ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ
26.01.2010 | 00:00

Քարացած կարծիք է, թե 1789-ի Ֆրանսիական մեծ հեղափոխությունը «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» պարգևեց նախ` ֆրանսիացիներին, այնուհետև, տարածվելով եվրոպական առանցքային տերություններում, նաև տեղի ժողովուրդներին։ Ի տարբերություն 1917 թվի Հոկտեմբերյան հեղափոխության, որը ռուսական երկգլխանի արծվի հովանու ներքո ապահով կյանք վարող ժողովուրդներին բերեց միայն արյուն, ավերածություն ու մահ` նրանց համար անհասանելի դարձնելով եվրոպական քաղաքակրթության մայրուղի դուրս գալու հնարավորությունը։ Անցած ու ներկա բոլոր սերունդների ուղեղներում այս գնահատականն աշխատել են գամել այնպիսի նախանձելի համառությամբ, որ չուզենաս էլ` հիշում ես նացիստական Գերմանիայի քարոզչության նախարարի այն խոսքերը, թե հազարապատիկ կրկնված սուտը սկսում է ընկալվել որպես անվերապահ ճշմարտություն։
Առանց նախաբանի կամ, ավելի ճիշտ, հենց որպես նախաբան էլ միանգամից ասեմ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունը դարձավ ամենասոսկալի և արյունոտ իրադարձությունն Արևմուտքի պատմության մեջ` ընդհուպ մինչև 20-րդ դարի արհավիրքները։ Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմն ու 1917-1922 թթ. ռուսական խառնակ ժամանակները մարդկային զոհերի քանակով գերազանցեցին այդ հեղափոխությունը։ Նրա ուղղակի շարունակությունն էին գրեթե 20 տարի տևած նապոլեոնյան պատերազմները, որոնք ավարտվեցին միայն 1815-ին` կատարելապես ջլատելով Ֆրանսիայի կենսական ուժերը և հիմնովին քայքայելով տնտեսությունը։ Գիլիոտինին, մանրագնդակով լցված կարտեչային արկերին, հրազենին, սվիններին, համաճարակներին ու սովին զոհ գնաց ոչ պակաս, քան 3 մլն ֆրանսիացի։ Ֆրանսիական հեղափոխության ղեկավարները երկրում ծավալեցին այնպիսի լայնամասշտաբ տեռոր, որը հետագայում ուղենիշ ծառայեց Լենինի, Տրոցկու և Սվերդլովի համար։
Ֆրանսիական հեղափոխության ընթացքն ուղղակի լի է դաժանամոլ ցեղասպանության օրինակներով։ Իբրև թե ազատություն, հավասարություն, եղբայրություն հաստատելու համար բարձրացված դրոշների ստվերում մարդկանց ոչ միայն խմբերով գլխատում էին գիլիոտինով, այլև, լցնելով բեռնանավերը, հեռանում ափերից ու ջրասույզ անում դրանք, բնակչության հսկայական զանգվածներ գնդակահարում կարտեչային արկերով լիցքավորված թնդանոթներից։ 1793 թվականին, սկզբում` յակոբինների, հետագայում Նապոլեոնի օրոք ոստիկանության նախարար Ֆուշեն ամենադաժան եղանակով հաշվեհարդար տեսավ Լիոնի բնակչության հետ` կարտեչային համազարկերով գնդակահարելով հազարավոր մարդկանց և ավերակների վերածելով տեքստիլ արդյունաբերությամբ հայտնի այդ ծաղկուն քաղաքը։
Ֆրանսիական և ռուսական հեղափոխությունների միջև զուգահեռներն ուղղակի վախեցնող են։ Մեզ ստեպ-ստեպ անպայման կհիշեցնեն (որ, Աստված չանի, հանկարծ մտահան անենք), թե ինչպես 1919 թ. սկզբին խորհրդային կառավարությունը դեկրետ ընդունեց պարենի վերաբերյալ, ու դրանից հետո ողջ երկրով մեկ սկսեցին դես ու դեն ընկնել կարմիր բանվորների ջոկատները` բռնագրավելով գյուղացիների մոտ եղած հացը։ Բայց մեզ մի հատիկ խոսք անգամ չեն ասի այն մասին, որ դրանից 130 տարի առաջ ճիշտ նույն կերպ Ֆրանսիան էին չափչփում փարիզյան խռովարարների