Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սև չորեքշաբթի

Սև չորեքշաբթի
17.07.2009 | 00:00

ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարը բազմապատկեց առանց այն էլ աշխարհի «զգայնության» կենտրոնում հայտնված մեր տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը: Ցավին ու ափսոսանքին, ինչպես միշտ, խառնվեցին հարցեր, որոնց պատասխանները, թերևս, երբեք էլ չհնչեն:
ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ

Օրն էլի չորեքշաբթի էր: Չորեքշաբթին` Փրկչի մատնության օրը, վաղուց (դեռ հոկտեմբերի 27-ից) հետապնդում է մեզ (Սոչիի ինքնաթիռի աղետի օրը նույնպես չորեքշաբթի էր):
Համ էլ` Պայծառակերպության-Վարդավառի շաբաթն էր. կիրակի Փրկիչը կայլակերպվի, ու կիմացվի նրա իրական-ոգեղեն արժեքը:
Աղետներն էլ նման հատկություն ունեն. բացում են իրական ու սին արժեքների հատակը, շրջում հասարակությունն ու երկիրը` դեպ ներս նայելու: ՈՒ հիմա, երբ երկրի ու երկնքի, հայրենիքի ու օտարության «միջև» գտնվող վթարի ենթարկված այդ բոլոր հոգիներն իրենց հիմնական-երկնային Տունն են «մեկնում», նրանց հետևից բարբառում ենք` աղոթք, խունկ, ողորմություն` Աստծո ձեռամբ: Իսկ ապրողներիս էլ` մխիթարություն և արժանապատվություն, մեղքերի թողություն։ Օրերը դժվարին են, մենք էլ` «ածու փոքր», և բանականությունը կորցնելը շատ հեշտ է դարձել:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼԻ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ»
Չքննենք` ինչպես եղավ աղետը, ինչը պատճառ դարձավ: Այդ մասին խոսվում է ու դեռ շատ կխոսվի: Անդրադառնանք օրինաչափություններին, որոնք «պրոյեկտվում են» նման դեպքերում:
Օրինաչափություն առաջին. անկախ նրանից, թե ինչ պատճառով եղավ վթարը, «շուրջը» եղող բոլորը փորձելու են դրանից կորզել առավելագույնը:
Տարածաշրջանում իրավիճակը, իսկապես, այնքան փխրուն, այնքան զգայուն է, որ ոչ ոք չի ցանկանում «մեռնել» ու ձեռքից բաց թողնել ավիավթարով «ստեղծված» իրավիճակը` դիվիդենդներ շահելու համար, մանավանդ որ այսօր տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը:
ՈՒ այս «խաղում» բոլորն են կողմ:
Եվ որքան էլ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՌԴ նախագահի օգնական Պրիխոդկոն պնդեն, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու այդ հանդիպման ընթացքում, միևնույն է`
ա) հանդիպումը սովորականներից չէ, որովհետև հակամարտող երկրների նախագահների առանձնազրույցից հետո նրանց է միանալու Դ. Մեդվեդևը, ինչը նշանակում է, որ «համանախագահող» Ռուսաստանը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել հարցի լուծման առաջնայնությունը: Էլ չենք ասում, որ այդ հանդիպմանը զուգահեռ Մոսկվայում տեղի է ունենալու երկու երկրների հոգևոր առաջնորդների` Գարեգին Բ-ի և Ա. Փաշազադեի հանդիպումը` համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ:
