ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եղեռնահամ հրաշապատումներ Սուրբ երկրից

Եղեռնահամ հրաշապատումներ Սուրբ երկրից
21.04.2009 | 00:00

ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ
Խոսքը Հայոց Երուսաղեմին է վերաբերում, բայց ոչ սրբատեղերին, այլ հայորդիներին, ովքեր պանդխտացան այս Սուրբ երկրում, մարդիկ, ովքեր կյանքով ապացուցեցին, որ Քրիստոսը նույնն է` երեկ, այսօր և հավիտյան (Եբր.,13,8): Ընթերցող բարեկամ, այս հրապարակումը կարդալիս մի ակնկալիր ինչ-որ նկարներ, կամ էջը գեղեցկացնող զարդանախշեր տեսնել, բացի Սուրբ խաչից, քանզի հոգիդ է խոսելու քո զարմանահրաշ նախնիների սրբալույս հոգիների հետ, որոնցից շատերն իրենց խաչի տառապանքներով չարչարանակից եղան մեր Քրիստոս Տիրոջն ու փառավորեցին Նրա սուրբ Անունը:
Երբ ծանոթանում ես Հայոց Երուսաղեմին, բնական է, որ շփվես նաև այստեղ ապրող բնակիչների հետ, որոնք կարծես իրենց անցյալով լրացնում են սուրբ քաղաքի խորհրդաշատությունը: Եվ որպեսզի համոզվենք այս խոսքերում, պետք է նկարագրեմ նրանցից մի քանիսի կյանքը, ովքեր իրենց քրիստոնեական հոգու կորովով հաղթել են մահին: Դրանցից առաջինը մի առաջացած տարիքով կնոջ մասին է, որի երկու երեխաներին իր իսկ ծնկների վրա են գլխատել թուրքերը` յաթաղանի հետքը թողնելով մի ժամանակ այդ երեխաներին ծնած մայրական ազդրերի վրա: Իսկ նա, հրաշքով կենդանի մնալով, հայտնվում է Երուսաղեմում: Այդ քրիստոնյա կնոջ հավատքն ու կորովն այնքան զորավոր է լինում, որ, ի հեճուկս թուրք բաշիբոզուկների անմարդկային արարքների, նա յուրովի «վրեժ» է լուծում նրանցից և իր առաջացած տարիքում որոշում է նորից ամուսնանալ ու նույն ազդրերի վրա նորից հայեր ծնել: Կանայք այդ տարիքում սովորաբար չեն ծնում, բայց Հովհաննես առաքյալն ասում է. «Ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը: Եվ ո՞վ է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո Որդին» (Ա. Հովհ. 5.5): Եվ այս հայուհին, որ հավատում էր հաղթող Հիսուսին, որի անվան համար իր ազգն այդ անմարդկային նեղությունները կրեց, և այդ հավատի համար իր զույգ զավակներին կորցրեց, հղանալով մեկը մյուսի հետևից նորից երկու երեխաներ է ծնում, նույն անուններով, որոնք այսօր երգում են. «Ապրի Հայը, հայ հավատը...»:
Հրաշապատումի երկրորդ պատմությունն ինձ պատմեց սուրբ Հակոբյանց վանքում ծվարած մի հայուհի, որի մայրը, հրաշքով կենդանի մնալով, փոխանցել է այս վկայությունը երկրորդ հերոսուհու մասին, որը մի փոքրիկ, ընդամենն ինը տարեկան աղջնակ էր: Նրա հորը թուրքերը ճանապարհին սպանեցին: Բայց մինչ այդ հայրը կնոջ հագուստներով ծպտված իր երկու մանկահասակ, դեռ կաթնակեր երեխաներին գրկած, տանում էր մահվան քարավանով, ու ոչ ոք չգիտեր, թե ինչպես էր նա այդ երեխաներին կերակրում, որովհետև կինը ճանապարհին չդիմացավ և մեռավ: Նրա մասին պատմում են, որ մանկուց