավորում է նոր դեպքերով ու դեմքերով, նոր փաստերով ու իրողություններով: Դրա դիպուկ վկայություններից է մեր անմահ էպոսը: Մ.թ.ա. 681 թ. ասորական Սենեքերիմ թագավորի հայրասպան որդիները փախչում, ապաստանում են մեր երկրում, ինտեգրվում մեր պատմությանը և դառնում 10-րդ դարի Արծրունյաց թագավորի թոռներ, բեղմնավորվում հայրենի Կաթնաղբյուրից (բոլոր սուրբ ծնունդների մեջ ամենա-«ռեալիստականը»), լույս աշխարհ գալիս Բաղդադի խալիֆի ապարանքում: Ավելին: Ծովի հատակից հանված հրեղեն ձին դառնում է Քուռկիկ Ջալալի, այն հռչակավոր ձին, որը լայնահուն գետի վրայով թռչելով՝ հետապնդողներից փրկել է տիրոջը՝ 13-րդ դարում ապրած Ջալալ-Էդ-Դինին: Իսկ վերջինս սպանվել է հայոց լեռներում:
Խորենացին հայոց հների պատմությունը շարադրելիս օգտվել է ոչ միայն գրավոր աղբյուրներից՝ Մար Աբաս Կատինայի, Կնիդացու, Աբյուդենոսի և այլոց մատյաններից, այլև ժողովրդական բանավոր զրույցներից, և ամեն պատեհ առիթով հիշատակել այն: Հենց Արամի առնչությամբ Խորենացին գրում է. «Համաձայնվեցինք կարճառոտ մեջբերել զրույցները Հայկյան Արամի վարած պատերազմների մասին» (էջ 93): Իր «զրույցներում», թող որ գրի առնված Մար Աբասի կողմից, 7-րդ դարի Նյուքար Մադեսը հայտնվում է Նինոսի տիրապետությունից «քիչ տարիներ առաջ» ժամանակահատվածում և «նախորդում» ասորիների կողմից աստվածացված Բարշամին:
Ահա թե ինչու ժողովրդական բանահյուսությունից օգտվելիս պատմության համար ելակետը ստույգ պատմական իրականության հայտնաբերումն է: Այս պարագայում՝ Սարասար-Սանասարն ու Ադրամելիքը ասորի Սենեքերիմի որդիներն են և ոչ թե Գագիկ թագավորի թոռները, Արամը 23-րդ դարի իրական դեմք է և ոչ թե 7-րդ՝ Էրիմենայի տեղն զբաղեցնող:
«7-րդ դարի 30-ական թվականներին,-գրում է պատմաբանը,-ավելի որոշակի, հավանաբար, 630 թ., սկյութները գրավեցին Վանի թագավորությունը և երկու տարով ենթարկեցին իրենց տիրապետությանը: Դրան հաջորդող ժամանակամիջոցում... թագավորել է Էրիմենայի որդին՝ Ռուսա Գ-ն: Անկախ այն հանգամանքից, թե ինչ են ասում աղբյուրները, կատարված քննությունը ցույց է տալիս, որ Էրիմենան հենց այն անձնավորությունն է, որի գործունեությունը վերագրվել է Արամին: ... Սա, անշուշտ, պատահական չէ, որովհետև Էրիմենան, ամենայն հավանականությամբ, հիմք է դրել նոր արքայատոհմին: Էրիմենան տեղական արքայիկ է, որին հաջողվում է տապալել սկյութ Մադես-Մադիոսի իշխանությունը Հայաստանում և հիմք դնել մի հարստության, որը հայկական աղբյուրներում հայտնի է Երվանդյան անունով: ...Էրիմենա-Արամանիի ցնցող հաղթանակները Մադեսի և այնուհետև ասորեստանցիների ու լյուդեացիների նկատմամբ պետք է որ պատճառ դառնային հայերին կոչելու իրենց հաղթական թագավորի անունով: ... Ըստ այդմ էլ, այն վարկածը, թե հայոց ապստամբ թագավորի անունը եղել է Երվանդ, քանի որ վերջինիս որդին Տիգրան Երվանդյանն է, պետք է մերժել անվերապահորեն» (էջ 72-73): Այսքանից հետո մեր պատմաբանին մնում է «բարեխղճորեն», ըստ տարեթվերի համակարգել Էրիմենա-Արամանի-Արամի մեծագործությունները: «Ժամանակագրական կարգով ինչպե՞ս պետք է թվագրել Էրիմենա-Արամանի-Արամի մեծագործությունները (Արամը Մադեսին հաղթել է 328 թ.-Ա.Հ.): ... Նրա կռիվներն ասորեստանցիների դեմ տեղի են ունեցել 625-620 թթ., իսկ Քադաեյա-Սադուատեսի դեմ՝ 620-617 թթ.» (էջ 73):
