ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Դետալները» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և Լաչինի միջանցքը կարող են լինել

«Դետալները» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և Լաչինի միջանցքը կարող են լինել
12.05.2009 | 00:00

ՄԱՅԻՍԻ 4-10_Ը` DE FACTO
Աստծո անցած յոթ օրը Հայաստանում ու աշխարհում սովորական ու տոնական էին, ինչպես սովորական են դառնում տոները, երբ իրարահաջորդում են ու աշխատել չեն թողնում...
...Իրականում մայիսյան տոները շատ են օրացույցով, իսկ կարևորվում են հազիվ մեկ-երկուսը: Համախառն այդ տոների մեջ Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի կարևոր է` 1945-ի և 1992-ի կտրվածքով: Անցած շաբաթ այնքան է այդ տոների մասին խոսվել, որքան տարողունակ է մարդկային հիշողությունը: Դեռ այսօր էլ տարբեր երկրներում գրքեր են գրվում ու ֆիլմեր են նկարվում Երկրորդ համաշխարհայինի իրադարձությունների մասին. վերջին արկի պայթյունով ու վերջին փամփուշտով պատերազմը չի ավարտվում, ու արդեն 64 տարի մարդիկ վերադառնում են այն դեպքերին, որոնց մասին միայն լսել են ու կարդացել: Պատերազմը շարունակվում է հիշողության դաշտում... Եվ գուցե միայն գերմանացիներն են հաղթահարել պատերազմական բարդույթը, որովհետև պարտվել են այդ պատերազմում, և հիշողության դառը գինին նրանց կենսահյութի ոչ մի կաթիլ չի տալիս:
...ՔՍԱ՞, Ա՞ՍՔ... Շեքսպիրի Համլետին արժանի այս դիլեման անցած շաբաթ քննարկվում էր Ազգային ժողովում: Իրադարձությունը կարևորությամբ համատիեզերական մասշտաբ ուներ, նախաձեռնությունն էլ ԱԺԴ կուսակցությանն էր: Անհասկանալի է, թե ԱԺԴ-ն երբվանի՞ց ու ի՞նչ հիմունքներով է վարձակալել ԱԺ պաշտոնական դահլիճները` իր միջոցառումներն անցկացնելու համար: Հավաքվել էին իրենց անցյալն ամեն կերպ ազգի ներկային պարտադրելու մտադրությամբ մի խումբ մարդիկ ու ազդարարում էին, որ քաղաքական սերնդափոխության ակումբ են հիմնում, և դարակազմիկ հարցը հենց դա էր` քաղաքական սերնդափոխության ակումբ` ՔՍԱ անվանե՞լ, թե՞ ակումբ սերնդափոխության քաղաքական` ԱՍՔ, որ շատ ավելի բարեհունչ է: Որ երկրում իսկապես ճգնաժամը խորանում է բոլոր առումներով` հաստատեց ԱԺ նախագահի ՔՍԱ-ականներին ուղղված ուղերձը առ այն, որ... յուրաքանչյուր քաղաքացի, իսկ երիտասարդները` առաջին հերթին, պետք է ներգրավվի քաղաքականության մեջ... Նեղ, շատ նեղ են ԱԺ նախագահի իրավասությունները Հովիկ Աբրահամյանի համար, ահա և նա զբաղվում է ինչով պատահի և ուղերձներ է հղում աջ ու ձախ` «մոռանալով», որ քաղաքականության մեջ էլ ամեն ժանր իր կանոններն ունի...
