ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
08.07.2011 | 00:00

Անշուշտ, խաղաղություն, կասի ցանկացած բանական մարդ: Բայց արի ու տես, որ բանական մարդկանց իրենց դիվային կամքն են թելադրում մարդու արյան կարոտ ճիվաղները: Եվ ամենաահավորն այն է, որ իրենց իշխանությունը, կուտակած արնահոտ ունեցվածքը պահելու համար նման ճիվաղները խոսում են հայրենիքից, նրա պատվից, արժանապատվությունից, իսկ եթե ուրիշ ելք չկա, ինքնահաստատման համար պատրաստ են անգամ Մուհամեդին ու Քրիստոսին իրար դեմ հանելու:
Այսօր Ադրբեջանի նախագահը (ասեմ, որ չեմ ընդունում Ադրբեջանի հասցեին մեր որոշ թերթերում հանդիպող որակումները` անօրինական կառույց, արհեստական պետություն, արհեստածին ժողովուրդ և այլն. փաստը մնում է փաստ, որ այսօր այդ ժողովուրդը կա, լավ թե վատ կերտում է իր այսօրվա օրը, և, իմ կարծիքով, եթե նրա տերերը խելոք լինեն, ամենևին չեն ճգնի իրենց պատմությունը Նոյից սկսել, խաչքարը և չեղած էլի շատ բաներ իրենց վերագրել) իսկ և իսկ նման է այն քաղաքական գործչին, որը հաշվի չի նստում իրականության հետ և փորձում է կաշառքով, ահաբեկելով, իրականությունը խեղաթյուրելով երազածն իրականություն ներկայացնել: Անհոգ մեծացած այս տղան հեռու է ռեալ քաղաքականությունից և փորձում է ռազմական մկանների ցուցադրությամբ կամ համառությամբ հասնել անհնարինին, չի ուզում հասկանալ, որ Ղարաբաղը կարող է գրավել, եթե այնտեղ որևէ հայ մարդ չլինի, իսկ դա ֆանտազիայի ոլորտից է: Թափված արյունից հետո երկու ժողովուրդները պիտի անխոս հանգստանան, լռելյայն ապաքինեն վերքերը, մինչև կգա օրը հանդիպման, իսկ որ այդ օրը գալու է, ես չեմ կասկածում:
Երբ պատրաստվում էի գրել այս հոդվածը, քրքրում էի հայ-ադրբեջանական բախումների պատմությունը, փորձում էի գտնել այն լուսավոր մարդուն, որը ծանր ժամանակներում եղբայրության է կոչել: Եվ գտա այն լուսավոր մարդուն, այն պոետին, որը դեռևս 1905 թվականին գրել է «Բեյնելմիլել» (Ինտերնացիոնալ) հայտնի բանաստեղծությունը` ցարական կառավարության հրահրած հայ-ադրբեջանական արյունոտ ընդհարումներից հետո: Մի՞թե հարյուր տարի հետո, բարձրագույն կրթություն ստացած, եվրաոճով հագնվող Ալիև-կրտսերը չի հասկանում, որ աշխարհում գործել և գործում է «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը։ Էն ժամանակ ցարն էր, հետո եկան բոլշևիկները, հիմա էլ` ժամանակակից բուրժուաները, որ նորից փորձում են մեզ կռվեցնել: Վաղուց եղած կլիներ երրորդ համաշխարհայինը, եթե պատերազմի երկրային մարսերը չզգային ատոմային սնկի ուրվականը: Այդ ուրվականը նրանց ստիպում է հեռու կանգնել խոշորամասշտաբ պատերազմից, իսկ տեղական պատերազմներ աշխարհի տերերը որքան ասես կհրահրեն. դրանցից տուժել և տուժում են միայն հակամարտող ազգերը: Նոր հայ-ադրբեջանական պատերազմում զոհվելու են հայ և ադրբեջանցի տղաները, ծախվելու է ռուս-ամերիկյան զենք: Ով էլ հաղթի պատերազմում, թշնամությունը ոչ միայն չի վերանալու, այլև խորանալու է: Փոքր-ինչ շեղվեցի, վերադառնամ կիսատ մնացած մտքիս: 1905 թվականին Ալիևի չափ կրթություն չստացած, Ալիևի պես աշխարհը չվայելած Սաբիր բանաստեղծը գրել է.
