ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ազատամիտ լինել` չի նշանակում գրել այնպիսի տողեր, որ չկարողանաս դնել զավակիդ սեղանին ու ասել՝ կարդա»

Ազատամիտ լինել` չի նշանակում գրել այնպիսի տողեր, որ չկարողանաս դնել զավակիդ սեղանին ու ասել՝ կարդա»
28.11.2008 | 00:00

«ՕՏԱՐՆԵՐԸ ՔԻՉ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ՄԵՐՈՆՔ ԵՆ ՍԿՍԵԼ ԶԱՌԱՆՑԵԼ»
Ասում են՝ տեքստի մեջ թաքնված երաժշտություն կա։ Մեր օրերում, երբ երգ-երաժշտության մեջ անգամ պակասել է մեղեդին, ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԻ պոեզիան հնչում է որպես յուրատեսակ երգ՝ մերօրյա աղմուկի մեջ անսովոր, բայց չլռող։ Նրա «Փախուստ խնջույքից» գրքույկի առիթով Վլադիմիր Աբաջյանը ցավով նշել է, որ ուշ է ճանաչել Հակոբ Սրապյան բանաստեղծին ու խոստացել է, որ այսուհետ իր ասմունքում մեծ տեղ է հատկացնելու նրան։ Բանաստեղծն այսօր «Իրավունքը de facto»-ի հյուրն է։
-Ի՞նչ է պոեզիան, ինչո՞ւ է այդքան հարազատ մարդու սրտին։
-Պոեզիան ոգեղենի խորհուրդ ունի և դրա համար է հոգեհարազատ դառնում։ Շատերն իրենց տեսնելու, իրենց ապրածը զգալու համար մտնում են բանաստեղծական տողի մեջ, ու դա է նաև հարազատ դարձնում բանաստեղծությունը։ Այսօր պոեզիայի հանդեպ այն հետաքրքրությունը չկա, ինչին արժանի է իսկական բանաստեղծությունը։ Ամեն դեպքում, երբ նայում եմ պոեզիա սիրողների նեղ շրջանակին, ինձ մխիթարում է այն, որ տակավին կա պոեզիայի սիրահարն ու այդ պոեզիայով ապրողը։
-Կա կարծիք, որ ժամանակի հստակ թելադրանքով քաղաքականացված պիտի լինի բանաստեղծությունը, և պոեզիայի առանցքն էլ չպետք է անձնական կյանքն ու ապրումները լինեն։
-Չարենցն ասում էր. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»։ Անշուշտ, բանաստեղծը պետք է խոսի ժողովրդի հոգսից, ցավից, հաղթանակից։ Չմոռանանք, որ մեր առաջնորդ գրողները ժամանակին գրական շարժում են ստեղծել։ Օրինակ, Շիրազի հետևից կարող էր մի ամբողջ ժողովուրդ գնալ։ Այս առումով պոեզիան պիտի ունենա քաղաքական շնչառություն, բայց դա չի նշանակում ամբողջությամբ քաղաքականացնել կամ գռեհկացնել այն։ Սրան զուգահեռ սերը մնում է սեր, հոգին՝ հոգի։ Հոգու պոեզիան մնայուն է։ Մենք այսօր էլ լսում ենք Ջիվանի, Սայաթ-Նովա։ Քաղաքականացված բանաստեղծությունը, որպես պատմական անդրադարձ, գուցե կհետաքրքրի եկող սերունդներին, բայց հոգու հետ խոսողը քնարական պոեզիան է։
-Ազատամտությունը երբեմն շփոթում ենք սանձարձակության հետ։
-Նոր ժամանակների իրողություն է։ Ազատամիտ լինել` չի նշանակում լկտիանալ, դառնալ սանձարձակ, մանավանդ, երբ ձեռքդ բռնող չկա, չկա գրաքննադատություն կոչվածը։ Ազատամիտ լինել` չի նշանակում գրել այնպիսի տողեր, որ չկարողանաս քո իսկ գրածը դնել զավակիդ սեղանին ու ասել՝ կարդա։ Գոյություն ունի ասելիք, մտքի ճաշակ։ Պոեզիան ինքնին գեղեցկություն է։ Շատերը կասեն՝ ժամանակն է թելադրում այդ բառապաշարը։ Այդ նույն բանը կարելի է ասել ավելի պատշաճ ձևով, խոր, ներհուն, որ դառնա բոլորինը։ Այսօր մենք ունենք բարձր խոսք ասող և ժամանակի շունչը բերող բանաստեղծներ։ ՈՒրիշ բան է զայրույթն արտահայտելը, բայց ո՞վ է իրավունք տալիս հայհոյելու։ Գրականությունը հոգին մաքրելու խորհուրդ պիտի ունենա, մարդուն կայացնելու խորհուրդ։ Եթե չունես լուսավոր մի տող, խավար մի՛ մատուցիր, աղբ մի՛ հրամցրու։ Շատ գրքերի նայելիս ափսոսում եմ թուղթը։
-Գրողը դառնում է ճանաչված, երբ ունի ասելի՞ք, թե՞ երբ կարողանում է ինքն իրեն «մատուցել», երբ կա գովազդ։
