ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՀԱՐԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

ՀԱՐԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
28.02.2012 | 00:00

Հայրենիքը քաղաքական հասկացություն չէ։ Այն որոշակի հոգևոր ընդհանրություններ ունեցող մարդկային հանրության բնակավայր է, որտեղ դարերով ու հազարամյակներով ապրել են բազմաթիվ սերունդներ` նախահայրերից մինչև ներկա սերունդ, և փոխանցել են իրար նյութական, մշակութային, բարոյահոգեբանական արժեքներ ու ավանդույթներ։ Հայրենիքը նաև հոգևոր, զգացական հասկացություն է։ Հայրենիքը մարդու մեջ հող ու ջրի, բնության ու հայրական տան կարոտի հույզեր է ծնում։
Պետությունը քաղաքական հասկացություն է. այն երբեմն չի համընկնում հայրենիք հասկացության հետ, քանի որ քաղաքական որոշակի իրադարձությունների պատճառով` որպես հետևանք ռազմական նվաճումների կամ դիվանագիտական և քաղաքական խարդավանքների, նվաճող ազգը որևէ այլ ազգի հայրենիքում ստեղծում է պետություն։ Բոլոր կայսրություններն ու գաղութատիրական պետությունները հենց այդպիսի պետություններ են եղել։ Կայսրությունները ժամանակի ընթացքում փլուզվել են և շարունակում են փլուզվել, իսկ գաղութատիրությունն իր հին, դասական ձևով կարծես վերացել է, բայց 21-րդ դարում նոր դրսևորումներ է ձեռք բերել. հզոր պետությունները, «դեմոկրատիա» արտահանելով, զենքով ու քաղաքական ճնշումներով պարտադրում են այդ «դեմոկրատիան» մշակութային և քաղաքակրթական այլ դաշտում եղող ազգերին և նրանց պետություններին` տիրելով նրանց երկրի պաշարներին։
Մեր հայրենիքը, ցավոք, բռնազավթող ազգերի համար ժամանակ առ ժամանակ դարձել է իրենց պետությունը ստեղծելու աշխարհագրական տարածք։
Հայրենիքը պետություն է դառնում այն ժամանակ, երբ երկրի բնիկները կարողանում են հոգևոր և զգացական ընկալումը դարձնել քաղաքական հասկացություն, այսինքն` պետություն։ Դրա համար պետք է ապրել սեփական երկրում, ստեղծել պետականաստեղծ կառույցներ, զարգացնել տնտեսությունն ու մշակույթը և այդ ամենը պաշտպանող բանակ։ Մենք` հայերս, դարերի ընթացքում որոշակի պարբերականությամբ չենք կարողացել ապահովել այդ պահանջները և բազում կորուստներ ենք ունեցել` կորցրել ենք պետականությունը, կորցրել ենք հայրենիքը, կորցրել ենք հոգևոր և նյութական արժեքներ և անդառնալիորեն` դրանք ստեղծող մեր հայրենակիցներին։
Շարունակելով «Կորուսյալ դրախտ» հոդվածաշարի գաղափարական գիծը` այս հոդվածում ուզում եմ խոսել Օսմանյան Թուրքիայում և մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարածքում եղած հարկերի մասին։ Դրանցից անգամ որոշ գաղափար ունենալը մեզ կօգնի ըմբռնելու հարկերի` որպես պետականության կայացմանը նպաստող տնտեսական կարևոր գործոնի դերը և մեր ժողովրդի` պետական հարկերի և տուրքերի հանդեպ ունեցած օրինապահության դրսևորումը։
Մեր ընթերցողներին հիշեցնեմ, որ «Կորուսյալ դրախտ» հոդվածաշարի փաստական նյութը վերցրել եմ պատմագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ազատ Համբարյանի` «Արևմտյան Հայաստանի տնտեսությունը 1856-1914 թթ.» գրքից (2003 թ.)։ Մեր վերլուծությունը կվերաբերի հենց այդ ժամանակահատվածի հարկահանության թուրքական քաղաքականությանը և հարկերի տեսակներին։
Պատմագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Օսմանյան կայսրությունը, հետագայում նաև միայն Փոքր Ասիայի, Մեծ Հայքի ու Կիլիկիայի տարածքում պահպանված Թուրքիան` որպես միասնական թուրքական ազգային պետություն, ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հանրապետության ստեղծումը` 1923 թ., կայացած չի եղել։ Երկիրը մասնատված է եղել ավատատերերի (ֆեոդալների) միջև։ Թուրքիայի փոքրասիական տարածքներում իշխել են թուրք, իսկ Արևմտյան Հայաստանում` քուրդ կալվածատերերը։ Քրդերը եղել են զինված և առանձնապես չեն ենթարկվել իշխանություններին հարկահանության և զինապարտության հարցերում։
Զինապարտության խնդրում քրդերը թուրքական բանակին զինվոր տալու փոխարեն հատուկ տուրք էին տալիս` հայերից գանձված հավելյալ հարկերի հաշվին։ Քրդերը պետական հարկերը վճարում էին հայերից և մյուս քրիստոնյա ազգերից հավաքած հարկերի հաշվին։ Արևմտյան Հայաստանում պետական հարկահանության բեռը հիմնականում ընկած էր հայերի, իսկ մյուս շրջաններում` քրիստոնյաների վրա։
Քաղաքական և պետական-ազգային միասնական կառուցվածքի ակնհայտ բացակայության պայմաններում Օսմանյան կայսրությունում դարերով գործել է հարկահանության չափազանց կուռ և հետևողական քաղաքականություն, որը հնարավորություն է տվել տնտեսապես թույլ ու քայքայված, մշակութային աներևակայելի ցածր մակարդակ ունեցող այդ պետությանը մեծաթիվ բանակ պահելու, միջազգային դիվանագիտական հարաբերություններում և ռազմական գործողություններում հաջողություններ ունենալու և աշխարհի հզոր տերություններին իր քաղաքականությունը թելադրելու։ Օսմանյան Թուրքիայի վարած հարկային քաղաքականությունը վկայում է 4-5 հարյուր տարվա ընթացքում ձևավորված և կայացած պետական հզոր կառույցի գոյության և երկրի ղեկավարների շրջանում պետական մտածողության մասին։
Թուրքերը հայերի, պարսիկների, հույների և արաբների նման պետականության պատմություն և ավանդույթ չեն ունեցել, չեն ունեցել նաև իրենց լեզվում պետական գործառույթներին առնչվող բառեզրեր (տերմիններ)։ Հարյուրամյակների դաժան և հետևողական հարկահանության շնորհիվ թուրքերը կարողացել են այլ ազգերի` հայերի, հույների, ասորիների, արաբների և այլոց հայրենիքում ստեղծել աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը և այդ ընթացքում մշակել ու իրագործել նույն այդ ազգերի ոչնչացումն ու հայրենազրկումը։
Օսմանյան կայսրության հարկերն ու տուրքերն իրենց բնույթով ոչ միայն դաժան էին ու մարդու տարրական իրավունքներին հակասող, այլև դրանցից շատերը եղել են պարզապես անհեթեթ։ Եվ այդուամենայնիվ, հայ ժողովուրդը, որ իր հայրենիքում հպատակ էր օտարին, այդ ծանր ու անհեթեթ հարկերը անմռունչ վճարել է բռնակալ պետությանը։ Դա վկայում են նաև Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցիչները։ Ահա թե ինչ է գրել 19-րդ դարի վերջին Վանում Ռուսաստանի փոխհյուպատոս Գ. Տերմենը (Г. И. Термен. «Отчет о полевой поездке 1907 в ..., Тифлис, 1909 г.») իր հաշվետվության մեջ. «Ապառքները հավաքվում են ոչ թե ըստ ընդունված օրենքի (չորս տարվա ապառքները պետք է հավաքվեին մեկ տարվա ընթացքում, մի քանի եղանակով), այլ պահանջում էին տասը տարվա ապառքները միանգամից։ Շատ գյուղերից պահանջում էին նույնիսկ այն ապառքները, որոնք մնացել էին 1896-ից առաջ` բոլորովին հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մարդիկ կոտորածների ժամանակ սնանկացել էին, տնտեսությունները` քայքայվել»։
