Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՅՆ, ԻՆՉԸ ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ, ԶՈՐԵՂԱՑՆՈՒՄ Է»

«ԱՅՆ, ԻՆՉԸ ՄԵԶ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ, ԶՈՐԵՂԱՑՆՈՒՄ Է»
02.03.2012 | 00:00

Ռուսաստանը, ինչ էլ ասեն, ավանդապահ երկիր է։ Համենայն դեպս, «ազգային հարստություն» «Գազարդի» առնչությամբ։
ՈՒշադրություն դարձնենք. փաստորեն, ամեն տարի Մոսկվան նոր թափով է կռվի մեջ մտնում ՈՒկրաինայի կամ էլ Բելառուսի հետ` «գազի պատերազմի» մարտադաշտում։ Ռուսներն ամբողջ աշխարհի աչքի առջև, նախանձելի համառությամբ, ամենամյա ամանորյան շոու են սարքում գազի ու դրա տարանցման հարցի շուրջ։ Հիմա նորից կատաղի գոտեմարտ է ուկրաինական ուղղությամբ։ Ճիշտ է, այս անգամ, փառք Աստծո, առայժմ կարծես հաջողվում է «յոլա գնալ» առանց գազի անջատումների ու Եվրոպայի «սրթսրթոցի»։ Սակայն դա չի խանգարում, որ ճակատամարտերը, իրոք, լինեն անզիջում, իսկ մեղադրանքներն ու սպառնալիքները` ծայրաստիճան կոշտ։ ՈՒ թեև Եվրոպայում, որի համար ռուսական գազի մատակարարումները պակաս կարևոր չեն, իսկ 2009-ի ձմռան օրինակով որոշակիորեն ավելի կենսական են, քան ՈՒկրաինայի համար, առայժմ որդեգրել են ուկրաինական հայտնի ասացվածքը` «Վo ւՈՑՈ ր ՍՐՈ », միևնույն է, այնտեղ ամեն ինչ տեսնում են և, անշուշտ, անհրաժեշտ հետևություններ են անում։
Իսկ այս անգամ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ այն պայմաններում, երբ գազի համաշխարհային գներն այսօր ունեն նվազման կայուն միտում (այս մասին մենք քանիցս խոսել ենք), ՈՒկրաինան դեռ ամառվանից սկսել էր Ռուսաստանի հետ բանակցութուններ վարել գազի գնի իջեցման շուրջ։ Կիևը ներկա գինն անարդար է համարում, իսկ համաձայնագրերը` ստրկական։ Ինչպես հայտնի է, 2012-ի սկզբից այս երկրում շատերի համար, չգիտես ինչու, հազար խմ գազի գինը 416 դոլար է (առանց սևծովյան նավատորմի համար «խարկովյան զեղչերի»` 516 դոլար)։ Դա աշխարհի ամենաբարձր գինն է, ինչը, պարզվում է, նախատեսված է գազամատակարարման համաձայնագրով, որը 2009-ի ընտրությունների նախօրեին ստորագրել էր այն ժամանակվա վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն աշխատում էր այդ կերպ ստանալ Կրեմլի օժանդակությունը և հենց այդ պայմանավորվածության համար էլ դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ Սակայն, չնայած Կիևի բոլոր ակնկալիքներին ու ջանքերին, առայժմ չի հաջողվում փոխել ձևակերպումը կամ կնքել նոր պայմանագիր. Ռուսաստանը մերժում է ՈՒկրաինայի բոլոր առաջարկությունները։ Ակնհայտ է, որ ՈՒկրաինայի հետ գործող համաձայնագիրը, որի համաձայն դեպի Եվրոպա ռուսական գազի խոշորագույն «փոխադրողը» ամենաբարձր գինն է վճարում այդ նույն ապրանքի իր բաժնի համար, լիովին ձեռնտու է Ռուսաստանին։ «Գազարդը» բացահայտորեն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների գնալու, եթե երկկողմ բանակցությունների արդյունքում ՈՒկրաինայի գազամատակարարման համակարգը բելառուսական