Երբ մեզ բնավ ոչ մի պատճառ
թշնամության չի կոչում,
Որդիները նույն աշխարհի
սուր են իրար դեմ ճոճում,
Մուսուլմաններն ու հայերը-եղբայր
եղբոր հետ վիճում
Իմաստուններն ո՞ւր են,
ինչո՞ւ ճիշտ ճանապարհ չեն նշում:
Այդ նույն Սաբիրը գրել է, որ հայի ու ադրբեջանցու միջև թշնամանքը սերմանվել է «սատանայի խառնակչությամբ»:
Հիմա հարցնեմ քեզ, Հեյդարի՛ որդի, պատերազմի դեպքում տղայիդ ուղարկելո՞ւ ես կռիվ, թե՞ միայն խեղճ ու կրակ ադրբեջանցու զավակը պիտի գնա մեռնելու, հանուն ինչի՞, որ Մեհրիբանը (կամ Մեհրիբանյանը- Ս.Հ.) արաբական աշխարհում դղյակնե՞ր ունենա:
Հեյդարօղլի՛, ես տեսա քո ռազմական ուժը հունիսի 26-ին: Ասեմ, որ ողորմելի ես: Ասեմ, որ միջազգային իրավունքի դիպլոմավորդ բացարձակ ոչինչ չի հասկանում պատմությունից: Հեռու չգնամ և ոչ էլ տանջվեմ պատմությունից օրինակներ հիշելու համար: Ամերիկացիք ինչո՞ւ չեն կարողանում հաղթել աֆղաններին: Որովհետև աֆղաններն իրենց հայրենիքն են պաշտպանում: Ասեմ, որ ատոմային ռումբն էլ նրանց ծնկի չի բերի: Այդ նույն աֆղաններից կազմված մոջահեդները ինչո՞ւ պարտվեցին Ղարաբաղում և հեռացան. որովհետև հասկացան, որ դա իրենց պատերազմը չէ: Մենք խաղաղության կոչ ենք անում ո՛չ այն պատճառով, որ թույլ ենք (հավատա, այժմ անհամեմատ հզոր ենք, քան այն ժամանակ, երբ ազատագրեցինք Շուշին` այդ հզոր ամրոցը, մնացած տարածքները), այլ որովհետև մեզ համար մարդկային արյունը (այդ թվում և` ադրբեջանցու) ջուր չէ: Ախր ինքդ էլ գիտես, որ դա հասարակ ադրբեջանցու պատերազմ չի լինելու, ուրեմն մի տար նրան նոր փորձության:
Իշխանության մնալու այլ ճանապարհ փնտրիր, պատերազմը քո կործանումը կլինի, խղճա Մեհրիբանին:
Այն էլ ասեմ, Հեյդարօղլի՛, որ պատերազմ սկսելուց ամենաշատը մեկ շաբաթ հետո, երբ հայկական ուժերը կհատեն Քուռ-Արաքսյան հովիտը, հորդ նման զանգահարելու ես Ղարաբաղի նախագահին` զինադադար խնդրելու: Ես չար մարդ չեմ, Հեյդարօղլի, լսիր իմ խորհուրդը և հաշտվիր այն մտքի հետ, որ կորցրածն այլևս քոնը չէ, իսկ եթե շատ պնդաճակատն ես, ուրեմն` կեցցե՛ պատերազմը, օրհնյալ է պատերազմը, քանզի արդար պատերազմը կայուն խաղաղության հիմքն է:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