ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շնորհավոր ձեր տարեդարձը, հայ ինքնության պահպանման ճամփան ցույց տվող ուսուցիչ

Շնորհավոր ձեր տարեդարձը, հայ ինքնության պահպանման ճամփան ցույց տվող ուսուցիչ
02.07.2024 | 20:02

«...Վստահ կարող եմ ասել, որ աշխարհը չափելու իմ չափը Հայաստանն է։ Մարդուն բնութագրելու իմ չափանիշը հայ մարդու նկարագիրը վերարտադրելն է։ Այս սկզբունքով են կառուցված իմ հեղինակային հեռուստածրագրերը.

հարցազրույց, դիմանկար , էտյուդ...»,-այսպես է աշխարհը զգացել ու հայ մշակույթին իր ողջ կյանքը նվիրել ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ։ Ճշմարիտ մտավորական, ում ստեղծագործական կյանքն ազգի մշակույթին նվիրումի տարեգրություն է։

Իսկ մեզ` սերունդներիս համար Արփեն Մովսեսյանի հեռուստածրագրերն են եղել այն չափանիշը, թե ինչպիսին պիտի լինի հեռուստալրագրողը` իր ազգի ժառանգությանը, հայոց լեզվի ամեն բառին ու հնչյունին սրբորեն վերաբերվող, մեր մշակութային անցյալի և մեր կողքին ապրած մեծերի միջև հոգևոր կամուրջներ կառուցող, ազգայինի կրող:

Նրա հեռուստատեսային հաղորդումների վիթխարի պահոցը, հիրավի, դպրոց է մի մեծ, որի հետքերով դեռ պիտի քայլեն այս ասպարեզ ոտք դնող սերունդները։

Եվ երբ տարիներ անց ինքներս հայտնվեցինք լրագրության ասպարեզում, Արփեն Մովսեյանի հեռուստահաղորդումները հենց այդ լուսեղեն ուղին էին մեզ համար, թե ինչպես պիտի պահենք-պահպանենք մեր ինքնությունն ու արժեքները, որովհետև գլոբալիզացիայի այս դարաշրջանում վտանգված են ազգային մշակույթները, ժողովուրդների ազգային ինքնությունը։

Հայկական Հեռուստատեսության մեջ իր հետագիծը թողած հեռուստալրագրողներից է, Հայաստանի Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը:

«Շրջադարձ», «Հայից հայ», «Եզերք», «Կոչեմ ապրողաց». սրանք հաղորդաշարեր են, որոնք եղել են մեր մշակույթը ճանաչելու, սիրելու և պահպանելու կոչնակ: Նա, իսկապես, իմ սերնդի դաստիարակներից մեկն է, որն այդ հաղորդումներով մեզ է ներկայացրել մեր ազգի իրակա՛ն հոգևոր նկարագիրը:

Արփեն Մովսեսյանը չի շրջանցել նաև Սփյուռքը. հայտնաբերել է մեր ազգային կյանքում իրենց ավանդը բերած գործիչներին: Նրա հաղորդումները եղել են Հայաստանն ու Սփյուռքը միավորող հոգևոր կամուրջ՝ որպես ամբողջական հային մեր մեջ կրելու պատգամ: Եվ այսօրվա մեր մշակութային դաշտի համար անչափ կարևոր է, որ այդ հաղորդումների տեսաժապավենները վերածվեն գրքերի, չմնան արխիվում:

Եվ ծնվել է «Հայից հայ» գրքի առաջին հատորը։ Սպասվում են հաջորդները։ Պիտի սերունդների սեղանին դրվեն և այդ հաղորդումների վավերագրերը` որպես գրավոր հուշարձան։ Ինչու՞, որովհետև աշխարհում պատերազմներից զատ նաև ազգային ինքնության պահպանության գոյապայքար է։ Եվ այդ ճանապարհին մեր ուղեկիցը պիտի լինեն մեծերի դասերը` այն Հայոց մեծերի, որոնց գաղափարական դասերը և հոգևոր -մշակութային ժառանգությունը վեր է հանել մեր սիրելի տիկին Մովսեսյանը և հրամցրել մեզ։

ՈՒ երբ նրան հարցնում են, թե ինչի՞ց ծնվեց գրքի գաղափարը, ի պատասխան լսում ենք.