Ռուս ազգագրագետ Պ. Ավերյանովն իր «Օսմանյան կայսրության ասիական տիրույթների ազգագրական և ռազմաքաղաքական վերլուծություն» (С. Пет., 1912) գրում է. «Վանի, Բիթլիսի (Բաղեշի), Դիարբեքիրի (Տիգրանակերտի) և Խարբերդի վիլայեթներում և Դերսիմի սանջակում հարկերը վճարում են քրիստոնյաները, գլխավորապես` հայերը։ Նրանք հարկերն ու տուրքերն ավելի շատ էին վճարում, քան մահմեդականները. օրինակ` մահմեդական ընտանիքից վերցվում էր 147 ղուրուշ (8 ռուբլի ռուս. արծաթով), իսկ քրիստոնյա ընտանիքից` 188 ղուրուշ (10 ռ. ռուս. արծաթով)»։
Նման փաստերը շատ են, առանձին հարկատեսակները թվարկելիս ընթերցողն ինքը կհամոզվի դրանում։ Այս փաստերը ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը ծանր ու քայքայող հարկահանության պայմաններում եղել է բարեխիղճ հարկատու։
Ծանոթ լինելով հայկական գաղթօջախների պատմությանը` կարող ենք հավաստել ու հաստատել, որ հայերն օտար երկրներում եղել են օրինապահ քաղաքացիներ ընդհանրապես և պարտաճանաչ հարկատուներ` մասնավորապես։ Հայ վաճառականները, որ դարեր շարունակ իրենց առևտրական գործունեությամբ կապում էին Արևելքն ու Արևմուտքը, առևտրական ճանապարհին ընկած բոլոր պետությունների կողմից հարգված են եղել և հովանավորվել են իրենց ազնվության, օրինապահության և մաքսատուրքից չխուսափելու համար։
Հնուց անտի Հայաստանը օրենքների երկիր են համարել մեր արևելյան և հարավային հարևան հնագույն ազգերը։ Նորագույն պատմագիտական հետազոտությունները բացահայտել են, որ դեռևս մ.թ.ա. 5-3-րդ դդ. հնագույն Արարատի թագավորությունում մշակվել են օրենքներ, որոնք կիրառվել են նաև հարևան երկրներում։ Ավելի ուշ ժամանակներում` միջնադարում, հայ իրավաբանական միտքը` ի դեմս տասներկուերորդ դարի փիլիսոփա, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի (1120-1213 թթ.)` «Դատաստանագիրք» օրենքների գրքի հեղինակի և տասներեքերորդ դարի մտածող-զորավար, Կիլիկիայի Հեթումյան արքայատոհմի ժառանգ (Հեթում թագավորի եղբայրը) Սմբատ Սպարապետի («Դատաստանագիրք»), անդրադառնում է օրենքների մշակմանը։ Հայոց օրենքների այս գրքերը նույնպես թարգմանաբար կիրառել են պետականություն ունեցող հարևան ժողովուրդները։ Փաստեր կան, որ երբ հայերը գաղթել են Լեհաստան, իրենց հետ տարած Գոշի «Դատաստանագիրքը» եղել է համայնքի ներսում վեճերը և իրավական խնդիրները լուծելու օրենսգիրք։ Լեհերը, տեսնելով հայ համայնքի ներսում հարթ ու անխռով լուծվող իրավական կնճիռները, հայերի շնորհիվ թարգմանում են այն լեհերեն, իսկ լեհերից հետագայում օգտվում են սլավոնական այլ ազգերը։
