Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՄՈՒՐ ՈՒ ՏԵՎԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ` ՓՈԽԱԴԱՐՁ ՇԱՂԱԿՐԱՏԱՆՔԻ ՈՃՈՎ

ԱՄՈՒՐ ՈՒ ՏԵՎԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ` ՓՈԽԱԴԱՐՁ ՇԱՂԱԿՐԱՏԱՆՔԻ ՈՃՈՎ
28.02.2012 | 00:00

«Պանթուրքիզմ»-«պանիսլամիզմ» գաղափարախոսական հայեցակարգի ամբողջ պատմությունը համաձայնությունների ու խզումների, գործակցության ու առճակատման մի շղթա է եղել։ Ընդ որում, թե՛ առաջ, թե՛ հիմա անկյունաքարը Թուրքիա-Իրան կոնկրետ հարաբերություններն են։
Եվ ահա, մեկ տարի էլ չի անցել այն օրից, երբ համաշխարհային լրատվամիջոցները պայթեցին սենսացիոն մի հրապարակմամբ. Իրան էր այցելել Էրդողանը, և ստորագրվել էր մի ծավալուն «էներգետիկ համաձայնագիր»` էներգակիրների համատեղ արդյունահանման ու փոխադրման վերաբերյալ։ Այն ժամանակ շատերն էին համոզված, որ իրանական գազի ու Եվրոպայի միջև «թուրքական ներդիրը» չարիքների փոքրագույնն է, և քաղգործիչները նորություններն ընդունեցին թեև առանց լավատեսության, բայց զուսպ։ Այդուամենայնիվ, արդեն ավելի ուշ թուրքական «աշխարհակառուցվածքի մասնագետ», արտաքին գործերի նախարար Դավութօղլուն հանդես եկավ երկու երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ ծավալուն ծրագրային դրույթներով։ Մասնավորապես, որ «թուրք-իրանական համատեղ ջանքերով կարելի է վերահսկողություն հաստատել Բալկաններից մինչև Հարավային Ասիա փռված և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկող աֆրո-եվրասիական տարածության նկատմամբ», որ ուժերի հարաբերակցության «մերձավորարևելյան եռանկյան ուրվագիծը» բաղկացած է Թուրքիայից, Իրանից ու Եգիպտոսից, իսկ «արտաքին եռանկյուն» ձևավորած երկրների միջև ուժերի հավասարակշռությունը որոշիչ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի ընդհանուր ռազմավարական կառուցվածքի վրա։ Այս տեսակետից, պնդում է Դավութօղլուն, թուրք-իրանական հարաբերությունները վճռական նշանակություն ունեն տարածաշրջանում։ ՈՒ թեև միշտ էլ պատմության մեջ եղել է «հաշվեկշռված մրցակցություն» և «պատմական փոխազդեցություն», ապա` եթե Թուրքիան մերձավորարևելյան երկրների համար Եվրոպայի հետ կապի «կամուրջ» է, ապա Իրանը նրանց համար Ասիային նայող «պատուհան» է։ Այնպես որ, Թուրքիան և Իրանը, ըստ էության, փոխլրացնում են միմյանց, իսկ Իրանի հետ սահմանները պետք է դարձնել տարածաշրջանի առավել կայուն սահմանները։ Ընդ որում (ուշադրություն դարձրեք), ասվում է, որ այդ գծում այնպիսի «արտաքին խաղացողների» ներկայությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, բացասաբար է անդրադառնում «փոխգործակցության հոգեբանության» վրա։
Եվ ահա հիմա աշխարհին ամբողջ հմայքով ներկայանում է այդ հայեցակարգի իրականացումը։ Ընդ որում, թվում է, ներկա թուրք-իրանական սիրախաղում, ինչպես և ենթադրվում էր, «բնական աշխարհաքաղաքական մրցակցություն» է ուրվագծվում։ Օրինակ, արմատապես տարբեր են Սիրիայի վերաբերյալ մոտեցումները, և անգամ կանոնավորապես Թեհրանից ձայներ են հնչում, որ Անկարան ավելորդ անգամ չհրապուրվի Դամասկոսի վարչակազմը փոխելու ծրագրերի իրականացմամբ։ Միշտ չէ, որ հաջողվում է հարթ լուծել նաև տնտեսական հարցերը` ուղղված «հասարակական բարեկեցության» ձեռքբերմանն ու ապահովմանը։ Չնայած բոլոր ջանքերին, թուրքական իշխանություններին այդպես էլ չի հաջողվում նվազեցնել իրանական գազի գները (ի տարբերություն ռուսականի), ինչը թուրքերին ստիպում է խոսել այլընտրանքային գնումների անհրաժեշտության մասին։ Ավելին, հայտնի է դարձել, որ թուրքական «Tupas» նավթավերամշակման ընկերությունը որոնում է իրանական նավթի փոխարինիչ։ Թուրքիա ներմուծվող նավթի 30 տոկոսը բաժին է ընկնում իրանական «սև ոսկուն», ու հիմա թուրքերը մտադիր են բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի և այլ երկրների արտահանողների հետ։ Այդուամենայնիվ, այս պահին Իրանն ու Թուրքիան ձգտում են մեծացնել երկկողմ տնտեսական գործառնությունների ծավալը` 2015-ին այն հասցնելով 30 մլրդ ԱՄՆ դոլարի։ Իսկ վերջերս Անկարայում կայացած երկկողմ տնտեսական համաժողովում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ֆինանսական գործակցության, մասնավորապես, միջբանկային հարաբերությունների լուրջ ակտիվացման շուրջ։ Բացի այդ, Թուրքիան մտադիր է կամուրջ դառնալ Իրանի բնական պաշարների, մասնավորապես, նավթի ու գազի փոխադրման համար։
