ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ներկայացվում են տաղանդավոր գերդաստանները

Ներկայացվում են տաղանդավոր գերդաստանները
08.04.2016 | 10:10

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանը նախաձեռնել է նոր միջոցառումների շարք՝ «Տաղանդավոր գերդաստաններ» խորագրով։ Նպատակն է՝ ներկայացնել համայնքի այն ընտանիքները, որոնց անդամները ժառանգաբար նվիրվել են մեկ մասնագիտության, մեկ առաքելության, կամ նրանց միավորում են արվեստի, գիտության հարակից ճյուղերը և նրանց կատարելագործումը։
Առաջինը հանդես գալու պատվին արժանացան ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺՇՏԻ և ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ընտանիքները։ Իսկ առիթն այդ ընտանիքների ավագի՝ Դանիել Երաժշտի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությունն էր։
Բացման խոսք ասաց շրջանի գրադարանային համակարգի տնօրեն Լենա Սարգսյանը։ Այնուհետև ներկայացվեցին ընտանիքների անդամները՝ դաշնակահարուհի Ռուզան Հովսեփյանը (Դանիել Երաժշտի կինը), Ազգային կամերային նվագախմբի ջութակահարուհի Գոհար Դանիելյանը (դուստրը), Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Ֆելիքս Հարությունյանը (Ռուբենի և Գոհարի ավագ որդին), Չայկովսկու անվան դպրոցի սան, կլառնետահար Գրիգոր Հարությունյանը (կրտսեր որդին)։ Նշվեց նաև, որ Դանիել Երաժշտի կրտսեր դուստրը՝ ջութակահարուհի Հասմիկ Դանիելյանը, իր ուսումը շարունակում է Ավստրիայում։ Ի դեպ, Հասմիկի դուստրը՝ Աննան, նույնպես ջութակ է նվագում։ Հանդիսությանը կատարվող գործերը ներկայացնում ու մեկնաբանում էր Դանիել Երաժիշտը։ Գ. Դանիելյանը կատարեց Ստեփան Լուսիկյանի «Սիրամարգ» սոնատը (մենանվագ ջութակի համար)։ Աշուղական, իմպրովիզացիոն ոճով գրված այդ սոնատը Գ. Դանիելյանը նվագեց վիրտուոզությամբ, կոնտրաստային հնչերանգներով ասես գծագրում ու պատկերում էր սիրամարգի փետուրների «ծիածանի» ծփանքը։ Գրիգոր Հարությունյանը և Ռ. Հովսեփյանը կարողացան փոխանցել Գագիկ Հովունցի «Լարգոյի» խոհական, մեղմօրոր երաժշտությունը։ Ֆ. Հարությունյանի նվագից առաջ Դանիել Երաժիշտը նշեց, որ Բախի «Ալեմանդայի» սի-մինոր («պասիոնային») տոնայնությունը և արտահայտչամիջոցները կոմպոզիտորը հաճախ էր կիրառում խաչված Հիսուսի տառապանքներն արտացոլելիս։ Մեկնաբանը մեջբերեց նաև անվանի դիրիժոր Ջոն Գարդիների հետևյալ ասույթը. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստվածն է»։ Ֆելիքս Հարությունյանն իր սրտառուչ, ազնիվ նվագով կարծես հաստատեց ասվածը։
Որպես նվեր հոբելյարին` երգիչներ Արմինե Եղիազարյանը և Ջոն Կյուրեղյանը կատարեցին Կոմիտասի և Վաչե Հովսեփյանի երգերը՝ Մարիաննա Կյուրեղյանի նրբաճաշակ նվագակցությամբ։
Հնչեցին նաև ողջույնի խոսքեր։ Դանիել Երաժշտին ձոնված իրենց բանաստեղծությունները, ինչպես նաև իրենց նորալույս գրքերը մատուցեցին Հովիկ Գրիգորյանը, Հրանտ Վաղարշյանը, աշուղ Հեզիկը, Ռուստամ Դարբնեցին և այլք։
Թերևս լավագույն նվերը հոբելյարին և հանդիսատեսին «Շարական» անսամբլի ելույթն էր։ Դահլիճում թևածում էին Հայաստանի տարբեր շրջանների ժողովրդական երգեր՝ Մուսա լեռ, Բութանիա, Ալաշկերտ, մի խոսքով, ինչպես նշեց մաեստրոն, «բարբառների հրավառություն», որը խորհրդանշում էր միավորված Հայաստանը։ ՈՒնկնդիրները բուռն ծափողջույններով գնահատեցին անվանի երգիչներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Անահիտ Պապայանի, Արմինե Սեյրանյանի և Գրիգոր Համբարյանի բարձր արվեստը։ Երգերը մեկնաբանելուց հետո Դանիել Երաժիշտն իր խոսքն ավարտեց Կոմիտասի հետևյալ ասույթով. «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»։
Համերգին ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը, որը հայտնեց իր տպավորությունները. «Այս հանդիպումը հրաշալի առիթ էր մեկ անգամ ևս հաղորդակցվելու «Շարական» անսամբլի բարձր արվեստին, մեր ազգային երգարվեստին»։ Իսկ գեղագետ Լևոն Լաճիկյանը նշեց, որ շատ չեն նման գերդաստանները, որոնք սերնդեսերունդ փոխանցում են, շենացնում գեղեցիկի ավանդույթները, ընդլայնում մշակույթի դաշտը, դրանով շատացնում բարին։ Նա ափսոսանք հայտնեց, որ նման նշանակալի միջոցառումը տեղի է ունենում այդքան փոքր սրահում։
Հանդիսությունն ամփոփվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի գնահատանքի խոսքով։ Կարելի է ասել, որ բարի ավանդույթի հիմքը դրված է, ուրեմն սպասենք նորանոր տաղանդավոր գերդաստանների հետ մեր հանդիպումներին։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