Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Միմար Սինան․ Էվկլիդեսի և Միքելանջելոյի հայ համարժեքը

Միմար Սինան․ Էվկլիդեսի և Միքելանջելոյի հայ համարժեքը
31.01.2022 | 13:57

Երբեմն ստեղծագործ մտքի թռիչքը կարող է ոչ միայն հիացնել, այլև ցնցել իր վերմարդկային կատարելությամբ, աչքին հաճո, բայց գիտակցությանը անըմբռնելի վեհությամբ, հաշվարկների ճշգրտությամբ ու լուծումների յուրօրինակությամբ։

Օսմանյան ճարտարապետության դասական շրջանի մեծագույն ճարտարապետ հայազգի Միմար (թարգմ․՝ ճարտարապետ) Սինանը, որի գործունեությամբ է սկսվում օսմանյան վերածննդի պատմությունը, դրա վառ օրինակն է, որին հաճախ համեմատում են իր ժամանակակից Միքելանջելո Բուոնարոտիի (թեպետ Սինանի կառուցած շինությունների ընդգրկումը, մասշտաբները և զուտ քանակությունը հաշվի առնելով՝ նման համեմատությունը կարող է և տեղին չլինել), վերածննդի իտալացի մեծ ճարտարապետ, քանդակագործ Բրունելեսկու կամ հին հույն մաթեմատիկոս Էվկլիդեսի հետ։ Հայկական ու բյուզանդական ճարտարապետական մտածողության և գմբեթաշինության ավանդույթները շարունակող խոշոր այս վարպետը մի այնպիսի ժառանգություն է թողել, որի նմանը գուցև չգտնվի աշխարհում։ Այն, որ վարպետը հայ էր, ապացուցվել է նախորդ դարի 30-ականներին սկսված «թուրք ռասայի գանգը սահմանողների» շարժման շրջանակներում, որի նպատակը, տարբեր անվանի մարդկանց դամբարանները բացելով և գանգն ուսումնասիրելով, նրանց թուրքական ծագումն ապացուցելն էր։

1960–ականներին բացել են նաև Սինանի դամբարանը և փորձաքննության համար գանգը տարել անատոլիական քաղաքակրթության թանգարան՝ աշխարհին ապացուցելու, որ ամենահայտնի թուրք ճարտարապետը ոչ թե հայ է, այլ զտարյուն թուրք։ Սակայն պարզվել է, որ վերջինիս գանգը պատկանում է արմենոիդ ռասային։ Փորձաքննությունից հետո Սինանի գանգն անհետ կորել է, իսկ գանգազննման արդյունքներն այդպես էլ չեն հրապարակվել։ Այսօր Միմար Սինանի դամբարանում նրա մարմինը թաղված է առանց գլխի։

Սինանի հայկական ծագման մասին է վկայում նաև ուշագրավ մի փաստաթուղթ․ 1573 թ. սուլթան Սելիմ Երկրորդը, ընդառաջելով Սինանի խնդրանքը, հրամայել է «արքունի ճարտարապետների գլխավորի» ազգականներին՝ Ֆուլիկին (Յուլիանե կամ Յուլիցա) և նրա ամուսին Նշանին (այն, որ սրանք միջնադարյան շատ տարածված հայկական անուններ են, կասկած չի հարուցում) Կեսարիայի մյուս հայերի հետ չաքսորել Կիպրոս։ Այդ հրամանագիրը բարեբախտաբար պահպանվել է և 1930 թ. նախ հրատարակվել թուրքերեն «Թիւրք Թարիխը էնճիւմենի Մեճմուասը» թերթում, ապա թարգմանվել հայերեն: Հրամանագիրն, ի դեպ, հայտնաբերել է բանասեր Պիմեն Զարդարեանը։ Ժամանակակից Թուրքիայում Սինանի հայկական ծագում ունենալու մասին է ապացույցներ բերել նաև Ստամբուլի «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը, ինչը լուրջ դժգոհությունների և խոսակցությունների առիթ է դարձել այդ երկրի ազգայնականների շրջանում․․․


