ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10.11.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհն ավելի պարզ դարձավ, ու մեր համազգային պատրանքները, եթե կային դեռ, մի քիչ էլ պակասեցին, կամ մի քիչ էլ ավելացավ մեր համազգային իրատեսությունը:
Մեծ քսանյակի` G-20-ի պետությունները, հակաճգնաժամային քաղաքականությունից 2010 թ., հավանաբար, կանցնեն հետճգնաժամային քաղաքականության` ազգային տնտեսություններին և ֆինանսական համակարգերին ցուցաբերվող պետական աջակցությունը նվազեցնելով: 2010 թ. հունիսին Կանադայում այդ հարցն ավելի որոշակի պատասխան կունենա: Ինչքանո՞վ դա կվերաբերի Հայաստանին, պարզ կդառնա տարածաշրջանային խնդիրների լուծումից:
Ջո Դասենի ծննդյան օրը` նոյեմբերի 5-ին, Հայաստանում պաշտոնապես հայտնվեց երրորդ բջջային օպերատորը` «Ֆրանս տելեկոմը»` «Օրանժ» ապրանքանիշով: Բացի բջջային հեռախոսացանցից, «Օրանժը» նաև ինտերնետային ցանց է: Ընկերությունը բջջային կապով ապահովում է հանրապետության տարածքի 85 տոկոսը, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող բաժանորդների հետ կապը կիրականանա ռոումինգի առկայությամբ: Թեպետ «ԱրմենՏելի» ու «ՎիվաՍելի» բաժանորդ է 2,6 միլիոն մարդ, իսկ Հայաստանում 2001-ի մարդահամարի տվյալներով` 3,2 միլիոն մարդ է բնակվում, «Օրանժը» համոզված է, որ մեծ հեռանկարներ ունի հայկական շուկայում, համենայն դեպս, մեկնարկը տրվել է 70000 բաժանորդով: Հայաստանը 31-րդ երկիրն է, որտեղ 189 միլիոն հաճախորդ ունեցող և աշխարհի 10 լավագույն օպերատորներից մեկը որակվող ֆրանսիական «Օրանժը» իր ծառայություններն է մատուցում: «Սալյուտ», ինչպես Ջո Դասենն էր երգում:
«1924 թվականին, երբ ես ծնվեցի, հայերին խոստացել էին վերադարձնել հողերը: Ես ևս 85 տարի սպասել չեմ կարող», իտալական RAI 3-ի եթերում հայտարարել է Շառլ Ազնավուրը: Սա, իհարկե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը չպիտի ասեր, բայց ամենահայ հայը ասել կարող էր ու պիտի ասեր, երբ չեն կարող ասել նախագահներն ու նախարարները, դեսպաններն ու քաղաքական համարվող գործիչները: Ազնավուրը պիտի ասեր նաև այն պատճառով, որ դա իր անձնական ու հայկական սփյուռքի անձնական կյանքի ճշմարտությունն է, նաև այն պատճառով, որ դա պատմական ճշմարտություն է, որ ինչ-որ մեկը գոնե պիտի բարձրաձայնի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն Փարիզում ասուլիսում հայտարարել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի։ Այս տեսակետը թուրքական կողմը հստակ ներկայացրել է ռուս, ամերիկացի ու եվրոպացի գործընկերներին, այս տեսակետին են նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները, իսկ նրանց կարծիքը Թուրքիայում հարգում են: Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ «բոլոր խնդիրները պետք է համալիր լուծվեն»: «Բոլոր խնդիրների» տակ Դավուդօղլուն, բնականաբար, հասկանում է Թուրքիայի առաջադրած բոլոր խնդիրները։ Համաձա՞յն է այդ օրակարգին Հայաստանը, կերևա դեկտեմբերի 7-ից հետո, երբ Թուրքիայի նախագահը մեկնի Վաշինգտոն:
Թուրքական «Zaman» օրաթերթի հաղորդմամբ` նախագահ Աբդուլլահ Գյուլը Սլովակիա մեկնելիս ինքնաթիռում լրագրողներին որոշ ուղղորդող հայտարարություններ է արել իր երկրի արտաքին քաղաքականության վերաբեր-յալ: Նա կարծում է, որ Թուրքիան ճիշտ ուղղությամբ է ընթանում, բայց սխալներ է անում Եվրամիությունը. «Եթե այսպես շարունակվի, 10 տարի անց Եվրոպան կդադարի գլոբալ դերակատար լինելուց, ու ոչ ոք Եվրամիությանն ուշադրություն չի դարձնի», իսկ այդ ընթացքում, Գյուլի կարծիքով, Թուրքիան աննախադեպ հզորության կհասնի: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է լավագույն նվերը լինել աշխարհի խաղաղությանը: Կարող է գալ ժամանակ, որ մենք Նորվեգիայի պես բանակցությունների ավարտին չցանկանանք մտնել Եվրամիություն», ասել է նա: Որ Եվրոպան կդադարի գլոբալ դերակատար լինելուց, իսկ Թուրքիան այդ դերը կստանձնի` սա, իհարկե, կարող է Գյուլի երազանքը լինել, բայց որ Գյուլն արդեն աշխարհի խաղաղության մասին է խոսում, ախտանիշ է ծանր հիվանդության, որը, փաստորեն, բուժում չունի, ինչը լավագույնս դեռ Վիկտոր Հյուգոն է արձանագրել. «Այստեղով թուրքն է անցել»: Թեպետ Թուրքիայի նախագահն իրականում ցանկանում է ասել, որ Եվրամիության անդամակցության հարցով հնարավոր չէ Թուրքիայի վրա այնքան մեծ ճնշում գործադրել, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը փոփոխի, բայց Գյուլն էլ գիտի, բոլորն էլ գիտեն, որ Եվրամիությանն անդամակցությունն աշխարհում վերջին լծակը չէ...