Ե՛վ Անկարայում, և՛ Թեհրանում կանոնավորապես ու աշխուժորեն հայտարարում են, որ Թուրքիայի և Իրանի միջև «մրցակցային հավասարակշռությունն իրողություն է դարձել», իսկ, ընդհանուր առմամբ, նրանց կարծիքով, դա տարածաշրջանային կայունություն կստեղծի։ Այսպես, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով Թուրքիայում ապրող իրանցի գիտնականների առջև, բարձր է գնահատել սերտ ու ամուր հարաբերությունները Թուրքիայի հետ և հայտարարել է. «Մենք ունենք Թուրքիայի կարիքը, ինչպես որ Թուրքիան` Իրանի»։ Իսկ թուրքերը, իրենց հերթին, որոշել են այս անչափ ծանր շրջանում իրենց հարևաններին հիրավի անգնահատելի ծառայություն մատուցել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Թուրքիան, պարզվում է, մտադիր չէ պաշտպանելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների խստացումը, որ ծրագրում են կիրառել ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան, ու հայտարարել է, որ ինքը «հարգում է միայն այն պատժամիջոցները, որ մտցրել է ՄԱԿ-ը, և այդ հարցում չի հետևի ԱՄՆ-ին ու Արևմուտքին»։ Ընդ որում, «ԱՄՆ-ի պետդեպի մի ամբողջ շարք ներկայացուցիչների ոչ մի կերպ չի հաջողվել» համոզել Թուրքիային` փոխելու այդ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ 2010-ին Անկարան հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ընդունման դեմ, թեև ստիպված է ենթարկվել դրանց։ Ճիշտ է, դիտորդները նշում են, որ Թուրքիան զգալիորեն կախված է իրանական էներգակիրների ներմուծումից, և նրա այդ համարձակությունը եթե ոչ լիովին, ապա առաջին հերթին, պայմանավորված է ընդամենը տարրական հաշվենկատությամբ։
Նկատենք, որ Անկարան վաղուց է իր դիվանագիտական զինանոցում ներառել իրանական «միջուկային գործի» հետ կապված խնդիրները և մի գլուխ ուզում է խցկվել իբրև միջնորդ, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Դա միշտ չէ, որ հաջողվում է նրան, իսկ մի քանի անգամ էլ նման անհարկի մղումները կանխվել են Թեհրանից։ Սակայն վերջերս Թուրքիայի արտգործնախարարն իր իրանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Անկարան պատրաստ է ըստ ամենայնի նպաստելու իրենց երկրների միջև կապերի խորացմանը և հանդես գալու որպես միջնորդ, և որ Իրանը պատրաստ է վերսկսելու բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, սակայն ժամանակն ու տեղը դեռևս համաձայնեցված չեն։ Կգնահատվի՞, արդյոք, թուրքական «խաղաղարար նախաձեռնությունը»։ Առայժմ պարզ չէ, բայց, դատելով այն բանից, որ Դավութօղլուի կողքին կանգնած նախարար Սալեհին սոսկ նկատեց, թե «վեցյակը» ոչ մի նոր պահանջ չպետք է ներկայացնի, այլապես Իրանը կհրաժարվի բանակցություններից, հարևաններն այս անգամ գոհ մնացին իրարից։ ՈՒ հավանաբար իրանցիները զուր չնշեցին, որ Թեհրանը կնախընտրեր բանակցություններն անցկացնել Ստամբուլում։
Պատահական չէ, որ «սիրային հովվերգություն» ծավալվեց հատկապես ամերիկյան հակահրթիռային համակարգերի շուրջ։ Հիշեցնենք, որ Թուրքիան վերջերս շահագործեց շտապ արձագանքման ռադիոտեղորոշիչ կայան, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի մասն է։ Այդ երկրի լրատվամիջոցները գրեցին, որ հեռավոր հայտնաբերման տեղորոշիչ համակարգը տեղակայվել է արևելյան Անատոլիայի Մալաթիայի շրջանում` հունվարին։ Ամերիկյան մի ոչ մեծ զորախումբ Մալաթիայի ռազմաբազայում տեղավորվեց 2011-ի դեկտեմբերի վերջին, քանի որ թուրքական զինվորականները գլուխ չեն հանում այդ բարդ համակարգից։ Սակայն, չնայած ամերիկացիների ներկայությանը, ռազմաբազայի հրամանատարությունը թուրք սպաների ձեռքին է։ Հայտնի է, որ Թուրքիան միջուկային պաշտպանության այդ ծրագրին միացավ այն բանից հետո, երբ դաշինքը կատարեց նրա պայմանները, մասնավորապես` թուրք գեներալն ընդունվեց Գերմանիայում ՆԱՏՕ-ի շտաբ, որտեղ մշակվում են տեղորոշիչ կայանների հավաքած տվյալները։
