ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԳՆԴԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ Է, ԱՅԼև ԿԱԽՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ»

«ԳՆԴԱԿԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԻՍԱԴԱՇՏՈՒՄ Է, ԱՅԼև ԿԱԽՎԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ»
16.04.2010 | 00:00

«Իրավունք de facto» ակումբի հյուրը ապրիլի 15-ին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էր: Ասուլիսի թեման հայ-թուրքական հարաբերություններն էին և ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցը: Պատասխանելով լրագրողների հարցերին` պարոն Սահակյանը մադրիդյան սկզբունքները հայկական կողմից չընդունվելու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հայտարարության մասին ասաց. «Չէի ուզենա, որ լրագրողներն ընկնեին ալիևյան որոգայթների մեջ: Դա շարունակական գործընթաց է, ակտիվություն չկա, որ մենք տեղի տանք, մենք ընդամենը հասարակությանը պիտի ներկայացնենք մեր տեսակետը: Ցավոք, ռազմատենչ հայտարարություններ հնչեցնելը, բանսարկու վերաբերմունքը Ադրբեջանի համար լուրջ սցենար է դարձել, որևէ խնդիր, որևէ առաջարկ այս պահին չկա, նույն գործընթացն է: Ամեն հանդիպման ժամանակ լինում են առաջարկներ, նորից քննարկում են, փորձում են հավասարակշռվածություն ստեղծել: Որպեսզի Ադրբեջանի իշխանություններն ավելի ընդգծված հանդես գան իրենց ժողովրդի առաջ, փորձում են հոխորտանքների լեզվով խոսել: Մենք վճռական ենք, աշխարհի տարբեր ամբիոններից նույն խնդիրն առաջադրվել է, հաստատագրել ենք, որ նախ և առաջ Ղարաբաղի կարգավիճակն է մեր նախընտրությունը»: Անդրադառնալով վաշինգտոնյան քննարկումներին, պարոն Սահակյանը դրանք համարեց բացառիկ արդյունավետ և պատմական. «Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանի նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականության դրսևորումն էին: Փաստորեն, Հայաստանն արդեն սկսել է մասնակցել աշխարհի համար կարևոր խնդիրների լուծմանը, և դա ոչ միայն դիվանագիտական հաջողություն է, այլև միջազգային ասպարեզում Հայաստանի, երկրի նախագահի վարկի բարձրացում: Հանդիպման արդյունավետությունը բնորոշվում է հենց միայն նրանով, որ մեր ընդդիմախոսների զինանոցը կարծես դադարում է գործելուց, այս օրերի ընթացքում նոր մոտեցումներ են փորձում գտնել, կարծում եմ, դեռ չի ստացվել: Ամենակարևորն այն է, որ դա միավորիչ վիճակ ստեղծեց հայ ժողովրդի համար, առաջին անգամ արտասահմանյան հայկական կազմակերպությունները միավորվեցին Ցեղասպանության 95-րդ տարելիցը նշելու համար: Սա ընդհանրապես վերջին տասնամյակներում առաջին անգամ էր, որ համատեղվեցին հայ ժողովրդի ուժերը, երկրի նախագահը ճանաչվեց ոչ միայն Հայաստանի նախագահ, այլև, ըստ սփյուռքի կազմակերպությունների բնորոշումների, ընդունեցին երկրի նախագահի առաջնորդությունն ազգային խնդիրների լուծման ճանապարհին»: Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելու վերաբերյալ պարոն Սահակյանը նշեց, որ արձանագրությունները վավերացնելու կամ ստորագրությունը հետ կանչելու գործոնն ավելի ցածր է, քան այն առաջընթացը, որ ունենք միջազգային ասպարեզում: «ՀՀ նախագահի այցը Վաշինգտոն կապված էր ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ միջուկային անվտանգության խնդիրների քննարկման հետ: 47 պետությունների ղեկավարները չէին հավաքվել հայկական հարցը լուծելու: ՀՀ նախագահի ելույթը Վաշինգտոնում, ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի շիրմին այցելելուց հետո, բոլոր խնդիրների պատասխանը տալիս է: Այդ խնդիրների պատասխանը տրվել է նաև արձանագրությունները ստորագրելուց առաջ նախագահի ուղերձում, հնչել