ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Երաժշտություն գրելը իմ տառապանքն ու իմ ազատությունն է»

«Երաժշտություն գրելը իմ տառապանքն ու իմ ազատությունն է»
12.05.2009 | 00:00

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ
(սկիզբը` թիվ 34-ում)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ - Գրախոսական է տպագրվել քո մասին, կարծեմ, Գերմանիայում, որտեղ քո երկերից մեկը քննելիս առնչություններ են նշել Բեթհովենի, Շուբերտի հետ… Հայերեն թարգմանությունը սիրողական էր, լավ չհասկացա այդ կապը:
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ -Ծանր հարց է: Չե՞ս ուզում հրաժարվել այդ հարցից…
Հ.Ա. -Չեմ պնդում, բայց հետաքրքիր է:
Տ. Մ. -Մինչև այդ մասին ասելը պետք է փորձենք ճշտել` ի՞նչ է Բեթհովենի երաժշտությունն այսօր ապրող, գործող հեղինակների (կոմպոզիտորների - Հ.Ա.) համար: Այստեղ անսպասելիությունների կհանդիպես, տարօրինակ գնահատականներ, արժեքավորման տարօրինակ ձևակերպումներ կլսես Բեթհովենի երաժշտության հասցեին: Մինչև քո հիշած գրախոսականին դառնալը` այս ընդհանուր պատկերը պետք է ճշտենք: Սրա վերլուծությունը իմ ուժերից վեր է, մանավանդ որ բացարձակ չեմ ուզում խառնվել այդ չափանիշների, այդ ձևակերպումների հեղինակների տրամաբանության կամ փաստարկումների ընթացքին: Ինչի՞ս է պետք: Բուլեզին որ լսենք Շուբերտը երաժշտության մեջ ոչինչ մեկն է: Ինձ համար Շուբերտը երաժշտության Աստծո պես մի բան է: Դու ուզում ես, որ ես հիմա Բուլեզի հասցեին բառե՞ր գործածեմ… Ինչի՞ս է պետք: Դրա համար եմ ասում, որ այս հարցը քննարկելու նյութ չէ: Ես էլ լավ չգիտեմ, կարծում ես, հետևո՞ւմ եմ գրախոսականներին կամ հիշո՞ւմ եմ, վերլուծո՞ւմ եմ… Իրե՛նք գիտեն` ինչ են ասում, ես դրա հետ գործ չունեմ:
Հ.Ա. -Անցյալ դարի ավանգարդ երաժշտության մեջ քո անունը կա, դու տեղ ունես այնտեղ: Երաժշտական գավառ (ներողություն) Երևանից ինչպե՞ս հասար եվրոպական ավանգարդ:
Տ.Մ. -Ախ, Ֆոլկներն է սրան լավ պատասխանել (ծիծաղում է): Ասածը բառացի չեմ հիշում, բայց իրեն համարում էր գավառացի ու կարծում էր, որ արժեքը գավառում է ծնվում: Մեկ ուրիշն էլ, չեմ հիշում` ով, ասում էր` արվեստագետի ծնունդը գավառացու ձգտումն է դեպի մայրաքաղաք: Անկախ նրանից` ես մայրաքաղաք հասա, թե չէ, կարող եմ պնդել, որ ես փորձեցի իմ գավառն էլ, իմ մայրաքաղաքն էլ իմ ապրած և քո ասած գավառում իրականացնել: Ես, իրոք, գավառի ծնունդ եմ: ՈՒ այդ գավառը միաժամանակ իմ մայրաքաղաքն է: Եթե իմ ասածը հասկանալի եղավ, անցնենք մյուս հարցին:
Հ.Ա. -Ես վիրավորելու ցանկություն ամենևին չունեի: Պարզապես հետաքրքիր էր քո` Երևանում նոր արվեստին շփվելու հնարավորություն քիչ ունեցող կոմպոզիտորիդ ընթացքը դեպի միջազգային ավանգարդ: Ես ինքս գավառացի եմ, իմ սիրտն էլ էր ճմլվում լացի աստիճան` մեծ գեղեցիկին առնչվելիս, այսպես ասած, մայրաքաղաքային գեղեցիկին…
Տ.Մ. -Իսկ ո՞վ ասաց, որ վիրավորվել եմ, ո՞վ ասաց, որ գավառացի լինելը վիրավորանք է… Խոստովանեմ, որ չեմ սիրում այսօրվա մեգապոլիսի կոմպոզիտորներից շատերի երաժշտությունը: Ամեն տեսակ ծակ ու ծուկ սեփական երաժշտությամբ լցնելու, մեծ քաղաքի ամեն մի անսամբլի, ամեն մի նվագախմբի ծրագրում տեղ զբաղեցնելու` շատերի անչափ մեծ ու հիվանդ ախորժակը, որ նրանց ստիպում է գրել, հա՛ գրել: Այստեղ մի պահ պիտի սպասես (մոտենում է գրապահարանին, փնտրում, մի գիրք դուրս քաշում)… Տե՛ս, ինչպես է ասում Պաստեռնակը.