Բայց, չնայած այս ամենի առնչությամբ Մոսկվայի խիստ երկյուղներին ու նյարդայնությանը և ամերիկացիների գործողությունների դեմ նրա վաղեմի «պատերազմին», Թուրքիայում հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգը սոսկ «պաշտպանության համակարգ» է, որը ոչ ոքի դեմ ուղղված չէ, իսկ Իրանը նրա թիրախը չէ (հետաքրքիր է, ի՞նչ են մտածում Կրեմլում «թուրք բարեկամների» նման անակնկալ վարքագծի մասին)։ Իսկ այդ «խորամանկ բացահայտումը», իր հերթին, իրանցիներին հնարավորություն ընձեռեց հայտարարելու, որ ՀՀՊ համակարգը խոչընդոտ չի դառնա Իսրայելի ուղղությամբ Իրանի հնարավոր հրթիռային հարվածի դեպքում։ Ավելին, հրապարակելով առերես խոսակցությունների էությունը, նրանք ընդ-գծում են, որ Թուրքիան չի հավատում Վաշինգտոնին։ «Մենք չենք կարևորում Քլինթոնի խոսքերը։ Մենք հավատում ենք Թուրքիայի ղեկավարների խոսքերին։ Չեմ կարծում, թե այդ տեղորոշիչը խնդիրներ կառաջացնի Իրանի համար ու համոզված եմ, որ Թուրքիան գործիք չի դառնա սիոնիստական վարչախմբի նպատակների իրագործման համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Եվ հետո, հավանաբար, նկատի ունենալով իրանա-թուրքական «հալոցքի» դեռևս առաջին օրերին ձեռք բերված պայմանավորվածությունները, իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա, որ մի երրորդ կողմ միջամտի Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին։
Այնպես որ, ինչպես թվում է առաջին հայացքից, ամուր ու տևական բարեկամություն է իրականում ստացվում, ու «թեև երկրները պաշտպանում են իրենց շահերը, դա չի նշանակում, թե Իրանն ու Թուրքիան հանդես են գալիս որպես մրցակիցներ»։ Սակայն հիշեցնենք, որ նման մոտեցումները բացարձակ հայտնություն չեն թուրքական արդի դիվանագիտության համար։ Իրանա-թուրքական հերթական մերձեցման բարձրակետը եղան թուրք իսլամականների` Էրբաքանի գլխավորած կառավարության իշխանության տասնմեկ ամիսները (1996-97 թթ.)։ Այն ժամանակ Իրանը լուրջ օգնություն ցուցաբերեց Էրբաքանի կուսակցությանը, և որոշ փորձագետներ պնդում էին, թե մասամբ այդ աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ նրա իշխանության գալը։ Իրանական կղերականների ու թուրք իսլամականների նույնաբնույթ դիրքորոշմամբ է մեծապես պայմանավորված արդյունավետ փոխգործակցությունը տնտեսության, քաղաքականության, ռազմական ոլորտներում (թուրքերն էին օգնում իրանցիներին նորոգելու ամերիկյան սպառազինությունը) և մշակույթի ասպարեզում։ Սակայն այս պարագայում Էրբաքանը չխախտեց «կարմիր գիծը» և չհրաժարվեց Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունից։ Այժմ, երբ Արևմուտքի հետ Անկարայի հարաբերությունները սրընթաց վատանում են, իսկ Իսրայելի հետ հարաբերություններն առհասարակ փակուղի են մտել, իրադրությունը մեծապես փոխվում է։ Իսկ երկա՞ր ժամանակով։ Դա ապագան ցույց կտա։ Չէ՞ որ փոխադարձ շաղակրատանքը չի նշանակում, որ այլևս գոյություն չունեն ո՛չ իսլամի «գլխավոր դրոշակակրի դափնիների» համար մրցակցությունը, ո՛չ Իրանի բազմամիլիոն թուրքախոս բնակչությունը, ո՛չ «պանթուրքիզմի» և «պանիսլամիզմի» արմատական գաղափարախոսությունների վաղեմի դիմակայությունը, և ո՛չ էլ, ի վերջո, Թեհրանի և Բաքվի սաստկացող առճակատումը։ Այնպես որ, նոր դաշինքն առայժմ ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։ Այսինքն, որոշակիորեն կարելի է մեկ բան ասել միայն` տարածաշրջանային բոլոր մարտերը, ըստ երևույթին, առջևում են, և առայժմ բնավ էլ պարզ չէ, թե ով այս ամենից շահած դուրս կգա։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