ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
26.01.2010 | 00:00

Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը մնում է խիստ հակասական, և այդ երկարաժամկետ իրավիճակի վրա ավելանում է համաշխարհային քաղաքական և տնտեսական ճգնաժամը։ Թուրքիան ձգտում է դառնալ «Մեծ Մերձավոր Արևելքի» առաջատար պետությունը, ի ցույց է դնում իր հաջողությունները տնտեսության և սոցիալական ոլորտներում, փորձում կառուցել «նոր» տարածաշրջանային քաղաքականություն, բայց շարունակում է մնալ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և միջազգային ֆինանսական կառույցներից կախվածության մեջ։
Վերջին տասը տարիները Թուրքիայի պատմության մեջ բնութագրվում են լուրջ ներքին սոցիալական, քաղաքական և էթնոքաղաքական ճգնաժամերի առաջացմամբ։ Ավելին, նկատվում է բավական բարձր համատեղում արտաքին ու ներքին հիմնախնդիրների, որոնք առաջանում ու մարում են շատ կողմերով զուգահեռաբար։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայի ներքին ու արտաքին պրոբլեմներն ավելի ու ավելի կառավարելի են դառնում ոչ միայն թուրքական, այլև արտաքին ուժային կենտրոնների համար։ Այն հիմնախնդիրների կողքին, որոնք կարող են դիտարկվել Արևմուտքում իբրև բանավեճի շարունակման միջոց և հաճույքով քննարկվում են շահագրգիռ պետությունների և վերազգային կառույցների կողմից, ուժգնանում են նոր պրոբլեմներ, որոնք ոչ մի կերպ չեն ընկալվում Արևմուտքում իբրև հնարավոր բանավեճի առարկա։
Դա ամենից առաջ վերաբերում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, նրա հարաբերություններին Մերձավոր Արևելքի պետությունների, Ռուսաստանի և հատկապես Իրանի հետ։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան փորձել է մանևրել Արևմուտքի և Արևելքի կոմունիստական ճամբարի միջև։ Սակայն գոյություն ունեին հայտնի հակասություններ ԱՄՆ-ի ու Եվրամիության, ավելի ճիշտ` առաջատար եվրոպական պետությունների միջև և դրանք վերաբերում էին Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնություններին ու ձգտումներին։ ԱՄՆ-ը երկար ժամանակ հմտորեն մանիպուլյացիա էր անում Թուրքիայի և եվրոպացիների դիրքորոշումներով` կապված Անկարայի Եվրամիության անդամ դառնալու հեռանկարի հետ։ Ինչը գրգռում էր ոչ միայն եվրոպացիներին, այլև թուրքերին, որոնք հասկանում էին ամերիկյան քաղաքականության էությունն այդ պարագայում։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հակասությունները ձևավորվել են տասնամյակների ընթացքում և իրենց կուլմինացիային հասան Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմի օրոք։ Ընդ որում, կային ավելի սկզբունքային պատճառներ, քան իրաքյան պատերազմում ԱՄՆ-ին աջակցելուց Թուրքիայի հրաժարումը։
Թուրքիան ձգտում է ինքնուրույնության ու անկախության ավելի բարձր մակարդակի, ինչը պայմանավորված չէ միայն ԱՄՆ-ի ու մասամբ Եվրոպայի կողմից կիրառվող սահմանափակումներով։ Թուրքիան հարկադրված է ձևավորել ավելի կոկիկ ու հետևողական քաղաքականություն իր շուրջն արտաքին անվտանգության «գոտի» ստեղծելու նպատակով, իր համար ավելի նախընտրելի դերակատարություն ապահովել տարածաշրջանային ու համաշխարհային գեոտնտեսական դաշտում` ամենից առաջ նոր էներգետիկ կոմունիկացիաների համակարգի ձևավորման առումով։ Այդպիսի խոշոր ու հավակնոտ պետությունը չի կարող համակերպվել նախկին կախյալ վիճակի հետ, երբ հարկադրված էր համաձայնեցնել ու համակարգել իր արտաքին քաղաքականությունն ամերիկացիների ու եվրոպացիների հետ։ Որոշ ժամանակ Թուրքիան փորձեց խուսանավել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև, բայց արդյունքում հայտնվեց ավելի բարդ իրավիճակում, երբ ամերիկացիներն ու եվրոպացիները սկսեցին միասնական քաղաքականություն, ըստ էության` դավադրություն ձևավորել ընդդեմ Թուրքիայի։ Ջորջ Բուշի քաղաքականությունը բնութագրվեց Թուրքիայի շահերի ու դիրքերի անտեսմամբ բոլոր ուղղություններով։ Սկզբում որոշ ռուսական ու եվրոպական քաղաքագետների ու վերլուծաբանների թվում էր, թե այդ քաղաքականությունը կհանգեցնի արագ և սկզբունքային տարաբաժանման Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, սկսեցին նույնիսկ խոսել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորության մասին։
