ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԱՐԱ՛, ԴԵ ՀԵՐԻ՛Ք Ա ԽՈՍԱՔ, ԱՄՈ՛Թ Ա, ԷԼԻ՜»

«ԱՐԱ՛, ԴԵ ՀԵՐԻ՛Ք Ա ԽՈՍԱՔ, ԱՄՈ՛Թ Ա, ԷԼԻ՜»
19.03.2010 | 00:00

«ԹԱՓԹՓՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»
Կարդալով սույն հրապարակման խորագիրն ու վերնագիրը, ընթերցողները, ամենայն հավանականությամբ, Հովիկ Աբրահամյանի հանգով կբացականչեն` «Ա՛յ քեզ բա՜ն»։ Հավատացե՛ք, իզո՜ւր։ Երկրի բարձրագույն ամբիոնից դահլիճ շպրտված այս «գոհարները» ո՛չ մեր բառերն են, ո՛չ էլ մեր ուղեղի արգասիքը։ Դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի (իմա` խորհրդարանի) խոսնակի ԱԺ այս քառօրյայում «շաղ տված մարգարիտներից» են (իհարկե, դրանց մի չնչին մասը միայն), որոնք արտահայտչամիջոցային իրենց «գերող գունագեղությամբ» լայնորեն տեղ գտան ՀՀ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում` անշեղորեն բացահայտելով հայոց խոսնակի «հյութեղ և հարուստ» լեզվի խորխորատները, իհարկե, նաև փաստելով բանավոր «կոլորիտային» խոսքին տիրապետելու նրա անվիճելի հմտությունը։ Տեղին է մտաբերել. մեր խոսնակն իր նախագահության ընթացքում ընդամենը երկու անգամ է խոսել առանց գրավոր տեքստի (իմա` բանավոր) ո՞ւ... Մի անգամ խոստովանել է, թե` «շատ խելք պետք չի քաղաքական գործիչ դառնալու համար», իսկ մյուս անգամ փաստել` «ես էլ եմ արդեն սկսել օրենքները կարդալ»։ (Չէ՛, ոչինչ չենք ուզում ասել, ուղղակի արձանագրում ենք իրողությունը)։
Զարմանալին, թերևս, միայն այն է, որ դահլիճում (լրագրողներից զատ, ներկա էին և ավագ դպրոցների, ինչպես մեր հեքիաթներում են ասում` «շարմաղ երեսներով» մի խումբ բարձրդասարանցիներ, բացենք փակագծերը` վաղվա ընտրողներ` իմա` 2012-ի խորհրդարանական, էլ չենք ասում 2013-ի նախագահական ընտրությունների մասնակիցներ, հենց այսօր արդեն ընտրող ուսուցիչների գլխավորությամբ։ Բա կարծում էիք Հովհաննես Արգամիչը միամի՞տ է, որ «խամ» գործ բռնի) նստած «արա»-ներից և ո՛չ մեկը համարձակություն չունեցավ առարկելու պարոն խոսնակի` «Արա՛, դե հերի՛ք ա խոսաք, ամո՛թ ա, էլի՜» դիտողությանը։
-Եվ դո՛ւ, Արգամի՛չ, ազգընտիրներիս հետ «արա»-ո՞վ ես խոսում...