բ) Ռուսաստանն առանձնապես գոհ չէ Հայաստանից, որովհետև այս փուլում նրա ռազմավարական «նապարնիկը» բացառապես իրեն գազ նվիրաբերած Ադրբեջանն է, իսկ «այս» Հայաստանը որոշակի «ատամներ ցուցանեց» մայր Ռուսաստանին` հասկացնելով, որ ինքը ևս ընտրության իրավունք ունի, և այդ ընտրությունն ինչ-որ առումով կարող է կանգ առնել Արևմուտքի վրա:
Այո՛, Ռուսաստանը կրկին փորձում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը դարձնել բացառապես իր մենաշնորհը` հակառակ ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարության ու մադրիդյան սկզբունքների գաղտնազերծման:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանն իր «տակ պահել» «step by step» տարբերակով, և այս պահին փաստաթղթի ստորագրում «մայր» Ռուսաստանին առանձնապես պետք չէ, որովհետև 500 մլն խորանարդ մետր գազի, այն էլ` 350 դոլարով (ինչը նույնիսկ «Գազպրոմի» մակարդակ չէ), Մեդվեդևի մակարդակով կնքված պայմանագիրը հիմք չի կարող դառնալ համոզմունքի, որ Ղարաբաղը պետք է տալ Ադրբեջանին, որպեսզի վերջինս մեկընդմիշտ մոռանա Ալիևներին կաշառքի համար փուռը տված ԱՄՆ-ին ու չիջնի Ռուսաստանի գրկից. ղարաբաղյան «լոտից» Ռուսաստանը կքամի ամենավերջին մրուրն ու նոր կանցնի գործի (ինչո՞ւ չէ, դա կարող է ունենալ պատերազմի «տեսք»), եթե Ադրբեջանն իսկապես որոշի, որ մնում է Ռուսիո «նապարնիկը»:
Միևնույն ժամանակ Ռուսաստանն ամենևին չի ցանկանում, որ Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, սեփական խաղը խաղա ու խառնի իր հաշիվները: Անչափ հարգարժան Պրիխոդկոն, այո՛, ասում է, որ չի ստորագրվի «թուղթ»` միևնույն ժամանակ չմոռանալով, որ պետք է Ռուսիո ամենահաս և ամենուրեք մտնող ձեռքը երակի վրա պահել. «Այս ամենը միտված է տեսանելի ապագային»:
Իսկ «տեսանելի ապագայում» Ռուսաստանը, էլի մի քիչ թանկ, կփորձի ծախել Ղարաբաղն Ադրբեջանի վրա: Իսկ դրա համար պետք է Հայաստանի «գամերը մշտապես քաշած պահել»:
ՈՒ, ինչպես ասում են` «не было счастья, да несчастье помогло»: Տեղի ունեցավ ավիավթարը:
Այո՜, օրինաչափորեն երբ Հայաստանում բան է պատահում, Սերժ Սարգսյանը «պետք է վերադառնա»: Նույնիսկ եթե Հայաստանում է: Նախորդ օրը, ինքնաթիռի վթարի պատճառով, նա կիսատ թողեց Գյումրի կատարած այցն ու «վերադարձավ»: «Կվերադառնա՞» նա «այն ամենին», ինչ իրենից ակնկալում է մայր Ռուսաստանը, դժվար է ասել, բայց որ ինքնաթիռի վթարից հետո Սերժ Սարգսյանի դիրքերը համեմատաբար թույլ կլինեն մոսկովյան հանդիպման ընթացքում, կասկածել պետք չէ:
Հենց միայն հոգեբանական առումով: Առանձնապես հեշտ չէ երկու տարին մեկ անգամ «չգտնված» զոհերին թաղել ու կանգնել նրանց հարազատների կողքին, նայել նրանց ցավից «ճաքող» աչքերի մեջ ու գնալ բանակցելու «ռազմավարական» գործընկերոջ հետ:
Իսկ այս դեպքում միջուկային Ռուսաստանը, մի կողմ թողած իր սովետական արտադրանքը` «ՏՈՒ-154» ինքնաթիռը, միջուկային Իրանը, մի կողմ թողած իր ինքնաբավ տնտեսական ցուցանիշները, որ նույնիսկ շատ չեն սասանվել տնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում, շատ արագ, առանց ժամանակ կորցնելու, երկուստեք բարձրաձայնեցին, որ Սերժ Սարգսյանի «սիրեցյալ» ԱՄՆ-ն է ինքնաթիռի վթարի պատճառը, զի ԱՄՆ-ը սանկցիաներ է կիրառում Իրանի նկատմամբ, հնարավորություն չի տալիս եվրոպական ինքնաթիռներ, անհրաժեշտ սարքավորումներ գնել, ու Իրանը Ռուսաստանից գնում է «նման կարգի»` սովետական ինքնաթիռներ (մոռանալով ֆիքսել, որ նույն Իրանը նույն Ռուսաստանից «ԹՕՊ», ոչ սովետական անվանմամբ, տիպի հրթիռներ է գնում` արդեն հազար տարի), ինչի հետևանքով էլ տեղի են ունենում ողբերգական վթարներ: Ինչպես ասում են` «no comment»:
Հասկանալի չէ՞, որ շախմատից հասկացող Սերժ Սարգսյանի հետ իրականում` ներքաղաքական դաշտում պետք է խաղար Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը` հազար ու մի պատճառով. 1) ըստ Տեր-Պետրոսյանի` սեղանին առկա մադրիդյան սկզբունքներն ընդունելի են իրենց համար (առաջին նախագահի առաջին մամլո ասուլիս), 2) առկա կարգավորման տարբերակը շատ քիչ է տարբերվում 98-ի` Տեր-Պետրոսյանի պաշտպանած տարբերակից. երկիրը լուրջ վտանգի առաջ է կանգնած, և հարկավոր է օտարի ջրաղացին, ինչպես նրա ժամանակ` 98-ին եղավ, ջուր չլցնել և օգնել, անկախ նրանից` «царь - настоящий или нет», որովհետև, «ցարից»-Ղարաբաղից ավելի, ազգի, պետության ճակատագիրն է «սեղանի վրա»: Եվ վերջապես` 3) թեկուզ շա՜տ մեծ ուշացումով ու շա՜տ խուճուճ, Սերժ Սարգսյանն ընդառաջ քայլ կատարեց, համաներում հայտարարեց, ազատ արձակեց քաղբանտարկյալներին, որով էլ կարելի էր համարել, որ դրվել է «երկխոսության» սկիզբը:
Բայց` չէ: Ոնց երևում է` մեր արմատական ու ոնց դուրս է գալիս, լավ էլ ռուսասեր (Սերժ Սարգսյանից է՞լ) ընդդիմությունը դեժավյու է երազում` 98-ի պես, որպեսզի այս մի նախագահը նույնպես գայթի նույն քարի վրա, ինչի վրա իրենք գայթեցին:
Ցավալի է:
Բայց կար դաշնակցության ոսկե տարբերակը, որը լավագույնս խաղարկվեց` նալբանդյանական հրաժարականով հանդերձ: Սակայն` ավա՜ղ: Դաշնակցությունը հանդիպման նախօրյակին ոչ ևս համարեց իր` ի սփյուռս աշխարհի միտինգը Ղարաբաղի հարցով: Ինչը շատ ճիշտ էր, որովհետև այդ օրը սգո ու խոնարհումի, հիշատակի ու աղոթքի օր էր մեզանում:
Կարելի էր, չէ՞, պատկերացնել, թե ոտքի կանգնած ողջ աշխարհի հայերի այդ միտինգն ինչ ռեզոնանս ու սատարում կարող էր լինել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ հայկական կողմի համար ընդհանրապես:
ՈՒ որ ասում ենք` Սերժ Ազատիչը թուլացած կնստի բանակցային սեղանի շուրջ, հենց այնպես չենք ասում։ Իր թիկունքում նա վաղը չի ունենա դույզն-ինչ «поддержка»` ղարաբաղյան խնդրում իր գաղափարները կիսող ու չկիսող ազգայնական ուժերի տեսքով: Չի ունենա երկրի ներսում հակակշռող բալանս, որպեսզի հարկավոր դեպքում ասի` ո՛չ:
Այո՛, ոնց տեսնում եք, Ռուսաստանն այս մասին ևս «հոգացել» էր` թողնելով Հայաստանի նախագահին իր և Ադրբեջանի նախագահի հետ միայնակ։
Ի՜նչ կարող ես անել: Հայի բախտ է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