«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Քոչարյանի գործը Հաագա ուղարկելը նորմալ երևույթ է»

Քոչարյանի գործը Հաագա ուղարկելը նորմալ երևույթ է»
01.07.2008 | 00:00

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՍ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Մեր հյուրն է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ։
-Պարոն Սէֆիլյան, կարծիք եք հայտնել, թե ՀՅԴ-ն ազգային արժեք է, բայց՝ հիվանդ կառույց և կարիք ունի առողջացման։ Սրան դաշնակցության ներկայացուցիչները բավականին ցավոտ արձագանքեցին, փոխադարձելով, թե Ժիրայր Սէֆիլյանը նույնպես արժեք է, սակայն որոշ ուժեր փորձում են դարձնել նրան գործիք՝ օգտագործելով քաղաքական խաղերի մեջ։ Ձեր արձագանքը։
- Ճիշտն ասած, նրանց գնահատականին ամբողջությամբ ծանոթ չեմ, որովհետև բանտից դուրս գալուց հետո այնպիսի առօրյա եմ ունեցել, որ չեմ կարողացել հեռուստացույց նայել կամ թերթերը լիարժեք կարդալ։ Այնպես որ տեղյակ չեմ՝ իրենք ինչ են ասել։ Ինձ համարում եմ ձևավորված ժողովրդական շարժման մի մասնիկը, որին ես բանտից աջակցել եմ, այսօր էլ շարունակում եմ աջակցել, և դա իմ անձնական համոզումով եմ անում։ Ես եկել եմ եզրակացության, որ ճիշտ ուղին այսօր այս ուղին է, որովհետև խնդիրը մեր պետականությունն է։ Համարում եմ, որ այսօր մեր պետականությունը վտանգված է։ Այն, ինչ ունենք, պետություն չէ։
-Ավազակապետությու՞ն է, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է որակում։
-Անպայման։ Դա ճշգրիտ բնութագրում է։ Երբ ասում ենք՝ ավազակապետությունը պետք է քանդել, շատերը սխալ են փորձում մեկնաբանել դա, ասելով, թե պետությունն են ուզում քանդել։ Խոսքը պետություն քանդելու մասին չէ, խոսքն այն կառավարման համակարգը քանդելու, փշրելու մասին է, որն այսօր տիրապետող է երկրում։ Ղեկավարել վախեցնելով, կոմպրոմատներով, ֆիզիկապես մեկուսացնելով, ինչո՞ւ չէ, նաև վերացնելով... այս սկզբունքներով նման համակարգը, կրկնում եմ, պետք է քանդել։
-Հունիսի 20-ի հանրահավաքում Մատենադարանի հարթակից հայտարարեցիք, թե այստեղ մեր ապագայի ընդդիմությունն ու իշխանությունն են։ Չէի՞ք մանրամասնի՝ ո՞ր ուժերին եք տեսնում որպես իշխանություն՝ իշխանափոխությունից հետո, և ո՞ր ուժերը, ըստ Ձեզ, կմնան ընդդիմություն։ Արդյո՞ք սա պառակտման սկիզբ չի կարող դնել, եթե հաշվի առնելու լինենք, որ բոլորն էլ հավակնում են լինել իշխանություն։
