ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԿԱՄ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ «ՄՈԴԵԼԻ» ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ Է ԱՆՑԵԼ

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԿԱՄ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ «ՄՈԴԵԼԻ» ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ Է ԱՆՑԵԼ
17.02.2012 | 00:00

ՆԱՏՕ-ի հեռանկարների վերաբերյալ հրապարակային և ոչ հրապարակային բանավեճերում առաջացել է մի բավականին տարօրինակ իրավիճակ` կապված երկու հանգամանքի հետ։
Նախ Ֆրանսիան, որը երկար ժամանակ անդրատլանտյան հարաբերությունների ոլորտում ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել ամերիկյան քաղաքականության նկատմամբ, Սարկոզիի շուրթերով հայտարարեց, թե ինքը հավակնում է ավելի կարևոր դեր ստանձնելու ՆԱՏՕ-ում, ավելին, փորձում է Գերմանիայի հետևողական աջակցությամբ արագորեն եվրոպականացնել հյուսիսատլանտյան դաշինքը։ Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ պետությունների փորձերը կազմավորելու եվրոպական զինված ուժեր, այսինքն` արագ արձագանքման կորպուս, փաստորեն, զուր էին, և աշխարհամասի եվրոպացիներն սկսեցին ՆԱՏՕ-ն ավելի ակտիվորեն «փրկել» վերջնական փլուզումից, հասկանալով, որ ավելի լավ է գլխավորել դաշինքը` որպես անվտանգության լայնընդգրկուն համակարգ, քան ստեղծել նոր, շատ եվրոպացիների համար անհասկանալի զինված ուժեր` կախված հենց ՆԱՏՕ-ի որոշումներից։ Երկրորդ` ՆԱՏՕ-ի եվրոպական մայրցամաքի գլխավոր անդամները, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ, սկսել են համաձայնել ՆԱՏՕ-ի կազմը, առաքելությունը, գործառությունն ընդլայնելու անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի կարծիքին։ Այս իրավիճակն օբյեկտիվորեն ու նպատակասլաց հանգեցնում է այն բանի ձևավորմանը, ինչը ոչ հրապարակային քաղաքականության մեջ կոչվում է դավադրություն։ Ֆրանսիայի և Գերմանիայի շատ հակասությունների և Ռուսաստանին իր իրավական ու քաղաքական թերությունները մատնանշելու Ֆրանսիայի ու Գերմանիայի շարունակվող փորձերի կողքին այդ երեք առաջատար եվրոպական պետությունները, անշուշտ, ունեն ՆԱՏՕ-ի ընդլայնման և գործունեության հետ կապված ընդհանուր շահեր։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Ժառանգություն» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար հետազոտող Ջոն Հալսմանի կարծիքը։ Փորձագետն ուշագրավ է համարում այն, որ Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցներ չեն, որոշ իրադարձություններից, մասնավորապես եվրոպական սահմանադրության ընդունման գործի ձախողումից հետո, սկսել են այլ դիրք գրավել` առանց այդ գործընթացին դիմադրելու։ Այդ հանգամանքը թույլ է տալիս պնդելու, որ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև Եվրոպայի մանր երկրները, կցանկանային, որ ՆԱՏՕ-ի կազմի և դաշինքի պատասխանատվության գոտու ընդլայնման գործընթացը հանգեցներ նրա թուլացմանն ու սասանմանը։ Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է ՆԱՏՕ-ի «կրկնակ», հիանալի հասկանալով, որ Արևմտյան Եվրոպան չի ձգտում աջակցել ամերիկյան քաղաքականությանը և աշխատում է ՆԱՏՕ-ի փլատակների վրա ստեղծել ռազմաքաղաքական մի նոր կազմակերպություն, ինչի հետևանքով ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան ու Գերմանիան կհայտնվեն մեկուսացման մեջ։ Դա շատ վտանգավոր ռազմավարություն է և սպառնում է լիովին կազմալուծել դաշինքը։