...Անցած շաբաթն ընդհանրապես բարձրաստիճան հայ պաշտոնյաների համար կարծես խումհարի շաբաթ էր... Շարունակելով «լավագույն ավանդույթները»` բռնությունների հայ «մասնագետները» մայիսի 7-ից 8-ի միջակայքում իրենց պարտքը համարեցին ինչ-որ պատճառով, որ միայն իրենց է հայտնի, ծեծել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին: Ցավոք, Հայաստանում սովորական դարձած ու ոչ անսպասելի դեպք, որին հետևեց ևս սովորական ու համարյա պարտադիր դարձած դատապարտող հայտարարությունների ալիք` մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հիշեցրին իրենց գոյությունը: Այնուհանդերձ, Նվեր Մնացականյանի դեպքն արժանի է պատմության մեջ մնալու. ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովիկ Թամամյանը` խիստ մտահոգ լրագրողների վրա հարձակումներով, խորհրդակցություն հրավիրեց` հավատացնելու. «Մենք գիշեր ու ցերեկ աշխատելու ենք և անելու ենք ամեն ինչ, որ բացահայտենք այդ դեպքերը»: Հովիկ Թամամյանը ևս դարակազմիկ գյուտ արեց` կողմ արտահայտվելով լրագրողներին զենք տրամադրելուն. թող հանցագործն իմանա, որ լրագրողը զենք ունի և կարող է օգտագործել հիմնավորումով... Երկաթյա այս տրամաբանությամբ զենք ենք տրամադրում ՀՀ չափահաս յուրաքանչյուր քաղաքացու ու ցրում ենք իրավապահ համակարգը։
Բյուջեի ինչ աննախադեպ խնայողություն կլինի ճգնաժամի պայմաններում, մանավանդ որ հանցագործներն իրավապահներից առանձնապես չեն պատկառում ո՛չ հանցագործությունից առաջ, ո՛չ պահին, ո՛չ հետո: Առավել ևս, որ Հովիկ Թամամյանին համակարծիք է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Մայիսի 9-ին նա հայտարարել է, որ եթե լրագրողների վրա հարձակումների հարցը սրությամբ դրվի (ևս քանի՞ գլուխ պիտի կոտրվի, որ հարցը սրությամբ դրվի), նրանց զենք տրամադրելու հարցը իրոք կդառնա Հայաստանի իշխանությունների քննարկման առարկա: Խումհար չէ, ի՞նչ է:
...Հայ հանդիսատեսը վերստին հանդիպեց հռոմեացի ապստամբ գլադիատորին. Յուրի Գրիգորովիչը Հայաստանում բեմադրեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը` Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկինների բարձր հովանու ներքո: Մշակութային կյանքի իսկապես դարակազմիկ իրադարձություն` Խաչատրյան+Գրիգորովիչ համադրումով և հայկական բալետի անցած փառքի վերադարձի ակնկալիքով: Մայիսի սկզբին Հայաստանում էր Վալերի Գերգիևը, բացի համերգներից` նա նաև բաց փորձ անցկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է: Բաց փորձը, իհարկե, սիմվոլիկ էր` երիտասարդները նվագում էին Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունը, որ Վալերի Գերգիևը, իր իսկ խոսքով, անգիր գիտեր. այնքան էր նվագել ու վերստին համոզվեց, որ «Միրզոյանը ոչ մի անտեղի նոտա չի գրել»... Փորձի արգասիքը` ամռանը երիտասարդականը հյուրախաղերի կհրավիրվի Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ: Հրաշալի առիթ` կատարելագործելու վարպետությունը:
...Շուտով 2009-ի հունիսի 1-ն է գալու, բայց մենք դեռ 2008-ի մարտի 1-ի դեպքերի մեջ ենք խճճված: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երկար ժամանակ նիստ չէր անում, բայց եկավ 2008-ին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, կարծես ոչինչ չասաց, որ հայտնի չէր, ու ասածներն ու չասածները հերքելու լիքը նյութ տվեց` սկսած իրադարձությունների օրերին շտաբի գոյությունից ու նախագահականում գործունեությունից... մինչև «Մետրոպոլի» պատմական գրոհը: Մայիսի 8-ին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում հրավիրված էր մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար, հատուկ քննչական ծառայության քննիչ Վահագն Հարությունյանը: Հենց նա էլ չհաստատեց «Մետրոպոլի» երկրապահական գրոհն ու ինքն էլ զարմացրեց` հայտարարելով, թե «փաստահավաք խումբն ինքն իրեն ձևավորելիս քաղաքական ենթատեքստով ձևակերպված խումբ է»: «Ինչո՞ւ է Հայկ Հարությունյանը համարում, որ նախաքննական մարմինը վատ է աշխատում ու չի կարողանում գտնել ցուցարարների մոտ զենքի կամ նռնակների գոյության, կրակելու