Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃՇՄԱՐԻՏ ՔԱՅԼԸ ԵՐԿԻՐԸ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՑ ՄԵԾ ՑՆՑՈՒՄԻՑ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃՇՄԱՐԻՏ ՔԱՅԼԸ ԵՐԿԻՐԸ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՑ ՄԵԾ ՑՆՑՈՒՄԻՑ
06.03.2012 | 00:00

Արևելյան ասացվածքը փաստում է. «Դու մեկ անգամ ասացիր` ես հավատացի, երկրորդ անգամ կրկնեցիր` ես կասկածեցի, երբ ասացիր երրորդ անգամ, ես դադարեցի քեզ հավատալուց»: Ասեմ ի միջի այլոց, որ ես երբեք, անգամ նրա վերելքի ժամանակ, չեմ հավատացել Լևոն Տեր-Պետրոսյանին: Շուտով կլրանա չորս տարին, ինչ Տեր-Պետրոսյանի կազմակերպած բոլոր հանրահավաքներում հնչած ելույթներում կարմիր թելի պես անցնում են ավազակապետեր, թաթար-մոնղոլներ, քոչարյանա-սերժական համակարգ, դավաճան և այլ էպիտետներ, իսկ հետո տալիս է հնչեցրած էպիտետների պարզաբանումները: Այսինքն` կարելի է ենթադրել, որ բազմահազարանոց լսարանին նա կոնկրետ ոչինչ չունի ասելու: Չունի մշակված լուրջ ծրագիր` տնտեսական, քաղաքական: Ասենք, տապալեցին ավազակապետերին, և իրենք եկան իշխանության, ի՞նչն է փոխվելու: Իրենք չե՞ն գողանալու, չե՞ն թալանելու, չե՞ն խաբելու, դատաիրավական համակարգը կաշառք չի՞ վերցնելու, գործող մեծ ու փոքր չինովնիկներին փոխարինող տերպետրոսյանական սրբե՞րն են նստելու աթոռներին, երկիրը և հայոց աշխարհը մեկից դառնալու են երկիր դրախտավա՞յր: Կհավատայի նրա խոսքերին, եթե մեկ անգամ ազգովին ապրած չլինեինք այն ողբերգությունը, որ ապրել ենք նրա կառավարման բոլոր տարիներին: Առաջին անգամ, դարձյալ առանց որևէ ծրագրի: Ծրագիրը հմտորեն ազգային լարի վրա նվագելն էր: Նույնպիսի բառախաղերով` խորհրդային կաշառակեր պաշտոնյաներ, խաբեբաներ, ազգային արժանիքներից հեռացած հայ կոմունիստներ, Ղարաբաղը ծախած ստահակներ, և կույր ու հպարտ ժողովուրդը պատրաստ էր գրոհելու Բաստիլը, ինչը և արեց: Խորհրդային պետության տապալումից ընդամենը մեկ տարի հետո երևաց Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վարչախմբի կառավարման ողջ «շքեղությունը»: Չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ուներ մեր ժողովուրդը նրա կառավարման տարիներին: Այն էլ ասեմ, որ խորհրդային պետության վերջին քսան տարիներին հայ ժողովուրդը ստեղծել էր ոչ միայն իր բարեկեցիկ օրը, այլև կուտակել էր այնպիսի անձնական հարստություն, որ նորմալ պայմաններում տասնյակ տարիներ կկերակրեր ոչ միայն իր ընտանիքը, այլև ապագա սերունդներին: Իսկ թե պետական 800 մեծ ու փոքր ձեռնարկություններում որքան գերնորմատիվային արժեքներ էին կուտակված, ասեմ, որ ԽՍՀՄ պետմատը հայ պաշտոնյաներին միշտ մեղադրում էր, ասելով. «Ի՞նչ է, վեց ամսվա (ԽՍՀՄ օրենքով այդքան էր թույլատրվում) գերնորմատիվը ձեզ բավարար չէ՞»: Ընդամենը տերպետրոսյանական կառավարման մի քանի տարի, և այդ բոլորից ոչինչ չմնաց, իսկ եթե ինչ-որ բան էլ մնաց, շարունակվեց նույն ոգով նրանից հետո եկածի, նրա դպրոցն անցածի կողմից:
Պատերազմի առկայությամբ չբացատրենք այդ ամենը: Կոպիտ անձնական հաշվարկներով` պատերազմի ծախսերը կհատուցեին հաղթանակի արդյունքով ձեռք բերված նյութական միջոցները: Բայց, ցավոք, այդ նյութական միջոցները ոչ թե պետության բյուջե էին մտնում, այլ... անգամ կռված զինվորին մի ծխախոտի փող չէր մնում դրանից: Եվ հիմա երաշխիքը ո՞րն է, որ դու ուղղվել ես, որ զղջացել ես անցածի վայրի գիտակցական սխալների համար: Ասում եմ` գիտակցական, որովհետև դու հենց էնպես չէիր եկել իշխանության:
-Սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատարանի առջև,- ասում ես քո ելույթում և հարթակում կանգնածները ամբոխավարի ծափահարում են քեզ: Ես էլ կծափահարեի, եթե չճանաչեի քեզ, լավ չիմանայի քո անցած ողջ քաղաքական ճանապարհը: Քո անցած քաղաքական ճանապարհը ևս մեկ անգամ հաստատում է Լենինի խոսքերը. «Նրանք, ովքեր կարծում են, թե իշխանության կարող են հասնել մաքուր ձեռքերով և մաքուր սրտով, չարաչար սխալվում են»:
ՈՒրիշին մի՛ մեղադրիր արյան մեջ: Դու էլ ես արյուն թափել և այն էլ շատ: Դու էլ ես մարդ սպանել և այն էլ ոչ մեկին, որովհետև դու քաղաքական գործիչ ես, որովհետև մեկից ավելին ես սպանել: ՈՒրիշի սպանածների գերեզմանին ծաղիկներ դնելուց առաջ ծաղիկ դիր նաև կայարանամերձ հրապարակում մոռացության մատնված, քարի կտոր դարձած (ոչ թե հուշարձան) ՀՀՇ-ի (այսինքն` նաև քո) ավանտյուրայի արդյունքում զոհ գնացած նրանց շիրմին: Հիշիր նաև Մասիսի երկաթգծի կայարանում, Երևանի մետաքսի կոմբինատում թունավորումից հաշմված անմեղ մարդկանց: Հիշիր նաև նշված դեպքերի կապակցությամբ գլխավոր դատախազին։ Քո ապրած ամբողջ կյանքում դու եղել ես մեղավոր, մեծամիտ և այդպես էլ մնացել ես: Ես չեմ անդրադառնա Ֆրանսիայի սենատի ընդունած որոշմանը և որոշման կապակցությամբ սահմանադրական խորհրդի կողմից այն հակասահմանադրական ճանաչելուն: Դրանով Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մեզ չվիրավորեց, այլ թքեց իր երկրի ճակատին, ապացուցելով, որ այդ երկրի բարձրադիր իրավական մարմինն առնվազն կաշառված է, կամ տեղի է տալիս թուրքական սպառնալիքներին: Այդ որոշումը մեր իշխանությունների պարտությունը չէ: Բայց այդ որոշման հետ կապված քո հետին թվով «հանճարեղ» դատողությանը չեմ կարող չանդրադառնալ:
-Հուսանք, ուրեմն, որ շուրջ մեկ ամիս առաջ ձեռք բերված փայլուն «հաղթանակը» չնմանվի Բեռլինի (1878 թ.) և Փարիզի (1920 թ.) խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած փայլուն հաղթանակներին, որոնց հետևանքով նախ բնաջնջվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և ապա կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը: Համեմատությունը միգուցե կարող է անտեղի ու չափազանցված թվալ, բայց ահագնացող արտագաղթը, որը մասամբ հետևանք է նշված խնդրի չկարգավորվածության, ազգային աղետի պակաս վտանգ չի պարունակում:
Այդ համեմատությամբ դու ցանկանում ես ընդգծել քո կառավարման տարիների դիվանագիտական հաղթանա՞կը: Քո վարած դիվանագիտական հաղթանակի, ռուսներին հակառակված կեցվածքիդ հետևանքով 1992 թվականին կորցրինք Մարտակերտի, Հադրութի շատ գյուղեր: Թե ի՛նչ դամոկլյան սուր էր իջնելու այդ հակառակության արդյունքում, սարսափելի է հիշել: Միայն Պետդումայի կոմունիստ պատգամավորների ջանքերով կանխվեց թուրքական սպառնալիքը: Հիշիր ՌԴ պաշտպանության նախարար Շապոշնիկովի հայտարարությունը: Քո մեջ ատելի է այն ամենը, ինչ կառուցվել է Հայաստանում կոմունիստների օրոք: Ինչո՞ւ քանդեցիր, և որտե՞ղ են հիմա Լենինի արձանի պատվանդանի ոչ միայն նյութական, այլև արվեստի գլուխգործոց հիշեցնող բազալտե սալիկները: Այնպես որ, մի հիշիր այսօրվա Երևանի ապականումները, դրանց հիմքը քո օրոք է դրվել: Օրինակ, Մաշտոց-Բաղրամյան-Սարյան փողոցների միջակայքում ընկած այգուց է սկսվել Երևանի ճարտարապետական դեմքի կորուստը: Քո կառավարման ամբողջ ութ տարիները թերսնման դաժան կյանքի տարիներ են եղել: Լուսավոր ոչինչ չկա քո ժամանակից մնացած: Ղարաբաղյան հաղթանակը ժողովրդի պոռթկումն էր, հայ մարդու հայրենասիրության, սովետական դաստիարակության և յուրովի ընկալման տրամաբանական հանգրվանն էր: Ինչ վերաբերում է «դավաճան» Արթուր Բաղդասարյանին, ասեմ, որ նրանով երբեք հիացած չեմ եղել, ավելին, հիասթափված, երբ դաժան տարիներին քո «արժանիքների» մասին գիրք էր գրում: Մեջբերեմ քո ելույթից նրան տրված գնահատականը և նոր ասեմ վերջնական խոսքս.
-Գրեթե նույն (այսինքն` դավաճան- Ս. Հ.) գնահատականն է տվել Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը, մասնավորապես նշելով, որ «ՕԵԿ կուսակցապետի»` կոալիցիային միանալու քայլը հասարակության աչքերում (ինչպես նաև մեր աչքերում) վերահաստատեց նրա անսկզբունքային քաղաքական գործիչ լինելու և ավելի թանկ ծախվելու փաստը:
Ասեմ, որ Ռոբին Ֆիլիպսը կուզենար, ինչպես և դու, որ Հայաստանը ներքաշվեր քաղաքացիական պատերազմի մեջ, կուզենար, ինչպես և դու, որ շատ արյուն հոսեր: Բայց դա տեղի չունեցավ, հենց Արթուր Բաղդասարյանի ինքնահեղինակազրկման արդյունքում: Ասում եմ` ինքնահեղինակազրկման, որովհետև նրա միակ ճշմարիտ քայլը տվյալ պահին երկիրը հեռու պահեց մեծ ցնցումից, ինչին ընդունակ չեն քաղաքական շատ գործիչներ, նաև դու:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