ՀՀ նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` մինչև նոյեմբերի վերջ վերստին հանդիպելու առաջարկը: Վայրը և ժամկետը կճշտվեն: Համանախագահները Բաքու-Երևան-Բաքու երթուղով հանդիպումների ընթացքում ժամանակ չգտան Ստեփանակերտ գնալու: Իսկ գուցե` իմա՞ստ չկար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, որ առանձնապես մեծ սեր չունի հրապարակային հայտարարությունների ու լրագրողների հետ շփումների, ակներևաբար, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման թուրք-ադրբեջանական արագացման, շատ հիմնարար «դադար» է ազդարարել. «Մենք բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք վարվում են մադրիդյան առաջարկների հիման վրա: Մինչև այսօր երկու սկզբունքի վրա են կոնցենտրացվել բանակցությունները, և մենք շարունակում ենք քննարկումները», ասել է նա և բացատրել. «Երբ մենք ասում ենք` բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հարցի հանգուցալուծման, դա չի նշանակում, որ մեկ ամիս հետո հնարավորություն կունենանք հանգուցալուծելու: Բազմիցս ասվել է, որ պետք է իրատեսական լինել: Երբ գանք համաձայնության այդ երկու սկզբունքների շուրջ, կշարունակենք մեր բանակցություններն այլ սկզբունքների շուրջ. տասից ավելի սկզբունք կա այդ փաստաթղթում: Եվ երբ այդ սկզբունքների վերաբերյալ ինչ-որ համաձայնության գանք, այն ժամանակ մենք կսկսենք բանակցությունները պայմանագրի նախագծի վերաբերյալ, որը կվերաբերի Ղարաբաղի հարցի հանգուցալուծմանը»: Աստվածաշնչյան հանգստությամբ նախարարը հաստատել է, որ դա երկարատև ու բարդ գործընթաց է, որ չի ավարտվի վաղը կամ մյուս օրը կամ երեք ամիս անց: Իհարկե, ասվել է նաև, որ ղարաբաղյան և հայ-թուրքական գործընթացները որևէ կապակցվածություն չունեն: Հավանաբար, Գյուլը, Դավուդօղլուն, Ալիևը կամ Օբաման, Քլինթոնը, էլի ինչ-ինչ մարդիկ այս հայտարարությանը բնավ ուշադրություն չդարձնեն, որովհետև միշտ կա վերապահումը` ասվում է ներքին օգտագործման համար, ինչպես մենք ենք «բացատրում» Հայաստանից անդին հնչող շատ հայտարարություններ: Իսկ գուցե` ոչ: Ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դադարը Հայաստանը չի վերցրել, և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման նախապայմանն էլ մենք չենք դրել... Այնպես որ, «Բանակցություններ հանուն բանակցությունների» կարգախոսն այս պահին իրապես բխում է Հայաստանի շահերից: Ավելի ճիշտ` Հայաստանի նախագահի: Նոյեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Քուվեյթ: Էլ Քուվեյթում նա հանդիպել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրենին, տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին, Ազգային ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ Խորաֆիին, վարչապետ Նասսեր ալ Մուհամմադ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տնտեսական համագործակցության դրական փորձ ունի Ծոցի որոշ երկրների հետ և համարժեք քայլերի ու հետևողականության դեպքում հնարավոր է հայ-քուվեյթյան տնտեսական համագործակցության ուղղությամբ հասնել ցանկալի արդյունքների: Նա առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով: ՀՀ նախագահն ու Քուվեյթի վարչապետը կարծում են, որ դեսպանությունների բացումը Երևանում և Էլ Քուվեյթում կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Պետական այցի պաշտոնական վերջին հանդիպումը եղել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Սերժ Սարգսյանն էմիրին տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ու արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացների մասին: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը և արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն համակողմանի հասկանալու միմյանց խնդիրները և միջազգային կազմակերպություններում քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումներ արտահայտելու. արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը և Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները երբեմն բերում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման:
ՀՀ վարչապետն էլ է հարցեր լուծում: ԱՄՆ-ում: Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Արմթեք- 2009» համաժողովին: Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում նա ելույթ է ունեցել «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովում` ներկայացնելով «Հայկական աշխարհի» հայեցակարգը. «Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որոնք արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում: Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործելու նշված համակարգեր ու դառնալու Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ»: Իբրև «Հայկական աշխարհի» հայեցակարգի դրսևորում վարչապետը նշել է «Լույս» հիմնադրամը: Բերքլիի իր դասախոսության մեջ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց այն նաև ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսով մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»:
Իսկ Հայ ազգային կոնգրեսը, անտեսելով պետության առաջին դեմքերի տիտանական աշխատանքը, հրաժարականի բյուջե է որակել 2010-ի բյուջեի նախագիծը: ՀԱԿ-ի կարծիքով` ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության քայլերը խիստ անհամարժեք են բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար: Թեպետ Հայաստանը ստացել է 1,5 միլիարդ դոլարի աննախադեպ վարկ, տնտեսական անկման ցուցանիշով գերազանցում է ԱՊՀ բոլոր և աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Լինելով կառուցողական` ՀԱԿ-ը ներկայացրել է նաև առաջարկներ, որոնք կառավարությունը, նախ, կմերժի` անվանելով անիրատեսական, հետո գուցե և կսկսի իրականացնել սեփական քաղաքականության անվան տակ, բայց այնքան ինքնատիպ, որ օգտակար գործողության գործակիցը խիստ համեմատական կլինի հայկական աշխարհի հատուկ համեմատական առավելություններին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