В тот день всю тебя, от гребенок до ног,
Как трагик в провинции драму Шекспирову,
Носил я с собою и знал назубок,
Шатался по городу и репетировал
.
արժևորել գավառն էլ, գավառի արվեստագետին էլ: Այս տողերը շատ եմ սիրում: (Մանրիկ քայլերով վազում, նստում է դաշնամուրի առաջ, մի ֆրազ նվագում, ճշտում, դուրը գալիս է իր հենց նոր գրած երաժշտական ֆրազը)… Սպասիր, գրի առնեմ… (կվարտետային պիեսին մի քանի նոտա էլ ավելացավ)… Հաջորդ հարցդ կտա՞ս (գոհունակությամբ վերադառնում, պառկում է բազմոցին. մեջքը ցավում է)… Այս հարցի առիթով մի քիչ էլ ասելիք կա… Իհարկե, քո հարցի միայն մի մասին պատասխանեցի, և ասածս եղավ այն, որ ես գավառն եմ սիրում, գավառի նաև «գեղարվեստական կյանքը», և միտումնավոր լռեցի իմ ինչ-որ տեղ հասնելու քո պնդման մասին: Տարիներ առաջ, երբ ես Տերյան փողոցով իջնում էի դեպի հին կինոստուդիա, անցնում էի երևանյան հին կավաշեն միհարկանի տների կողքով, հաճախ մտածում էի. «Ահա այս փողոցների միջից է Չարենցը դուրս հանել իր տիեզերագնա «Ռադիոպոեմները», և դա ինձ հրաշքի պես էր ներկայանում… Ահա՛ :
Հ.Ա. -Քո ստեղծագործական սկզբունքներին անդրադառնալիս և՛ դու, և՛ տարբեր երկրների երաժիշտներ ընդգծում եք, որ, հավատարիմ մնալով ազգային երաժշտական ավանդույթներին, օրինաչափություններին, հիմքերին, դու քո ստեղծագործություններում ներմուծում-ներհյուսում ես եվրոպական երաժշտության ամենաարդիական միտումները: Մասնագիտական կրթություն չունեցողիս պարզ կբացատրե՞ս, թե ինչ է նշանակում այս դրույթը: Մատչելի: Օրինակով:
Տ.Մ. -Քո հարցին մի պարզ պատասխան տալու համար ասելիքիս տարողունակ ու բարդ բովանդակությունը փոքր-ինչ պարզունակ ու մոտավոր ձևով պիտի ներկայացնեմ: Բարդ հարցերի մասին ես խոսում, պարզեցնել է պետք, որպեսզի մի բան հասկանալի դառնա: Ժամանակակից բանաստեղծներից մեկը (չեմ հիշում անունն ու որ երկրից լինելը) բանաստեղծություն էր գրել այնպիսի տաղաչափությամբ, որ բառերի դասավորությունը խնձորի պատկեր էր դարձել, և այդ խնձորի միջից էլ մի որդ էր դուրս գալիս, որ նույնպես բառերի դասավորությամբ էր նկարվել: Այդ բանաստեղծության մեջ, կարծեմ, խոսվում էր խնձորի ու որդի հարաբերության մասին: Սա ավանգարդ պոեզիայի մի օրինակ է: Ավետիք Բահաթրյանը «Հայոց հին տաղաչափական արվեստը» գրքում փորձում է տողերի բաժանման սկզբունքները կորցրած մեր հին տաղերը չափածո բանաստեղծությանը պահանջված տողաչափերի բերել: Հնագույն տաղի բառերը (հոգևոր բովանդակություն կրող) վերադասավորում է այնպես, որ տաղաչափական կառույց դառնալուն զուգահեռ` խաչի պատկեր կազմեն:
ՈՒրեմն, այսօրվա ավանգարդ ուղղության բանաստեղծը բառերով խնձոր ու որդ նկարելիս և տասնիններորդ դարի շուշեցի ուսուցիչը մեր հնագույն տաղի բառերով խաչ պատկերելիս կիրառում են միևնույն սկզբունքը… Տեսա՞ր, թե ինչպես են իրար գալիս այսօրվա ավանգարդն ու մեր հնագույնը, ավանդականը: Սրանց իրար գալուն խանգարողը վերջին մեկ-երկու հարյուրամյակների պատմամշակութային շերտն է, որից եթե կարողանաս խելացիորեն, առանց գռեհիկ կատեգորիզմների խուսափել` միաժամանակ չմերժելով այդ մեկ-երկու հարյուրամյակների ձեռքբերումները, կլինես և՛ քո ժառանգության հիմքերի վրա գոյացած ընտանիքի զավակը, և՛ Արևմուտքի արդիական երաժշտության պահանջներին համապատասխանող մեկը: Իհարկե, այս ռազմավարական հաշվարկները կաշխատեն` միայն եթե արածդ գործի արդյունքում կենդանի գեղարվեստական մարմին է ծնվում և ոչ թե մեխանիկական խաղալիք:
Հ.Ա. -Ո՞ր գործերդ ես համարում քո ստեղծագործության համար փուլային, ծրագրային:
Տ.Մ. -67-ին երկու գործ գրեցի, երկուսն էլ կարևորում եմ: Մեկը քուչակյան չորս հայրենների շարքն է, մյուսը` Դաշնամուրի սոնատը: Առավել կամ նվազ հաջողված գործեր հետո էլի եմ արել, բայց քո ասած փուլայինն ինձ համար այս երկու գործերն են, դրանից հետո փուլ չեմ ունեցել: Ուղղակի ես շատ անգամ եմ ինձ վերանորոգել:
Մի քանի գործերի առնչությամբ կարող եմ ասել, որ ուրախ եմ դրանց գրվելու համար: Օրինակ` չարենցյան «Արվեստ քերթության» խմբերգերիս շարքը կամ Ջութակի երկրորդ կոնցերտը: Հնարավոր է, որ այս վերջին գործով հետաքրքրությունների մի նոր ոլորտ մտա, որի մեջ եմ առայսօր:
Հ.Ա. -Ի՞նչ հատկանիշներ նկատի ունես, երբ ասում ես, որ այդ երկու գործերդ փուլային դարձան քո ստեղծագործության համար:
Տ.Մ. -Հայրենների հետ կապված… Հայերեն լեզվից առաջին անգամ հայերեն երաժշտություն բերելու դիպվածը կամ արկածը ունեցա: Մինչև այսօր էլ, երբ ինձ հաջողվում է հայ պոեզիայով երաժշտություն գրել, դա լինում է իմ կամքից անկախ: Այնպես անսպասելի ու հանկարծահաս, ինչպես վթարն է լինում: Այս դժվար վիճակը հիշեցնող մի կետ ևս կա վոկալ գրելիս: Այդ երգերը ես գրում եմ գրեթե ուշակորույս վիճակում: Համենայն դեպս, այնտեղ մտքի ռացիոնալ աշխատանքից շատ քիչ բան կա: Նույնիսկ երգվող բանաստեղծական տեքստերն ընտրվում են իրենք իրենց, առանց իմ ծանրութեթև անելու… Լավ չէ, որ այս տեսակ բաներ եմ ասում իմ աշխատանքի մասին, բայց հայ բանաստեղծությունը երաժշտություն բերելու իմ ճանապարհն այսպիսին է: Եթե գրելը միայն իմ որոշումով լիներ, մինչև այսօր երգածս բանաստեղծությունների քառապատիկն արած կլինեի: Տասնապատի՛կը: Քառապատիկը չէ, տասնապատի՛կը: Բանաստեղծություն երգելու ճանապարհին ես հանդիպում, շփվում, բախվում եմ տարբեր հայերենների հետ, և յուրաքանչյուր հայերեն միայն իրեն հատուկ երաժշտությունն է բերում. քուչակյան հայրեններից մեկի` «Քանի քո քովեդ գնացի» տողի մեջ ծանր ու որձ քարերի «ք»-երը և, առհասարակ, այս կարգի կոպտությունները, հնչողական ճչացող գույները միայն հայրեններում կգտնես: Մեկ էլ «Սասունցի Դավթի» բանահյուսական դեռ անմշակ տարբերակներում:
(Կարևոր մի մանրուքի համար խանութ իջա։ Երբ վերադարձա՝ Մանսուրյանը մոլեգին գրում էր։ Ոչ երաժշտություն։ Մի թուղթ քաշել ու գիր էր գրում։
-Ահա՛,- ասաց հաղթական՝ դնելով վերջակետը։
Չէր համբերել մինչև գալս ու զրույցի մեջ ավելացրել էր Իսահակյանին վերաբերող այս մասը)։
Բոլորովին մի ուրիշ հայերեն է Ավետիք Իսահակյանի հայերենը.