Պատմական այս անդրադարձն ապացուցում է, որ մենք` հայերս, ընդհանրապես կյանքն օրենքներով կարգավորելու ձգտում ենք ունեցել։ ՈՒրեմն ի՞նչն է պատճառը, որ դեռևս վաղնջական ժամանակներում օրենքները հարգող հայերս այսօր մեր երկրում չենք հարգում մեր երկրի օրենքները, և ուժեղ ու հեղինակավոր է համարվում այն մարդը, որն աներկյուղ շրջանցում և ոտնահարում է սեփական երկրի օրենքները։ Եթե փոքր-ինչ ձևափոխենք հայտնի ասացվածքը, այն կհնչի այսպես. «Ով չի վճարում իր պետության հարկերը, կվճարի ուրիշի պետության հարկերը»։
Կանոնավոր հարկահանությամբ է գոյանում պետության հիմնական հարստությունը. սա ապացուցելու կարիք չունի։ Հզորացնենք մեր պետությունը, որը նաև մեր հայրենիքն է։
Հիմա անդրադառնանք 19-րդ դարի և 20-րդի սկզբի թուրքական հարկերի բովանդակությանն ու հարկատեսակներին։
Թուրքական կայսրության դարավոր գոյության և հզորության աներկբա գրավականը եղել է նրա վարած նպատակասլաց հարկային քաղաքականությունը։ Թուրքական պետական հարկերի ու տուրքերի անվանումները գերազանցապես պարսկերեն և արաբերեն են։ Ինչո՞ւ։ Որովհետև քաղաքակրթության օրրանում հայտնված թուրք-սելջուկ վաչկատուն (քոչվոր) ցեղերը, որ մի քանի դարերի ընթացքում դարձել էին նստակյաց, պետականության դարավոր պատմություն չեն ունեցել, հարևան պարսիկ և արաբ ժողովուրդներից յուրացրել են նրանց` պետություն կառուցելու քաղաքական և առավելապես տնտեսական ավանդույթները։
Ահա այդ հարկերի մի մասը, որ դարերով վճարել է հայ ժողովուրդն իր հայրենիքում, բայց օտարի պետությանը.
Աղնամ ռեսմի - արաբ. - հարկ ոչխարի ու այծի համար։
Աշար - արաբ. - տասանորդ - գանձվում էր և՛ պետական, և՛ կալվածատիրական հողերի վրա աշխատող գյուղացիներից` բերքի 1/10-ի չափով։
Ավառիզ - արաբ. - արտակարգ հարկ, որ օսմանյան կառավարությունը հավաքում էր գյուղացիներից` հօգուտ պետական գանձարանի` պատերազմի կամ որևէ աղետի դեպքում։ Այդ հարկի գանձումը սկսվել է 15-րդ դարում պատերազմի առիթով, 16-րդ դ. վերջին ստանում է կանոնավոր բնույթ` տարեցտարի մեծանալով։ Վերացել է 19-րդ դարում` բարենորոգումներից` թանզիմաթից (արաբ.) հետո, բայց շուտով վերականգնվել է «իանե» անվանումով, որ արաբերեն նշանակում է օգնություն, նվեր։ Այն սկզբում ժամանակավոր է հայտարարվում, բայց նշանակվելուց հետո այլևս հարկը չէր վերացվում, մինչև հնարում էին հարկահանության մի նոր պատճառ։ Օրինակ` 1868 թ. սուլթանը պատրաստվում էր արտասահմանյան ուղևորության, իանեն նշանակվում է մեկ տարով, բայց չի վերացվում մինչև 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը, սա էլ շարունակվում է, և նոր իանե է սահմանվում 1896-ին հայկական ընդվզումները զսպելու նպատակով։
Բակաիե - արաբ. - մնացորդ, հարկերի ապառք։
Բահրա - պարսկ. - կալվածատիրական վարձակալություն, գյուղացին պետությանը կամ կալվածատիրոջը վճարում էր բերքի 1/10-ը։
Բեդել-ի ասկերի - արաբ. - հարկ, որ վճարում էին ոչ մահմեդականները` զինվորական ծառայության փոխարեն։ 1856 թ. սրան փոխարինում է նոր հարկատեսակ` խարաջը (արաբ.), ըստ որի` հարկը հավաքում էին 14-60 տարեկան տղամարդկանցից։ 1860-ականներին հարկը հավաքում են նաև նորածին և զառամյալ տղամարդկանցից, իսկ 1880-ական թվականներից` յուրաքանչյուր տղամարդուց ոչ թե 20, այլ 37 1/4 ղուրուշ (մոտ 4 ռ. ռուս. արծաթ.) 1909-ին երիտթուրքերը վերացնում են այս հարկը և քրիստոնյաներին թուրքերին հավասար իրավունքներով զորակոչում էին բանակ, իսկ ազատվել բանակից կարող էին 0,5 թուրքական ոսկու փոխարեն 30 ոսկի վճարելով։