օրինակով լիովին անցնի իր վերահսկողության ներքո։ ՈՒկրաինական լրատվամիջոցներում տեղեկություն է երևացել, թե քննարկվում է երկու համատեղ ձեռնարկություն ստեղծելու տարբերակը, որոնցից մեկը վերահսկելու է հիմնական գազատարը, իսկ մյուսը` ներքին բաշխիչ ցանցերը։ Բացի այդ, թեև դա ուկրաինական իշխանությունները ժխտում են, Մոսկվան, իբր, առաջարկում է նվազեցնել գազի գինը` Մաքսային միությանը ՈՒկրաինայի միանալու դիմաց։ Ընդ որում, փորձագետների բոլոր այն հայտարարությունները, թե գործող իշխանությունը «կհանձնի» ուկրաինական խողովակաշարը, առայժմ չեն արդարացել։ Ավելին, ուկրաինացիներին անգամ հաջողվել է, կարծես, մի քիչ խլել նախաձեռնությունը ռուսներից` տեղեկատվական ոլորտում։ ՈՒկրաինան բարձրագոչ ու «ահարկու», ուստի և արդյունավետ (ռուսների կարծիքով) հայտարարություններից հետո տոկաց և անցել է հարձակման` ձգտելով թելադրել իր պայմանները։ Մասնավորապես, Կիևը հայտարարել է, որ մտադիր է պակասեցնել ռուսական գազի գնումների ծավալը` իջեցնելով 27 մլրդ խմ-ի և հունվարի սկզբից այն կրճատել է եռապատիկ, միաժամանակ ավելացնելով ստորգետնյա պահեստարանների գազի սպառումը։
Որոշվել է բոլոր ՋԷԿ-երում գազից անցնել քարածխի, ինչը հնարավորություն կտա տարեկան տնտեսելու մոտ 6 մլրդ խմ գազ (ՈՒկրաինան նախատեսում է ավելացնել քարածխի արդյունահանումը` հասցնելով տարեկան 84 մլն տոննայի), բրիտանացիների հետ իրականացնելու քարածխից գազի կորզման նախագիծը, ավելացնելու սեփական գազի արդյունահանումն ՈՒկրաինայում։ (Անցած դարի 70-ականների սկզբին գազի հանույթն ՈՒԽՍՀ-ում անցնում էր 70 մլրդ խմ-ից։ ՈՒկրաինան ոչ միայն ապահովում էր իրեն, այլև արտահանում էր, սակայն Արևմտյան Սիբիրի գազահանքերի շահագործումն սկսվելուց և դեպի Եվրոպա հզոր գազամուղների կառուցումից հետո որոշվեց, որ այստեղ հետագա կապիտալ ներդրումները ձեռնտու չեն)։ Բացի այդ, ուկրաինական իշխանություններն սկսել են խոսել բնական գազի մատակարարման նոր հնարավոր երթուղիների մասին, հաստատել են Ադրբեջանից վառելիքի գնման համաձայնագրի նախագիծը (Յանուկովիչը մտադիր է այն ստորագրել Դավոսի համաժողովում) և բանակցություններ են վարում Թուրքիայից ու Ռումինիայից մատակարարումներ իրականացնելու շուրջ։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, ինչպես ասել է ՈՒկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն, իրենք ունեն «լծակներ, որոնք թույլ են տալիս վստահորեն ասել, որ ոչ մի հետևանք մեր երկրի համար չի լինի», և հնարավորություն կա զիջումներ պոկելու գազի մենաշնորհատիրոջից։