Բայց «արա»-ները ո՞նց նման բան ասեին, եթե երկրի երկրորդ դեմքն առիթը բաց չթողեց ու խորհրդարանի բարձր ամբիոնից, ինչպես ժողովուրդը կասեր` «հաթաթա» տվեց, թե... Չէ՛, ավելի լավ է հենց ի՛ր` Հովիկ Աբրահամյանի ուղիղ խոսքը վկայակոչենք` «ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով»։ Ճշտի ու սխալի քննարկումը (լեզվաբանության տեսանկյունից, իհարկե) թողնենք մեր մեծերին, զորօրինակ, Հովհաննես Բարսեղյանին ու մյուս լեզվաբաններին, իսկ ԱԺ խոսնակին միայն հարցնենք` պարոն Աբրահամյան, Դուք Ձեզ, ի՛նչ է, արդեն ՀՀ նախագա՞հ եք կարծում, որ այդպես ազատ ու անկաշկանդ (առանց բարդույթների) կռիվ եք տալիս երկրի վարչապետի (չէ՛, կներեք` նրա ստվերի) հետ։ Բա Դուք, էդքան «դիպլոմատ» անձնավորություն լինելով հանդերձ, չգիտե՞ք, որ իրավունք չունեք կառավարության անդամին, առավել ևս վարչապետին, դիտողություն անելու։ Ձեր բանավոր ելույթներից մեկում, ինչպես արդեն ասացինք, խոստովանել էիք, թե «ես էլ եմ արդեն սկսել օրենքներ կարդալ»։ Մենք էլ ուզում ենք հարցնել` հերթը երկրի գլխավոր օրենքին` Սահմանադրությանը, դեռևս չի՞ հասել, ուր սևով սպիտակի վրա արձանագրված է, թե ԱԺ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ (Ձեզ օգնելու նպատակով միանգամից վկայակոչենք թիվ 62 հոդվածը), այսինքն` որևէ այլ օրենքով ԱԺ-ն իրեն լիազորություններ վերագրելու իրավունք չունի։ Նաև` ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱԺ նախագահը որևէ մեկին (այդ թվում և` վարչապետին) հանձնարարություններ տալու, առավել ևս «լուրջ խոսակցություն ունենալու» («էդ», ինչպես սպառնում եք Դուք, թե որևէ ա՛յլ թեմայով) լիազորություններ չունի։
Իսկ ՀՀ Սահմանադրության 81 հոդվածում (Ձեր ընթերցանության ընթացքում, թերևս, սրա հերթն էլ դեռ չի հասել) պարզ ու հասկանալի լեզվով շարադրված է, թե ինչ ֆունկցիաներ ունի ԱԺ-ն։ Իսկ Սահմանադրության 62-ից մինչև 84-րդ հոդվածը ներառյալ մեկնաբանվում են ԱԺ իրավունքները։
Սահմանադրությունը, պարոն Աբրահամյան, փաստում է, որ ԱԺ-ն ո՛չ հիմնարկ ձեռնարկություն է, ո՛չ էլ ՍՊԸ, զորօրինակ, ասենք, արտաշատյան գինու կոմբինատ, որ կարողանաք հանձնարարություններ տալ ում ասեք։ Անկախ խորհրդարանում նստած տեղից (դահլիճո՞ւմ, թե՞ ամբիոնում), ԱԺ պատգամավորն ունի մեկ ձայն, հիշե՛ք, պարոն Աբրահամյան, ընդամենը մեկ ձայն (կո՜-ճա՜կ)։
Այսօր, երբ շատերը բռնված են «ամուր ձեռքի» (չշփոթել Գուստավ Էմարի` պատանիների այնքաիրած «Ամուր ձեռքի» հետ։ Թերևս, անտեղի է մեր մտահոգությունը` չեն շփոթի, որովհետև, ինչպես ազնվորեն խոստովանում են, «պոտենցիալ» շփոթողները կամ «սկի» գիրք չեն կարդում, կամ էլ... Արդեն ասացինք` նոր-նոր են սկսել ընթերցանությունը, այն էլ` միանգամից օրենքներից) հյուծիչ փնտրտուք-տենդով, մեր խոսնակը, հավանաբար, ձգտում է ցուցադրել, թե այդ «ամուր ձեռքը» հենց ի՛նքն է, որ կա, այլապես ուրիշ ի՞նչ մեկնաբանություն տալ նրա` հայտնի ֆիլմի հայտնի «պերսոնաժի» նմանությամբ կառուցված հոխորտանքին. «Когда придет... время, свое мужское слово я скажу»։