Աստծուն էր հանձնվել, բայց մայրը պնդել է, որ ամուսնանա, երկար համառելուց հետո որպես հնազանդ որդի լսում է մորը և ամուսնանում է: Հետո ծառայում է Կիլիկիայի գյուղերից մեկի եկեղեցում որպես լուսարար: Այդ եկեղեցին գտնվում էր լեռան բարձունքին, և երբ ձմեռ էր լինում, նա չէր դադարում դեռ լույսը չբացված, մարդահասակ ձյան շերտը ճեղքելով սարը բարձրանալ և օրվա ժամերգությունները կատարել: Երբ նրան հարցրել են, թե արդյոք չի՞ վախենում գայլերից, որոնք այդ վաղ ժամին վխտում են գյուղի շուրջը, նա խոնարհաբար ասել է, որ հենց տան դռնից դուրս է գալիս, երկու հրեշտակներ են գալիս և ուղեկցում իրեն մինչև եկեղեցու մուտքը ու իսկույն անհետանում, երբ ինքը դռնից ներս է մտնում: Ահա այդ Աստծո ծառան իր երեխաների կյանքը փրկելու համար, այդ ամոթալի զգեստի մեջ պատսպարված, մահվան գաղթի տաժանալից ճանապարհներով քայլում է մինչև կոշիկներն այնքան են մաշվում, որ ստիպված դեն է նետում ու բոբիկ քայլում: Թուրք զինվորներից մեկը, որը կանանց ոտքերի «գիտակ» էր դարձել, ուշադիր նայելով նրա ոտքերին, հասկանում է, որ այդ գեղեցկատես «կինը» տղամարդ է և հրամայում է երեխաներին ուրիշին հանձնել, որովհետև նրան պիտի շարքից դուրս հաներ և սպաներ: Նա էլ, որ արդեն ինը տարեկան աղջկանից բացի ուրիշ մեկը չունենալով, աղոթքով որբուկին տալիս է դստերը և կանանց շարքից դուրս գալիս: ՈՒ քիչ անց լսվում է նրա տառապանքների վերջակետի կրակոցը: Նրա աղջիկը, սովից ու ճանապարհի տաժանքներից հյուծված, ստիպված դառնում է իր դեռ կաթնակեր եղբոր մայրը. այն էլ բառիս բուն իմաստով: Որովհետև չկարողանալով տանել փոքրիկի լացը, ստիպված իր մատները դնում է նրա բերանը, որպես ծծակ, որ գոնե այդպիսով ժամանակավորապես հանդարտվի, մինչև... Կողքից քայլող կանայք նկատում են, որ շատ օրեր անցնելուց հետո էլ է այդ երեխան քրոջ մատները ծծելով խաղաղվում ու քնում. ճիշտ այնպես, կարծես թե հենց նոր մայրական կաթ կերած լիներ: Եվ նրանցից մեկը ստուգում է այդ աղջնակի մատները և ապշած հայտնաբերում, որ ամեն մի մատիկի ծայրին երեք փոքրիկ անցքեր են բացվել, ու երբ մի փոքր սեղմեց, այնտեղից կաթ հոսեց... Ինչքան էլ ուզենք միջակետեր դնել Աստծո կատարած այս հրաշքից հետո, միևնույն է, չենք կարող հասկանալ ու որևէ կերպ բացատրել Աստծո գործերը, կամ էլ որևէ անուն դնել հայոց գաղթի ճանապարհներին, սրբվող ու սրբացող, նահատակվող ու մարտիրոսվող հայ ազգի քրիստոսակերպ տառապանքներին, այլ միայն խոնարհաբար մեր գլուխներն իջեցնենք Արարչի անըմբռնելի կամքի առաջ: Իսկ այս եղելությունը պատմողը իր մասին շարունակում է. «Ես նույնպես երեք երեխաներիս հետ այդ մահվան քարավանն էի մտել: Աղջկաս, որ արդեն 12 տարեկան էր, թուրք շները իսկույն առևանգեցին, որպես «համեղ պատառ», իսկ մեկ տարի տառապանքով գաղթի ճանապարհին պահած մյուս երկու մանուկներիս մի օր էլ ձիավոր քրդերը, մի-մի ձու տալով, սովից նվաղած հինգ տարեկան աղջկաս ու երեք տարեկան տղայիս խաբելով, իրենց մոտ կանչելով, ձիու գավակներին դնելով, շնագայլերի նման կորան գիշերվա խավարում:
Դրանից հետո ինձ համար ապրելն անիմաստ դարձավ, կարծես ներքին հենարանից զրկված, դարձա քայլող դիակ: Մայրս, տեսնելով հետզհետե հալվող վիճակս, երբ մի ամայի վայր հասանք, որտեղ հյուղականման ինչ-որ հողաշեն հոլիկ կար, իր իսկ բերանով ասաց. «Աղջիկս, դու, միևնույն է, ճանապարհին շուտով պիտի մեռնես ու անթաղ մնաս, ավելի լավ է մտիր այս հոլիկից ներս ու պառկիր, մինչև Աստված հոգիդ կառնի»: Ես անտրտունջ ու կյանքից դառնացած, մնաս բարով ասելով մորս, հոժարությամբ, նույնիսկ անբացատրելի մի ուրախությամբ այդ փոքրիկ հյուղակից ներս մտա ու հողե հատակին պառկեցի, աչքերիս առաջ ունենալով աղերսանքով ինձ նայող որբուկներիս դեմքը, իսկ ականջներումս աղջկաս. «Անե՜, անե՜, չի՜մ ուզեր, չի՜մ ուզեր էրթալ...» աղիողորմ կանչը: Կիսաբերան մի վերջին աղոթք մրմնջալով, ապրելուցս մահու չափ զզված ու հոգնած, ես մահվան չարագույժ ձեռքերին հանձնվեցի... Բայց, ինչպես երևում է, Աստված դեռ ուզում էր, որ ապրեի, որովհետև այդ մահվան ստվերների ձորում, երբ արդեն մեռած, հարազատ նախնիներիս շշնջոցներն էի լսում, երբ հավիտենական նիրհի թևերը բացվել էին հոգիս իր անէության գիրկը հրավիրելու, հանկարծ ոչ երկրային մի էակ, երկար ու սպիտակ մորուքով, կանգնեց կողքիս և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, դու պիտի հիմա չմեռնես»: Այդ խոսքերից ես մի անբացատրելի ուժ ստացա ու դուրս գալով հյուղակից քայլեցի դեպի մայրս, որը ճամփեզրին կուչ եկած, վերջին ցամաք արցունքներով իմ մահն էր ողբում: Ինձ տեսնելով` նա մի պահ սարսափեց, կարծելով, թե իմ ուրվականն է երևում աչքին: Բայց երբ ասացի, որ սիրտս սոխ է ուզում, նա մայրական խստությամբ, ինչպես որ կամակոր երեխային կսաստեր, պատասխանեց. «Աղջի խելռեցի՞ր, մենք փշուր մը հաց իսկ չունինք, դու սո՞խ կուզիս»: Ես, նույնիսկ ինձ համար զարմանալի համառությամբ, ասացի, որ գնա ու ման գա ու պիտի գտնի: Մայրս վարակվելով ոչ երկրային իմ համառությունից, ոտքի ելավ ու սկսեց ճամփեզրին աճած մոլախոտերը այս ու այն կողմ տանելով փնտրել իմ ուզածը: Եվ հանկարծ ի զարմանս իրեն, իսկապես մի երեխայի բռնցքաչափ ու թարմ գլուխ սոխ է տեսնում, որը կարծես ինչ-որ մեկը հենց նոր հանել ու գցել էր խոտերի մեջ: Նա, թե՛ ուրախացած և թե՛ ապշած, թաքուն, գանձի նման վերցնում է սոխն ու փեշերի տակ պահած, վերադառնում է մոտս ու խորհրդավոր ձայնով շշնջում. «Աղջի՜կս, Աստված երևի ուզում է, որ ապրես, այս սոխն էլ ապացույց է այդ բանին, թե չէ այս չոլ տեղում որտեղի՞ց պիտի թարմ սոխ գտնեինք. ա՛ռ կեր»: ՈՒ ձեռքի ափով ճզմելով սոխի գլուխը, տալիս է ինձ: Սոված մարդու համար, որ օրերով ոչինչ չէր կերել, սոխը պիտի ստամոքսն այրեր, բայց այնպիսի ախորժակով կերա, կարծես դրախտից մի խնձոր ուղարկած լինեին ինձ: ՈՒ դրանից հետո անբացատրելի ուժ եկավ վրաս:
Այսպես, Տիրոջ կամքով ես մնացի ողջ, իսկ մայրս տառապանքի ճանապարհին չդիմացավ, մեռավ: Ավազուտներում մի կերպ նրան հողին հանձնելով հասանք ինչ-որ քաղաքատիպ ավան, որտեղ ինձ մի մոլլայի ընտանիք վերցրեց որպես աղախին: Եփել-թափելս ու մաքուր և ժրաջան աշխատանքս տեսնելով` ինձ շատ գնահատեցին: Իսկ մոլլայի աղջիկը նույնիսկ իր ընտանեկան գաղտնիքներն էր ինձ հայտնում, դառնացած սիրտն իմ առջև բացելով, որովհետև իր ամուսինը մի ուրիշ կնոջ հետ էր կապվել: Մոլլայի աղջիկը մի օր էլ, թե. «Լսել եմ, որ այսինչ գյուղում, Սանդուխտ կույսի անունով մի ճոճվող կամուրջ կա, որի միջոցով մարդիկ իրենց սրտում պահած մուրազի պատասխանն են ստանում: Եթե կամուրջը ճոճվում է, ապա մուրազը կատարվում է, եթե ոչ, ուրեմն պիտի չկատարվի»: Եվ առաջարկեց մի օր գաղտնի իրար հետ գնանք այդ տեղը: Երբ մոտեցանք կամրջին, նա բարձրաձայն իր փափագը հայտնեց. ու երկար սպասելուց հետո նորից կրկնեց, բայց կամուրջը մնաց անշարժ: Հերթը երբ ինձ հասավ, ամբողջ սրտով աղաչեցի Աստծուն, որ հասկացնի` երեխաներս ո՞ղջ են արդյոք, և կգտնե՞մ գոնե մեկին, թե՞ ոչ: Եվ հանկարծ մեր աչքի առաջ, կարծես մի աներևույթ ու զորավոր ձեռք սկսեց ճոճել կամուրջը, որը գնալով ավելի էր թափ առնում: Ես ուրախությունից ճչացի, ու բարձրաձայն Աստծուն փա՜ռք տվեցի, իսկ մոլլայի աղջիկը սարսափած մեր Աստծո զորությունից, ձեռքիցս բռնած իր հետևից ուժով քարշ տվեց ու այդ տեղից հեռու տարավ, ասելով. «Արի՛ շուտ, արի՛ հեռանանք այստեղից, որովհետև եթե այս գյուղի մոլլան իմանա, որ կամուրջը շարժվել է, հաստատ կհասկանա, որ աղոթողը հայ քրիստոնյա է եղել...»:
Անցնում էին օրեր, ես սրտատրոփ լուրի էի սպասում, բայց որտեղից և ում միջոցով, որովհետև շրջապատում միայն թրքեր ու քրդեր էին, իսկ մոլլայի տանը ես գաղտնի էի մնում:
Անցան ամիսներ, ես աղոթքիս պատասխանը սրտումս, սպասում էի Աստծո միջամտությանը, և մի օր բակն ավլելիս, հանկարծ ձիու սմբակների դոփյուն լսեցի, աչքերս վեր բարձրացնելով, թուրքի փափախը մինչև աչքերը քաշած մի ձիավոր տեսա: Նա ձին քշեց ուղիղ իմ կողմը, և երբ շատ մոտեցավ, ճանաչեցի մորաքրոջս տղային: Մինչ ես ուրախությունից պիտի ճչայի, նա աչք-ունքով հասկացրեց, որ լռեմ, և առանց ձիուց իջնելու երկու խոսք ասաց. «Աղջիկդ` Արագոն, այսինչ գյուղի, այսինչ քրդի տանն է, թե կարող ես, գնա՛ բեր»: Ու մինչ ուշքի կգայի, անհայտ սարերում ֆիդայի դարձած միակ հարազատս մտրակեց ձին ու հայերեն մնաս բարով ասելով, սլացավ դեպի գյուղից դուրս տանող ճանապարհը: Մի քանի օր չգիտեի ինչ անեմ, կարծես մահվան թմբիրից արթնացած լինեի. մի կողմից` հարազատ մորաքրոջս տղային էի հիշում, մյուս կողմից` աղջիկս էր աչքիս առաջ գալիս, աղերսելով, որ փրկեմ իրեն:
(շարունակությունը` հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