Ծով, եկան ազգեր և քո շառաչին
Խառնեցին իրենց երգերը չնչին:

Այս երկու տողի մեջ ձայնային երկու ակունք, հնչող երկու միավոր կա. մեկը ծովի շառաչն է, և մյուսը` «երգերը չնչին»: Ձայնային այս երկու ակունքները հակադրության մի հսկա անդունդ են ներկայացնում մեզ, ու դա այս բանաստեղծությունը երգելու բանալին կարող է դառնալ… Միայն թե պետք է նկատել, որ այս տողերի մեջ ապրող հնչյունաբանական միավորները ներդաշնակման մի հարթության մեջ են գտնվում, ուր «շառաչին» և «խառնեցին» բառերի կոշտ «ռ»-երն անգամ իրենց շուրջ եղած ձայնավորների խաղաղեցնող հնչյունակայքից դուրս չեն պոկվում, մնում են հնչյունային ընդհանուր հյուսվածքի ներսում: Սրանք իմ զգացողություններն են: Սա իսահակյանական հայերենի իմ ընկալումն է, և այն որևէ մեկին չեմ պարտադրում: Եվ քանի որ Չարենցի երկերում հայոց լեզվի գունային բոլոր շերտերը կան` մեկ էլ նրա մոտ կգտնես… Կտա՞ս այդ կողքիդ Չարենցը… (թերթում է)… Մեկ էլ նրա մոտ կգտնես… Տես, գունահնչողության ինչպիսի մեծ լարվածություն է պարփակված այս տողերի մեջ: Փորձիր բարձրաձայն կարդալ այս տողերը մի քանի անգամ.

Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգրվան անցած տարիներ երկարաձիգ…

Այս հյուսվածքի մեջ առկա մեր լեզվի գունային թանձր համադրությունների ուժը, նաև «երկարաձիգ» բառերի` հսկա տարածությունների չափ ու կշիռը հաստատելու ուժականությունը հարբեցնում են ինձ:
Ամեն մի հայերենի հետ վթարի մեջ իմ հայտնվելը, եթե բարեհաջող է ավարտվում, ու ես չեմ սատկում, դառնում է իմ ձեռք բերած հարստությունը: Այսքանն ասելուց հետո, երևի, պիտի ասեմ նաև, որ իմ մեջ ապրող երաժիշտն ամենից առաջ հայոց լեզվի երաժիշտն է: (Հեռախոսազանգ: Ես դուրս եմ գալիս ծխելու: Պատշգամբից վերադառնում եմ: Երկար խոսում է: Դարձյալ դուրս եմ գալիս: Վերադառնում եմ: Դաշնամուրի առաջ գրում է պիեսը): Մի վայրկյա՛ն… Վերադառնանք նյութին: (Գալիս պառկում է բազմոցին): Գիտես, երբ ես ասում եմ «վթար», նկատի ունեմ, որ հնչողական երկու համակարգեր (ոչ թե առանձին շերտեր, ոչ թե առանձին հնչյունաբանական միավորներ, այլ հենց հնչողական համակարգեր) իրար են գալիս իմ ներսում և դառնում մեկ մարմին: Վոկալ արվեստի մեջ բառի և մեղեդու ագուցվելու, նույնանալու զորավոր մի պայման գոյություն ունի, որը եթե բացակայում է, լավագույն դեպքում բառերին հարմարեցված մեղեդին դրանց վրա իջած զարդարանք կարող է դառնալ միայն: Այս տեսակ «երգը» եթե կա էլ, դա ինձ չի հետաքրքրում, ես դրանով չեմ զբաղվում: Այդ չկայացած երգերի մեջ վատ ամուսնական զույգի համատեղ կյանքի նման աններդաշնակություն է. բառը փորձում է հաճույք կորզել մեղեդուց, իսկ մեղեդին` իր հերթին բառից հաճույք փախցնել… (Աստված իմ, այս ինչեր ենք խոսում)… Ես ուղղակի ուզում էի պարզել, թե ինչ նկատի ունեմ, երբ խոսում եմ բառային և երաժշտական երկու համակարգերի համակցման արդյունքում ծնված խուլ պայթյունի մասին, որ հենց իմ վթարն է…