-Դժբախտաբար, անցած տարիների ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք մեր երկրում ձևավորել քաղաքական դաշտ։ Եթե այդ դաշտը ձևավորված լիներ, իշխանություն հասկացությունը նախ մենք պետք է փորձեինք ճշգրիտ ընկալել, հասկանալ՝ ինչ է նշանակում իշխանություն։ Իշխանությունը ոչ նախագահի ձեռքում է, ոչ էլ՝ ինչ-որ պաշտոնյայի։ Իշխանությունը ժողովրդինն է։ Այսինքն՝ իշխանություն ասելով մենք պետք է հասկանանք ժողովուրդ։ Իսկ քաղաքական դաշտում եթե խոսում ենք կառավարման լծակների մասին, լծակ է նաև ընդդիմադիր լինելը։ Առողջ քաղաքական դաշտի պարագայում ընդդիմությունն իր ազդեցիկ դերը միշտ էլ կունենա։ Ընդդիմադիր շունչը պետք է անպակաս լինի, մի՛շտ անպակաս լինի որևէ պաշտոնյայի համար, որևէ նախագահի, որևէ վարչապետի։ Այս առումով այսօր ձևավորված ժողովրդական շարժման ակտիվությունը, կարծում եմ, գլխավոր ձեռքբերումներից մեկն է, քանի որ մեր ժողովուրդն ուզում է, վերջ ի վերջո, իր խոսքը տեղ հասցնել։ Ես շատ եմ կարևորում, որ ժողովրդական շարժումը հաջողի, և համոզված եմ, որ հաջողելու է։ Չեմ ուզում մասնավորեցնել, թե ովքեր են լինելու ապագա նախարարները, քանզի ասածիս իմաստն այն էր, որ հարթակում գտնվողներն ապագայի ամբողջ քաղաքական դաշտն են։ Ե՛վ պաշտոնյաները՝ կառավարման լծակներով, և ընդդիմությունը։
-Դուք Ձեզ կոնկրետ որտե՞ղ եք տեսնում։
-Ժամանակը ցույց կտա, որովհետև և՛ ես, և՛ մեր համախոհներից շատերն այս համակարգն առողջացնելու իմաստով կարողություն ունենք։ Ամենայն անհամեստությամբ կարծում եմ, որ ես անելիք ունեմ իշխանության մեջ, առավել ևս՝ ուժային համակարգում։ Բայց այսօրվանից դրա մասին չեմ մտածում և նույնիսկ մտածելը ճիշտ չեմ համարում։ Ժամանակը ցույց կտա։ Մեկ բան ակնհայտ է, որ հարթակում կանգնածները չեն կարող բոլորը միասին քաղաքական միևնույն ուղին որդեգրել և շարժվել նույն ուղղությամբ։ Դա փաստ է։
-Հատկապես եթե նկատի ունենանք, որ առաջներում էլ քննադատել եք Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Ընդ որում, քննադատել եք բավականին կոշտ շեշտադրումներով, հատկապես ղարաբաղյան խնդրի առնչությամբ, հունիսի 20-ին էլ հայտարարեցիք, որ դեռ կան տարաձայնություններ, բայց դա չի խանգարում, որ Դուք Ձեզ տեսնեք ձևավորվող ընդդիմադիր դաշինքի մեջ։ Ի՞նչ եք կարծում, դաշինքը ձևավորվում է զուտ մարտավարական խնդիրնե՞ր լուծելու համար, դիցուք, վարչախմբի կազմաքանդումը, թե՞, այնուամենայնիվ, ստրատեգիական լուրջ ծրագիր գոյություն ունի։
-Կարծում եմ՝ ձևավորված ժողովրդական շարժման առաքելությունը մեր պետության վերականգնումն է։ Այսօր մենք ունենք պետական հաստատություններ, որոնք իրենց առաքելության մեջ չեն, լինի դա ոստիկանություն, դատախազություն, արդարադատության համակարգ, անվտանգության ծառայություն, բանակ, թե մեկ այլ կառույց։ Բոլորն իրենց առաքելությունից 140 աստիճանով հակառակ ուղղության վրա են։ Այսինքն, երբ Տեր-Պետրոսյանը ավգյան ախոռները մաքրելու մասին էր խոսում, իմ համոզմամբ, խոսում էր նշածս առաքելությունը ճիշտ ռելսերի վրա դնելու մասին։ Իսկ թե Արցախի կամ տարածաշրջանային հարցերում ինչպիսի քաղաքականություն պետք է որդեգրի ՀՀ-ն, սա այսօր երկրորդ պլանի վրա է։ Համոզված եմ՝ Տեր-Պետրոսյանը, նախագահ լինելով, չի