և դրանք նետելու ապացույցներ, այդ զենքն օգտագործած ցուցարարներին» հարցին ի պատասխան Վահագն Հարությունյանը նախաքննական մարմնի աշխատանքի արդյունավետությունը պայմանավորեց օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով` տրտնջալով, թե չկան մարդկանց վկայություններ, չկա քննությանն օժանդակելու ցանկություն, բոլորին թվում է` իրենք կոչված են խոսելու ու քննադատելու: «Ինչո՞ւ արդյունք չկա» հարցը տալով` նա պատասխան չգտավ` ասելով, որ հնարավորն արվել է, քննությունը շարունակվում է, և դա չի նշանակում, որ «այդ հանգամանքները երբևէ չեն բացահայտվելու կամ մտել են փակուղի»: Բացի այդ, նախաքննական մարմինը չի ընդունում փաստահավաք խմբի եզրակացությունը ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Վահագն Հարությունյանն անթույլատրելի է համարում, որ փաստահավաք խմբի եզրակացությունը սպրդել է մամուլ` հասարակական թյուր կարծիք ձևավորելով: Ակնհայտորեն պարոն Հարությունյանը հաճոյախոսում է փաստահավաք խմբին` մոռանալով, որ հասարակական կարծիքը մի օրում ու մի իրադարձությամբ չի ձևավորվում:
...Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ մայիսի 4-18-ը գնացել է արձակուրդ... Կոտոշների և կճղակների մթերման գրասենյակը ժամանակավորապես փակ է` կարձանագրեին Իլֆն ու Պետրովը: Եվ նա գնացել է ոչ մենակ. նիստ են արել, 3/2 քվեարկությամբ որոշել են հանգստանալ: Իսկ աշխատել ցանկացողներին ուղղակի չեն թողել Ազգային ժողովի իրենց աշխատասենյակը` պատճառաբանելով` արձակուրդում եք, հանգստացեք: Ահա ինչու փաստահավաք խմբի ստեղծման օրերին հարցերի հարցը խմբի տեղակայման վայրն էր` ընդդիմադիր անդամները չէին ցանկանում ԱԺ-ում գրասենյակ ունենալ: Չէին սխալվում:
...«Նաբուկոն» վերջապես սկսում է միս ու արյուն առնել. Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ստորագրել են գազամուղի շինարարությունն սկսելու համաձայնագիրը: Եթե գազամուղը կառուցվի, 2014 թ. գազը Եվրոպա կմտնի` շրջանցելով Ռուսաստանը: «Նաբուկոն» Եվրոպայի համար կենսական անհրաժեշտություն դարձավ 2009-ի ձմռանը, երբ ռուս-ուկրաինական գազային տարաձայնությունների պատճառով Եվրոպան համարյա գազազրկվեց: Իրաքը, Ղազախստանը, Թուրքմենստանը և ՈՒզբեկստանը չեն միացել «Նաբուկոյին», թեպետ նախատեսվում էր նաև նրանց մասնակցությունը: Ռուսաստանը, բնականաբար, դեմ է մի գազամուղի, որը վերջ է տալիս «Գազպրոմի» մենաշնորհային դիրքին: Պատկերացնո՞ւմ եք` Հայաստանն էլ միանա «Նաբուկոյին»...
...Մայիսի 7-ին Պրահայում ԵՄ Արևելյան գործընկերության առաջին գագաթաժողովն էր, որին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ՈՒկրաինայի նախագահները: Գագաթաժողովում ընդունվեց Արևելյան գործընկերության հռչակագիրը: Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի գնահատմամբ` «Հռչակագրում այլ կարևոր հարցերի հետ մեկտեղ կոչ է արվում հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Փաստաթղթի հեղինակները միանշանակ սատարում են ժողովրդավարացմանը, բարեփոխումներին ուղղված գործընթացները, աջակցում են քաղաքական համագործակցությանն ու անվտանգության խնդիրների շուրջ երկրների գործակցությանը»: Եվրամիությունը գերադասում է անվտանգության գոտի ունենալ իր շուրջը և արևելյան գործընկերության ծրագրով սերտացնում է կապերը խորհրդային նախկին հանրապետությունների հետ: Վերջնանպատակը ծրագրի անդամ երկրների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ ունենալն է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթում նշեց. «Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու և մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ»: Համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Վիյոնի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի, ԵՄ արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդների հետ: Անշուշտ, առավել հետաքրքրություն էին հարուցել նրա հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումները գնահատվել են արդյունավետ: Մեթյու Բրայզան վերստին