Ջ. Հոլսմանին համակարծիք է ֆրանսիացի քաղաքագետ Ջերալդ Չալյանը, համարելով, որ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի ընդլայնման գլխավոր նպատակը Եվրոպայի պառակտումն է, Եվրոպայի համախմբում, առանց ԱՄՆ-ի, թույլ չտալը։ «Ժառանգություն» հիմնադրամի մեկ այլ փորձագետի` Արևելյան Եվրոպայի խնդիրների մասնագետ Արիել Քոենի կարծիքով, ՈՒկրաինայի ու Վրաստանի ընդունումը ՆԱՏՕ կարող է ձգձգվել և ուժեղ առճակատման հանգեցնել։ «Նոր Ամերիկա» հիմնադրամի (Վաշինգտոն) փորձագետները չեն բացառում ՈՒկրաինայի տրոհումը, բայց, նրանց կարծիքով, Վաշինգտոնում շատ չեն այն փորձագետներն ու քաղգործիչները, որոնք գիտակցում են նման սպառնալիքի իրական վտանգը։ Ամերիկացիները վտանգավոր խաղ են սկսել և ոչ բոլոր սպառնալիքներն են հաշվի առել, ինչպես հաճախ է լինում։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան փորձագետները որոշակիորեն շփոթված են, չհասկանալով, թե ստեղծված իրավիճակում ինչ լուծումներ ու նախագծեր պետք է առաջարկեն ՈՒկրաինայի վերաբերյալ։ Որոշ փորձագետներ ընդունում են, որ ԱՄՆ-ը առաջարկություններ չունի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման կամ չընդլայնման վերաբերյալ։
Նիքսոնի անվան կենտրոնի (Վաշինգտոն) տնօրեն Դմիտրի Սայմսի, ինչպես նաև նույն կենտրոնի Եվրասիայի ծրագրի ղեկավար Փոլ Սանդերսի կարծիքով, ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, որպես ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության գաղափարի գլխավոր ջատագով, արդեն ավարտել է դաշինքի գծով գործընկերների հետ այդ հարցի քննարկման մի քանի կարևոր փուլ և ապահովել դաշինքի, ըստ էության, բոլոր անդամների կողմից այդ որոշման պաշտպանությունը։ Նրանց կարծիքով, Ֆրանսիան, Գերմանիան ու Բելգիան, սկզբունքորեն համաձայն լինելով այդ որոշմանը, այնուամենայնիվ, նախընտրում են հատուկ կարծիք ունենալ և հարց են առաջադրում, թե ՈՒկրաինան և Վրաստանը որքան են համապատասխանում ՆԱՏՕ-ում ընդունված պահանջներին։ Ֆրանսիայի ու Գերմանիայի այդ դիրքորոշումը կապված է ոչ այնքան Ռուսաստանի հանդեպ նրանց հետաքրքրության, որքան Եվրոպայի արևելքում նոր անդամների հաշվին ՆԱՏՕ-ն վերածնելու ԱՄՆ-ի ձգտմանը հակադրվելու փորձերի հետ։ Նիքսոնի անվան կենտրոնի փորձագետներն առավել իրատեսական են պատկերացնում այն խնդիրները, որոնց հետ շաղկապված է ՆԱՏՕ-ի ընդլայնման դոկտրինը, ինչն առնչություն ունի նաև բազմաթիվ հարակից խնդիրների հետ, այդ թվում` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, ընդ որում, ոչ միայն ազգային-քաղաքական, այլև սոցիալ-քաղաքական խնդիրների, որոնք արտահայտվել են ԱՊՀ երկրների մի շարք երկրների հեղափոխություններում։ Ամերիկյան այնպիսի առաջատար վերլուծական հիմնարկներում, ինչպիսիք են «Ժառանգություն» հիմնադրամը, «Նիքսոնի անվան կենտրոնը», Հուդսոնի անվան ինստիտուտը, «Կառնեգին», «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը», «Պաշտպանական տեղեկությունների կենտրոնը», ավելի քան լրջորեն են ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի առնչությամբ ՈՒկրաինայում եղած բողոքի տրամադրությունները։ Միայն այնպիսի փորձառու սովետագետներ, ինչպիսիք են Վլադիմիր Սոկորը կամ Գլեն Հովարդը, հասկանալով ՈՒկրաինայում և Վրաստանում տիրող իրավիճակի լրջությունը, այդուամենայնիվ, անտեսում են նման տրամադրություններն ու լուրջ խոչընդոտներ չեն տեսնում ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության հարցում։
