ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք
17.05.2013 | 11:39

«Իրատես de facto»-ի թիվ 29 (445)-ում տպագրվել է Կարեն Թումանյանի հոդվածը` արհմիությունների նշանակության ու դերի մասին, արհմիություններ, որոնց բացակայությունը երկրում հարվածում է աշխատավոր մարդու թե՛ գրպանին, թե՛ բարոյական էությանը։ Հարցադրումը միանշանակ տեղին է։ Սակայն` մեկ-երկու դիտարկում։ «Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում... Միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում» (Կ. Թ.)։ Մամուլի դերը շատ մեծ է։ Գրագետ մարդ եք, ուստի գիտեք` մամուլի հրապարակումների արդյունքում իսկական ժողովրդավարական երկրներում կառավարություններ են փոխվում, նախագահներ են հրաժարական տալիս, իսկ հետագայում կանգնում դատարանի առաջ։

Իսկ մեզ մոտ մամուլի ազատության չափանիշը շան և քարավանի մասին հայկական առակին է համապատասխանում։ Իրավացի եք, մարդիկ գնում են ցանկացած ստորացման, միայն թե չզայրացնեն գործատուին և հաջորդ օրն իսկ չհայտնվեն փողոցում։
Հիշում եմ, խախտել էին իմ աշխատանքային իրավունքը (ԽՍՀՄ ժամանակներում), աշխատանքից ազատվելու դիմում տվեցի` մերժեցին։ Գործարանում բանիմաց ճարտարագետների կարիք կար. դիմեցի շրջանի դատախազին։ Դատախազը, նկատի ունենալով իմ իրավացիությունը, ըստ КЗОТ-ի, զանգահարեց ղեկավարությանը և պահանջեց բավարարել դիմումս, չնայած գործարանի տնօրենը ՀԿԿ կենտկոմի անդամ էր։
Այսօր պատկերն այլ է։ Նախ ես գիտեի, որ հաջորդ օրն իսկ աշխատանքի եմ անցնելու այսինչ գործարանում, այն էլ` ավելի բարձր աշխատավարձով, իսկ դատախազն էլ չվախեցավ, որ իրեն կազատեն` կենտկոմի անդամի կամքին հակառակվելու համար։ Այսօր որևէ դատախազ կհամարձակվի՞ այդպիսի քայլի դիմել, եթե դիմացը ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր է` թեկուզ Ա-ն Բ-ից չտարբերող, կամ ինչ-որ օլիգարխ։
Այսօր դատախազներն ու դատավորները ամենաբարձր վարձատրվող մարդիկ են։ Եվ սա շարունակվելու է։
Արհմիություններ ունենալուց առաջ պետք է ունենալ արդյունաբերություն` քաղաքներում, և ֆերմերային տնտեսություններ` գյուղերում, որի արդյունքում կձևավորվեն բանվորի, ֆերմերի, ճարտարագետի տեսակը ու այդ հենքի վրա էլ արհմիությունները։
Նշենք, որ օրենսդրորեն ԽՍՀՄ-ում արհմիութենական գործիչը համարվում էր հասարակական աշխատող, քանի դեռ տվյալ գործարանի աշխատողների թիվը պակաս էր հազարից։ Այսօր հազարից ավելի բանվոր ունեցող քանի՞ գործարան կա։ ՈՒստի, արհմիություններ ձևավորելուց առաջ պետք է աշխատատեղեր ստեղծել։ Մեկ-երկու հանքարդյունաբերական ձեռնարկություն մարզերում կամ տարբեր անվանումների սուպերմարկետներ Երևանում չեն կարող արհմիություններ ձևավորելու լիարժեք հիմք դառնալ։ Այդպիսի գաճաճ արհմիությունները ոչ մի արդյունքի չեն կարող հասնել, ուստի շուտով կկազմալուծվեն։
Ավելին, այսօրվա իշխանություններին պետք չեն մտածող անհատներ. որքան մեծ լինի աշխատանքային օրենսգրքից չհասկացող մարդկանց թիվը, այնքան հեշտ կառավարելի կլինի ամբոխ դարձած մարդկանց զանգվածը։
Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում անել ինչ-որ բան։ Ցանկության դեպքում` այո։
Ալավերդու պղնձի արտադրության պայմաններում ունեինք կաբելի գործարան. վերագործարկենք այն` մաքուր պղնձահումքը վաճառելու փոխարեն։ Ֆոլգագլանման գործարանն էլ տա ալյումինե լարեր` և՛ իր մոտ նոր աշխատատեղեր կառաջանան, և՛ կաբելի գործարանը կապահովվի նոր տեսակի հումքով։
Եվ վերջապես կյանքի կոչենք Վահան Համազասպյանի հելիոֆիկացիոն սիստեմների շարքը, և ինչպես ինքն է առաջարկում (իսկ այլ գիտնականներ հաստատում են նրա իրավացիությունը- տ.գ.թ. Գրիգոր Մնացականյան)` սկսենք մեկ-երկու գյուղական համայնքից ու այդպես շարունակ մինչև Հայաստանի ամբողջական հելիոֆիկացումը, որը 400-800 հազար աշխատատեղով կապահովի բնակչությանը և նույնիսկ այդ սիստեմների արտահանումը` երկրին բերելով արտարժույթի ներհոսք։
Սա իրականություն դառնալու դեպքում իրոք անհրաժեշտ կլինեն արհմիությունները, և մեծ կլինի նրանց դերը։
Այսպես թղթի վրա գրելը շատ հեշտ է, իրականացնելն անչափ դժվար։ Համաձայն եմ, բայց առանց աշխատելու, առանց առաջ նայելու մենք նախ կդոփենք տեղում, իսկ մոտ ապագայում Հայաստանն այնպես կհայաթափենք, որ երկրում կմնան մեկ նախագահ, մեկ վարչապետ, 10-12 սպա, 200 շարքային և 10 հազար թոշակառու։
Ի՞նչ են մտածում այդ մասին մեր մեծարգո ղեկավարները. գուցե պահանջվեն նաև սահմանադրական որոշ փոփոխություններ։ Ես չգիտեմ. բայց մի բան հաստատ գիտեմ. կառավարման կառույցները (կառավարություն, մարզպետներ, քաղաքագլուխներ, համայնքային կառույցների աշխատողներ) պիտի փոխեն իրենց աշխատաոճը և չինովնիկից դառնան հայրենիքին, հասարակությանը, պետական շահերը գիտակցող նվիրյալ պետական գործիչներ, աշխատելով օրը 16 ժամ, հրաժարվելով ամեն տեսակի բարեկեցիկ կենցաղավարությունից անգամ (ընդգծված միտքը պատկանում է ՀՀԿ ԱԺ խմբակցության անդամ հարգարժան Համլետ Հարությունյանին)։ Միայն դա կփրկի մեզ. այլընտրանք ես չեմ տեսնում։
Ի դեպ, կառավարության ընդլայնված նիստում նախագահ Ս. Սարգսյանը այդ կտրվածքով էլ ձևակերպեց իր խոսքը։
Այնպես որ, սպասենք, թե երբ թունելի վերջնամասում լույսը կերևա։


Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 28596

Մեկնաբանություններ