Վերադասավորություններ
17.09.2019 | 00:04
Պետք չէ ֆետիշացնել Բոլթոնի հեռացումը, չնայած աշխարհը հաստատ թեթևացած շունչ քաշեց, այնուհանդերձ, արժե փոքրիկ քարտեզ գծել նրա հեռացումից հետո առկա գեոքաղաքական իրավիճակին առնչվող, որից հետո սահուն անցում կկատարենք հայաստանյան ներքաղաքական վերադասավորություններին, առավել ստույգ` դրանց ազդակներին, այդ թվում Միքայել Մինասյանի որոշակիություն կրող մեսիջներին` արձագանքներով հանդերձ։
Ակնհայտ է` Բոլթոնի հեռացմամբ ամերիկյան արտիստիկ քաղաքականությունը փորձում է դեմոկրատների ձեռքից խլել «փափուկ» քաղաքական մոտեցումների «հացը» և, ի տարբերություն` «բոլորի` հիմա և տեղում կրակելու» բոլթոնյան սկզբունքի, կիրառել թրամփյան «երկխոսության» նուրբ արվեստը: Այնուհանդերձ, բոլորին էլ պարզ է, որ մինչ Բոլթոնի հեռացումն էլ ամերիկյան քաղաքականությունը լուրջ կանգի մեջ էր թե՛ Վենեսուելայում, թե՛ Հյուսիսային Կորեայում, թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրանի շուրջ զարգացումներում։ Մեծ Բրիտանիայում էլ, ուր ամերիկացիների «գործընկեր» Բորիս Ջոնսոնն ինչպես արագ եկավ իշխանության, այնպես էլ արագ կարող է կորցնել այն` բրեքզիտի շուրջ ստեղծված գլխացավանքների պատճառով:
Բոլոր դեպքերում, Թրամփը փորձում է առաջիկա ընտրությւններին ներկայանալ առանց «բեղավորների», սպիտակ ձեռնոցներով, որպեսզի թե՛ ներսում, թե՛ դրսում մեծ արգելքների չհանդիպի, մանավանդ` երեկ տեղի ունեցած Պուտին-Ռոհանի-Էրդողան «դարի հանդիպման» ֆոնին, որից էլ կախված կլինեն Նյու-Յորքում Ռոհանի-Թրամփ, Թրամփ-Էրդողան հանդիպումների ձևաչափերն ու արդյունքները:
Դառնանք մեզ. այսօր Հայաստանում անչափ կարևոր օր է. եթե հայոց իրավական համակարգը Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ որոշի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել, ապա Հայաստանում քաղաքական նոր պարտիա կսկսվի. մի իրավիճակ է` Քոչարյանը ճաղերի հետևում, մեկ այլ, երբ նա ազատության մեջ է, չնայած ընթացող դատական պրոցեսին:
Սպասենք, որովհետև թե՛ ազատման, թե՛ կալանքի տակ պահելու որոշումները ոչ թե իրավական, այլ քաղաքական, իսկ առավել ստույգ` բարոյական հարթության խնդիր են. դատավորը, ըստ մեր տեղեկությունների, հակված է ՍԴ որոշման կատարման, որովհետև իրավական գիտելիքներ չունեցողն էլ է հասկանում` փաշինյանական վարչախմբի հեռացումից հետո ինչ կարող է սպասել այն դատավորներին, որոնք երկրի գերագույն իրավական մարմնի որոշումը «կարել» են օրվա իշխանությունների «հագով»։
Անցնելով առաջ էլ արձանագրենք` խորհրդարանական և արտախորհրդարանական դաշտը բրգանում է: ԲՀԿ-ն դիրքավորվում է խորհրդարանում` հարկավոր պահին միջանկյալ վարչապետ-Ծառուկյան ունենալու համար, ինչը, այո, փոքր-ինչ իռացիոնալի ոլորտից է:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, անտեղ ևս շատ վաղուց դիրքավորումներ են ընթանում, իսկ ներկա պահին և առայժմ` Օվերտոնի պատուհանում, որին կարող են հաջորդել ավելի գործնական, առավել լուրջ քայլեր. ակնհայտ է` գործող ցանցային համակարգը քիչ-քիչ ի մի է բերվում հետ-առաջի նուրբ տեխնոլոգիայով, դրվում գաղափարական ռելսերի վրա, փորձ է արվում լուրջ արգումենտացիաներով տրանսֆորմացնել, փոխել գաղափարական պահանջ-առաջարկը, հասարակությունն առողջացնել, հումանիզմի «պուպուշ» շորեր հագցնել (նկատեք` Թրամփը նույնպիսի «շորերով» է փորձում ներկայանալ իր ընտրողին ու աշխարհին):
Հայերիս պարագայում գլխավորը հետ չնայելն է, անցյալը չփորփրելը, էթնոսն այդ հզոր բեռից արձակելը: Կոդային այս բանալին անչափ հզոր ուժ է քվանտային ժամանակահատվածում, ուր «երկու անգամ երկուսը» ոչ միայն չորս չէ, այլև, ուղղահայաց դրսևորմամբ, ճիշտ այնքան է, ինչքան իմաստ, էներգետիկա ես դնում նրանում ու արտածում որպես ամբողջություն:
ՈՒ թե այդ «ամբողջությունն» էլ գիտականորեն համադրել ես փոփոխվող` վիբրացիոն ռեզոնանսների, այն է` Շումանի ռեզոնանսների հետ (երկրի հաճախականության հերցերի մասին է խոսքը, որին պետք է համապատասխանեն հասարակությունների գիտակցության հերցերը. այդ հերցերի անհամապատասխանությունն է Սորոսը դարձնում գըմփ-գըմփ-հու, այն է` հեղափոխություն աշխարհի ցանկացած կետում)… Պետք է ձգել պաուզան. քվանտն աշխատում է իր ողջ հմայքով ու հզորությամբ, և ոչ մի կապ չունի` դու ծավալային տարա՞ծք ես, մեծ ինդուստրիա՞ ես, միջուկային ռումբ ունե՞ս, մանավանդ որ կան բարձրագույն տեխնոլոգիայի` ՏՏ (ու ոչ միայն) այլ «ռումբեր», որոնք բնորոշում, եթե չասենք` որոշում են խաղը:
Սա խաղ է, ուր հաշիվ-ֆակտուրան բոլորովին այլ վերադասավորության առաջնահերթություններ է ենթադրում: Այս մասին` հաջորդիվ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