Այսպիսով, Ռուսաստանը, որպես ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ու Վրաստանի հնարավոր անդամակցության հետևանք, կանգնած է աշխարհաքաղաքական մեկուսացման լուրջ վտանգի առաջ։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այդ առթիվ արդեն որոշակի որոշում են ընդունել։ Կան որոշ դժվարություններ, բայց որոշումը կընդունվի բացառապես քաղաքական հիմքի վար։ Տվյալ իրավիճակում Ռուսաստանի համար այդ աշխարհաքաղաքական աղետը կանխելու երկու լուրջ եղանակ է մնում. նախաձեռնել տևական պետական ճգնաժամ, ինչը կարող է հանգեցնել ՈՒկրաինայի պետական-տարածքային տրոհման կամ ՈՒկրաինայում ռուս-ուկրաինական համատեղ պետության ստեղծման և ապա` Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ջանքերի խափանման շուրջ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Ֆրանսիայի և Գերմանիայի, թերևս նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ այլ պետությունների հետ։
Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքականության նկատելի շարժը դեպի աջ չհանգեցրեց Եվրոպական ընկերակցությանը և ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ներմիավորմանը, այլ ավելի բարդացրեց խնդիրը։ Իհարկե, Ռուսաստանի և երկու առաջատար եվրոպական պետությունների` Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված ինչ-որ շփումներ կան, ընդ որում, Ռուսաստանը փորձում է քարոզչության ոլորտում պնդել, թե եվրոպացիների դիրքորոշումը լիովին բխում է իր հանդեպ նրանց ունեցած պարտավորություններից։ Սակայն Ֆրանսիան ու Գերմանիան, ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ երկխոսություններում շարունակելով վկայակոչել Ռուսաստանի կոչերը, ջանում են Մոսկվային ցույց տալ, որ նրա հետ հարաբերություններն ամենակարևորը չեն ՆԱՏՕ-ի ընդլայնման առթիվ իրենց դիրքի ձևավորման գործում։ Բայց սրանք ոչ այնքան դյուրին դիվանագիտական վարժություններ են։ Պուտինին թույլ տրվեց հաճույք ստանալ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովում ոչ այնքան սպասելի հաղթարշավից, բայց Մոսկվայում լիովին հասկացան եվրոպացիների այդ դիրքորոշման էությունը։ Ինչ-որ չափով Ռուսաստանը հայտնվեց եվրոպական ավելի կարևոր խաղում, քան ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված երկխոսությունում նրա ունեցած դերն է։ Փաստորեն, Ռուսաստանը հրավիրված էր բարձրաշխարհիկ քաղաքական խաղերի, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի ու եվրոպական մեծ «դաշնազույգի»` Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև, ընդ որում, դա այն ժամանակ էր, երբ այդ երկու տերությունների և Ռուսաստանի փոխհարաբերություններն արդեն այն չէին, ինչ հեռու անցյալում, իսկ ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերությունները նոր լիցք էին ստանում։
Բացի այդ ուղղություններից, հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի սևծովյան նավատորմի, ինչպես նաև ռազմածովային բազաների ու ծովային ավիացիայի ուժեղացումը, այսինքն, Սև ծովում Ռուսաստանի զորեղ ռազմածովային զորախմբի ստեղծումը։ Արևելյան Եվրոպայի և ՈՒկրաինայի խնդիրների կապակցությամբ ԱՄՆ-ի նպատակներից մեկն էլ Սև ծովի ավազանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նոր հնարավորությունների հաստատումն է։ Առանց այդ խնդրի լուծման ԱՄՆ-ի բոլոր ծրագրերն ու ջանքերը զուր կլինեն։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների արմատական վատթարացումից հետո Եվրոպայում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Սև ծովի նշանակությունը շատ է մեծացել, քանի որ Թուրքիայի հետ լարվածության ծագումից հետո, այսպես կոչված, «եվրասիական միջանցքը», իրոք, մի բավականին նեղլիկ անցուղի է դարձել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնք ավելի լուրջ համագործակցության