է Լոնդոնում, Դեր Զորում: Ես կարծում եմ, որ նախագահի հայտարարությունները կոշտ էին ու ավելի ֆունդամենտալ: Դա է պատճառը, որ մեր ընդդիմախոսների զինանոցում նոր որակավորումներ չգտնվեցին: Մեր իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ մի բան անպայման կգտնեն. մեր քաղաքական ուժերը ոչ միայն մտածում են ազգային խնդիրների լուծմանը նպաստելու մասին, այլև օր առաջ ուզում են իշխանության գալ: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում նոր որակի արձանագրումներ կլինեն միջազգային հանրության կողմից: Այսօր դրա ուրվագծերը կան: Պատահական չէ և Թուրքիայի արտգործնախարարի ադրբեջանական կայքին տված հարցազրույցի հետկանչը, արվող ջղաձիգ հայտարարությունները, կարծես թե, նահանջ են արձանագրում: Ինձ դուր չի գալիս ամեն ինչ ֆուտբոլի հետ կապելը, բայց հիմա գնդակը ոչ միայն Թուրքիայի կիսադաշտում է, այլև կախված է Թուրքիայի դարպասի վրա: Եթե դարպասապահը գնդակը բռնի, արձանագրությունները կվավերացվեն, եթե ոչ, գոլի դեպքում Թուրքիան պարտված կլինի մի քանի հարթություններում»,- ասաց պարոն Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ արձանագրությունները ստորագրելը կամ չստորագրելը գործընթացը չի կարող կանգնեցնել։ Նա հիշեցրեց, որ արձանագրությունների փոխադարձ վավերացումը վերջը չէ, այլ սկիզբը: «Թուրքիան վավերացրեց, ուրեմն մենք հաղթեցինք, չվավերացրեց, ուրեմն մենք պարտվեցինք մտածելը սխալ է, խնդիրը գաղափարն է, որ Թուրքիայի հետ սահմանը պիտի բացվի, մենք պիտի կարողանանք գնալ մեր պապերի քանդված տները, մեր մշակութային արժեքները տեսնել: Սա է հիմնական խնդիրը: Միջազգային հանրությունը ակտիվորեն քննարկում է հայության խնդիրները, անդրադառնում է ցեղասպանությանը։ Սրանք գործոններ են, որ նպաստավոր պայմաններ են ստեղծում: Ամբողջ աշխարհի հայությունը միավորվեց ազգային խնդրի շուրջ. սա ամենակարևոր արդյունքն է, որը վաշինգտոնյան այցից առաջ մեզ համար էլ կանխատեսելի չէր»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի գնահատականով` աշխարհն արդեն համոզվել է, որ կոտորածով, ցեղասպանությամբ հնարավոր չէ հայի առաքելությունը փակել. «Մենք այդ առաքելությամբ վճռականորեն առաջ ենք գնալու, որքան էլ տարբեր տեսակետներ լինեն, մենք պահը ճիշտ ենք ընտրել և փորձելու ենք մեծ ու բարվոք ժառանգություն թողնել սերունդներին»: ԵԽԽՎ թուրք նախագահի` Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց, որ Թուրքիան փորձում է իր ներկայությունը ամեն տեղ հաստատել, բայց երեք պետությունների համանախագահները ղարաբաղյան հարցը քննարկում են, և Թուրքիան ո՛չ կարող է Հարավային Կովկասի խաղաղության կամ կայունության գործիք դառնալ, ո՛չ էլ ղարաբաղյան հարցի լուծման: «Թուրքիայի բոլոր առաջարկությունները նախապայմանների տեսքով մի տասնյակ անգամ մեր կողմից մերժվել են, որևէ նախապայման չի կարող լինել մեր ազգային խնդիրների գործընթացներում»,- հաստատեց պարոն Սահակյանը: Կա՞ հայ-թուրքական հարաբերությունների նոր ճանապարհային քարտեզ, որի մասին գրում են թուրքական լրատվամիջոցները, հարցին ի պատասխան ասվեց. «Չկա նման ճանապարհային քարտեզ և չի կարող լինել։ Թուրքիան հիմա ցայտնոտի մեջ է: Այսօր էլ հրապարակվեց, թե թուրքական կողմն ասում է` Աղդամն ու Ֆիզուլին տվեք, սահմանը կբացենք, այսինքն` հասկացնում են, որ որևէ իրադարձություն է անհրաժեշտ, որ ասեն` իրենք սա արեցին, մենք էլ սա պիտի անենք: Մեր պատասխանը մեկն է` նախ և առաջ Ղարաբաղի կարգավիճակը»: Իսկ սահմանը կոնկրետ ե՞րբ է բացվելու հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց լակոնիկ. «Երբ հայկական միտքը անսահման դառնա»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