- Սա տագնապի կանչ է, ժամանակի մարտահրավերների մեջ մեր ինքնության չափն ու կշռույթը, մեր հոգևոր տոհմիկ արմատները պահելու, դիմակայելու մասին։

Այսպես է մեր կողքին ապրում ճշմարիտ մտավորականն ու քաղաքացին` տիկին Մովսեսյանը։ Ապրում է Հայրենիքի ցավով ու տագնապներով։ Եվ ոչինչ ի զորու չէ լռեցնելու հանուն մեր լինելիության մարտնչող նրա տեսակին, ով գիտի ինչ է հայրենիքը, Արցախի կորուստը...որովհետև նա այն հեռուստալրագրողն է, ով վավերագրել է նաև Արցախյան ազատամարտի ընթացքը։

Արցախյան պայքարի տարիներին Արփեն Մովսեսյանը հեղինակել է հաղորդումներ` առլեցուն արտակարգ դրամատիզմով։ Դրանք մարտական իրադարձություններով, վտանգներով լեցուն դրվագներ էին, վավերագրեր` թեժ կետերից։ Հաղորդումներ, որոնք լուսապսակ էին նահատակված քաջորդիների հիշատակին և ձոն` ազգի հարատևության մասին։

Այս շարքում անանց արժեքներից է «Մարդու ժամանակը» տեսաֆիլմը` նվիրված Սամվել Շահմուրադյանին և Եռաբլուրում ննջող անմահության գնդի մարտիկներին։ Անմոռաց է հրետակոծության տակ մեր Ազգային Հերոսի հարցազրույցը` Դադիվանքի համայնապատկերին։ Այս հայտնի ժապավենն օգտագործվում է ողջ աշխարհում։ Եվ որքա՜ն տեսաժապավեններ, էսսեներ ու ակնարկներ կան, որոնք վեր են հանել Արցախի պատմա-մշակութային անցյալը։

Արցախը երբեք անցյալ չի դառնալու։ Հանուն այս գաղափարի Արփեն Մովսեսյանը պայքարի շարքերում է` որպես մեր պատմությանը իրավատեր քաղաքացի, ազգի դուստր։

Մտավորական, ում թիկունքին ազգին նվիրումի տարեգրություն է։

Նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը եղել է ամուսինը` ֆիզիկոս, օպերատոր Վահան Կարապետյանը։ Եղել է նրա կողքին յուրաքանչյուր ակնթարթ, ամեն հաղորդումը պատրաստելիս` լինի Հայաստանում , թե Սփյուռքում:

...Ամիսներ առաջ Արփեն Մովսեսյանի գրքի շնորհանդեսն էր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում։ Մեծարում էին մեր ժամանակների վաստակաշատ հեռուստալրագրողին։ Սակայն ամենատպավորիչ դրվագներից մեկն ինձ համար այն էր, որ ինչ-որ մի ստեղծագործական պահի Արփեն Մովսեսյանը բանաստեղծություն էր գրել՝ նվիրված ամուսնուն և դա հնչեցրեց՝ իբրև խոսք երախտիքի: Դա անպատասխան չմնաց: Ֆիզիկոս, օպերատոր Վահան Կարապետյանն էլ տեղում հորինեց մի գեղեցիկ քառատող, որով գնահատեց Արփեն Մովսեսյանի ողջ ստեղծագործական կյանքն ու նվիրումը ազգին: Եվ սա հայ մտավորական ընտանիքի պատկերն էր, որտեղ և միայն այսպիսի միջավայրում կարող էին ստեղծվել այն գործերը, որոնք տեսնելու են, կարդալու են բոլորը, սերունդները:

Շնորհավորում ենք Ձեր տարեդարձը, մեր սիրելի տիկին Մովսեսյան։ Ապրեցեք երկար` Ձեր հայեցի ու ամուր գեղեցիկ ընտանիքով։ Առողջություն ու արևշատություն եմ մաղթում։

Ձեր ստեղծած հաղորդումները, տարիներ ի վեր եթերում հնչած Ձեր ձայնն անգամ ուղեկից են մեզ։ Եվ մեզ համար աշխարհը, այո՛, պիտի չափվի հայ մարդու հոգևոր բարեմասնություններով ու նկարագրով, որոնք այսօր գլոբալիստական ուժերը ջանում են մեզնից խլել, սակայն, չեն կարողանալու։

Պայքարելու ենք։

Եվ Դուք տեսնելու եք Հայի ժամանակը։

Գալու է ազգային ամուր հիմքերով պետություն ունենալու, միջազգային հարթակ վերադառնալու և մեր պատմական արդարությանը հետամուտ երկիր ունենալու ժամանակը, և այդ օրերի մեջ անկասկած լինելու է նաև Ձեր ազնվական նվիրումը։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13059

Մեկնաբանություններ