ձգտումներ են հանդես բերում։ ՈՒստի Սև ծովը նոր դեր է ձեռք բերել ԱՄՆ-ի ռազմավարության մեջ։ Հասկանալի իմաստով, Սև ծովի ավազանն ԱՄՆ-ի համար շատ ավելի կարևոր է, քան ՈՒկրաինան, բայց առանց վերջինիս անհնար է գերիշխել այդ ավազանում։ Թուրքիան երկյուղներ ունի այն կապակցությամբ, որ Սև ծովում ՈՒկրաինայի, ինչպես նաև Ռումինիայի ու Բուլղարիայի նշանակության մեծացումը կհանգեցնի տարածաշրջանում իր դերի փոքրացմանը։ Իրական հնարավորություն է առաջանում սրելու լարվածությունը Սև ծովի ավազանում` Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, որոնք կգործեն փոխհամաձայնեցված։ Օրինակ, ռուս-թուրքական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար Ռուսաստանը կարող էր օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ը չպաշտպանեց Կենտրոնական Ասիայում գերիշխանության հասնելու Թուրքիայի ձգտումը, և օգնել Թուրքիային այդ հարցերի լուծման գործում։ Ռուսաստանն այժմ հնարավորություն չունի Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանն իրենով անելու, դրա ռեսուրսները նա հիմա չունի, չկան հստակորեն ձևակերպված նպատակներ ու խնդիրներ, բայց Ռուսաստանը կարող է մեծ դժվարություններ հարուցել ԱՄՆ-ի ճանապարհին` դեպի Հարավային Ասիա Կենտրոնական Ասիայի կողմնորոշման ամերիկյան ծրագրերի իրականացման գործում, տարածաշրջանը զերծ պահելով Չինաստանի ազդեցությունից։ Այս խնդիրը Ռուսաստանը կարող էր լուծել Թուրքիայի օգնությամբ ու մասնակցությամբ։ Այսինքն, տարածաշրջանում Թուրքիայի ներկայության մեծացումը կդառնար ԱՄՆ-ի քաղաքականության հակակշիռ, իսկ Ռուսաստանը, մեծ հնարավորություններ ունենալով աջակցելու Թուրքիային, Կենտրոնական Ասիայում կդառնար մի երկրի ռազմավարական գործընկեր, որի ազդեցության դեմ ոչ վաղ անցյալում ինքն էր հանդես եկել։
ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ եվրոպական մայրաքաղաքներում ՈՒկրաինայի առնչությամբ որևէ որոշակի առաջարկություն չկա, այդ երկիրն ավելի խնդրահարույց է դարձել աշխարհի բոլոր շահագրգիռ տերությունների և ուժի կենտրոնների համար։ Փորձագետները համակարծիք են, որ ՈՒկրաինային նորից սպասում է քաղաքական բարդ ժամանակաշրջան, ինչը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամին` կապված հերթական նախագահական ընտրությունների հետ։ Արևմուտքում ներկայումս նախընտրում են ավելի քիչ ակտիվություն հանդես բերել ՈՒկրաինայի քաղաքական խնդիրների կապակցությամբ, շեշտը դնելով նոր քաղգործիչների ներգրավման վրա և կառուցելով ներքաղաքական գործընթացների նոր սխեմաներ։ Բանն այն է, որ իշխանության արևմտյան կենտրոնները կորցրել են շատ կարևոր հնարավորություններ ու փաստարկներ, որոնք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի շուտափույթ անդամակցության հույսեր էին ներշնչում։ Այժմ ԱՄՆ-ի առջև խնդիր է ծառացել կանխելու ՈՒկրաինան չեզոք երկիր դարձնելու գաղափարի ուժեղացումը, ինչը երկիրը կտաներ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության։ ՈՒկրաինա-ՆԱՏՕ նախագծի հետին պլան մղվելը մեծ խնդիրներ է առաջացրել հատկապես ամերիկացիների համար, քանի որ անհասկանալի է դառնում ՈՒկրաինայի դերը, տեղն ու կարգավիճակը միջազգային հարաբերություններում։ Ոչ այնքան համոզիչ բանավեճն այն առնչությամբ, թե ՈՒկրաինայի համար ավելի ընդունելի կլիներ չեզոք պետության կարգավիճակ ունենալը, ուկրաինական հանրության սիրտը չշարժեց, ընդ որում, երկրի և ոչ մի շրջանում։ Չեզոք պետության կարգավիճակն արդեն աշխարհում հեգնանք է միայն առաջացնում ու բնավ չի արտացոլում հնարավոր սահմանադրական հիմունքներից և ոչ մեկը։ Շվեյցարական կամ սկանդինավյան «մոդելի» չեզոքությունը պատմության գիրկն է անցել։ Իրական կամ երևութական չեզոքությունը բնավ էլ անխռով կյանքի երաշխիք չէ և կարող է նշանակել միայն պետության «լուսանցքային» գոյատևում աշխարհի հեռավոր մի անկյունում։ Եվրոպական մշակույթի կրող, Եվրոպայի ու Ասիայի կցույթում բազմամիլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը կարիք ունի պաշտպանության և անվտանգության խոշոր խնդիրների լուծման, չի կարող անմասն մնալ համաշխարհային խնդիրներից։ Չեզոքության գաղափարը սոսկ «ռուս-ուկրաինական դարավոր բարեկամության» թեմայով զրույցների համար է։ Իրականում թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում չկա այնպիսի քաղաքական խմբավորում, որը լրջորեն վերաբերվեր նման հեռանկարին։ Հարցն այն է, թե կարո՞ղ է, արդյոք, ՈՒկրաինան առանց ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ դառնալու, ընթանալ բազմավեկտոր քաղաքականության հունով։ Ընդունա՞կ է, արդյոք, ուկրաինական քաղաքական ընտրանին իմաստավորելու նման հեռանկարը, և ինչո՞ւ պետք է մի երկիր, որը հավակնություններ ունի միջազգային ասպարեզ մտնելու որպես աշխարհաքաղաքականության իրական և միանգամայն ինքնուրույն սուբյեկտ, լինի «օդում կախված»։ ՈՒկրաինան ապագայում կձգտի մտնել ՆԱՏՕ, ինչը, անտարակույս, կհանգեցնի նրա ամբողջականության համար լուրջ, հնարավոր է նաև աղետալի հետևանքների։ Ռուսաստանը չի կարող ՈՒկրաինան հետ պահել ո՛չ Արևմուտքին միավորումից, ո՛չ պառակտումից, իսկ ՈՒկրաինայի կյանքում Ռուսաստանի վճռորոշ դերի մասին դատողությունները սոսկ սրում են լարվածությունը։ Մոսկվայում, Բեռլինում ու Փարիզում քաղգործիչները լավ են հասկանում, որ եվրոպական եռյակ «առանցքի» ստեղծումը մեծապես կախված է ՈՒկրաինան ու Հարավային Կովկասը եվրոպական քաղաքականության ուղեծրում ներգրավելուց, ինչպես նաև, գոնե մասամբ, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային այդ գոտիներից դուրս մղելուց։ Ռուս-վրացական պատերազմից հետո Սարկոզիի միջամտությունը և Ռուսաստանի դիրքորոշմանն ու գործողություններին Մերկելի փաստացի աջակցությունը հանգեցրին ոչ միայն համաշխարհային քաղաքականության մեջ Ֆրանսիայի ու Գերմանիայի դերի նկատելի մեծացմանը, այլև ՆԱՏՕ-ի հեռանկարների վերանայմանը։ Նախկինում, մինչև կովկասյան հայտնի իրադարձությունները, ոչ միայն Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, այլև եվրոպական մյուս պետությունների ղեկավարները կտրականապես մերժում էին Վրաստանին` ՆԱՏՕ-ին անդամակցելու երազանքն իրականություն դարձնելու գործում։ Կովկասի իրադարձությունները միայն ամրապնդեցին Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքերը և նրանց հնարավորություն ընձեռեցին ՆԱՏՕ-ի ընդլայնման առթիվ համերաշխվելու Ռուսաստանի ղեկավարների հետ։ Ներկա իրավիճակում, երբ այդ տարածաշրջանի դերը նկատելիորեն թուլացել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, Վրաստանի դիրքը, որպես սոսկ տարանցիկ երկրի, է՛լ ավելի համոզիչ է դարձել։
Հարկ է նշել, որ այն պայմաններում, երբ Մոսկվայի դիրքերը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով թուլացել են, Ֆրանսիան ու Գերմանիան լրացուցիչ, ավելի նպաստավոր հնարավորություններ են ստացել Ռուսաստանը ներգրավելու Եվրոպայի անվտանգությանը միտված իրենց ծրագրերի մեջ, համաձայն որոնց ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ կախման մեջ ընկնի Փարիզի ու Բեռլինի դիրքորոշումից, իսկ Ռուսաստանն այդ պարագայում կդառնա ավելի «եվրոպականացած» խաղացող։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