«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Այդ ընտիր կենդանիները նաև երկնային խորհուրդների մեջ են գործածվում

Այդ ընտիր կենդանիները նաև երկնային  խորհուրդների մեջ են գործածվում
20.04.2012 | 00:00

Այս վերնագիրը համահունչ բառերի համար չէ, որ գրվեց, այլ իսկապես միմյանց հետ սերտ կապ ունենալու պատճառով։ Ապացույցի համար դիմենք հնագույն պատմիչներին՝ Հերոդոտոսին և Ստրաբոնին։ Ըստ նրանց վկայության, հնագույն Մաժաքից (Կեսարիա) մինչև Կովկասի լեռնակողմերը տարածված Հայաստան աշխարհը մի ժամանակ, երբ գտնվում էր Աքեմենյան Պարսկաստանի սատրապության կարգավիճակում, որպես պետական տուրք նրանց էր վճարում տարեկան 400 տաղանդ ոսկի և 20000 ձի Պարսկաստանի Միհրական (նրանց գլխավոր աստծո) տոների կապակցությամբ։

Ինչպես գիտենք, մարդու համար ամենաարագ ու ամենակարևոր ընտանեկան կենդանին համարվում էր ձին, առանց որի բացարձակապես անհնար էր գոյատևել, ինչպես որ այժմ առանց մեքենայի։ Այնպես որ, ձիերը, բառիս բուն իմաստով, հնագույն պատմության շարժիչն են եղել։ Օրինակ, մի պատմաբան հաշվել է, որ Ոսկե Հորդայի մոնղոլ-թաթարական իշխանության տարածքի արքայական ճանապարհով նամակագրական կապի պահպանման համար անհրաժեշտ է եղել 400000 ձի։ Այդ պատճառով էլ նրանց փոխարինող մեքենաների հզորությունն էլ է մինչև հիմա չափվում ձիաուժով։

Շատերս ենք լսել Եգիպտոսը գրաված հիքսոսների մասին, որոնք, ըստ որոշ պատմաբանների, Փոքր Հայքի հայերն են եղել, որոնք, մեր թվարկությունից 18 դար առաջ տիրանալով երկաթի ձուլման գաղտնիքին, կարողացան կառքեր ստեղծել, որոնց անիվները երկաթե օղակներով էին ագուցել։ Հովսեբիոս Փլաբիոս պատմիչը «Ընդդեմ Ապիոսի» գրվածքում ասում է. «Այդ բոլոր ցեղերին կոչում են հիքսոսներ», այսինքն` «արքա-հովիվներ», քանզի սուրբ լեզվով «հիք» նշանակում «արքա», իսկ «սոս» թարգմանվում է «հովիվ»։ Այս բոլորի վկան է ուրարտական արքա Արգիշտիի սաղավարտը, որի վրա քանդակազարդված են ձիակառքեր, որոնց մասին դեռ այլ երկրներ տեղյակ չէին։

Իսկ պարսից Դարեհ արքայի Պերսեպոլիսի պալատի հարթաքանդակներից մեկում նկարագրված է, թե ինչպես են մերձակա սատրապ երկրների հարկատուներն իրենց հարկերը բերում արքային։ Ոմանք` կարասներով մեղր կամ գինի, ոմանք` ուղտեր ու ոչխարներ, իսկ ահա հայերը երամակներով ձիեր են բերում որպես տուրք, ինչի մասին արդեն կարդացիք այս հրապարակման սկզբում։

Ընդհանրապես, աշխարհում ձիերի ազնվացեղ տեսակները բաժանվում են մի քանի տեսակների, դրանք են. ա) պարսկական¬նեսեյական (XV-X դ. Ն.Ք.), բ) բակտրիական ցեղ (1-ին դար Ն.Ք.), գ) արաբական ցեղ (1-ին դար Ն.Ք), դ) ախալթեքեյան ցեղ (1-ին դար Ն.Ք.), ե) անգլիական ցեղ (1-ին դար Ն.Ք.) և մնացածները։

Իսկ որ հին Հայաստանն է եղել ձիերի հայրենիքը, ապացուցում է նաև Աստվածաշունչը, ինչպես մեզ տեղեկացնում է Եզեկիել մարգարեն. «Թորգոմա տնից մարդիկ են, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները: Ռոդոսցիները՝ քո վաճառականները, կղզիներից բերված փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը» (Եզեկիել 27.14)։ Իսկ Թորգոմա տունը պատմաբանները հեշտությամբ կապացուցեն, որ հայերն ու հայաստանցիներն են։ Այդ չէ՞ պատճառը, որ Հենրիխ Բունտինգի 1581 թ. Հաննովերում գծագրած աշխարհի քարտեզը որն այժմ գտնվում է Երուսաղեմի Ազգային գրադարանում։ Այդ քարտեզի ասիական աշխարհամասը նման է թևավոր Պեգաս ձիուն, որտեղ այդ կենդանու գլխուղեղի մասում տեղակայված է Հայաստանը, կրծքի մասում` Սիրիան, Լիբանանը, Իրաքն ու Պաղեստինը, առաջին ոտքերի մասում` Արաբիան, հետևի ոտքերի հատվածում` Հնդկաստանը, պոչի մասում` Չինաստանը, թևերի մասում՝ սկյութներն ու Թաթարստանը (տե՛ս կից նկարը)։