Այսպիսով՝ մեծանուն ճարտարապետը ծնվել է պատմական Կեսարիայի Քեսի գավառակի Աղըրնաս (հայկական անվանումը՝ Մաժաժ) գյուղում, որի բնակչությունը կազմված էր բացառապես հայերից։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ՝ տատանվում է 1489-1499 թթ․ սահմաններում՝ կախված աղբյուրներից (1489 թ․ ապրիլի 15–ին՝ ըստ կենսագիր Մուսթաֆա Չելեբիի հաղորդած տեղեկության, 1490 թ.՝ համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի, 1491 թ.՝ ըստ Իսլամական ճարտարապետության բառարանի և այլն)։ Ծնողները նրան անվանակոչել են Հովսեփ և մկրտել տեղի եկեղեցում։ Այս և իր կյանքի շատ այլ մանրամասներ Սինանը պատմել է իր ընկեր և կենսագիր Մուստաֆա Սաիդ Չելեբիին, որն այդ ամենը շարադրել է «Tezkiretü’l Bünyan» գրքում։ Հայրը քարտաշ–որմնադիր էր, և Սինանը վաղ տարիքից հմտանում է այդ արհեստներում, ինչը մեծ դեր է խաղում հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Հայրենի գյուղում ծխական դպրոցն ավարտելուց հետո՝ 1502 թ․, տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ ուսանելու Աջեմի օղլանների՝ քրիստոնյաների դպրոցում, 1503–1510 թթ. սովորում է զինվորական դպրոցում: 1512 թ․ տակնուվրա է արվում նրա ողջ կյանքը՝ կտրվում են ազգային արմատները․ Նա Դեվշիրմեի ծրագրով ծառայության է անցնում Օսմանյան կայսրությունում։ Դեվշիրմեն (թարգմանվում է «երեխաների հավաքագրում» կամ «արյան հարկ») Օսմանյան կայսրությունում մի գործընթաց էր, երբ օսմանյան զինվորները, բժիշկների ուղեկցությամբ շրջելով գյուղերով, Բալկանյան թերակղզու քրիստոնյա ժողովուրդներից բռնի ուժով հավաքագրում էին քրիստոնյա տղաներին (ըստ եվրոպական աղբյուրների՝ 7-12, իսկ սուլթանական հրովարտակների համաձայն՝ 15-20 տարեկան) և տեղափոխում էին Ստամբուլ։ Այն ծնողներին, որոնք հրաժարվում էին հանձնել իրենց տղաներին, անհապաղ կախում էին սեփական տան դարպասներին։ Ընտրում էին «ամենալավերին»՝ առողջներին, գեղեցիկներին, անթերիներին, ովքեր իրենց տարեկիցներին գերազանցում էին ֆիզիկապես և խելքով։