ջոկատները` իրականացնելով պարենմասնատրում և խլելով հացը։ Ընդ որում, շատ ավելի անգութ միջոցներով։ Մեզ ամբողջ ժամանակ կփորձեն ներշնչել, թե միայն ռուսական իրականության մեջ էր հնարավոր, որ իշխանությունները պատերազմ մղեին սեփական երկրի գյուղացիության դեմ` կոտորելով տամբովյան մաճկալներին ու Դոնի կազակներին։ Սակայն ամեն կերպ կաշխատեն թաքցնել այն փաստը, թե դրանից շատ ու շատ տարիներ առաջ ինչպես էին ֆրանսիացի հեղափոխականները կանոնավոր զորքեր ուղարկում Վանդեայի շրջանի գյուղացիությանը ճնշելու համար, որոնց թափված արյունից, ժամանակակիցների վկայությամբ, տաք գոլորշի էր բարձրանում։
Այստեղ, հարգելի ընթերցող, ուզում եմ մի պահ ընդհատել շարադրանքի նկարագրական մասը և տեսական որոշ դատողությունների հետ կոնկրետ համեմատություններ անցկացնել։ Ոչ մի կառավարություն առանց ծայրահեղ անհրաժեշտության արտակարգ միջոցառումներ չի կիրառում, քանի որ դրանք թե՛ թանկ են նստում պետության վրա, թե՛ հարուցում են ժողովրդի մեծ կամ զգալի մասի դժգոհությունը։ Արտակարգ միջոցառումների իրականացման վրա կառավարությունն անխուսափելիորեն վատնում է իր ունեցած քաղաքական «կապիտալը»։ Հենց այդ պատճառով էլ հարցը դրվում է այսպես` ի՞նչն ավելի մեծ չափերի տառապանքներ կհարուցի` արտակարգ միջոցառումների կիրառո՞ւմը, թե՞ հրաժարումը դրանցից։ Դրա պատասխանը կարող է տալ ամեն մի կոնկրետ դեպքի, այլ ոչ գաղափարական, վերլուծությունը։
Բոլորս գիտենք, որ ցարական կարգերը Ռուսաստանում փլուզվեցին 1917 թ. սկզբին` քաղաքներում հացի սուր պակասի հետևանքով։ Մի կարծեք, թե ցարական կառավարությունը չէր փորձում շտկել դրությունը, փորձում էր ու հենց նույն միջոցներով, ինչ և Ֆրանսիայում։ Երբ 1915 թ. ծայր առան նորմալ ապրանքափոխանակության խաթարումները և, չնայած հացահատիկի առատ բերքին, «հացը չգնաց շուկա», սահմանվեցին ամրագրված գներ և սկսվեցին բռնագրավումները։ Դրանք հարվածեցին բացառապես գյուղացիության շահերին։ 1916 թ. սեպտեմբերի 23-ին կառավարությունը հայտարարեց պարենմասնատրման մասին և դեկտեմբերի 2-ից գործի դրեց այն։ Ինչպես տեսնում եք, կոմունիստների հետ ոչ մի աղերս չունեցող ցարական կառավարության նախարարները կիրառում էին նույն այն միջոցները, որոնք հետագայում հատուկ էին ռազմական կոմունիզմին։
Հայելային արտացոլմամբ նույնն էր անում նաև ժամանակավոր կառավարությունը։ Հողագործության առաջին նախարար, կադետ Ա. Շինգարյովը դեռևս 1917 թ. մարտի 25-ին ստորագրում է օրենք հացի պետական մենաշնորհ մտցնելու վերաբերյալ։ Իրենց անկումից մեկ շաբաթ առաջ նույն այդ կառավարության պարենի նախարար Ս. Պրոկոպովիչը հայտարարեց, որ «հացի մենաշնորհը, չնայած գների կրկնակի ավելացմանը, ապրանքների բացակայության պայմաններում անարդյունք դուրս եկավ և... նման պայմաններում հացի մթերման համար անհրաժեշտ է կիրառել ռազմական ուժ»։ Սակայն նախորդների նման սրանք նույնպես ամբողջությամբ տապալեցին դրա կենսագործումը` պետական ապարատի բացահայտ անօգնականության պատճառով։