Ամերիկա մայր ցամաքը հայտնաբերող Կոլումբոսի զինակիցները պատմում են, որ երբ իսպանական նավերն առաջին անգամ մոտեցան դեռ վայրենաբնակ աշխարհամասի ափերին, տեղի հնդիկները, տեսնելով ամեհի ձիերի վրա նստած ու արագընթաց շարժվող ձիավորներին, նրանց աստվածների տեղ ընդունելով, հպատակվեցին առանց դիմադրության։

Աշխարհին հայտնի է Ալեքսանդր Մակեդոնացու անձը, բայց քչերը գիտեն նրա ձիու մասին։ Պատմում են, որ նրա հոր՝ Փիլիպոսի ախոռում մի ձի կար, որին ոչ ոք չէր կարողանում սանձել, նույնիսկ ամենափորձառուները չէին կարողանում հասկանալ, թե ինչ կանի այդ ձին մի քայլ հետո, ու իսկապես, նրանցից շատերը գլխիվայր մի կողմ էին շպրտվում կատաղի ձիու շարժումներից։ Երբ բոլորը հույսները կտրել էին նրանից, պատանի Ալեքսանդրը խնդրում է հորը, որ թույլ տա սանձել ձիուն։ Հայրը, բնականաբար, զարմանում է տղայի համարձակության վրա, բայց և հետաքրքրության համար ուզում է տեսնել, թե ինչի է ընդունակ ապագա արքայազնը։ Բանն այն էր, որ Ալեքսանդրն իր սուր մտքով ուսումնասիրել էր այդ ձիուն ու հանգել այն եզրակացության, որ ախոռից հանելիս ձին իր ստվերն էր տեսնում, որից և խրտնում էր ու ծառս լինում։ Ալեքսանդրը, ըմբռնելով նրա խրտնելու պատճառը, ձիուն ախոռից հանում է այն ժամանակ, երբ արևը դիմացից է ընկնում, այսինքն` ստվերը մնում է ձիու հետևում։ Այդ օրվանից ձին հնազանդվում է Ալեքսանդրին ու դառնում նրա հավատարիմ ընկերակիցը բոլոր պատերազմների ընթացքում, ընդհուպ մինչև Հնդկաստան, որտեղ և կռվից ուժասպառ սատկում է, մեծ ցավ պատճառելով արքային։ Վշտացած Ալեքսանդրն իր հավատարիմ ձիուն պատվելու համար մի ամբողջ քաղաք է կառուցել տալիս, անունը դնելով Բուկեֆալիա, և դա աշխարհի միակ քաղաքն է, որ ձիու անուն է կրում։ Մնում է ավելացնել, որ այդ ձիու անունն էր Բուկեֆալ, որ նշանակում է ցլագլուխ։ Կան տեղեկություններ, որ այդ ձին պատմական Հայաստանից էր Մակեդոնիա տարվել։

Կա մի ուշագրավ պատմություն ևս` կապված Դավիթ Բեկի ու ձիերի հետ։ 1725 թ., երբ օսմանյան զորքերը Հալիձորում պաշարեցին Դավթի ամրոցը, դրությունը օրհասական էր, քանի որ թշնամու զորքը մի քանի անգամ գերազանցում էր Դավիթ Բեկի զինվորներին։ Բայց հմուտ զորավարը փորձում է խորամանկություն բանեցնել։ Նա լավ գիտեր, որ այլազգիների բանակում բազմաքանակ «մատակախանձ» որձ ձիեր կային, իսկ պաշարված ամրոցում մոտ 60 մատակ ձի ունեին։ Դավիթ Բեկը, բնական է, Աստծո խոսքին ծանոթ լինելով, լավ գիտեր, որ ձիերը իգամոլ են, որ հայերեն հենց մատակախանձ է կոչվում, այսինքն` էգ ձի՝ մատակ ցանկացող։ Իսկ այդ երևում է Աստվածաշնչի այս հատվածից. «…քո որդիներն Ինձ լքեցին և չաստվածներով երդվեցին։ Ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթևանեցին: Նրանք դարձան իգամոլ ձիեր, և ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա էր վրնջում: Այս ամենից հետո, - ասում է Տերը, - մի՞թե ես չեմ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու» (Երեմիա 5.7-9)։ ՈՒ հայոց զորապետը հրամայում է գիշերով բաց թողնել մատակներին, որոնք մտնում են թշնամու բանակ ու աներևակայելի իրարանցում առաջացնում, քանի որ որձ ձիերը մի քանի վրաններ կործանելով ու կտրելով երասանները` ձգտում էին մատակների հետ զուգավորվել և կատաղի խրխնջյունով դեպի նրանց էին վազում։ Այդ խառնաշփոթի ժամանակ էլ, օգտվելով իրավիճակից, Դավիթ Բեկը հարձակվում է թշնամու վրա, պարտության մատնում նրան ու մեծ ավարով վերադառնում բերդաքաղաք։