Ի դեպ, տղաների արտաքին տեսքը շատ կարևոր էր. նրանք չպետք է ունենային թերություններ՝ որևէ արատ կամ մաշկային հիվանդություն, լինեին անմորուս, ցածրահասակ կամ շատ բարձրահասակ, գեր կամ վտիտ։ Նրանք նաև չպետք է ամուսնացած կամ թլպատված լինեին։ Այդ պատճառով շատ քրիստոնյա ընտանիքներ իրենց երեխաներին վաղ հասակում ամուսնացնում էին։ Եվս մեկ կարևոր պայման՝ տղաները չպետք է իմանային թուրքերեն։ Ցանկալի չէր նաև, որ նրանք տիրապետեին որևէ արհեստի կամ լինեին քաղաքաբնակ, քանի որ արհեստավորներն ու քաղաքաբնակները անզոր էին կրելու զինվորական կյանքի զրկանքները։ Մի խոսքով՝ ընտրում էին սերնդի սերուցքը՝ նախընտրելով ազնվականների ու կղերականների երեխաներին։ Ստամբուլում տղաները բռնի իսլամացվում էին, թլպատվում, ստանում նոր անուններ և տեսակավորվում՝ ամենագեղեցիկները և խելացիները տեղափոխվում էին պալատ, մյուսները վարժեցվում էին զինվորական գործի կամ ենիչերիության։ Ապագա ենիչերիներին դաստիարակության նպատակով տեղավորում էին թուրք գյուղացիների կամ արհեստավորների ընտանիքներում՝ թուրքերեն և իսլամի հիմքեր յուրացնելու, ծանր ֆիզիկական աշխատանքում հմտանալու նպատակով։ Հետո նրանց վերադարձնում էին Կոստանդնուպոլիս և ընդգրկում ենիչերիների նախապատրաստական խմբում, որտեղ սովորում էին 7 տարի։ Ի դեպ, թուրքերը օսմանյան հրեաներն ու գնչուները ենթակա չէին ենիչարացման, ինչը բացառում է, որ Սինանը ծագումով կարող էր թուրք լինել։
Հովսեփը նույնպես մանկահավաքի է ենթարկվում և բռնի իսլամացվում է՝ ստանալով Սինան (Առջևից գնացող) անունը, բայց տարիքի պատճառով չի ընդունվում Թոփքափըի պալատում գտնվող Էնդերունի ռազմական դպրոցը (այստեղ սովորում էին դեվշիրմեի շրջանակներում հավաքագրված 8–20 տարեկան շուրջ երեք հազար քրիստոնյա տղաներ) և ուղարկվում է օժանդակ թև։ Այստեղ սկզբնապես սովորում է ատաղձագործություն և մաթեմատիկա, սակայն իր մտավոր կարողությունների և ձգտումների շնորհիվ շուտով դառնում է մի առաջատար ճարտարապետի օգնական և ձեռք բերում ճարտարապետին անհրաժեշտ գործնական գիտելիքներ։ Երեք տարի անց՝ ուսումն ավարտելուց հետո, ստանալով ճարտարապետի և ինժեների որակավորում, ծառայության է անցնում ենիչերական զորամասի հատուկ գնդում, որն ուղեկցում էր սուլթանին արշավանքների ժամանակ։ Այսպես նա մասնակցում է Սելիմ I–ի վերջին արշավանքին՝ դեպի Հռոդոս, որն ավարտվում է սուլթանի մահվամբ։

Նոր սուլթան Սուլեյման Փառահեղի օրոք Սինանը դառնում է Արքունի հեծելազորի անդամ։ Նրան շուտով նշանակում են Արքունի պահակախմբի հրամանատար, իսկ ավելի ուշ՝ Հետևակային կադետային կորպուսի հրամանատար։ 1535 թվականին մասնակցում է դեպի Բաղդադ արշավանքին՝ որպես Արքունի պահակախմբի հրամանատար։ Հենց այդ ժամանակ էլ նրան շնորհվում է հասեկի կոչում՝ սուլթանի պահակախմբի սերժանտի աստիճան, որը համարժեք էր ենիչերիների «աղա» կոչմանը։ 1551 թ․, Բարձր դուռը, գնահատելով Սինանի վաստակը, նրան շնորհում է նաև փաշայի՝ գեներալի կոչում (փաստորեն Սինանը մեզ հայտնի առաջին հայ գեներալն է)։

Ի դեպ, զինվորական ծառայության ժամանակ, երբ զորքերի տեղաշարժն ապահովելու համար հարկ է լինում հանպատրաստից կամուրջներ գցել և ամրոցների պաշարման տեխնիկան կատարելագործել, բացահայտվում է Սինանի բացառիկ տաղանդը։ Հենց այդ արշավանքների ժամանակ էլ վարպետը ծանոթանում է իսլամական ու քրիստոնեական ճարտարապետությանը, հեթանոսական շինություններին, գնահատում է տարբեր քաղաքակրթությունների ճարտարապետական մտքի տարբերությունները, ուսումնասիրում նվաճված ամրոցների թույլ կողմերը, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործական մքտի ու նուրբ ճաշակի ձևավորման վրա։