Իսկ ի՞նչ արձագանք կա այս ամենի կապակցությամբ Ռուսաստանում, որն սկզբում շատ ինքնավստահ և անգամ հանդուգն էր դրսևորում իրեն։ Օրինակ, ինչ ասես արժեր Մեդվեդևի այն հայտարարությունը, թե սեփական գազը Եվրոպա արտահանելիս Ռուսաստանը կարող է յոլա գնալ նաև առանց ՈՒկրաինայի։ Հետաքրքիր է` այդ ինչպե՞ս։ Իհարկե, երկու գազամուղների` «Հարավային հոսքի» և «Հյուսիսային հոսքի» շահագործումից հետո (ընդհանուր տարողությունը` տարեկան 118 մլրդ խմ գազ) այդ մասին հնարավոր կլինի խոսել, բայց «Հյուսիսային հոսքի» երկրորդ երակի գործարկումը, որը դրա կարողությունը կհասցնի 55 մլրդ խմ-ի, ծրագրված է 2012-ի աշնանը, իսկ «Հարավային հոսքի» առաջին երակը հնարավոր է կառուցվի 2012-ի դեկտեմբերին։ Գազամուղը լրիվ կարողությամբ կգործի 2018-ին միայն։ Բայց «Գազարդի» ղեկավարն ավելի հեռուն է գնացել և հանդես եկել կոշտ հայտարարությամբ, թե ուկրաինական խողովակները կարելի է թանգարան հանձնել, «եթե Կիևն այդքան գնահատում է դրանք»։ Եվ ինչպես միշտ, ռուսներն սկսեցին ջանադրորեն «վախեցնել» ՈՒկրաինային, իհարկե, հույսները դնելով բնակչության հուզական արձագանքի վրա։ Մարտի մեջ մտավ «ծանր հրետանին»` ի դեմս ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Օնիշչենկոյի, որն առանց այլևայլության սկսել է սպառնալ հերթական «առևտրական պատերազմով» և ասել, թե «ՈՒկրաինայից ներմուծվող պանրի սպառողական հատկանիշները զգալիորեն վատացել են»։ «Զորակոչվեցին» տարբեր քաղգործիչներ ու փորձագետներ, որոնք միաբերան սկսեցին «ապացուցել», որ եթե Կիևը մտադիր է նվազեցնել գազի սպառումը, ապա «խելքի մոտ բան չէ», որ ՈՒկրաինան «ջանում է Ռուսաստանին մատուցել «գազային բլեֆի» երկրորդ սերիան և այդպիսով հասնել գազի գների նոր զեղչումների», ավելին, նա դրանով բաց է թողնում թանկ ժամանակը և խիստ թուլացնում իր բանակցային դիրքերը։ Իսկ, ընդհանուր առմամբ, ռուսական գազի տեղը գրավելու համար կպահանջվի հսկայական քանակությամբ ածուխ, և հազիվ թե ուկրաինական ածխարդյունաբերությունը կարողանա այդքան կտրուկ ավելացնել հանույթը։ Բացի այդ, որոշ ջերմաէլեկտրակայաններ տեխնոլոգիապես ուղղակի անհնար է փոխարկել ածխի, դա շատ թանկ կարժենա ու կհանգեցնի բնապահպանական աղետի։ Ռուս փորձագետները, փաստերը վերլուծելիս, հանգել են այն հետևության, որ 2012-ին «Կիևը ոչ մի կերպ չի կարող հասնել այն բանին, որ ՈՒկրաինան ունենա բնական գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Բացի այդ, նրանց կարծիքով, «սին են նաև ՈՒկրաինայում թերթաքարային գազի արդյունահանման հիանալի հեռանկարի մասին խոսակցությունները»։ Այսպես, «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է. «Լեհ փորձագետները, ովքեր երկար ժամանակ ուսումնասիրել են Լեհաստանում և ՈՒկրաինայում թերթաքարային գազի արդյունահանման հեռանկարները, հանգել են այն հետևության, որ Եվրոպայի պայմաններում գազի արդյունահանման այդ եղանակն անհեռանկար է»։ Սակայն այդ պնդումն առնվազն տարօրինակ է, քանի որ բառացիորեն օրերս աշխարհի, այդ թվում` ռուսական, խոշոր լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լեհաստանն ակնկալում է պետական ընկերությունների ակտիվ մասնակցությունը թերթաքարային գազի հանքավայրերի շահագործման հարցում, իսկ գազի արդյունահանումը Վարշավան հույս ունի սկսելու 2014-ին։ Բացի այդ, պարզվում է, լեհական իշխանությունները թերթաքարային գազի արդյունահանման հարյուրից