Ամրագրված գներ, սպեկուլյացիայի արգելք, հացի բռնագրավում. սրանք վաղուց ի վեր հայտնի միջոցներ են սովը կանխելու համար։ Ամենալայն չափերով, որպես միասնական և համակողմանի քննության առնված պետական ծրագիր, այն կիրարկվեց 1793-94 թթ. Ֆրանսիայում։ Այդ փորձը շատ լավ ուսումնասիրված է, դրանից տնտեսագիտության տեսությունն իր համար մի շարք կարևոր հետևություններ է արել։ Այն քաջ հայտնի էր նաև բոլշևիկներին։ Ավելի ուշ, 1928 թ. ռուսերեն է թարգմանվել ու հրատարակվել ֆրանսիական հեղափոխության լավագույն պատմաբաններից մեկի` Ա. Մաթիեզի «Պայքար թանկացումների դեմ և սոցիալական շարժումները տեռորի ժամանակաշրջանում» գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված էր ֆրանսիական «պարենմասնատրումը»։
Ահա նրա գլխավոր դասերը. պարենային արտակարգ միջոցառումներ Ֆրանսիայում սկսեցին կիրառել տնտեսական լիբերալիզմի կողմնակիցները, ովքեր շուկայի ցանկացած պետական կարգավորման սկզբունքային հակառակորդներն էին։ Այսինքն` հարցն ամենևին էլ դոկտրինների կամ տեսությունների մեջ չէ։ Ընդ որում, դրանք բացառիկ դաժան միջոցառումներ էին։ Առաջին օրենքով նախատեսվում էր հողագործներից բռնագրավել բերքի միայն ավելցուկը։ Գյուղացուն թողնում էին «ընտանեկան պաշար», ինչը բավարար էր նրա ընտանիքը մեկ տարի կերակրելու համար, և ցանքի սերմացու։ Ավելի ուշ Կոնվենտը հատուկ դեկրետով չեղյալ հայտարարեց ընտանեկան պաշարը, և պարենային հանձնաժողովը «հանրապետությունում առկա սննդի ողջ պաշարը համարեց ընդհանուր սեփականություն»։ Բոլոր տներում ու բնակարաններում կատարվում էին խուզարկություններ, և գրեթե ողջ մթերքը բռնագրավվում էր։ Ամբողջ երկրի համար մեկ բնակչին ընկնող հացի չափաբաժին չէր սահմանվել, բայց այն ամենուրեք շատ չնչին էր։ Շամոնի մարզում, օրինակ, այն ընդամենը 1 փութ էր (16 կգ), ավելցուկը գյուղացին պարտավոր էր 5 օրվա ընթացքում հանձնել ռազմական պահեստ։ Բռնագրավումներն իրականացվում էին ազգային գվարդիայի կողմից և հաճախակի ուղեկցվում էին արյունալի ընդհարումներով։ Հացը բաժանվում էր քարտերով, իսկ սպեկուլյացիայի համար մահապատիժ էր նախատեսված։
Սակայն կրկին վերադառնանք ֆրանսիական հեղափոխության «առօրյա»։ Ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ տեսարաններ ցուցադրեն, թե ինչպես էին 1917 թ. սպանում հոգևորականներին, քանդում եկեղեցիները կամ վերածում դրանք պահեստների, հիշեք, որ բացարձակապես նույն բանը տեղի էր ունենում նաև Ֆրանսիայում 1790-ականներին։ Նրանք նույնիսկ մի կարգախոս էին առաջ քաշել` «Ճզմենք իժի գլուխը», և շուրջ 30 հազար քահանա ու վանական իրենց բռնի մահկանացուն կնքեցին այդ տարիներին։ Ազնվականների դասակարգն ամբողջությամբ հայտարարվել էր «հակահեղափոխական տարր»` դրանից բխող բոլոր դաժան հետևանքներով։ Ավելի պարզ` կուրս էր վերցված իսպառ վերացնելու ազնվականությունը։ Այնտեղ նույնպես հապշտապ պատրաստված հարյուր հազարավոր նորակոչիկների նետում էին եվրոպական պատերազմների մսաղաց։ Եվ անգամ մեր ականջների համար այդքան ատելի հնչող «կոմիսարները» առաջին անգամ հայտնվեցին հենց ֆրանսիական հեղափոխության օրոք։ Այնպես որ, ձգտել վերը նշված բոլոր երևույթները կապել բացառապես կոմունիստական գաղափարախոսության հետ, բացահայտ անհեթեթություն է։ Ինչ վերաբերում է ֆրանսիական հեղափոխության գաղափարներին, ապա դրանք ձևավորել էին մասոնության, այսպես կոչված, «լուսավորության» և մարտնչող անաստվածության հետևորդները։ Իսկ հեղափոխության առաջնորդների արյունռշտությանը հավելվում էր նաև նրանց ուղղակի առասպելական չափերի հասնող գողությունը։