Նրա առաջին շինությունները Վանա լճի ամրություններն էին։ 1537 թվականին՝ մոլդովական արշավանքի ժամանակ, մի քանի օրում Պրուտ գետի վրա մարտավարական նշանակություն ունեցող կամուրջ կառուցելով՝ Սինանը գրավում է Սուլեյման Փառահեղի ուշադրությունը։ Իսկ երբ օսմանյան բանակը 1538 թ․ գրավում է Կահիրեն, նրան շնորհվում է արտոնություն՝ այդ քաղաքում քանդելու ցանկացած շինություն, որը չէր համապատասխանում քաղաքի հատակագծին։ 1538 թ․ Սինանը սուլթան Սուլեյման Առաջինի հրամանով հայկական եկեղեցիները վերափոխում և վերածում է մզկիթների։ Բարձր դուռն այնքան է գնահատում Սինանի տաղանդը, որ 1539-ին նշանակում է Ստամբուլ քաղաքի գլխավոր պալատական ճարտարապետ։ Սինանն այդ պաշտոնը վարում է մինչ մահ՝ շուրջ 50 տարի՝ երեք սուլթանների՝ Սուլեյման Առաջինի (Քանունի), Սելիմ Երկրորդի և Մուրադ Երրորդի օրոք։
Այդ տարիներին նա կերտում է մշակութային մի ամբողջ պատմություն՝ կառուցելով և նախագծելով շուրջ 476 կառույց՝ մզկիթներ, Ղուրանը սերտողների դպրոցներ, դամբարաններ, հանրային խոհանոցներ, հիվանդանոցներ, ջրատարներ, կամուրջներ, քարավանատներ, պալատներ, առանձնատներ, կամարներ, բաղնիքներ և այլն, որոնցից 196–ը մինչև օրս պահպանվում են։ Ի դեպ, բուն Թուրքիայի տարածքից դուրս Սինանը մզկիթներ, դպրոցներ, դամբարաններ, պալատներ և կամուրջներ է կառուցել Սարաևոյում, Ղրիմի Եվպատորիայում, Դամասկոսում, Մակեդոնիայում, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Վեշեգրադում՝ Բոսնիայի արևելքում, և այլուր։


Զարմանալին այն է, որ նրա յուրաքանչյուր հաջորդ կառույց, որպես ճարտարապետական գլուխգործոց, ոչ միայն չի զիջում նախորդին, այլև գերազանցում է կատարման վարպետությամբ և յուրօրինակ ճարտարապետական լուծումներով: Բավական է հայացք գցել նրա երեք գլուխգործոցներին՝ Շեհզադե մզկիթին, Սուլեյմանիե մզկիթին (երկուսն էլ՝ Կոստանդնուպոլիս) և Սելիմիե մզկիթին (Ադրիանապոլիս)՝ համոզվելու, որ նրա տաղանդն աստվածատուր էր։ Ի դեպ, այս շինությունների մասին խոսելիս վարպետն ինքն էր առաջին մզկիթը բնութագրում որպես աշակերտի, երկրորդը՝ ենթավարպետի և երրորդը՝ վարպետի գործ, չնայած որ բազմաթիվ գիտնականների կարծիքով հենց Սուլեյմանիեն է նրա լավագույն աշխատանքը։