Ձիերն ընտանի կենդանիներից ամենամոտը լինելով մարդուն, ի տարբերություն մյուսների, հիվանդանում են մարդու համարյա բոլոր հիվանդություններով։ Բայց նաև կա մի հիվանդություն, որ նախնի բժիշկները ձիու միջոցով են բժշկել. դա մարմնի վրա եղած անբուժելի վերքերն են, որոնցից ազատվելու համար խորհուրդ են տվել, որ հիվանդի վերքը լիզել տան առավոտյան դեռ ոչինչ չկերած ձիուն։ Մի քանի անգամ լիզելուց հետո այդ վերքերը լավացել են։

Ամենը, ինչ կարդացինք, երկրային իմաստով էր գրված, բայց քչերս գիտենք, որ այդ ընտիր կենդանիները նաև երկնային խորհուրդների մեջ են գործածվում։ Օրինակ, երբ Եղիա մարգարեին երկինք պետք է տեղափոխեին, դա արվեց հրեղեն կառքի և հրեղեն ձիերի միջոցով (Դ Թագ. 2.11)։ Նաև աստվածաշնչային Հայտնության գրքում է ձիերի մասին գրված. «Ապա տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի. Ով հեծել էր նրա վրա, կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ. Նա արդարությամբ է դատում ու պատերազմում: Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և Նրա գլխի վրա կային բազում պսակներ: Նա ուներ գրված մի անուն, որը ոչ ոք չգիտե, այլ միայն Ինքը: Եվ Իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ. Նրա անունն էր՝ Բանն Աստծու: Եվ երկնքի զորավարներ ու երկնքի զորքեր ձիերով գնում էին Նրա հետևից՝ հագած մաքուր և սպիտակ բեհեզներ: Եվ Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին. և Նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով. Նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը: Եվ Իր պատմուճանի ու Իր մարմնի մասերի վրա կար գրված մի գրություն՝ Թագավոր թագավորների և Տեր տերերի:

Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա՝ հեծյալներ, որոնք ունեին հրե զրահներ և ծծմբով հրդեհված հակինթներ. և ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների. և նրանց բերանից ելնում էին կրակ, ծուխ և ծծումբ: Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից, որովհետև ձիերի զորությունն իրենց բերաններում է և իրենց պոչերի վրա. և նրանց պոչերը նման էին օձի. և ունեին գլուխներ, որոնցով սպանում էին անիրավներին» (Հայտնության 9-րդ գլխից)։

Ինչպես կարդացինք, ձիերի խորհրդաբանությունը նաև երկնքում է շարունակվում և թագավորների Թագավորը, տերերի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, սպիտակ ձի է հեծել, իսկ Նրա զորականները նույնպես ձիերի վրա էին։ Այդ է պատճառը, որ մեր ժողովրդի ավանդա-զրույցներում լսում ենք, որ մի քանի սրբեր, ինչպիսիք են Հովհաննես Մկրտիչը, սուրբ Գևորգը, սուրբ Սարգիսը, արագահաս Մինասը, ձիեր հեծած են երևում տեսիլքներում, ու յուրաքանչյուրի ձին իր յուրովի գույնն ունի։ Իսկ այն, որ Հիսուսը Իր երկրային կյանքում խոնարհաբար քայլեց ու ծառայի նման ժողովրդի փրկությունն ավարտեց, երևում է նաև նրանից, որ Ինքը վերջին անգամ Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած, ոչ թե ինչպես իշխանավորները` ձիու կամ ջորու վրա նստած: Բայց մեր Տերը Գողգոթայի հաղթանակից հետո երկնքում իշխանաբար ձիու վրա է հեծել ու հաղթանակած զորքի առջևից է գնում։ Բայց Հայտնության այս գլուխը կարդալիս նաև իմացանք տարօրինակ ձիերի մասին, որոնց պոչերի վրա խայթոցներ կային, իսկ բերաններից հուր ու ծծումբ էին դուրս գալիս։ Այդ ձիերը պահված են աշխարհի վերջին ժամանակների համար, երբ Արարիչ Տերը պետք է պատժի աշխարհի անօրինացած մարդկությանն ու նրանց մեկ երրորդը պետք է ոչնչանա կրակի ու ծծմբի հրով։ Եվ, ըստ իս, այդ օրերը մեզնից հեռու չեն, քանի որ այժմյան աշխարհն առաջվա Սոդոմ-Գոմորից, որոնք նույնպես կրակով ու ծծմբով պատժվեցին, ոչնչով հետ չի մնում իր պղծագործություններով, եթե ոչ առավել մեղսալից է, քան այն կործանված քաղաքների բնակիչները, որոնք ընդամենը վարակված էին սոդոմական ախտով։ Իսկ ինչերո՜վ ենք վարակված այս ժամանակի աշխարհի բնակիչներս, միայն Տերը գիտի, ու թող Ինքն էլ հեռու պահի մեզ ազգովին այդ բոլոր ախտերից և ապաշխարությամբ ու զղջումով նաև մաքրվելու շնորհ պարգևի։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4649

Մեկնաբանություններ