Արի, կլինի, Դաշնամուրի սոնատի մասին էլ չխոսենք… Միայն ասեմ, որ այս գործով ես համարեցի, որ յուրացրել եմ նախ՝ ավանգարդ երաժշտության իմ բաժին կոմպոզիտորական լսողական փորձը: Դու պիտի իմանաս, որ խոսքը պարզ լսողական փորձի մասին չէ, այլ կոմպոզիտորական լսողական փորձի. սա ուրիշ բան է...
Հ.Ա. -Ինչպե՞ս կբնութագրեիր և կանվանեիր քո «իզմը»:
Տ.Մ. -Կանվանեի «մանսուրյանիզմ» (ծիծաղում է): Մի հիմքով, որ իմ և իմ հոր ազգանունը լինելուց առաջ սա իմ մեծ հոր ազգանունն է ու նրա նախորդների: Ինձ կոփած, ձևած «գեներալները» նրանք են, իմ երաժշտությունն էլ իմ ընտանիքի երաժշտությունն է նախ և առաջ: Իր հիմնական հատկություններով նա այնտեղ է գոյացել, ես էլ ամբողջ կյանքում հավատարիմ եմ եղել և՛ իրեն, և՛ ինձ ժառանգված իր տեսակին: Պատմում են, որ պապս ունևոր, հարուստ մարդ է եղել, նաև ասում են, որ երաժշտություն շատ է սիրել (նրան չեմ տեսել), եղել է խստակյաց մարդ և երաժշտական զեղումների տրվելու իր թուլությունն ընտանիքի անդամներին կամ սրան-նրան ցուցադրելուց խուսափել է: Իր առանձին սենյակն է ունեցել, մտել է իր սենյակը, դուռը հետևից փակել, երաժշտական գործիքը ձեռքն է առել, ինքն իր համար երգել-նվագել է: Իր պահանջին հագուրդ տալուց հետո սենյակից դուրս է եկել: Իմ ընտանիքի «գեներալի» այս հատկությունն անչափ եմ սիրում, այս պատմությունն էլ` հետը: Դրանից է, որ ինձ համար անտանելի է լսել մի երաժշտություն, որի ռիթմը կոչված է բավարարելու կնոջական ցատկռտուքի, հետույքի ցնցումների պահանջմունքը: Գիտեմ, որ երաժշտությունը կոչված է նաև ապրվող կյանքի թատրոնը ներկայացնելու, և այդ թատրոնի մեջ այս ցատկռտուքն էլ իր տեղն ունի, բայց այդ «թատրոնի» երաժշտություն ես երբեք չեմ գրել: (Զանգ: Ամերիկայից լավ նորություններ հաղորդեցին: Ուրախացավ): Մեծ դասականների մոտ այդ ցատկռտուքը, իհարկե, գոյություն ունի, բայց այն երբեք մերկ ու անթաքույց չի ներկայանում: Հայտնի է, որ Բեթհովենը երբեք իր երաժշտության մեջ «անբարո» սյուժեներ կամ դրա վկայությունը տվող շարժումներ չի բերել, չունի և չի ընդունել դրանց ներկայության արտահայտությունները (կամ երբեմն պատահող արտահայտությունները) Մոցարտի երաժշտության մեջ, ասենք, օպերաներում…
Երբ ես ասում եմ, որ իմ երաժշտությունը իմ ընտանիքից է գալիս, «ընտանիք» հասկացության տակ նկատի ունեմ նաև անցյալի մեր մեծերին, որոնց ամբողջ կյանքում հետևել եմ, սերտել եմ, Կոմիտասին, Չարենցին…