-Գրողը կարող է ճանաչում ձեռք բերել մի անհեթեթ գրվածքով։ Օրինակ՝ վերցնում են մի լուսավոր հեքիաթ, վերափոխում զազրելիության աստիճան և այդ զազրելի գործով դառնում ճանաչված։ Կան 100 տարի և ավելի առաջ գրված գործեր, որ այսօր էլ խոսում են նույնքան հարազատ լեզվով, մինչդեռ օրվա թվացյալ հնչեղություն ունեցող գործը վաղը կարող է մեռնել։ Բոլոր դեպքերում, ճանաչված լինելու առաջին նախապայմանը տաղանդն է։
-Ձեր պոեզիան աչքի է զարնում մեր ժամանակին ոչ բնորոշ ռոմանտիզմով։ Կյանքո՞ւմ էլ այդպիսին եք։
-Գիտե՞ք ինչքան դժվար է կյանքն առանց ռոմանտիկայի։ Եթե այն չկա, ուրիշ կուտակումներ կարող են լինել, գուցե նաև՝ թույն, նախանձ, չարություն՝ չգիտես որտեղից և ում հանդեպ։ Ռոմանտիզմը ժամանակի հետ կապ չունի։ Դա քո տեսակն է։ Ռոմանտիկան նաև թռիչքի երաշխիք է։ Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ մեծ երազողները տիեզերքը նվաճողներ են։
-Վերջերս լույս տեսած Ձեր «Գյուղը լեռան ծոցում» գիրքն արձակ է։ Ինչո՞վ է պայմանավորված այդ անցումը՝ պոեզիայից արձակ, և չե՞ն խանգարում մեկը մյուսին։
-Գիրքն ունի հայրենագիտական բնույթ, դա իմ հարազատ բնաշխարհին՝ Էրզրումին, նվիրված գործ է։ ՈՒնի գեղարվեստական շնչառություն, ինչն ինձ ուրախացնում է։ Շատերի կարծիքով՝ ես կարող եմ անցնել վեպ գրելուն։ Կա նման մտադրություն։ Պատմվածքների մի ամբողջ շարք կա մտքիս մեջ, որը, կարծում եմ՝ կունենա բանաստեղծական շապիկ, կլինի ավելի շուտ արձակ բանաստեղծություն, քան բուն արձակ։ Մեկը մյուսին խանգարում են միայն ժամանակի առումով։
-Գրական դաշտում ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում։
-Գրական դաշտը հեղհեղուկ է։ Չէի ասի՝ դատարկ, որովհետև ունենք գրողներ, որ բավականին լուրջ գործերով են հանդես գալիս (Մերուժան, Հովհաննես Մելքոնյան, Ռափայել Սահակյան, այլք)։ Պատիվ չբերող հայտնի տարաձայնությունները ժամանակավոր բնույթ ունեն։ Կգա պահը, ամեն ինչ իր տեղը կընկնի, մարդիկ կճանաչեն՝ ով ով է։ Թեև հիմա էլ ճանաչում են։ Ինձ մտահոգում է ընթերցողի բացակայությունը։ Մարդիկ զբաղված են անհեթեթ բաներով, գերադասում են ժամանակը սպանել ապուշացնող սերիալներով։ Օտարները քիչ էին, հիմա էլ մերոնք են սկսել զառանցել։ Սպանում են թանկ, կարճ ժամանակը։
-Ի՞նչ կասեք երիտասարդ գրողների մասին։
-Երիտասարդ գրողների մոտ 200 գիրք եմ խմբագրել։ Կան շնորհալիներ։ Բայց օտար հովերը, զարմացնելու ճիգը, անտեղի եռանդը շատ են։ Լևոն Հախվերդյանը գրողների միությունում իր ելույթներից մեկի ժամանակ ասաց. «Չեմ հասկանում՝ ի՞նչ եք գրում, ինչի՞ մասին եք գրում, ինչի՞ համար։ Կամ ես եմ մեծացել, չեմ հասկանում ձեզ, կամ դուք եք անհեթեթ բաներ գրում։ Շատ կուզեի ձեր գործերից մեկում այսպիսի նախադասություն կարդալ՝ գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»։ Հիմա երիտասարդները թող այդ տողը գրեն։ Թող մնան հարազատ հողի վրա։ Օտարը, ի վերջո, մեզ խորթ է դառնալու։
-Գրողն այսօր կարո՞ղ է ապրել իր վաստակով։
-Պատ շարողն իր գործն է անում, հավաքարարը՝ իր, ու ստանում են օրվա ապրուստի հասանելիք գումարը։ Բայց ոչ գրողը։ Դա ոչ միայն մեր, ոչ միայն մեր ժամանակների, այլև բոլոր ժամանակների ցավալի իրողություններից է։ Շատ բան չի ուզում գրողը։ Թող դղյակներն ուրիշները կառուցեն ու վայելեն։ Բայց մտավորականը կարողանա ապրել արժանապատիվ կյանքով։ Սա իմ ցանկությունն է։ Թեև՝ անհույս, եթե մեր ընթացքը սա է։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