ցանկանալու հինգ տարի պաշտոնավարել, ինքը փորձելու է հնարավորինս շուտ պետական հաստատություններն իրենց ռելսերի վրա դնել, որից հետո կսկսվեն նորմալ քաղաքական պրոցեսները մեր երկրում՝ դուռ բացելով քաղաքակիրթ բանավեճի առաջ։ Պետք է սովորենք, որ քաղաքական, գաղափարական մեր հակառակորդները մեր թշնամիները չեն։ Բոլորս էլ հայ մարդիկ ենք, բոլորիս նպատակն էլ մեր երկրի հզորացումն է։ Տարաձայնությունները մեզ չպետք է թշնամիներ դարձնեն։ Դժբախտաբար, այս տասնհինգ տարիների ընթացքում այդպիսի կարծրատիպեր ձևավորվեցին, և այս շարժման ձեռքբերումներից մեկը նաև այդ կարծրատիպերը փշրելն է։ Այս առումով բավականին լավատես եմ։
-Իսկ լավատես չե՞ք, արդյոք, իշխանությունների ձեռնարկելիք բարեփոխումների առումով։ Այս համատեքստում երկխոսության հնարավորություն տեսնո՞ւմ եք։
-Շատերն իմ այս տարիների ընդդիմադիր կեցվածքն անձնավորված են մեկնաբանում. ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա՛ անձնավորում։ Բայց եթե նայում ենք այսօրվա իրենց բարեփոխումներին (ծիծաղելի է նույնիսկ դրանք բարեփոխումներ անվանել), իմիտացիա բառը չեմ սիրում օգտագործել, բայց այն, ինչ հրամցվում է «բարեփոխումներ» անվան տակ, բացահայտ ձևականություն է։ Ձևականությունն այս մարդկանց տարիների աշխատաոճն է դարձել, և դա է մեր տունը քանդողը։ Ժողովրդին համոզում են, թե մի քիչ էլ սպասեք, լավ է լինելու։ Փաստորեն, ժողովրդին հիմարի տեղ են դրել։ Մինչդեռ ժողովուրդը շատ ավելի հասուն է, շատ ավելի իմաստուն է, բանական, քան իշխանությունները։ Գեղեցիկ բառերով չեն կարող մեր ժողովրդին խաբել։
-Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կկարողանա քաղաքական կամք դրսևորել և գնալ կա՛մ արտահերթ համապետական, կա՛մ, գոնե, խորհրդարանական ընտրությունների։
-Ինքը ստիպված է դա անել։ Մե՛նք կստիպենք, որ անի։ Վերջ ի վերջո, այս պայքարի նպատակը դա է։
-Ինչպե՞ս եք ստիպելու։ Հանրահավաքներո՞վ։
-Ինչու՝ ո՞չ։ Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հնարավոր չէ խաղաղ հանրահավաքներով արդյունքի հասնել։ Քանի որ, ցավոք, եղավ մարտի մեկ, ինչը կանխել չհաջողվեց, այսօր մեր ամբողջ մտահոգությունն այն է, որ բացառենք երկրորդ այդպիսի բախումը։ Իմ համոզմամբ, մենք մեր ժողովրդի հետ պարտադրելու ենք այս ռեժիմին, որ լինեն նախ արտահերթ նախագահական ընտրություններ, հետո՝ խորհրդարանական։ Իհարկե, Սերժ Սարգսյանը կերազեր, որ նախ խորհրդարանական ընտրություններ լինեին, քանի որ իշխանությունները տակավին հույս են փայփայում կաշառքով, փողով, զոռբայությամբ պահել աթոռները։ Ընդդիմությունը պետք է խոհեմ լինի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կուտը չուտի։ Անպայման արտահերթ նախագահական ընտրություններ կամ՝ երկուսը միաժամանակ։