խանդավառությամբ նշել է, որ նախագահներ Ալիևն ու Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել և նվազեցրել են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց մոտեցումների տարբերությունները: Բրայզան հավելել է, որ երկու նախագահները համաձայնության են եկել հիմնարար գաղափարների շուրջ, և այժմ ամեն ինչ համանախագահներից է կախված, որ առաջիկա շաբաթներին աշխատելու են արտգործնախարարների հետ` ավարտուն տեսքի բերելու մոտեցումները առանցքային խնդիրների դետալների շուրջ... Իսկ «դետալները» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և Լաչինի միջանցքը կարող են լինել: Չի բացառվում, որ ԼՂ խնդրի կարգավորման համար ի վերջո հանդիպեն Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին... Չի բացառվում նաև, որ ԼՂ հակամարտության կարգավորման քառակողմ քննարկում լինի` Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան` ըստ թուրքական Today's Zaman-ի:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օգտակար համարելով քննարկումները, արձանագրեց, որ «պայմանավորվել են հարգել պայմանավորվածությունները», և փոխհարաբերությունների ճանապարհին վերստին «բացառեց, ուղղակի բացառեց» նախապայմանները: Թուրքիայի նախագահը կարևորեց տարածաշրջանային հարցերի արծարծումը և Կովկասում հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից բխող համարեց: Արդեն մայիսի 9-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե իր երկիրը կբացի Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից` վերջ տալով ԼՂ օկուպացիային: Հետաքրքիր է` ինչ բովանդակություն ունի թուրքերենում «նախապայման» բառը, որ հայերեն և թուրքերեն այդքան տարընթերցումներ են առաջանում քերականությունից քաղաքականություն անցման միջակայքում:
Իսկ ՌԴ Պետական դումայում արևելյան գործընկերության գագաթաժողովը այլ գնահատական ստացավ` Պրահայում ԵՄ երկրների հետ հավաքվել են և մի քանի պետություններ, որ ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ են, որտեղ քննարկվում են ծայրահեղ կարևոր խնդիրներ, պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի կարծիքով` «Ըստ էության` հետխորհրդային տարածքում սկսվել է մեր ժառանգության բաժանումը` բաց և բավականին ցինիկ»: Նա ուղղակի անթույլատրելի է համարել, որ ԵՄ հովանու ներքո ծրագրված էր Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով, «այսինքն` քննարկվելու են մի քանի հարցեր, որ ոչ վաղ անցյալում Ռուսաստանի ազդեցության ոլորտում էին: Դա անթույլատրելի է»: Պատկերացնո՞ւմ եք` երկու անկախ երկիր միմյանց հետ ունեցած հարցերն են ուզում քննարկել` ինչ հանդգնություն... Ի պատասխան այս ու այլ համանման հայտարարությունների` Խավիեր Սոլանան ստիպված էր արձանագրել, որ «Արևելյան գործընկերությունը Ռուսաստանի դեմ ուղղված չէ»:
...2006 թ. Օրհան Փամուկը «Ձյունը» գրքի համար արժանացավ Նոբելյան մրցանակի: Գիրքն այսօր արդեն կարելի է հայերեն կարդալ: Թարգմանության համար իր համաձայնությունը տալով` հեղինակը հրաժարվել է հոնորարից, կարևոր համարելով, որ գիրքը ևս մի քայլ դառնա երկու ժողովուրդների փոխըմբռնման ճանապարհին:
...Բնականաբար, ֆանտաստիկ արագությամբ բարեկարգվում է Երևանը, որ կարծես հարսանիքի նախապատրաստվելիս լինի, բայց, արի ու տես, խաղահրապարակների շինարարության անվան տակ վերստին հատվում են ծառեր, սոցիոլոգիական հարցման անվան տակ օրը տասն անգամ դուռդ բախում են ու սկսում քարոզել հօգուտ իրենց թեկնածուի, վերստին հնչում են չկատարվելիք խոստումներ, իսկ քաղաքապետի թեկնածուների ծրագրերը կարդալիս ու նրանց ելույթները լսելիս վերադառնում ես նախագահական ընտրությունների օրերը, այնքան ամեն ինչ նման ու նույնն է: Երևի այն պատճառով, որ Երևան ասելիս Հայաստան է ընկալվում:
Իհարկե, մայիսյան այս օրերին DE FACTO այլ իրադարձություններ էլ եղան, բայց, ի վերջո, կարևորը ոչ թե դրանց հիշատակումն է ու ընկալումը, այլ հնարավոր զարգացումները, որ արդեն կլինեն այլ օրերի պատմությունը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