Հ.Ա. -Վերջում տալու եմ մի հարց, որին կարող էիր պատասխանել, ասենք, այսպես. «Դա իմ բանը չէ, թող ունկնդիրը, թող ժամանակը…», բայց, այնուամենայնիվ. «Երաժշտության մեջ արեցի՞ր այն, ինչը միայն Մանսուրյանը պիտի աներ, և ի՞նչ է դրա անունը»:
Տ.Մ. -Վա՜յ (տնքում է): Ծանր հարց է… Այսօր ապրող շվեդ երգչուհուն երբ լսում եմ, շնորհակալ եմ լինում նրան, որ անցավոր կյանքի ունայնության մռայլ սևության վրա աշխարհով մեկ կանաչ մի մարգագետին է փռում` քրոջական կամ մայրական հառաչանքներից ու խնդություններից, վճիռներից ու ընկրկումներից, ու այս տեսակ բազում ապրումների հնչերանգներից հյուսված: Ա՜խ, ոնց եմ սիրում այդ երգչուհուն…
(Խոսքը շվեդ երգչուհի Աննե Սոֆի ֆոն Օթերի մասին է։ Վերջին երկու-երեք տարին Մանսուրյանը նրա անունը հաճախ է տալիս)։
«Եվ Սոնան ասում էր` գլուխը քարը, այսպես էլ, հենց այսպես էլ կարելի է ապրել»: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծության այս հատվածը այսպես եմ հիշում: Եվ նրա Սոնան էլ, շվեդուհի իմ քույրն էլ, ի վերջո, նույն բանն են ասում:
Երաժշտություն գրելու իմ դրդապատճառներն ինձ բոլորովին անհայտ են: Եվ այս իմաստով որևէ ծրագրի ո՛չ ստրուկն եմ, ո՛չ էլ կատարածուն: Իմ երաժշտություն գրելը իմ տառապանքն ու իմ ազատությունն է: Բայց եթե այդ երաժշտության գոյանալուց հետո նրա ասելիքի, նրա գոյանալու անհրաժեշտությունը բացատրելու հրամայականի առաջ հայտնվեի, պիտի կանգնեի այդ երկու տիկնանց` շվեդ երգչուհու և Արմեն Մարտիրոսյանի Սոնայի մեջտեղում ու պիտի խնդրեի, որ իրենք թարգմանեին քեզ իմ երաժշտության «բովանդակությունը»: Ու եթե ինձ հարցնեին` որտեղի՞ց ես բերում քո հառաչանքներն ու ուրախությունները, պիտի բացեի մի մեծ քարտեզ` Միջերկրականի ափերից սկսվող ու մինչև Քուռ գետը հասնող, պիտի ասեի` իմ ձայների ակունքը այստեղ է: Արևելք-Արևմուտք աշխարհների միջև ընկած հսկա տարածքի ձայների, Անի քաղաքի աղմկոտ շուկայի կենսահորդ գոչյունների, նաև անէացած Անիի ավերակների վրայով անցնող տխուր քամու մեջ են իմ արմատները… Վա՜յ (տնքում է)…
Հ.Ա. -Ես գիտեմ, որ այս և մեր մյուս զրույցներից դու առանձնակի գոհունակության զգացում չունես: Քեզ համար ավելի հետաքրքիր կլիներ մի երաժիշտ-երաժշտագետի հետ ձեր մասնագիտությանն առնչվող հարցեր քննարկելը:
Բայց, ավա՜ղ, այսքան է երաժշտական պատրաստվածությունս… Մեկ էլ… Լրագրողական մի համոզմունք գոյություն ունի, որ պարտադիր չէ ու պետք էլ չէ, որ զրույցը վարողը զրուցակցի չափ իմանա խոսվող նյութը… Այդպես, ասում են, զրույցը երբեմն ավելի հետաքրքիր է լինում:
Զրույցը` Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԻ
2008, աշուն

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