Եվ ահա Էրիմենա-Արամանի-Արամի այս գերագույն մեծագործությունների շնորհիվ օտարները մեզ անվանակոչեցին Արամի անունով: Բայց չշտապենք ուրախանալու, որովհետև էն գլխից էլ Էրիմենա-Արամը մեդական թագավորի դաշնակիցն ու հարկատուն է եղել և իր մեծագործությունների 8-րդ տարին չլրացրած՝ պարտվել է մեդական թագավորից, դարձել նախկին ենթական ու հարկատուն: «Էրիմենան,-գրում է պատմաբանը,- լինելով Կիաքսարի լիարժեք դաշնակիցը, անկասկած, անհանգստություն է ապրել իր երկրի համար Ասորեստանի Նինվե մայրաքաղաքի դաժան կործանումից հետո և աշխատել է այլևս չաջակցել իր դաշնակցին: Սկզբում Կիաքսարը վախեցել է նրա դեմ վճռական քայլեր ձեռնարկել, սակայն, ի վերջո, թիկունքն ամրապնդելու նպատակով արշավանք է կազմակերպել Հայաստան՝ պարսից թագավոր Կյուրոսի ղեկավարությամբ Նաբուպալասար թագավորի 17-րդ տարում, այսինքն՝ 609 թ.: Այս անգամ Էրիմենան պարտվել է և ստիպված եղել զորք տրամադրել և հարկ վճարել նախկին դաշնակցին» (էջ 73-74):
Իսկ թե ինչպես է Էրիմենա-Արամանին 617 թ.՝ իր փառքի գագաթնակետին հասնելուց հետո, գուշակել, թե 612-606-ին մեդական թագավորը դաժանորեն կործանելու է Նինվե մայրաքաղաքը և նախօրոք փորձել չաջակցել նրան, 21-րդ դար հասած պատմաբանի գաղտնիքն է: Մինչդեռ Քսենոֆոնի հաղորդումների համաձայն՝ պատմական իրողությունը հետևյալն է: Հայոց թագավորը մարական թագավոր Աժդահակի դեմ հանդես է եկել երկու անգամ: Առաջին անգամ պարտվելով՝ պարտավորվել է հարկ վճարել և իր զորքերով մասնակցել Աժդահակի պատերազմներին: Երկրորդ անգամ հրաժարվել է իր պարտավորություններից, որի համար Աժդահակն իր զորավար Կյուրոսի միջոցով պարտության է մատնել նրան: Այդ առնչությամբ հետաքրքիր են պատմաբանի կատարած մեջբերումները Քսենոֆոնից: «Արդ, ինչո՞ւ այժմ ո՛չ տուրք ես վճարում, ո՛չ զորք ես ուղարկում և սկսել ես ամրություններ շինել» հարցին հետևում է հայոց թագավորի պատասխանը. «Ես... ազատության էի ձգտում, որովհետև լավ էի համարում, որպեսզի թե՛ ինքս ազատ լինեմ, թե՛ իմ որդիներիս ազատություն թողնեմ» (էջ 17): Եվ այս միջադեպը տեղի է ունեցել Կյուրոս Մեծի և Տիգրանի դաշնակցությամբ մարական տիրապետության կործանումից (մ.թ.ա. 553-550 թթ.) անմիջապես առաջ և ոչ թե պատմաբանի մատնանշած մ.թ.ա. 609 թ.: Ճիշտ է, Կյուրոսը հայոց թագավորից վերցնում է հարկի կրկնակին ու զորքերի կեսը, բայց միաժամանակ որոշակի բարեփոխումներ է մտցնում հայերի ու լեռներում ապրող խալդայների հարաբերություններում, որը ենթադրելի է դարձնում, որ այդ օրերին ձևավորվեց նաև Կյուրոսի ու Տիգրանի դաշինքը Աժդահակի դեմ, որը շուտով իրականացվեց:
Եվ այսպես, մենք հետևեցինք, թե ինչպես են մ.թ.ա. 23-րդ դարից մինչև Բեհիստունի արձանագրությունը քարեղեն հուշարձանների վրա բազմիցս հիշատակված Արամին արհեստականորեն մտցնում մ.թ.ա. 7-6-րդ դարերի «բաց» տարածություն՝ ավերելով մեր հազարամյակների պատմությունը: Բայց դա բոլորը չէ: Կա ավելի զրնգուն անակնկալ: Պարզվում է, որ 21-րդ դար հասած հայոց ակադեմիական պատմագիտությունը կարող է «ապացուցել», թե որդու ապրած դարաշրջանից 400 տարի հետո հայրը հիմնադրում է թագավորական դինաստիա, այն էլ՝ հայրենիքի սահմաններից դուրս՝ օտար պետության տարածքում: Միջազգային չափանիշներով աննախադեպ այս հայտնագործությունը ներկայացնում ենք հեղինակից կատարված մի քանի մեջբերումներով՝ չանդրադառնալով նաև այն հանգամանքին, որ որդու ապրած դարաշրջանն էլ 1300 տարով հետ է բերում։
(շարունակելի)
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8472

Մեկնաբանություններ