Բելիֆիաթ - արաբ. - աշարի (տասանորդի) հավաքման ժամանակ գյուղացիներից հավաքվում էր անհրաժեշտ հարկից ավելին` պատճառաբանելով, թե տեղափոխման ժամանակ բերքը կարող է թափվել, և թռչունները կարող են ուտել և այլն։
Բեսլեմե - արաբ. - այն ծառայություններն էին, որոնք գյուղացին կատարում էր հօգուտ կալվածատիրոջ։
Բերդելի նյուազ - արաբ. - իջևանի կամ օթևանի տուրք։ Բանակը կամ զորամասը որևէ բնակավայրում իջևանելիս նրա ձիերի կերը և բանակի կարիքները հոգում էին տեղի բնակիչները։
Գայե աղա - քրդ. -աղայի եզը։ Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններում աղաներն ու բեյերն օգտվում էին գյուղերում առաջին գիշերվա իրավունքից։ Հայերն ընդդիմացել էին այդ հարկի դեմ (ի դեպ, միջնադարյան եվրոպական մի շարք երկրներում նույնպես գործել է այդ հարկը) և փոխարենը ընծա էին տանում եզ, կով, ոչխար կամ այլ ունեցվածք։ Սահմանված տուրքը չվճարելու դեպքում հարսին իրենց տնից կամ հարևան գյուղից թույլ չէին տալիս դուրս գալ։
Ռեսմ-ի աղնամ - արաբ. - հարկ ոչխարի համար։
Ռեսմ-ի արուսիյե - արաբ. - հարկ հարսնացուի համար։
Ռեսմ-ի ասիյաբ - արաբ. - հարկ ջրաղացի համար։
Ռեսմ-ի բեզիրխանե - արաբ.- պարսկ. - հարկ ձիթհանի համար։
Ռեսմ-ի բոստան - արաբ.-պարսկ. -հարկ բանջարանոցի համար։
Ռեմս-ի զիյախ - արաբ. - հարկ խոտի համար։
Ռեսմ-ի դուդ - արաբ. - հարկ ծխի համար։
Ռեսմ-ի կիսմետ-ի մեվվաթիս - արաբ. - հարկ ժառանգությունը բաժանելու համար։
Ռեսմ-ի կովան - արաբ. - հարկ փեթակների համար։
Ռեսմ-ի մյուջերրեդ - արաբ. - հարկ հոր հետ բնակվող չափահաս, աշխատունակ որդիներից։
Ռեսմ-ի նիկյախ - արաբ. - հարկ հարսանիքի համար։
Ռեսմ-ի սաման - արաբ. - հարկ ծղոտի համար։
Ռեսմ-ի թեքնե - արաբ. - հարկ տակառի համար` գինի պատրաստելու ժամանակ։ Գինի պատրաստում էին միայն քրիստոնյաները։
Ռեսմ-ի չիֆթ բոզան - արաբ. - հարկ գյուղացուց` իր հողն անմշակ թողնելու համար։
Ռեսմ-ի շախնեզի - արաբ. - հարկ գյուղում իջևանած պետական պաշտոնյայի կամ կալվածատիրոջ ձիերը կերակրելու համար։
Ռեսմ-ի լայլա - արաբ. - հարկ ամառային արոտավայրերից օգտվելու համար և այլն։
Ահա այսպիսի հարկեր կարող է պարտադրել օտարի պետությունը քեզ, որ ապրում ես քո հայրենիքում։
ՈՒրեմն, հզորացնենք ու պաշտպանենք մեր պետությունը, որը նաև մեր հայրենիքն է։
Մարի
ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ. -Օսմանյան Թուրքիայի վարած դաժան հարկային քաղաքականությունը համազոր է եղել ֆիզիկական բռնություններին։ Շատ քրիստոնյաներ` հայերը, հույները, ասորիները, քաղաքական, տնտեսական և ֆիզիկական բռնություններից ազատվելու համար լեզվափոխ և կրոնափոխ էին լինում։ Սա ևս ցեղասպանության դրսևորումներից մեկն է։ Այսօր Թուրքիայում ապրում են հարյուր հազարավոր թրքացած հայեր, ասորիներ և այլն։
Ցեղասպանությունը շարունակվում է։

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