Եվ որքան էլ Շեհզադեի մզկիթը, ճարտարապետի կարծիքով, աշակերտական գործ էր, այն դառնում է առաջին շինությունը, որը վերածվում է համակայսերական խորհրդանիշի։ Ի դեպ, օսմանյան ճարտարապետության ոսկեդարն ազդարարող այս մզկիթի կառուցմանը (1543–1548 թթ.) մի շատ տխուր պատմություն են վերագրում։ Ըստ լեգենդի՝ Սուլեյման Փառահեղը, իր ավագ որդի Մուստաֆային կասկածելով դավաճանության մեջ, սպանում է։ Սակայն շուտով պարզվում է, որ սուլթանի ժառանգը բանսարկության զոհ է դարձել, որի հեղինակը սուլթանի չորրորդ կին սլավոնուհի Ռոքսոլանան է, որը ցանկանում էր գահ բարձրացնել սեփական որդուն։ Երբ կեղծիքը բացահայտվում է, սուլթանը դառնագին զղջում է և պալատական ճարտարապետին պատվիրում է մզկիթ կառուցել ի հիշատակ իր որդու, որն անվանում է Շահզադե, այսինքն՝ շահի որդի, արքայազն։ Եվ ահա «աշակերտական աշխատանք» համարվող այս մզկիթը երբ դարեր անց կարիք է ունենում նորոգման, առաջատար բազմաթիվ մասնագետներ, բախվելով մի խնդրի, ոչ մի կերպ չեն կարողանում լուծել այն։ Եվ միայն մզկիթի պատերից մեկի մեջ Սինանի թողած նամակը պատահաբար հայտնաբերելուց հետո են ավարտում մզկիթի վերանորոգման աշխատանքները։ Նամակում վարպետը գրում է․ «Եթե գտել եք այս նամակը, ուրեմն հիմնապատերից մեկը վնասվել է, և դուք չգիտեք՝ ինչպես վերանորոգել այն», և նամակում մանրամասն նկարագրում է լուծումը։ Անհավանական է նրա մտքի թռիչքը․․․


1550-ին Սուլեյմանը որոշում է կառուցել նաև իր անունը հավերժացնող կայսերական մի մզկիթ` ամենամեծն ու ամենագեղեցիկը սուլթանությունում։ Սինանը, որի մեծագույն երազանքը Սուրբ Սոֆիային գեղեցկությամբ, փառահեղությամբ և մեծությամբ գերազանցող տաճար կառուցելն էր, հենց դրա նախագծի հիման վրա էլ սկսում է Սուլեյմանիե տաճարի շինարարությունը։ Պետք է ասել, որ ճարտարապետական առումով առաջին օսմանյան մզկիթները պարզունակ կառույցներ էին՝ քարե ուղղանկյուն պատերով ու կիսագնդաձև գմբեթներով: Զարմանալի չէ՝ դրանք նախագծել և կառուցել էին թուրք ճարտարապետներն ու շինարարները։ Սինանն առաջինն է, որ նախագծում և կառուցում է բազմագմբեթ շինություններ։ Նա նաև առաջինն է, որ կառուցում է կիսախորանարդ տանիքով մզկիթ (Սուլեյմանիեն), որի գաղափարը, ինչպես վերը նշվեց, նրա մեջ առաջացել էր Սուրբ Սոֆիայի տաճարի ազդեցությամբ։ Սինանը Սուլեյմանիեն կառուցում է որպես ամրոց, որը, ինչպես նա է տաճարի բացման ժամանակ դարպասի ոսկե բանալին ձեռքին հայտարարում սուլթանին, կանգուն է մնալու հավերժ։ Արի ու տես, որ լավագույն վկան՝ ժամանակը, դարեր անց փաստում է նրա խոսքերը։ Դրան մեծապես նպաստում է ճարտարապետի մի հետաքրքիր լուծում․ նա հիմքի համար փորված 7–մետրանոց փոսը ջրամբարի նման ջրով է լցնում, ինչը հսկայական շինությանը անհավանական ամրություն է հաղորդում։