ավելի արտոնագիր են տրամադրել ընկերություններին, այդ թվում` այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Chevron»-ը և «Exxon Mobil»-ը, իսկ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության պետական վարչության գնահատմամբ, Լեհաստանը կարող է ունենալ թերթաքարային գազի խոշորագույն պաշարները Եվրոպայում` մոտ 5,3 տրիլիոն խմ։ Հաղորդվում է նաև, որ Վարշավան շեշտը թերթաքարային գազի վրա է դնում` հուսալով նվազեցնել վառելիքային կախումը Ռուսաստանից, որ լեհերը, գերմանացիների հետ մեկտեղ, դատական գործընթացի մեջ են ընդդեմ «Գազարդի», պահանջելով իջեցնել գազի գները և վերացնել երկարաժամկետ պայմանագրերի պայմանները։ Սակայն «Գազարդը» պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել երկարաժամկետ պայմանագրերը` «նավթային» ձևակերպմամբ (գազի գնի շաղկապումը նավթի գնի հետ), և մեծ տհաճությամբ է զիջումներ անում։
Բայց վերադառնանք ուկրաինական խնդիրներին։ Գազամատակարարման պայմանագրերի սրբագրման ճանապարհին ՈՒկրաինայի մի շարք գործնական քայլեր, կարծես, անհանգստություն են պատճառում Մոսկվային։ Անսպասելիորեն բավական մեղմ հնչեցին ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքերը, որ «չարժե դրամատիզացնել իրավիճակը», «որքան սերտ են հարաբերությունները, այնքան շատ կոնկրետ, առանձնահատուկ թեմաներ են առաջանում», և պետք է մնալ իրավական դաշտում։ Շատ ավելի կոնկրետ խոսեց նաև Միլլերը, հայտարարելով, թե ռուսական կողմն ՈՒկրաինայի հետ գազամատակարարումների բանակցություններում կգործի «քաղաքակիրթ ձևով»։
Թե ինչո՞վ այս ամենը կավարտվի, և արդյո՞ք այս «գազային պատերազմը» վերջինը կդառնա երկու երկրների պատմության մեջ, առայժմ վաղ է կանխատեսել։ Բայց արդյո՞ք Մոսկվան առհասարակ կդադարեցնի «մկանների խաղը» և` ոչ միայն ՈՒկրաինայի առնչությամբ։ Միարժեքորեն կարելի է հայտարարել` իհա՛րկե ոչ։ Պուտինի մեծապետական գաղափարները ոչ մի հույս չեն թողնում, թե Կրեմլն ապագայում կհրաժարվի «եղբայրական գրկում» բոլորին` ուզողին էլ, չուզողին էլ, խեղդելու և նրանց «կամավոր-հարկադրաբար» իր սևեռուն գաղափարի` երևութական «եվրասիականության» ոլորտ քարշ տալու փորձերից։ Սակայն մնում է մեկ անգամ ևս ավելացնել, որ կայսրությունները միշտ թանկ են նստում մայր երկրի վրա։ Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, ապա լավատեսությունն այնտեղ, որքան էլ տարօրինակ լինի, միայն ավելացել է, նույնիսկ սկսել են գրել, թե երկիրը կանգնած է որակապես նոր ազգային գաղափարի ձևավորման շեմին, որն ընդունակ կլինի իր շուրջը համախմբելու բոլոր ուկրաինացիներին։ Չէ՞ որ ազգերն առնականանում են միայն ընդհանուր թշնամիների և ընդհանուր դժվարությունների դեմ մղվող պայքարում և, ինչպես ասում են, «այն, ինչը մեզ չի կարողանում սպանել, զորեղացնում է»։ Եվ հիմա այս երկրում կռիվ է ընթանում հանուն կրակի, հանուն էներգապաշարների ու, պարզապես, հանուն անկախության։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