Ըստ էության, իր ազդեցության գոտում հայտնված (իհարկե «до поры, до времени», քանի որ հիշենք` հավերժական շահերից բացի, ուրիշ ոչինչ չկա, և ինչպես Ժողովողն է ասել` «ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է») լրատվամիջոցներում վարչապետի նկատմամբ ձախողված «վրաերթից» հետո մեր խոսնակն ԱԺ ամբիոնն է դարձնում «ստարտի հրապարակ» նոր «վրաերթի» համար։ Երկրի վարչապետն ինչո՞վ չի համապատասխանում պարոն խոսնակի «բարձրաշխարհիկ» քիմքին, դժվար է ասել։
Պարոն Աբրահամյան, «один умный вещь скажу, только ты (ի՞նչ կպատահի, որ մեկ անգամ էլ մենք խոսնակին դիմենք «դու»-ով) не обижайся»։ Անկախ թերություններից, ունեցած կամ չունեցած մեղքերից (ինչպես ասված է` առաջինը թող քար գցի նա, ով անմեղ է), հավատացեք. մեր երկրի վարչապետը տեղը տեղին կրթություն ստացած և ինտելեկտուալ անձնավորություն է։ Ինչո՞ւ մոռանալ, որ ոչ վաղ անցյալում, երբ ոմանք օպերայի բակում ծաղիկ վաճառելով կամ սրա-նրա վրա, իրենց լեքսիկոնով ասած` «автозапчасть» «սաղացնելով» էին փորձում հմտանալ բիզնեսի «այբ ու բեն»-ի մեջ, Տիգրան Սարգսյանը տնտեսագիտության բարձրագույն «այբ ու բեն»-ը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից մեկում էր ուսումնասիրում։
Որպեսզի մեզ չմեղադրեն միտումնավորության, այն է` ընթերցողին համատեքստից պոկված մեկ նախադասություն հրամցնելու և այդ «հատիկի» վրա նյութ կառուցելու մեջ, ներկայացնենք Արգամիչի արտահայտած միտքն ամբողջությամբ։ Մինչ այդ հստակեցնելով, իհարկե, որ այս քառօրյայում ԱԺ-ն քննարկում էր «Ավտոմոբիլային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, և դահլիճում չէր հիմնական զեկուցողը։ Ինչն էլ հունից հանեց «նրբազգաց» խոսնակին ու նա պոռթկաց.
-Ահարո՛ն, միգուցե դո՞ւ պարզաբանում տաս (ասել ենք, մի անգամ էլ փաստենք. մեր այս բարձրաստիճան պաշտոնյան բոլորի հետ «դու»-ով խոսելու շատ «գեշ խասիաթ» ունի)` ո՞ւր ա էդ Վաչե Գաբրիելյանը։ Ի՞նչ ա նշանակում` գործուղման մեջ է։ Կարա՞նք մենք էլ փակենք, հիմա գնանք գործուղման։ Միգուցե վարչապետը որոշում կայացներ և մի այլ մարդու ուղարկեր, եթե էդքան կարևոր էր տվյալ հիմնական զեկուցողի գործուղում մեկնելը, եթե երկրի համար ճակատագրական նշանակություն ունենար իր չգնալը։ Միգուցե որոշեր, որ մարդ չգնար, նստեր, այս հարցը լուծեր, պատասխաներ։ Հիմա էդ արհամարհական վերաբերմունքը, իմ կարծիքով, շատ անտեղի և անհիմն է, և ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով։ Եվ ընդհանրապես ես հանձնաժողովների նախագահներին էլ հորդորում եմ, որ իրենց ու ԱԺ արժանապատվությունը բարձր պահեն։ Դա մենակ իրենց արժանապատվությունը չէ, նաև իմն է և յուրաքանչյուր պատգամավորինը։ Եվ էդ թափթփուկ վերաբերմունքին պետք է վերջ տրվի՞, թե՞ չէ։ Ա՛յ քեզ բա՜ն...
Դուք բան հասկացա՞ք ասվածից։ Չէ՞... Եթե անկեղծ` մենք էլ։ Խոստովանենք, շա՜տ «թափթփուկ» ու խճողված էր Հովհաննես Արգամիչի խոսքը։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