Ժամանակը ցույց տվեց, որ այդ հետազոտողները Ռուսաստանում և Եվրոպայում բավարար պատկերացում չունեն Թուրքիայի պրոբլեմներից ու հնարավորություններից միջազգային բեմահարթակում։ «Բուշիզմի» քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ահռելի քաղաքական, ռազմական, հետախուզական և տնտեսական ռեսուրսներ ունի անգամ Թուրքիայի նման խոշոր երկրին իր ուզածը պարտադրելու համար։ Թուրքիան Արևմուտքում բախվեց իր շահերի անտեսման հզոր ճակատի հետ, ինչպես նաև բացահայտ դեմագոգիայի ու հակաքարոզչության, որը միշտ սերտ շաղկապված է երկրի ներսում իրադրությունն ապակայունացնելու արտաքին նախաձեռնությունների հետ։ Արևմտյան ուժային կենտրոնները շատ ամուր կապեր ունեն Թուրքիայում գործող ազդեցիկ ուժերի հետ և «ներքին քաղաքական օպերացիաների» միջոցով կարող են այդ երկիրը հասցնել ծայրահեղ անկայունության։ «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության գործունեության արգելումը, ինչպես ոչ մի այլ բան, համադրվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գործողությունների հետ։ Ժամանակակից արևմտյան հանրությունն այնքան բաժանված է տարբեր մասնագիտական խմբերի, որ ընդունակ չէ ընկալելու ներքին ու արտաքին գործոնների ամբողջական նշանակությունը Թուրքիայի քաղաքական զարգացումներում։
Բարաք Օբամայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կապված նրա հայտարարությունների հետ 2009-ի ապրիլին Ստամբուլում, ինչպես նաև նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների ելույթները, ընկալվում են իբրև Անկարայի նկատմամբ նոր քաղաքականության լուրջ հայտ։ Բարաք Օբաման ձգտում է իրագործել հակաբուշիզմի քաղաքականություն, միաժամանակ ընդգծելով Մերձավոր Արևելքում, Կենտրոնական ու Հարավային Ասիայում և նույնիսկ Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը վերանայելու իր մտադրությունը։ Թուրքիան ևս դասվեց այն պետությունների թվին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ենթադրաբար կսրբագրվի։ Իրականում, սակայն, Բարաք Օբամայի հայտարարություններում և հռչակագրային մտադրություններում Թուրքիային բացատրվեց, որ ԱՄՆ-ը կցանկանար կրկին մերձենալ նրան, համատեղել շահերը, սակայն միայն այն ձևաչափում, որը ձեռնտու է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումներ անել Թուրքիային, որը պահանջում է ոչ միայն մարտավարական զիջումներ, այլև մտադիր է անհամեմատ ավելի հեղինակավոր դիրք զբաղեցնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Թուրքիային զսպելու քաղաքականությունը հաստատուն բաղադրիչ է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ և արտահայտում է այդ քաղաքականության ժառանգականությունը։
Ամերիկա-թուրքական և թուրք-եվրոպական ներկայիս հարաբերությունները ճիշտ հասկանալու համար պետք է համաձայնել այն դիտարկմանը, որ նախկին կոմֆորտ պայմանները կարող են գոյություն ունենալ միայն Թուրքիայի ոչ ընդգծված հավակնությունների դեպքում։ Թուրքիան, իբրև տարածաշրջանային տերություն, արդեն իսկ լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար 20-21-րդ դարերի սահմանագծին։ Սակայն Արևելքում էլ Թուրքիային չեն սպասում արտաքին քաղաքականության իրագործման բարենպաստ պայմաններ։ Ինչպես եվրոպական Արևելքը, այնպես էլ Ռուսաստանն ու ասիական Արևելքը` Իրանն ու արաբական պետությունները, կարիք չունեն շտապելու Թուրքիայի «նոր» քաղաքականությունն ընդունելու առումով, որպես անվտանգ դրսևորում եվրասիական և մերձավորարևելյան պետությունների համար։ Ասիական Արևելքն այս դեպքում ոչ միայն Թուրքիայի ակտիվ և դինամիկ գործընկերը չէ, այլև հանդես է գալիս սպասողական դիրքորոշում որդեգրած «բևեռի» դերում, որն ունի ազատության մեծ աստիճան և արտաքին քաղաքականության մեջ մանևրելու լայն հնարավորություններ։ Առայժմ ասիական Արևելքը փորձում է որոշել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որ հարցերն են իր համար առավել սուր ու վիճելի, որոնք են հեռու փոխադարձ վստահությամբ լուծումից։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին Սիրիային, Իրաքին, Իրանին և Հայաստանին։ Թուրքիայի նկատմամբ համարժեք քաղաքականություն ունի նաև Ռուսաստանը, և սխալ չի լինի պնդել, որ լայն մանևրայնություն ու ճկունություն ձեռք բերելու իր ձգտման մեջ Թուրքիան չկարողացավ առավելությունների հասնել` հենվելով բազմավեկտոր քաղաքականության սկզբունքի վրա։ Անկարան չկարողացավ ձեռք բերել քաղաքական ռեսուրսներ Արևելքում` Արևմուտքի հետ նախընտրելի դիրքերից երկխոսություն վարելու համար։