-Լինելով ուժային կառույցներում ծառայած մարդ և լավ ծանոթ լինելով համակարգին, ի՞նչ եք կարծում, ազատության մեջ գտնվելու պարագայում կկարողանայի՞ք ազդել մարտիմեկյան իրադարձությունների ընթացքի վրա։
-Ազատության մեջ լինելով ես, անշուշտ, պիտի փորձեի կանխել արյունահեղությունը։ 2006-ի դեկտեմբերի 2-ի իմ ելույթում, ինչին էլ հաջորդեց ձերբակալությունը, ես շեշտել եմ, որ սրանք առանց արյունի չեն հեռանալու։ Դժբախտաբար, այդպես էլ եղավ։ Հիմա, երբ հնարավոր չէ այլևս ժամանակը հետ շրջել, ի՞նչ կարող եմ ասել։ Ընդամենն այն, որ հնարավորը պետք է անենք՝ խուսափելու համար նոր բախումներից։ Հիմա դուրս եմ եկել բանտից, և, Աստված տա, բացառենք այլևս նման բարբարոս երևույթները։
-Սեփական երկրի նախագահին Հաագայի «ռազմական տրիբունալի» առջև կանգնեցնելու կո՞չն ինչպիսի երևույթ է։ Հատկապես, եթե չմոռանանք, որ Քոչարյանը նաև ԼՂՀ նախագահ է եղել, հետևապես, միջազգային կարծիք կարող է ձևավորվել, թե Արցախի երբեմնի ղեկավարը նաև պատերազմի հանցագործ է։
-Եթե Արցախի նախագահ եղած մեկը հետագայում դառնում է ոճրագործ և սպանդ է կազմակերպում մեր ժողովրդի նկատմամբ, իր նախագահ լինելու հանգամանքը չպետք է որևէ կաշկանդվածություն առաջացնի՝ հետագա քայլերի հետ կապված։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի ենթատեքստին՝ ԼՂՀ հիմնախնդիրը չվնասելու առումով, պետք է շատ հստակ տարանջատենք, թե ինչի համար է դատվելու Քոչարյանը։ Իհարկե, մարտի 1-ի ոճրագործության, որը կատարված փաստ է, և պարզ է, թե ով պետք է դրա համար պատասխան տա։ Քանի որ Հաագայի դատարանը ռազմական ուղղվածություն ունի, շատերը փորձում են մարտի 1-ին զուգահեռ մեջտեղ բերել նաև արցախյան պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները։ Կուզենայի շեշտել, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հաագայի դատարանի մասին է խոսում, ինչի մասին, ի դեպ, ավելի վաղ ես էլ եմ խոսել՝ բանտում հարցազրույց տալով և ասել, որ նորմալ երևույթ է Քոչարյանի գործը Հաագա ուղարկելը, որովհետև հանցագործությունն աշխարհի աչքի առաջ է կատարվել։ Եթե ընդունում ենք աշխարհի կանոնները, չպետք է խորշենք այդ քայլից։ Եթե չենք ընդունում, ուրեմն ընդհանրապես պետք է հրաժարվենք բոլոր միջազգային պայմանագրերից։
-Ժիրայր, կրկին դիմել եք ՀՀ նախագահին՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Կարծում եք երկրում իրավիճակի լուրջ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, ինչն էլ Սերժ Սարգսյանին կպարտադրի այս անգամ հարգել երկրի արժանավոր զավակի խնդրանքը։
-Ես այդ քայլով գնդակը նետել եմ իշխանության դաշտը, հասկացնելով, որ հաջորդ քայլն իրենցն է։ Համոզված եմ, որ քաղաքական որոշում է կայացվելու։ Որքան ուշացնեն որոշումը, այդքան իրենք են խայտառակ լինելու։ Ես խնդիր չունեմ։

Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 6674

Մեկնաբանություններ