Այսպիսով՝ նշանավոր տաճարը գտնվում է քաղաքի հին մասում` յոթ բլուրներից երրորդի վրա։ Այն Ստամբուլի ամենամեծ (զբաղեցնում է ավելի քան 4500 քառ. մետր տարածք և կարող է տեղավորել մինչև 5000 անձի) և իր կարևորությամբ երկրորդ (առաջինը Սելիմիեն է) իսլամական տաճարն է։ Հիմնական շենքից բացի՝ հոգևոր համալիրը ներառում է բազմաթիվ այլ շինություններ՝ թուրքական համամ, անօթևանների համար ճաշարան, աստղադիտարան, մզկիթին կից դպրոց, գրադարան և այլն: Շինարարությունը տևել է յոթ տարի։ Նման հսկայական շինության համար յոթ տարին չնչին ժամանակահատված է, բայց կայսրը շատ էր շտապում և մի անգամ ակնարկով անգամ սպառնում է Սինանին։ Կայսեր զայրույթը կրկնապատկվում է, երբ հիմքը գցելուց հետո Սինանը, շինության հետագա ճաքերը կանխելու նպատակով, որոշ ժամանակով դադարեցնում է շինարարությունը, իսկ Պարսից Շահ Թահմազը, կարծելով, որ շինարարությունը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով, Սուլթանին նամակ է գրում՝ տեղեկացնելով, որ թանկարժեք քարերով և ոսկյա զարդերով լի մի քարավան է ուղարկում Ստամբուլ՝ որպես օգնություն։ Վրդովված Սուլթանը պարսկական դեսպանի ներկայությամբ զարդերը բաժանում է, իսկ թանկարժեք քարերով լի տուփը տալիս է Սինանին՝ հրամայելով դրանք խառնել շինաքարերի հետ։ Միմար Սինանը, ընտրելով ամենաթանկարժեք և գեղեցիկ քարերը, դրանցով զարդարում է մզկիթի մինարեթներից մեկը, ինչի պատճառով մինարեթը անվանվում է «թանկարժեք»: Սակայն ժամանակի ընթացքում քարերը արևի լույսից խամրում են և կորցնում են իրենց նախկին փայլը:


Մինարեթները չորսն են (երկուսի բարձրությունը 56 մետր է, մյուս երկուսինը ՝ 76 մետր), որոնք խորհրդանշում են, որ Սուլեյմանը Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո կայսրության չորրորդ սուլթանն էր։ Առջևի երկու մինարեթների երկուական և մյուս երկուսի երեքական պատշգամբները նույնպես խորհրդանշական իմաստ ունեն՝ միասին մատնանշում են Սուլեյմանի՝ Օսմանյան կայսրության 10–րդ սուլթան լինելու փաստը։ Շենքն ունի 168 պատուհան, որից 32–ը գմբեթի գագաթին են, ինչի շնորհիվ լույսի ճառագայթները վերևից խիտ հոսքով հոսում են գմբեթից դեպի հատակ՝ խորհրդավոր լուսավորությամբ ողողելով շուրջբոլորը: Մզկիթն աչքի է ընկնում հատկապես իր հիասքանչ լսելիության պատմությամբ, ինչն ապահովելու համար ճարտարապետը մի հետաքրքիր հնար է կիրառել՝ նրա գմբեթներին 15 սմ բերանի բացվածքով և 45 սմ երկարությամբ 256 անոթներ է տեղադրել: Լսելիությունն ապահովել է այդ անոթների դատարկությունը։ Ձայնալսելիության մեջ այս հնարքը հայտնի է որպես «դատարկ ռեզոնատորների տեխնիկա»: Արդյունքում քարոզչի ձայնը լսվել է եղել անգամ տաճարի հեռավոր անկյուններում։ Սակայն, 2007–2010 թթ.՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, որին մասնակցում էր 200 մասնագետ, սինթետիկ և այլ անհարիր նյութեր օգտագործելու պատճառով մզկիթի լսելիությունը վատացել է: Այժմ մզկիթում տեղադրված են բազմաթիվ բարձրախոսներ։ Կա նաև մեկ այլ հետաքրքիր պատմություն, ըստ որի՝ աշխատողներից մեկը, ցանկանալով վատաբանել Սինանին, Սուլթանին լուր է հասցնում, որ ճարտարապետը ողջ օրը ոչինչ չի անում և ամբողջ ժամանակ նարգիլե է ծխում։ Սուլթանը, գուցեև չհավատալավ այդ լուրերին, այնուամենայնիվ, մի օր որոշում է անսպասելի այցելել մզկիթ, և ի՞նչ․․․ ճարտարապետն իրոք նարգիլե է ծխում։ Պարզվում է՝ ճարտարապետը ոչ թե նարգիլե է ծխում, այլ եռացող ջրի ձայնի միջոցով ստուգում է ձայնի լսելիությունը․ «Եթե այսօր ջրի ձայնը հավասարապես լսվում է մզկիթի բոլոր անկյուններում, ապա վաղը բոլոր հավաքվածները 60–70 մետր շառավղով լսելու են Խոջայի ձայնը»,— բացատրում է նա։