Սկզբունքային և փոխադարձ շահերի բացակայությունն ամերիկա-թուրքական հարաբերություններում և հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ ակնհայտ դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի շնորհիվ։ Ստեղծվում է տպավորություն, որ երկու պետություններն էլ փորձում են հաղթահարել ոչ կոմֆորտ իրավիճակը փոխադարձ հարաբերություններում և հույս ունեին ԱՄՆ-ի ավելի վճռական մասնակցության` հայ-թուրքական սահմանի վերաբացման և այլ հարցերի հետ կապված։ Այդպիսի հույսեր ուներ ոչ միայն Հայաստանը, որի արտաքին քաղաքական ռեսուրսներն անհամեմատ համեստ են, այլև Թուրքիան, որն առաջին հայացքից ԱՄՆ-ի աջակցության կարիքը գրեթե չուներ իր ցանկացածին հասնելու համար։ Կարգավորման գործընթացի առավել ճգնաժամային փուլում Թուրքիան հասկացավ, որ ինքը կարող է հայտնվել ավելի վնասաբեր իրադրության մեջ, քան ենթադրվում էր։ Որովհետև իր «արյունակից» գործընկերոջ պահանջները ղարաբաղյան հարցում չեն բավարարվի և դա կհարվածի Անկարայի հեղինակությանն ընդհանուր տարածաշրջանային կտրվածքով։ Թուրքիան հայտնվեց ոչ թե «նոր» քաղաքական իրավիճակում, այլ «նոր» արտաքին քաղաքական կախվածության մեջ, ինչը հակասում է նրա ռազմավարական կուրսին։ Ամերիկացիների ծրագրավորած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ենթադրում է Թուրքիայի կախվածություն պարտավորեցնող հարաբերություններից ու պայմաններից, որոնք նա դիտարկում է իբրև սահմանափակումներ Հարավային Կովկասում և ավելի լայն քաղաքական բեմահարթակում։
Թուրքիայի հարաբերությունների բարդացման հավանականությունը Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ այդ գործընթացում մնում է բարձր։ Եվ դա էլ Թուրքիայի համար ստեղծում է անբարենպաստ իրավիճակ։ Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ այսուհետև ԱՄՆ-ն հարկադրված է լինելու հակադրվել ոչ միայն Ռուսաստանի ու Իրանի քաղաքականությանը, այլև Թուրքիայի։ Ընդ որում, եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր պայմանների ձևավորման միտումներ կան և հնարավոր են համաձայնություններ տարածաշրջանային քաղաքականության կտրվածքով, ապա ամերիկա-թուրքական հարաբերություններում պրոբլեմները նոր են սկսում ի հայտ գալ։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունները բազմազան են, և կան տարբեր, միանգամայն կանխատեսելի սպասումներ։ Սակայն ի հայտ են եկել նաև նոր դրսևորումներ, որոնք պայմանավորված են թուրքական քաղաքական կուսակցություններում ու քաղաքական դասակարգում, հասարակության մեջ և նույնիսկ սպայական կորպուսում տեղի ունեցած փոփոխություններով։ Թուրքական ավանդական քաղաքական ուժերը երկրի ներսում պահպանում են իրենց դիրքերը, քիչ թե շատ կայուն են նաև ամերիկյան ու թուրքական զինվորականների փոխհարաբերությունները։ Սակայն Թուրքիան և՛ նախկինում, և՛ այսօր բավարար չափով ներկայացված չի եղել ամերիկյան հասարակությունում։ ԱՄՆ-ում դեռևս լավ ծանոթ չեն այդ երկրի մշակույթին, պատմությանն ու արժեքներին, արդի քաղաքական նպատակներին ու առաջնահերթություններին։ Ամերիկյան քաղաքագետների կարծիքով` Թուրքիան վերջին տարիներին հայտնվել է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում, և այդ ուշադրությունը հետագայում միայն ուժեղանալու է։ Այդ պատճառով էլ շատ դիտորդների մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ ամերիկյան վարչակազմում և առհասարակ վերնախավում թուրքական ուղղությունն առաջնային է։ Այնուհանդերձ, ամերիկյան քաղաքագիտության հսկաներից Էնթոնի Կորդեսմանի գնահատմամբ, կարելի է շատ ժամանակ անցկացնել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի նիստերում և մերձավորարևելյան քաղաքականության քննարկման ժամանակ այդպես էլ ոչինչ չլսել Թուրքիայի մասին։ Թերևս անհրաժեշտ է ավելի իրատեսորեն գնահատել Թուրքիայի նշանակությունն ԱՄՆ-ի անվտանգության առումով և արտաքին քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ը տիրապետում է բազմաթիվ քաղաքական ռեսուրսների, որպեսզի զրոյացնի այս կամ այն միջազգային հիմնախնդիրները, առաջարկելով դրանց վերաբերյալ քաղաքական որոշումների դիվերսիֆիկացիա։ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի ջանքերի շրջափակման առումով, հատկապես Սևծովյան-Կովկասյան, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, դարձել է որոշիչ գործոն ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման առումով և համոզիչ փաստարկ, որ Թուրքիայի զսպման քաղաքականությունն ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրն է այդ երկրի հետ հարաբերություններում։
Առաջատար եվրոպական պետությունները, հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան, արդեն ձևավորել են միանգամայն հասկանալի և անշրջելի դիրքորոշում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու անհնարինության վերաբերյալ։ Այդ դիրքորոշումն աջակցություն է ստանում եվրոպական պետությունների ճնշող մեծամասնության, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Իսկ Մեծ Բրիտանիան, որ երկար տարիներ փորձում էր մանիպուլյացիա անել այդ թեմայով, ինչպես ԱՄՆ-ը, այլևս ընդունակ չէ պնդելու նախկին դիրքորոշումը։ Եվրամիության ընդարձակումը չի ավարտվել, բայց կանգ է առել, որովհետև այդ գործընթացի շարունակությունը դարձավ անհնարին։ Սակայն Եվրամիության ընդարձակման հաջորդ փուլը, որ կսկսվի 7-10 տարի հետո, մեկ անգամ էլ ի ցույց կդնի, որ այդ թեման փակված է Թուրքիայի համար։ Եվրամիության զարգացման նոր փուլը կտարբերվի նրանով, որ Իսրայելն ու նրա բարեկամներն ԱՄՆ-ում ու Եվրոպայում այլևս էնտուզիազմ չեն ցուցաբերի Թուրքիային Եվրամիություն խցկելու ուղղությամբ։ Թուրքական հասարակությունը հասկացել է դա, բայց առայժմ հավանաբար պատրաստ չէ համարժեք հետևություններ կատարելու։ Հակընդդեմ պահանջների առաջադրումը կամ թշնամական դիրքորոշման ցուցաբերումը Թուրքիայի կողմից ոչինչ չի տա, այլ միայն կբարդացնի նրա մերձեցումն Արևմուտքի հետ սոցիալ-մշակութային ու տնտեսական առումով։ Թուրքիան արդեն իսկ բացասական ազդանշան է ստացել միջազգային ֆինանսական կազմակերպություններից, երբ նրան մերժեցին բազմամիլիարդ վարկի տրամադրումը, առանց որի Անկարան շանս չունի դուրս գալու ներկայիս բարդ տնտեսական կացությունից։
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, շուտով խնդիրներ կառաջանան նաև արևմտյան պետությունների հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի համագործակցության առումով։ Եվրոպացիները, հավանաբար, ավելի կոնկրետ ու բացահայտ ի ցույց կդնեն Թուրքիային այն միակ հնարավոր ձևաչափը, որով նա կարող է հարաբերություններ զարգացնել Արևմուտքի հետ։ Իր «նոր» դերի ու տեղի որոնումները Թուրքիայի համար դեռ երկար են շարունակվելու։ Այլք և իրենք` թուրքերը, շատ են խոսում այն մասին, որ իրենց երկիրը «կամուրջ» է Արևմուտքի և Արևելքի միջև, բայց իրականում այդպիսի «կամուրջ» գոյություն չունի, դա առայժմ տեղի չի ունեցել։ Միգուցե և հենց այդպիսի «կամրջի» կառուցումը թույլ կտա Թուրքիային նորովի իմաստավորել իր հարաբերությունների ձևաչափը Արևմուտքի և Արևելքի հետ։ Ոչ թե Թուրքիայի արհեստական եվրոպականացումը, այլ որոշակի աշխարհաքաղաքական և գեոտնտեսական գործառույթների ստանձնումն է նրա ճանապարհը։ Հակառակ դեպքում Թուրքիային սպասում է խորքային, աղետաբեր հակադրություն տարբեր ուղղություններով։ Անատոլիական քաղաքակրթության ելակետային պայմանները, նրա «տարաբաժանվածությունը», անհամարժեքությունը միջքաղաքակրթական երկխոսության հաստատման համար, աշխարհաքաղաքական ու գեոռազմավարական կասկածելի առավելությունները կհանգեցնեն Թուրքիայի մասնատմանը և պատմական հեռանկարի կորստյանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