ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հերթի է կանգնած… Աթաթուրքը

Հերթի է կանգնած…  Աթաթուրքը
07.02.2014 | 01:04

Արտերկրի այս կամ այն աչքի ընկնող անձին պարբերաբար հայացնելու հայաստանյան կիրքը երբեմն վերածվում է կլինիկական երևույթի: Կոնկրետ Ռուսաստանի առնչությամբ՝ հայ են Մեդվեդևը, Կասպարովը, Կիրկորովը, Զուրաբովը և չգիտես էլ ով: Եվ այդ այն դեպքում, երբ սրանցից և ոչ մեկը հրապարակայնորեն չի ընդունել իր հայկական ծագումը, եթե չասենք, որ արհամարհանքով է վերաբերվել այդ պարագային: Ոչ մի նշանակություն չունի, որ նրանք (գուցե Մեդվեդևից բացի) նաև հայի արյուն ունեն, կարևորը նրանց կողմնորոշումն է՝ հա՞յ են նրանք իրենց համարում: Եթե ոչ, ուրեմն պետք է խաչ քաշել նրանց վրա ու պարզապես մոռացության մատնել (արժե՞ էներգիա թափել Կիրկորովի նման ոչնչության վրա):

Ահա և հայոց լրատվաշխարհում մի նոր ակնառու հայ է հայտնվել՝ հայտնի իսլամագետ ու քաղաքական գործիչ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանի երդվյալ հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Լրատվամիջոցներից մեկը պեղել է նրա կենսագրությունն ու «հայտնաբերել», որ իբր հայ են նրա պապը, թե տատը, ինչ-որ էկզոտիկ ազգականներ, գուցե խառն է նաև… հարևանների «մա՞տը»: Ո՞Ւմ է պետք այս խեղկատակությունը: Գյուլենը նույնիսկ խուսափում է խոսել իր հրեական ծագման մասին (դյոնմե՝ մուսուլմանացված հրեա), ինչի մասին չարությամբ լայնորեն տարփողում են թուրք իսլամիստները: Ահա թե ինչի դեմ է առարկում նա իր հարցազրույցներից մեկում. «Մեզ փորձում են ներկայացնել որպես իսրայելամետ շարժում այն իմաստով, որ մենք Իսրայելի նկատմամբ ավելի բարյացակամ ենք, քան սեփական (թուրք- Ռ. Հ.) ժողովրդի հանդեպ: Սակայն մենք իսրայելցիներին ընկալում ենք որպես աշխարհի ժողովուրդներից մեկը»: Եվ սա ասում է մի մարդ, որը թուրք-իսրայելական հարաբերությունների բարդացման ժամանակ անթաքույց ու անառարկելիորեն բռնել էր ոչ թե «սեփական ժողովրդի», այլ Իսրայելի կողմը:
Մեզ ի՞նչ է տալիս Գյուլենի «հայությունը», առավել ևս եթե ընդունենք այս անհեթեթությունը ներկա քաղաքական իրողությունների տեսանկյունից: Գյուլենը ձեռնոց է նետել (երևի որպես հայ) վարչապետ Էրդողանին, ինչպես թերթն էր գրել, «տակնուվրա անելով Թուրքիան»: Եվ ի՞նչ: Առաջին հերթին այս կործանարար հավաստմանը արձագանքել էին մեր նախկին «եղբայրները»՝ ազերիները: Բերելով հոդվածում նշված բոլոր «փաստարկներն ու ապացույցները» Գյուլենի արիական ծագման մասին, նրանք նորեն հանգել էին իրենց «ավանդական» հետևությանը՝ էլի այդ խառնակիչ հայերը… Եվ նույն ազերիների համար շաբլոն դարձած, նոր լուրի լույսով պայծառացած մեղադրանքները՝ հայերն իրենց երկրից են գլխապատառ ճողոպրում, ուր մնաց իրենց կարգին պահեն ուրիշ երկրներում: Հետո՞:
«Իրատես de facto»-ն մի քանի համարում հանգամանորեն վերլուծել-տվել էր Ֆեթուլլահ Գյուլենի դիմանկարը, բացահայտել նրա կրոնաքաղաքական «Հիզմաթ» շարժման իսկական էությունը: Նրա գործունեության հատկանշական կողմն այն է, որ աշխարհով մեկ ստեղծել է իրոք բարձրակարգ ուսումնական հաստատությունների ցանց, որոնցում լայն կրթություն ստացած շրջանավարտների միջոցով խնդիր է դրվում իսլամական երկրներում ու առաջին հերթին Թուրքիայում ստեղծել նոր քաղաքական վերնախավ: Հիշյալ հաստատություններում կրոնը սոսկ ֆակուլտատիվ առարկա է՝ չափավոր իսլամի քարոզչության դասընթաց: Նպատակն է մեղմ իսլամը մատչելի ու համակրելի դարձնել Արևմուտքում: Գյուլենի թիկունքին կանգնած են միջազգային հզոր քաղաքական ուժեր, բիզնես-կառույցներ, անդրազգային կորպորացիաներ, հետախուզություններ և այլն: Եվ իհարկե, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, որտեղ ահա արդեն 15 տարի բնակություն է հաստատել Գյուլենը:
Այս մարդը չի կարող վտանգ սպառնալ Թուրքիայի աշխարհիկ կարգերին, պնդում է հայոց լրատվամիջոցը: Լրիվ հակառակը: Նրա հակամարտությունը միտված է այն բանին, որ կանխվի Թուրքիայի հետագա իսլամացումը, որ նա մնա Արևմուտքի ազդեցության շրջանակում: Սա է գյուլենական մեղմ իսլամի «առաքելությունը»: Եվ սա, ի դեպ, տիպիկ հրեական մոտեցում է:
Իսկ հիմա Թուրքիան «տակնուվրա» անելուն: Թուրքական հետախուզությունը (MIT) ութ ամիս առաջ իր կառավարությանը (ասել է՝ Էրդողանին) ներկայացրել էր մի զեկույց, որով զգուշացրել էր խոշորածավալ կոռուպցիայի ու դրա մասնակիցների հնարավոր բացասական հետևանքների մասին: Եվ ո՞վ ասաց, որ փորձառու Էրդողանը (գուցե սա էլ է հայ) կանխամտածված կերպով չի սպասել, որ ոստիկանական համակարգում իրոք ուժեղ դիրքեր ունեցող Գյուլենը դիմի ակտիվ գործողությունների, որից էլ օգտվելով, ինքը, թեկուզ և մեծ զոհողությունների գնով, հուժկու հարված հասցնի իր հակառակորդին՝ այդ նենգ ու ստոր «հային»: Քաղաքականությունն ինչքան բարոյազուրկ, նույնքան էլ մութ ասպարեզ է: Հազիվ թե տեղին է, որ իր ներքին խնդիրների մեջ գլխովին խրված Հայաստանում լրագրողները զբաղվեն անհամ ու անիմաստ «սենսացիաներով», որոնցից հայ ժողովրդի տրամադրությունը բնավ էլ չի բարձրանում: Հատկապես երբ հարցը վերաբերում է մեր հավերժական թշնամուն:
Նշյալ լրատվամիջոցին, օրինակ, կառաջարկեի պեղել համապարփակ ու գերհրատապ մի թեմա՝ նույնքան մանրախնդրորեն վերլուծեք ու ջրի երես հանեք այն եզակի ֆենոմենը, թե ինչպես անկախ ու ինքնիշխան Հայաստանի երեք նախագահներին հաջողվեց իրենց երկիրը դարձնել այնքան անհրապույր ու ապրելու տեսակետից այնքան անմարսելի, որ հայաստանցիները լքում են այն առանց հետ նայելու, ինչի տխուր հետևանքների ականատեսն ենք դառնում նաև մոսկվայաբնակ հայերս:
Թե չէ Գյուլենը հա՛յ է, մենք էլ տաղանդավոր ազգ ենք…


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 25285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="nofollow">Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 14.11.2024