Սուլեյմանիեի արևելյան մասում կա մի մեծ բակ, որի ներսում սուլթանի և նրա կնոջ՝ Ռոկսոլանայի (Հուրեմ) դամբարաններն են:
Թեև Սուլեյմանիեն գլուխգործոց է, ճարտարապետն այնուամենայնիվ չի բավարարվում, քանզի Ս․ Սոֆիայի տաճարը նրա համար մնում է անգերազանցելի․ Սուլեյմանիեի կենտրոնական գմբեթի բարձրությունը մոտ 53 մետր է, տրամագիծը` 26,5 մետր, որը գերազանցում է Սուրբ Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով (4 մ): Եվ միայն Սելիմիեի կառուցմամբ է Սինանը հասնում իր կյանքի մեծագույն ձգտմանը՝ կառուցելով Սուրբ Սոֆիայի տաճարից չափերով մեծ մզկիթ։ Իրականում, սակայն, գմբեթի բարձրությունը հողի մակերեսից շատ ավելի քիչ է, իսկ տրամագիծը շուրջ կես մետրով է ավելի հազարամյակների պատմություն ունեցող Սուրբ Սոֆիայից, և միայն հիմքից հաշված է Սելիմիեն շատ ավելի բարձր Սուրբ Սոֆիայից։


Մեծանուն ճարտարապետի անձնական կյանքի մասին վկայություններ գրեթե չեն պահպանվել, հայտնի է միայն, որ նա ամուսնացել է պատկառելի տարիքում երիտասարդ աղջկա հետ։ Մահացել է 1588 թ․ Կոստանդնուպոլսում (ըստ որոշ տեղեկությունների՝ մահացել է իր 100–ամյա հոբելյանի նախօրեին՝ պալատական խոհանոցի վառարանների խողովակները զննելիս) և թաղվել իր կառուցած դամբարանում, որը տեղակայված է Սուլեյմանիե մզկիթի հյուսիսային հատվածում։ Նրա տապանաքարի վրա որևէ արձանագրություն չկա։
Սինանի անունով են անվանակոչել Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա մի խառնարան, Պոլսի հեղինակավոր Կայսերական գեղարվեստի ակադեմիան, Գեղարվեստի համալսարանը, փողոց և այլն։ Սինանի դիմանկարն է պատկերված 1982–1995 թթ. թուրքական 10000 լիրա թղթադրամի և 2001 թ. 7 500 000 լիրա մետաղադրամի վրա, ինչպես նաև 6 նամականիշերի վրա, 1957 թ. թողարկված 100 լիրայի վրա (Սուլեյմանիե մզկիթի ստեղծման 400–ամյակի կապակցությամբ), 1988 թ. 50 լիրայի վրա (Սինանի մահվան 400–ամյակի կապակցությամբ) և այլն։


Փաստորեն հայազգի և ծննդյամբ քրիստոնյա Սինանն իր թողած հսկայական ժառանգությամբ, որով ծնունդ է տվել մահմեդական դասական ճարտարապետությանը, հավերժացել է համաշխարհային մշակույթում։


Նա ապրել ու արարել է օտարի հողում, օտարի համար, բայց մինչև կյանքի վերջը չի ուրացել իր ազգությունն ու հայրենիքը. չէ՞ որ 1573 թ․, երբ դիմել է սուլթանին՝ իր ազգականներին աքսորից փրկելու խնդրանքով, մոտավորապես 83 տարեկան էր, իսկ դա խոսում է այն մասին, որ մի ամբողջ կյանք ապրելով որպես թուրք՝ մնացել է հայ, և ո՜վ գիտե, թե, լինելով հարգարժան այր, իր ժողովրդի համար էլ ինչեր է ծածուկ արել։

Լուսյա Առաքելյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 26335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