Այդ առումով 1790-ականների հեղափոխականները ճիշտ նույնպիսի պաթոլոգիական գողեր էին, ինչպես 1990-ականների դեմոկրատները ԽՍՀՄ-ում։ Հեղափոխության, այսպես կոչված, առաջին փուլի հերոս Միրաբոն կաշառք էր վերցնում անգամ տապալված միապետ Լյուդովիկոս 16-րդից։ Իսկ նրա ամենահայտնի գործիչներից մեկը` Դանտոնը, ուղղակի լողում էր պերճանքի մեջ։ Այն աստիճան, որ Լուվրի և Վերսալի պալատներում մեծացած ազնվականների բերանները բաց էին մնում այդ ամենը տեսնելիս։ Պատմական գրականության մեջ նրա առաջնորդ Ռոբեսպիերի անունը շատ հաճախ բնութագրվում է «անկաշառ» բառով` անտեղյակներին կամ միամիտներին համոզելու համար, թե բոլոր այդ «բոցաշունչ հեղափոխականները» գաղափարի մարտիկներ էին։ Սակայն, որպես կանոն, խիստ հազվադեպ բացառություններով, նման հեղափոխություններն ընդհանրապես վեր են բարձրացնում մարդկային ամենանողկալի տեսակը։
Ինչ վերաբերում է մարդկանց զանգվածային ոչնչացմանը, ապա այդ իմաստով առանձնակի մեծ համբավ ձեռք բերեց հեղափոխականների ծայրահեղական թևը` յակոբինները, որոնք 1793 թ. աշնանը զավթեցին իշխանությունը և իրենց շարքերից դիկտատոր կարգեցին աննշան տեսքով, տարբեր բարդույթներով տառապող վերը հիշատակված «անկաշառին»։ Ասենք նաև, որ յակոբինյան ակումբը տիպիկ մասոնական մի կառույց էր, որն ամբողջությամբ հետամուտ էր իլյումինատների օթյակի որդեգրած նպատակներին։ Բոցավառ մասոն Ռոբեսպիերը հրամայում էր մահապատժի ենթարկել ոչ միայն մասոնության թշնամիներին, այլև այն մասոններին, ովքեր անվճռականություն էին ցուցաբերում կամ վախ տածում իրենց գործած չարագործությունների հանդեպ։ Իր իշխանության վերջին մեկ շաբաթում նա մահվան դատապարտեց մասոնական օթյակների իր մի քանի տասնյակ նախկին զինակիցներին։ Ի պատասխան` ազատ որմնադիրները դավադրություն կազմակերպեցին և գլխատեցին չափն անցած իլյումինատին (Իլյումինատներ (լատ. illuminati-լուսավորյալներ)- արդի և պատմական, իսկապես գոյություն ունեցած կամ անիրական, բացահայտված կամ ենթադրյալ մի քանի գաղտնի խմբերի ընդհանուր անվանումը- խմբ.)։
ՈՒզում եմ մահապատիժների այդ անվերջանալի շարանից առանձնացնել հատկապես մեկը, որը, իմ կարծիքով, որոշակիորեն բնութագրում է ֆրանսիական հեղափոխականներին մի շարք կողմերից։ Գիտե՞ք, արդյոք, թե ինչ մեղադրանքով մահվան դատապարտեցին Լյուդովիկոս 16-րդի կնոջը, ավստրիական Լեոպոլդ կայսեր քրոջը` Մարիա Անտուանետին։ Այն բանի համար, որ նա իբր... բռնաբարում էր իր մանկահասակ որդուն։ Եվ այդ սուտը հորինել էին մարդիկ, որոնց բարոյական նկարագիրն այնպիսին էր, որ, ասեմ կարճ, այլասերվածության և սեռական սանձարձակության առումով ավելի վատն ուղղակի չի լինում։
Սկսած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կեղծ կարգախոսից, վերջացրած «Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայով» և յակոբինյան սահմանադրությամբ, ֆրանսիական հեղափոխության գաղափարները ծնվել էին մասոնական օթյակներում, որոնք առավելապես արտահայտում էին մասոնների թիկունքին կանգնած հրեական ղեկավար շրջանների շահերը։ Այս առումով նույնպես ֆրանսիական և ռուսական հեղափոխությունները երկվորյակ եղբայրներ են հիշեցնում։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3912

Մեկնաբանություններ

/li>
15.07.2024